Վարդան Հակոբյան

….Ես ծնվել եմ, որ կարդամ այն, ինչը դեռ չեմ գրել։ Եվ միայն ու միայն ես պիտի գրեմ, քանի որ իմ ասելիքն իմ ծննդով է պայմանավորված։ Իմ առաքելությունն է՝ լինելով Վարդան Հակոբյան, հավասարապես գնալ դեպի բոլոր մարդիկ, բայց հասնել ինքս ինձ՝ Վարդան Հակոբյանին, իմ մեջ՝ ամենեցուն։ Իսկ ստեղծությունն, իմ խորին համոզմամբ, անհասանելի գերնպատակ է։ Այս խոսքն ընդունեցեք, խնդրում եմ, որպես իմ բանաստեղծությունների ներսից կատարված ինքնանկար։ Ու ներեցեք, եթե ինչ – որ խազի կամ մեղեդու վրիպում կա։

Իմ ներկապնակն ամեն ինչն է և ոչինչը։

Վարդան Հակոբյան

Վարդանի մեծ սիրտը

Հայաստանի գրողների միությունը խոր ցավով տեղեկացավ Արցախի գրողների միության նախագահ, տաղանդաշատ բանաստեղծ, քաղաքական-հասարակական գործիչ, Արցախյան շարժման երևելի լիդերներից Վարդան Հակոբյանի մահվան գույժը։

Անասելի ու բարձր էր նրա դերը Արցախի գրական կյանքի կազմակերպման ու գրականության հանրահռչակման ասպարեզում։ Համահայկական նշանակության սիրելի ու սիրված անուն էր, նրա գլխավորությամբ Արցախում կայացել են միջազգային ու սփյուռքահայ գրողների փառատոներ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են աշխարհի շատ լեզուներով։ Վերջերս լույս տեսավ նրա հարուստ և ժամանակակից ասելիքով «Եթե իմ շունը օրագիր ունենար» գիրքը։ 44-օրյա պատերազմից հետո ծանր ապրումների և խտացած գեղարվեստի լիցքով ժայթքում է այն։ Սպասում էինք նոր գրքի տպագրմանը։ Գիրքը լույս կտեսնի, բայց, ավաղ, նա կլինի անհաղորդ հեղինակ և կդիտի պատմության երդիկից։ Նա լիարյուն առաջնորդ էր և փխրուն սրտի տեր, երիտասարդների ու ավագների հոգեշահ աջակից։ Վարդան Հակոբյանի մարդկային կերպարը առինքնող էր ու ձգող։ Եղբայրաբար իմ ցավակցությունն եմ հայտնում, երկար տարիների ընկերոջս կորուստը չի սփոփվի բառերով։ Մխիթարական է, որ նրա գործն անմահ է և մշտակա Արցախի հետ։

Ցավոք, առկա վիճակը թույլ չտվեց նրա հայաստանցի երկրպագուներին, գնահատողներին ու գրական ընկերներին ներկա լինել մեր սիրելի Վարդան Հակոբյանի հուղարկավորությանը։ Մենք միասին հրաժեշտ տվեցինք հեռակա, ՀԳՄ-ում։ Թող աշխարհն իմանա, թե Ադրբեջանի շրջափակումը ինչ հարված հասցրեց նրա սրտին։ Սիրտ, որ բաբախում էր մարդկության հանդեպ մեծ սիրով։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

***

Վարդան Հակոբյանը ֆենոմեն էր… Նա արարումի, նվիրումի, խիզախումի խորհրդանիշ էր և իրենով այնքան տարածքներ էր զբաղեցնում, ամենուր այնքան ներկա էր, որ անհավատալի է, որ Մարդն այլևս չկա։ Էությամբ առաջնորդ էր, ով անթերի կազմակերպում էր Արցախի գրական կյանքը, հմտորեն ղեկավարում իր իսկ հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» համալսարանը։ Վարդան Հակոբյանն անխոնջ արարող ու պայքարող էր։ Նրա համար չկային փակ դռներ, անանցանելի ճանապարհներ։ Նա համարձակորեն անհնարինը հնարավոր էր դարձնում, անդադար նոր ուղիներ էր հարթում, նոր գաղափարներ, ծրագրեր կյանքի կոչում։

