Հիմա Սուրէնը շփոթում էր կարօտները: Նիւ Եորքում նստած՝ նա հիմա կարօտում էր Զեփիւռին ու Հայաստանին, երկուսն էլ հեռու ու անկարելի: Որքան մօտենում, այնքան հեռանում էին իր սէրերը: Զեփիւռը գնացել, թառել էր քառասունեօթ սարերի թիկունքում, իսկ Հայաստանը կար ու կար. ինքն էր, որ ովկիանոս էր ստեղծել իր ու Հայաստանի միջև:
– Քեզ մի բան ասեմ,- ասել էր նա Հայաստանի բանաստեղծին,- ես ուր էլ գնամ, պիտի վերադառնամ Նիւ Եորք:
– Ինչո՞ւ Նիւ Եորք,- հարցրել էր Հայաստանի բանաստեղծը:
– Որովհետև Նիւ Եորքը իմ տունն է:
Հայաստանի բանաստեղծը զարմացել ու հասկացել էր: Զեփիւռն է, որ չէր հասկացել ու զարմացել: Նա կարծում էր, որ Սուրէնը իսպառ մոռացել է իրեն: Եւ հենց այդ պատճառով սկսել էր տրտմել: Նա երբեք այդքան խորը չէր տրտմել և հիմա տամուկ աչքերով նայում էր հորիզոնին:
– Սակայն ինչպէ՞ս բացատրել հայրենիքի քո բուռն կարօտը,- ուզեցել էր իմանալ Հայաստանի բանաստեղծը:
– Չգիտեմ: Ես միշտ կարօտում եմ Հայաստանին: Ես նոյնիսկ կարօտում եմ Հայաստանին, երբ Հայաստանում եմ:
– Դու այնպէս ես խօսում, որ լսողը պիտի կարծի, թէ Հայաստանը մի ինչ-որ շնչաւոր էակ է,- պատասխանը իմանալով հանդերձ ասել էր Հայաստանի բանաստեղծը:
– Չգիտեմ ինչպէս բացատրել այս կարօտը:
Եւ հենց այդ պահին էր, երբ սովորականի պէս պիտի շարունակուէր տիեզերքի ընդարձակման գործընթացը, որ Սուրէնը տարակուսեց. չլինի մենք յետ ենք գնում դէպի նիւթի սկզբնաւորութիւն, որ Զեփիւռ ու Հայաստան ես խառնում եմ իրար՝ մէկի հանդէպ ունեցած կարօտս վերագրելով միւսին: Նա յիշեց իր ճամբորդութիւնը Հայաստանի ճանապարհներով և տխրեց յիշելով Հայաստանի ճանապարհների մենութիւնը: Զեփիւռի հետ աննախընթաց օրեր էին ապրել: Ապրել էին այնպէս ինչպէս չէր ապրել ոչ ոք: Հայաստանի ներկայութեան հետ՝ ըմբոշխնել էին միմեանց ներկայութիւնը: Եւ դեռ աւելին: Այնպես էին սիրել միմեանց, որ ոչ ոք չէր սիրել: Եւ հիմա այդ երկու սէրերը նոյնացել էին: Յայտնի չէր, թէ որտե՞ղ է սկսում Զեփիւռը և որտե՞ղ վերջանում Հայաստանը: Ի հարկէ Հայաստանը չի վերջանում: Ասածս լոկ ասելաձև է:
Նախքան մթնշաղ, երբ կինը կանգնեց խոհանոցի շեմին, նրա աչքերը լճացել էին:
– Ինչո՞ւ ես յուզուել, Զեփիւռ, սիրելիս:
– Սոխ էի ջարդում, ուրիշ ոչինչ:
Այդպէս էր Զեփիւռը՝ մի սքանչելի դաշն սովորականի ու քնարականի միջև, չասելու համար զաւեշտականի ու ողբերգականի միջև, որովհետև այդ կը լինէր չափազանցութիւն: Փաստօրէն, հինաւուրց ցեղի դուստրն էր Զեփիւռը, որի ամբողջ իմաստն ու հմայքը իր հայութիւնն էր: Եթէ հայ չլինէր, Զեփիւռ չէր լինի: Խոշոր, թաց աչքեր, որոնք Թամար թագուհու աչքերն էին յիշեցնում: Ծիծաղելիս կարկաչում էին լեռնային վտակները: Բարի էր Աստուածամօր պէս: Իսկ չար պահերին շանթ էր ցայտում նրա աչքերից: Բերանը վարդ, մեխակ ու մուշկ: Ոտից գլուխ՝ շուշան: Ամբողջովին ծաղկանոց չէր Զեփիւռը: Նրա մսերը ունէին իրենց ուրոյն կանչերը: Սակայն դա մի այլ պատմութիւն է:
