Գույժ. մահացել է հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը

Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԱյսօր՝ հունվարի 8-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մահացել է հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը։ Նա ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 10-ին։
Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների՝ Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք։ Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Հեղինակ է հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների, մտահղացումների, գրքերի առաջաբանների ու ծրագրերի, այդ թվում՝ «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերի։
«Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահն է։ Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին՝ թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները։ Հրատարակել է 500-ից ավելի գիրք՝ իր հրատարակչական գործունեության ընթացքում: Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով:
Գրական թերթը ցավակցում է ընթերցողներին, հարազատներին, բարեկամներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։