Օժտված էր դիմացինին օգնելու, սատարելու, թև տալու բացառիկ ձիրքով։ Նա մեծ Ուսուցիչ էր, ով մեծապես խթանել է Արցախում երիտասարդ գրողների, մասնագետների պատրաստմանը։ Աշխատել ու ստեղծագործել է տարերայնորեն, մեծագույն ոգեղենությամբ ու իր կենսունակությամբ վարակել շրջապատին։ Նա միջավայր ստեղծող անհատականություն էր, ով բարձր արժեհամակարգի կրող էր։ Որքան անհամատեղելի է մահ հասկացությունը Վարդան Հակոբյան երևույթի հետ։ Այնքան եռանդուն էր, ոգով, մտքով՝ երիտասարդ… Ոգևորության աղբյուր էր իր շրջապատի համար։ Նա դեռ երկար պիտի ապրեր ու ապրեցներ մեզ, իր հայրենի եզերքը, որին այդքան շատ էր սիրում։ Դեռ որքան անելիքներ ուներ, որ, ցավոք, կիսատ մնացին։ Բարեբախտություն էր նրա հետ աշխատելը, նրանից սովորելը, նրա ընկերը լինելը։ Հիրավի, Վարդան Հակոբյանի ստեղծած բարձր արժեքները պարտավոր ենք շարունակել…

Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«ԲԱՂՁԱԼԻ ԵՐԿՈՒ ԲԱՌ»

Ընդամենը երկու ամիս հետո այս թերթի էջերում հոբելյանական տարեդարձի շնորհավորանքի, ջերմ ու հիացական գնահատանքի խոսքեր էին նրան հղվելու, բայց այսօր, ավա՜ղ, կորստյան ցավի, ափսոսանքի և հրաժեշտի խոսքեր ենք ասելու։ Եվ ցավակցության ու մխիթարանքի խոսքեր՝ ոչ միայն նրա հարազատներին, այլև նրան ճանաչող բոլոր մարդկանց, նրա բոլոր ընթերցողներին։ Չլիներ «շրջափակումը», գուցե երևանյան սրտաբանները կզորեին կարգավորել նրա սրտի անհանգիստ բաբախը։ Իսկ հիմա… Եվ ակամա ավելի ակնառու է դառնում նրա անցած ճանապարհը, նրա գործը, նրա լուսավոր կերպարը՝ բոլորեքյան տեսանելի և ուսանելի։ Հայոց Արցախ աշխարհի պայծառ զավակն էր Վարդանը և է, վաստակավոր գործիչը մեր մշակույթի, հիմնադիր ղեկավարը «Գրիգոր Նարեկացի» համալսարանի, գիտության դոկտոր ու պրոֆեսոր, խմբագիր, հրապարակախոս, գրող, գրական կյանքի հմուտ կազմակերպիչ։ Եվ բանաստեղծ՝ ճշմարիտ, տաղանդավոր բանաստեղծ։ Արցախի ծնունդ ու արցախաբնակ՝ նա համահայ արդի բանաստեղծության առաջապահներից մեկն էր։ Բոլոր ճշմարիտ բանաստեղծների նման՝ նա իր ստեղծագործությամբ լույս ու սեր է բերում ընթերցողին. ասում է՝ «Իմ ճանապարհը որպես լար // ձգվում է // անդունդների վրայով։ Բայց // ես լարախաղաց չեմ, այլ // լարագնաց, // ինչպես… հոսանքը»։ Որ լույս է բերում ու տաքություն, որ լուսավորում է հոգիների մութը, ջերմացնում սրտերը։ Համամարդկային ապրումների իր վերասլաց խոկումները նա պատկերագրում էր իր բնաշխարհի գույներով ու ձայներով, իր երկրի հայտանիշներով, որ մասն են իր էության։ Ասում է՝ «Ծաղիկը, լույսը, երեխան», «Անձրևը, շողը, հավատը», «Կարոտը, տունը և ճամփան», «Երազը և հույսը և սերը, ամեն ինչ աշխարհում // ծնվում է սիրուց», «Կանգնել է ճամփին մեր տունը հին, // կանչում է՝ չգնաս՝ ի՞նչ անես»։ Իր հողին, իր երկրի «խինդ ու ցավին» ամուր շաղկապված արցախցուն բնորոշ այս խորհրդանիշ–բառերը նաև համամարդկային զգայություններ են, և պատահական չէ բանաստեղծության ընդհանրական վերնագիրը՝ «Սիրեցեք զմիմյանս»։

Մի ուրիշ պատգամ էլ ունի բանաստեղծը՝ մնալ, մաքառել, սպասել… Ինչպես ինքը։ Ասում է՝ «Ես ոչ մի տեղ չունեմ հեռանալու, երկի՛ր, // ավելին, ինձ ու քեզ թողնելու սիրտ չունեմ»… «Կմաքառեմ, կհսկեմ՝ մինչև շունչս վերջին, // անշիրիմ մեր զոհերի ոգեղեն սրբությունը։ Կսպասեմ, գա Ամենակարողը, իմ ականջին // շրշա բաղձալի երկու բառ՝ փրկված է տունը»։

Սիրելի՛ Վարդան, դու իրավ պայքարեցիր մինչև վերջին շունչդ, («Տեսնես մարդու մեջ ո՞վ է գծում //համբերության սահմանը, //գոնե մի քիչ մեծ գծեր…»), բայց… բանաստեղծի սիրտ էր՝ չդիմացավ։ Այսքան «ցավերին ու ավերին», այսքան «դավերին» ինչպե՞ս դիմանար։ Բայց սպասումդ հավատավոր է. հաստատապես գալու է այդ օրը, և քո սաները կրկին այցի են գալու շիրիմիդ՝ հայտնելու այդ բաղձալի երկու բառը՝ «փրկված է տունը»՝ ճանաչվել է Արցախ-Հայաստանի անկախությունը։

Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

«…ԵՐԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ԻՆՔՆ Է ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Հիմա, երբ Աղանց ընկուզենու ստվերը, ականջը Խաչենագետի մանուշակների հովիտներին և աղբյուրներին, մենակ է ինքն իր հետ, Ջրաղացի ձորում մեղեդին չի դառնում առասպել, Գանձասարի լանջն ի վար, ուր իջնում է Աստված մեկ-մեկ, իջել է հրեշտակը հիմա՝ ընդունելու իր հոգևոր որդուն, անունը՝ Վարդան, որ վկայողը, քերթողը, նահատակն է Նրա խոսքի…

Բանաստեղծը այսպես է ահա անցնում սահմանը, խաչելության իր ուղին, «քանի որ հիշողությունը// պայմանավորում է ապագան՝ դեռևս չանցյալացած»: Վարդան Հակոբյանի երկրային կյանքի ավարտն է սա, նրա կյանքի մի արարը միայն, որ «սահմանախախտում և կապը հայտնաբերում է այնտեղ, որտեղ այն չկա», որովհետև «սահմանը գեղեցիկ է, երբ խախտում ես այն»: Իսկ սա նշանակում է, որ սահմանը ինքը՝ բանաստեղծն է ընտրում, որովհետև «հասնել, նշանակում է՝ շարունակել», թիկունքում ճամփա ունենալ, իսկ ճանապարհը նրան է տանում, ով ճանապարհ է տանում, և երբ ճանապարհին չէ բանաստեղծը, ճանապարհը գնում է իրենով… Այսպիսին է ահա և այսպես է սահմանում իր ճանապարհը Վ. Հակոբյանը, որի հատուցումը բառի և բանաստեղծության որոնումն է: Ուստի բանաստեղծությունը նրան տրված շնորհն է միակ, որ գենետիկ կապ է տեսնում բանաստեղծության, բառի և իր միջև: Հետևաբար, բանաստեղծի ներաշխարհում ապրող մի անհայտ սկիզբ կա, հենման մի կետ, որ արձագանքում է աշխարհի ձայներին, այլաբանում աշխարհը, գոյության ակնթարթները նրա, որ Հակոբյանն անվանում է «լույսի ճանապարհացում», ինչն ավելին է, քան բանաստեղծությունը: Այսինքն՝ այն երկրորդ, գուցե և գալիք կյանքն է բանաստեղծի, ուր իր մենակությունն է, որ վերադառնում է ապագայից կամ «սկսվում է ամեն կետից և ոչ մի կետում չի վերջանում»: Ուստի սա սահման չէ, այլ բառը՝ խարիսխը բանաստեղծի, որի այլաբանական իմաստը երևան է բերում բառի «հայելային հեռուն», որ հակոտնյան է բանաստեղծի, այլ կերպ ասած՝ «թևերի հեռուն», ուր ներկա է միշտ բանաստեղծը՝ միայն թե իր «ուղին դուրս չգա իրենից», որովհետև ամեն մի ճանապարհ ունի իր հակաճանապարհը, թեև ամեն բանաստեղծ «իր միջով է անցնում իրենից դուրս ճանապարհը»: Բանաստեղծը, ահա այսպիսով, դյուրին ուղի չի ընտրում: Վ. Հակոբյանը, ահա ինչու, նախընտրում է բառի ծանրությունը: Եվ, ինչպես որ լեռն է բարձրանում՝ «նույն լեռը կրելով մեջքի վրա», այդպես էլ Արցախի սերը և ճակատագիրն է կրում, որ սահման չի ճանաչում, ինչպես որ սահման չի ընտրում բանաստեղծը բառը և բանաստեղծությունը գրելիս, որ ոչ միայն բանաստեղծն է գրում, այլև գրվում է բանաստեղծը նրանով, ապրում գրի մելանի մեջ, գալիքը ներկայության խոսքով ընկալում, իսկ անցյալը՝ գալիքով, որ նույնպես Հակոբյանի գրական ուղին է, դավանանքը: Ահա ինչու էր ասում՝ «երանի բանաստեղծությանը, որ ինքն է քո ճանապարհը», ինչը նույնն է Հակոբյանի թե՛ երկրային և թե՛ երկնային կյանքի համար…

Մնում է սակայն մի բան՝ ի՞նչ կամ ինչպե՞ս ասեմ… մնաս բարով, եղբա՛յր, քո դարձը, ինչպես Արցախի դարձը, ազգային պատրանք չէ: Ճանապարհը մերն է և մերն է լինելու: Եվ եթե նույնիսկ մեր վերջին հաղորդակցությունները հեռախոսակապի միջոցով էին, որքան էլ տարօրինակ է, առաջինը դու էիր մեզ հույս ներշնչում, մխիթարում թերահավատներիս, խոսում գրական նոր օրերի մասին: Ոգևորված էիր քո պոեզիայի գաղտնիքները վերծանելու, քո սերնդի ճանապարհը վերլուծելու իմ ջանքի համար, քո նոր գրված ամեն մի բանաստեղծության համար, ոգևորում էիր ու ոգևորվում ամեն մի նորի և գյուտի համար, նեցուկ էիր, թեև նեցուկի կարիք դու ունեիր… Ահա սա է կորցրել մեր գրականությունը, որ դժվար դարձնելու խնդիր է թե՛ մեր և թե՛ Արցախի համար, որի հոգևոր առաջնորդն էիր, նրա հոգին, քերթողը և ճակատագրի «զարմանալի ընթեցողը»: Եվ, սրանից հետո, ինչպե՞ս ասեմ, եղբա՛յր, մնաս բարով, որ հրաժեշտ է, որի մոտիկը՝ հեռու, հեռուն՝ անտեսանելի է միայն…

Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«ԹՌՉՈՒՆ ՀՈԳՈՎ» ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ

Չափազանց ցավալի է գիտակցել, որ այլևս մեզ հետ չէ Վարդան Հակոբյանը՝ մեր սիրելի գրչընկերն ու մտերիմը, Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկն ու Արցախի գրական-գիտական կյանքի հմուտ կազմակերպիչը: Մեր ժամանակի ինքնատիպ, բազմակողմանիորեն զարգացած անհատականություններից մեկն էր նա՝ ոչ միայն բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, այլև գրականագետ, խմբագիր… Անսահման լայն էին նրա մտքի և հոգու ընդգրկման սահմանները: «Ես գիտեի, որ իմ հոգին թռչուն է…» քերթվածներից մեկում խոստովանել է նա: Եվ պատահական չէ, որ բանաստեղծության էությունն ու գաղտնիքները քննում էր տիեզերական չափումների ոլորտում, ուր «վայրկյանը և հազար տարին հավասար են…»: Այդ է վկայում նաև իր ինքնատիպ և ծավալուն գրականագիտական հետազոտությունների ժողովածուի խորագիրը՝ «Բանաստեղծությունը և տիեզերական շարժումը», որի երեք գրքերում նա քննում է հայ գրականության զարգացման ընթացքը՝ անցյալի, ներկայի և ապագայի համատեքստում:

Վարդան Հակոբյանի սիրտը տրոփում էր հայրենի Արցախ աշխարհի զարկերակին համահունչ, քանզի նրա համար «Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում. արեգնարան է, /…/ չմեռնող ոգու ակունք սրբազան, սուրբ վեհարան է»: Բանաստեղծն Արցախ անունը գրում է արևի վրա, ծաղկում Մասիսի նոյյան տապանի կողին, կարդում ամեն մի արցախցու սրտում… Խոստովանում էր՝

Սիրտս՝ մոմ, վառում քո ամեն քարին,

Քո անվան ոսկե տառերը՝  հունդ-հունդ,

Հայոց հերկերում սփռում եմ՝  Արցախ…

Երջանիկ էր, որ իրեն «երգ է տրվել՝ ոսկեղենիկ ու սուրբ բանալին Աստծո տան», որով կարող է անմնացորդ բացել իր սիրտը հայրենի հող ու ջրի, արդար քրտինքով սեփական երկիրը շենացնող արցախցու հանդեպ, և ընտրել սերը՝ որպես չափման միավոր, հայրենիքի «սահմանները ճշտելու համար», որոնք՝ հավատացած էր, անխախտելի են այնտեղ, «ուր գիծը քաշված է արյունով…»: Համոզված էր՝ ինչ էլ որ լինի, «եթե մի ձեռքով ծառից կախված էլ լինենք, դիմադրելու ենք ու մինչև վերջին շունչը պայքարելու, ուրիշ ճանապարհ չունենք, այլընտրանք չկա»: Ու թեև գիտեր, որ իր ճանապարհը՝ որպես լար, ձգվում է «անդունդների վրայով», բայց հավաստում էր, թե «ես լարախաղաց չեմ, այլ լարագնաց, ինչպես… հոսանքը»: Ահա թե ինչու, պարզ ու հստակ էր նրա հավատամքը. «Ինձ ոչինչ պետք չէ, ոչի՜նչ այլևս, // Թող որ աշխարհում // Թեկուզ մոռացված // Մի կածան լինեմ, // Բայց միայն թե՝ Արցախում»:

Մի առիթով ասել է՝ «Դեռ չեմ գրել այն բանաստեղծությունը, որի համար ծնվել եմ»: Սակայն նրա երկրային ողջ կյանքն ու անդուլ գործունեությունը, բազմաժանր ու բազմաբովանդակ ստեղծագործությունը հավաստումն են այն ճշմարտության, որ այսօր և միշտ ներկա ու ապագա սերունդների երթի լիիրավ մասնակիցն է մնալու Վարդան Հակոբյան մարդը, հայրենի Արցախի նվիրյալ զինվորը, վաստակյալ գրողն ու մտավորականը:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

***

Գիտէի, որ հիւանդ էր, աւելին՝ գիտէի, որ տառապում է: Մեզ համար կորուստն այլեւս վեր է կանգնած հիւանդութիւնից. Վարդան Յակոբեանը ազգայինի դեսպանն էր Լեռնային Ղարաբաղում, հայկականութեան առաջատար խորհրդանիշներից մէկը, նրան պաշտպան կանգնած ուժը, որին մենք բոլորս հաւատում էինք: Ահա թէ ինչու մտածում էինք՝ առժամեայ է հիւանդութիւնը, կը տոկայ, կը յաղթահարի:

Ի վերջոյ, մխիթարութիւնն այն է, որ իրենից մնաց իր բանաստեղծութեան լոյսը, հայկական անկոտրում ու անզիջող բնաւորութիւնը: Մենք քեզ այդպիսին էլ յիշելու ենք, սիրելի՛ Վարդան:

Սուրեն ԴԱՆԻԷԼԵԱՆ

ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Դժվար է հավատալ, որ չկա Վարդանը՝ տաղանդավոր գրողն ու գրական գործիչը:

Մեր գրողական ընտանիքը անմարելի պարտք ունի նրան: Չլինեին պոեզիայի Արցախյան միջազգային երկու փառատոները, որ կայացան նրա անխոնջ ու անմնացորդ նվիրումի շնորհիվ, մենք չէինք ունենա մեր ժողովրդի և գրականության բարեկամներին՝ Լյուբիցա Միլետիչին Սերբիայից, Ռոման Կիսյովին և Վանյա Անգելովային Բուլղարիայից, Դարիուշ Լեբյոդային և Կալինա Զիոլային Լեհաստանից, Վիլհելմ Բարչին Գերմանիայից, Մարիուս Քելարուին Ռումինիայից, Աբդո Լաբակիին Լիբանանից… Եկան նրանք, ճանաչեցին մեզ և թարգմանեցին մեզ, և թարգմանվեցին իրենք, ականատեսը եղան մեր մաքառումի, մեր նիստուկացի և հոգեկերտվածքի…

Արդյունքում հրատարակվեցին տարալեզու գրքեր, անթոլոգիաներ, էսսեներ, ուղեգրություններ, այլևայլ հրապարակումներ, որ սփռված են մեր և աշխարհի լրատվամիջոցներում և էլեկտրոնային հարթակներում…

Եվ ինչպես միշտ, մենք չհասցրինք մեր մի փոքրիկ շնորհակալությունը հայտնել մեր կողքին ապրող գրողին և, պարզապես, իր ժողովրդի ճակատագրով մտահոգ մտավորականին…

Գնաս բարով, ընկե՛ր:

 Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ԲԱՌԻ ԱՆՍԱՀՄԱՆ ՀՄԱՅՔԸ

Պոեզիան հսկայական աշխարհ է, նույնքան հին, որքան մարդկության պատմությունը, և ամենուր է, որտեղ կյանք կա: Սույն հոդվածը խնդրադրում ունի վերլուծել Վարդան Հակոբյանի պոեզիայի և բանաստեղծական մտքի որոշ առանձնահատկություններ՝ «Բառից դուրս կամ ամեն օր ուշ է» գրքի սահմաններում: Վարդան Հակոբյանի բանաստեղծական պատկերները կարելի է համարել մտքի անկախ ձևեր:

Հակոբյանական պոեզիան լեզվի այլօրինակ օգտագործման մի ձև է: Ե՛վ պոեզիան, և՛ լեզուն գրողի բնագրում ունեն ծիսական բնույթ, նման հմայախոսությանն ու կախարդանքին: Բանաստեղծ Թ.Ս.Էլիոթը առաջարկում է պոեզիա հասկացությանը զուգահեռ առանձնացնել ոտանավոր հասկացությունը, իսկ ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վալերին, համեմատելով պոեզիան ու արձակը, նշում է, որ արձակը քայլք է, պոեզիան՝ պար։ Վարդան Հակոբյանը իրար է ձուլում թե՛ էլիոթյան տեսլականը (պոեզիայի և ոտանավորի համադրում) և թե՛ Պոլ Վալերիի տեսակավորումը (սահուն քայլքից մինչև խենթ պար):

Վարդան Հակոբյանի պոեզիան ճանաչելի է նախ և առաջ իր բառընդերքով, տոնայնությամբ և տեմպերով, որոնք արձագանքում են նույնիսկ լռության մեջ՝ «Բառերը շատ հաճախ // շարահյուսում եմ լռության ձայնով»:

Հակոբյանի բանաստեղծության բառաշերտը յուրահատուկ է իր ճշգրտությամբ ու ազդեցիկությամբ, և խոսքը բառակապակցությունների մեջ համակցելու յուրահատուկ դիպուկություն է դրսևորում հեղինակը, բնականաբար, հաշվի առնելով հնչյունները զուգակցելու էֆեկտիվ արվեստը: Բանաստեղծը փորձում է ճշգրտել այն, ինչն այլ կերպ ձևակերպելիս նույն իմաստով չափելի չէ և նույնիսկ նույն իմաստով հասանելի չէ:

Վարդան Հակոբյանի բանաստեղծությունը կազմված է ներքին և ինտելեկտուալ ձևերից, ինչպես նաև արտաքինից պարտադրված և նախապես գոյություն ունեցող որևէ կոնկրետ օրինակից, և այդ ամենն արդեն իսկ բավարար է ու պարտադիր չեն կանոնավոր չափերն, ինչպես և հանգը: Նման բանաստեղծական ձևը հիշեցնում է թխվածքաբլիթ, որը ոչինչ չի հուշում համի մասին: Անշուշտ, արտաքին տեսքը կարևոր է և չպետք է նողկանք առաջացնի, բայց և թխվածքաբլիթի համը զգալու համար այն պետք է համտեսել: Այսինքն՝ կա բաղադրության խնդիր, որը հակոբյանական պոեզիայի սահմաններում ընտրված բառի անսահման հմայքով է պայմանավորված. «Բարդիներն առվի խշշոցները տարել են երկինք», «Իմ ու քո միջև չկա ոչ մի միջև», «Ինչքա՜ն լավն եք, մարդի՛կ, // որ ավելի վատը չեք», «Ծառի հիշողության մեջ քանի՞ թռչուն կա» և այլն:

Նման դիտարկումներ և մտորումներ շատ կան Վարդան Հակոբյանի պոեզիայում, և դրանց նպատակն է հնարավորինս հստակ տարբերակել աշխարհը՝ առանց որևէ առարկայի կամ հասկացության տրոհման ճանաչել սարսափելի, անօգնական վշտի և հուսահատության զգացումները կամ այն ապրումները, որոնք կենսատու են, իմաստավորում են գոյը, դառնում կենարար աղբյուր: Հենց այդ իմաստներն են առաջացել գրողի բանաստեղծական մանրակրկիտ խորհրդածությունից: Հենց սա կարելի է աշխարհայացք անվանել, որը եթե բազմակողմանի է, ընթերցողին տանում է դեպի արվեստին բնորոշ յուրահատուկ բերկրանքը, և անգամ աշխարհի սարսափելի իրողությունների մասին խոհը հոգեվթարի չի տանում ընթերցողին, քանզի բարձր գեղարվեստն ունի նաև հայելային անդրադարձումի պաշտպանիչ ուժը:

Վարդան Հակոբյանի բառակերտումը բազմապիսի դրսևորումներ ունի. երբեմն հանդիպում են ոտքերով կառուցված ձևեր, որոնց հաջորդում է շեշտադրված վանկը (Ամեն ինչ տխուր ու համր է, // չի փրկում անգամ ներումը։ // Չգաս հանկարծ, այնպես ծանր է, // տեսնել ինքդ քո ավերումը): Կա մեկ նախադասությամբ ակնհայտ շանթող արտաքին ձևը, որը հավասարակշռված է այլ քերականական միավորներով և հակադիր է մետրական ձևին (Ես անընդհատ մեռնում եմ և տեսնում եմ, որ // առանց դրա չեմ կարող ապրել: Եվ տեսնելիս // չեմ պատկերացնում, պատկերացնելիս // տեսնում եմ սակայն: Եվ արհամարհում եմ // սիրո մոտավորը, և ահավոր է, // երբ ծաղիկը դառնում է խորհրդանիշ, // թեկուզ` սիրո…): Երբեմն հանդիպում են էպատաժին պատկանող գեղարվեստական ձևեր, որոնք տանում են այն ընկալմանը, թե ընթերցողն ինքն է ասում այդ բառերը (Աստված աշխարհում ոչ ոքի // աղոթքը չի ընդունում այլևս…)։ Շատ է հանդիպում փոխաբերական բառակերտման ձևը՝ իր բազմաթիվ հնչողություններով՝ ողբերգականից մինչև հեգնանք, սիրո հանդգնությունից մինչև ներում (…իբրև բարձրանում ես։ // Մտքի հետ և մտքի պես։ // Իսկ հարթության վրա // աստիճաններն իզուր են։ // Ինքդ քեզ մի՛ շրջանցիր, // մի՛ վազանցիր ինքդ քեզ):

Կա նաև լեզվական կամ շարահյուսական ձևը՝ առնվազն մի քանի հնարքներով. երկրորդ նախադասությունը, իր կառուցվածքով, մասնակցում է իմաստին։ Կարելի է ավելացնել ևս մեկ ձև՝ հնչյունների հավասարակշռությունը՝ սկսած հանգի ակնհայտ նմանությունից մինչև բառօգտագործման նրբությունն ու ճշգրտությունը:

Վարդան Հակոբյանի բանաստեղծությունը միշտ մնում է գեղեցիկ. այն շարունակում է հուզել թե՛ երիտասարդներին, որ դեռևս անմեղ են և անխնա վատնում են իրենց տրված ժամանակը, և թե՛ ծերերին, որ վիշտ ունեն, քանզի ճաշակել են կյանքի անհամար դառնությունները: Եվ սա՝ բառի անսահման հմայքի շնորհիվ, որը և՛ իմաստային-փիլիսոփայական լիցք ունի, և՛ հոգեբանական վայրիվերումներ, և՛ որոշակի քարտեզագրում ու տեղորոշում:

Գրականագետ Այվոն Արմսթրոնգ Ռիչարդսը մի առիթով նշում է. «Պոեզիայի առաքելությունն է պաշտպանել մեզ, մեր պատկերացումները և ոչ թե առարկաների, և հնարավորություն է տալիս չսխալվելու»[1]։ Վարդան Հակոբյանի պոեզիան ևս այդ առաքելությունը ունի, ուստի՝ հաճախ կարող ենք տեսնել կյանքում տեղի ունեցած իրողություններ, որոնք այս կամ այն կերպով պատկերվում են գրողի կողմից: Հատկապես Արցախի ճակատագիրը, պատերազմները փոխաբերությունների ու այլաբանությունների մեջ այնպես շեշտակի ու անակնկալ են հայտնվում, որ իրական փաստի ու գեղարվեստական պայմանականության բոլոր սահմանները խաթարվում են: Մնում է բառերի աշխարհը, որտեղ ամեն բառ ապրում է մարդու պես ու բացառիկ է:

Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ

[1]. https://www.britannica.com/art/poetry/Poetry-as-a-mode-of-thought-the-Protean-encounter

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։