Ինքը՝ Սուրէնը մի ահագին առեղծուած էր: Տասն անգամ չափչփել էր աշխարհը և 41 քաղաքում 41 կայմ էր տնկել: Ամէն տեղ հայ էր փնտռել և դրօշակի պէս ծածանել իր հայութիւնը: Նա երբեմն այնքան շատ էր կարօտում Հայաստանը որ տենդահար էր լինում մի քանի օր: Այդ կարօտը սկսեց երբ նա 10 տարեկան էր: Այնուհետև գիշեր ու ցերեկ նա Հայաստանն էր երազում: Իսկ երբ 1964 թուին նա առաջին անգամ ոտքը Հայաստանի հողի վրայ դրեց, արդէն գիտէր երկրի շունչն ու հոգին, ինչպէս որդին որ բիւրաւոր մայրերի մէջ ճանաչում է իր մօր իւրայատուկ բուրմունքը: Երևանում նա համոզուեց, որ այս ժողովուրդը արժանի է անկախութեան: Իսկ երբ նա հասաւ գաւառ, իմացաւ, որ ցեղը յարատևելու է մի այլ հազարամեակ:
Նա որոշեց անմիջապէս ժամադրուել սիրոյ, բանաստեղծութեան և մահուան հետ, քանի դեռ ժամանակ կար սիրելու, բանաստեղծելու և մահանալու, որովհետև վաղը կարող է ուրիշ բան պատահի և ամբողջ ծրագիրը ջուրն ընկնի: Ճանապարհին նա իջաւ ինքնաշարժից, ափերով հող հաւաքեց, գրպանները լցրեց և շարունակեց Երթը դէպի Աղէտեալ Գօտի: Գիւմրիի հրապարակում հոկտեմբերեան առաւօտ էր շրջակայ աւերակների մէջ, ջինջ երկինք ու դեղին արև: Միայն մարդիկ էին որ արտաքուստ անաւեր էին: Ամէն ոք իր գործին էր՝ լուրջ ու հպարտ: Իրենց ներկայութիւնը բողոք էր բնութեան դէմ: Ցոյց չէին տալիս որ սգաւոր են: Այդ հպարտ, յամառ հայերը: Կալիֆորնիայից եկած իր երկու ընկերների հետ Սուրէնը հաց ու պանիր կերաւ այդ առաւօտ և շարունակեց ճամբան աւերակների միջից՝ հասնելով Նալբանդ ու Սպիտակ: Նալբանդի անունը կար, գիւղը չկար: Մի երիտասարդ կար անունը Տիգրան, գունատ, գեղեցիկ Տիգրան, որը Երևան պիտի գնար անասնաբուծութիւն ուսանելու: Նա ասաց, թէ մայրն ու երեք քոյրերը զոհ են գնացել երկրաշարժին, մնացել է հայրը, որը ցնցումից կարկամել է: Սպիտակը Սալւադօր Դալիի որոշ պաստառների պէս կախուել էր ժամանակի թևերից, կմախքացած, քարացած, անհեթեթացած: Այստեղ ևս կեանքը շարունակւում էր իր ուրոյն կշռոյթով: Մաքուր հագնւած, լուացուած, սանրուած մի տասնեակ աշակերտներ ցեխոտ արահետից քայլելով դպրոց էին գնում: Նրանց յամբ քայլուածքն ասում էր թէ շատերը այսուհետև միշտ բացակայ են լինելու: Գեղեցիկ ու դաժան բնութիւն: Այս ժողովուրդը կռացել, դարձել է երկաթ: Քարն ու հողը: Հայաստանի մարդիկ: Սակայն այդ էլ մի այլ պատմութիւն է:
– Ես ուզում եմ, որ միայն ինձ սիրես,- ասել էր Զեփիւռը:
– Միայն քեզ եմ սիրում,- պատասխանել էր Սուրէնը:
– Սակայն դու շարունակ Հայաստանի մասին ես խօսում,- աւելացրել էր Զեփիւռը:
– Հայաստանը Հայաստան է, դու՝ դու,- պատասխանել էր Սուրէնը:
– Դու Հայաստանը ինձանից շատ ես սիրում,- յուզուել էր Զեփիւռը:
– Դու քո տեղն ունես, Հայաստանը՝ իր,- յամառել էր Սուրէնը:
– Քո ամբողջ ուշադրութիւնը Հայաստանի վրայ է:
– Միտքս՝ Հայաստան, սիրտս՝ քեզ,- փորձել էր տրամաբանել Սուրէնը:
– Միտքդ էլ ի՛նձ, սիրտդ էլ ի՛նձ,- պահանջել էր Զեփիւռը:
– Այդպիսով Հայաստանին բան չի մնայ,- տարակուսել էր Սուրէնը:
– Ես կը լինեմ քո Հայաստանը,- ասել էր Զեփիւռը:
Սիսիանի կրքոտ բլուրները, որոնք տարածւում են մինչև վերջալոյս: Աւելի վեր, լեռների լանջին Գորիսը, միջնաբերդը Զանգեզուրի, խրոխտ բազուկը Հայաստանի: Խորհրդային կարգերի փլուզման վերջին օրերն էին: Սակայն ոչ մի տարբերութիւն: Զանգեզուրը յաւերժական է: Վաղը կը գայ անկախութիւնը: Նորից ոչ մի տարբերութիւն չի անի: Արծիւները միշտ ազատ են: Արծուագոյնը Նժդեհն էր: «Արի՛ ժողովուրդ – սրա՛ն են միայն զինակցում, ձեռք մեկնում պետութիւնները: Հասկանանք և այս ճշմարտութիւնը:
Փրկուելու համար պէտք է նաև արիանալ, այսինքն՝ յաղթահարել սեփական սարսափը:
Սարսափից ազատագրուած հոգին միայն ընդունակ է աշխարհն առարկայօրէն տեսնել, պատկերացնել:
Երկիւղը միշտ էլ ճիւաղներ է ստեղծում՝ մտացածին հրէշներ:
Ժողովուրդները յաճախ մեռնում են հենց այս ճիւաղներից:
Քաղաքական գիտակցութեան թերին, անինքնավստահութիւն, սարսափի հոգեբանութիւն – ահա մեր եռագլխեան թշնամին:
Եւ մինչև որ չկարողանանք այս ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատուել կարողանանք:
Ասուած է. «Մարդս մի բան է որ պի՛տ յաղթահարուի»:
Այսպէս, մինչև որ հայ մարդը չկարողանայ ինքզինք յաղթահարել – սպանել սարսափի անասունն իր մէջ, ներշնչուել նոր մտայնութեամբ, հոգեփոխուել, կարճ՝ մինչև որ չդառնայ արի և արիանուն ժողովուրդ՝ անհնար է, որ նա կարողանայ ոչ միայն քաղաքականապէս ազատուել, այլ և ազգովին ոչնչանալու վտանգից խուսափել»:
Մարդ յաճախ ափսոսում է, թէ ինչո՞ւ չի ապրել այն կեանքերը, որ պիտի ուզենար ապրել: Բայց մարդ քանի՞ կեանք կարող է ապրել: Մարդիկ կան որ անգամ մի կեանք չեն ապրում: Յետոյ, նստում-ասում են, թէ կեանքն անարդար է, նոյնիսկ եթէ ճիշտ է նրանց ասածը: Իմ ասածն այն է, որ եղածը պէտք է իմաստաւորել և որ անհրաժեշտ դէպքում զոհել մի աւելի վեհ նպատակի համար: Օրինակ հայրենիքը: Օրինակ Արցախը: Օրինակ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Գետաշէնն ու Մարտունաշէնն ու Ղարաբաղի այն բազում գիւղերն ու աւանները, որոնց անունները հայոց դիցաբանութեան ինչ-որ խորքերից են գալիս: Լաչինը կապել Գորիսին, պրծնի-գնայ: Որպէսզի հանգստանան Գարեգին Նժդեհի ոսկորները: Որպէսզի լոյսը անպակաս լինի Ակսել Բակունցի անանուն գերեզմանի վրա: Որպէսզի որդին մօրը միանայ:
Սուրէնը Եօթերորդ պողոտայի իր պատուհանից դուրս նայեց դէպի արևմուտք, որտեղից լոյսի վերջին բեկորները եկել, ծծում էին իր սենեակի պատերի ցաւը: Զեփիւռը այնտեղ, Հայաստանն էլ իր տեղը: Ես ի՞նչ գործ ունեմ այստեղ: Հոգեկան կամ օրգանական ի՞նչ կապ կարող է լինել իմ և Մանհաթանի միջև: Տենդահար հոսքի մէջ ես էլ տենդահար եմ եղել: Նոյնիսկ երբեմնի Նիւ Եորքից բան չի մնացել: Ամէն կողմից կղզի են արշաւել անորոշ ցեղեր և հիմա քարերն անգամ բռնաբարուած են: Փողոցը այլևս դիմագիծ չունի: Վաղուց փախել են անգլօ-սաքսոնները, չինացիներին փոխարինել են սևամորթները, իսկ վիէթնամցի ու կորէացի փախստականներն այժմ եկել սևամորթների մէրն են լացացնում: Եթէ այսօր դաշունահար չլինեմ, փառք կը տամ Աստծուն: Նա կարօտեց: Զեփիւռի մարմինը այնպէս էր շարժւում միջոցում, որ կարծես իր ուրոյն ուղեծիրն ունենար: Նրա բերանն ու աչքերը այնպէս էին լրացնում իրար, որ կարծես երբեք չէին փորձարկուել, չէին պարտուել, չէին չարաշահուել: Այդուհանդերձ, ենթագիտակցօրէն նա գիտէր, որ նախքան Յուլիս ինքն Արցախում կը լինի: Ցախ ու ցաւ ու Արցախ: Արցունքախում: Ցասում ու մուխ ու արցախավագը, այդ որդիներն ու նահապետները, մահուան շուքը իրենց հայեացքում առած այդ ոտաբոբիկ մայրերը, ժայռի հետ ամբողջացած այդ ֆիդային, շուրթերը միմեանց սեղմած այդ աննման արցախուհին, մենք մռայլ ենք մեր լեռների պէս, հանգիստ թողէք մեզ մեր լեռների հետ, ամերիկացի լրագրողը հարց է դնում. արդեօք պատերազմ կը բռնկի՞ Ղարաբաղում, եթէ այս պատերազմ չէ, հապա ի՞նչ է, չէ, դուք գնացէք նաւթի մէջ լողացէք անապատում, մենք կը պահենք արծիւների բոյնը Արցախում:
Այդ օրը նրանք օթօն քշեցին մինչև թերակղզու ծայրը: Ծովաբանական կենտրոնը կապոյտ-կանաչ մի նոր աշխարհ էր Զեփիւռի համար: Նա մանկան պէս այս ու այն կողմ էր դառնում: Նա զմայլուած էր ծովի կեանքով: Իսկ Սուրէնը զմայլուած էր Զեփիւռով: Որքա՜ն հրաշալի էակ է Զեփիւռը: Ինչպե՞ս է ապրել առանց Զեփիւռի: Գուցէ միշտ էլ եղել է Զեփիւռը, ինքը չի իմացել, ինքը ի՞նչ է իմացել:
– Ինչո՞ւ այսքան դժուար է կեանքը,- ասաց Զեփիւռը՝ հայեացքում հինաւուրց թախիծը:
– Կեանքը դժուար չէ,- պատասխանեց Սուրէնը,- հասարակութիւնն է ստեղծել կապանքները:
– Ի՞նչ պիտի անենք,- ահազանգեց Զեփիւռը:
– Պիտի բաժանուենք, մի օր միանալու համար:
– Ես չեմ ուզում բաժանուել,- կրկին ահազանգեց Զեփիւռը:
– Բաժանում չէ, այլ շրջադարձ մինչև որ փոխուի կեանքի առանցքը:
– Ես այդքան սպասել չեմ կարող:
– Ես խոստանում եմ:
– Խոստումից աւելի շատ սիրում եմ կեանքը:
– Ի՞նչ անենք, Զեփիւռ, ծուղակն ենք ընկել,- ասաց Սուրէնը և հենց յաջորդ օրը Հայաստան մեկնեց:
Աշխարհագրութիւնից առաւել՝ բնազանցական երեւոյթ է Հայաստանը: Դէպքերը պատահելուց յետոյ են հասնում իրականութեան ալիքները: Հայը կամ յետ է նայում, կամ առաջ: Ներկան կարծես միջանկեալ է: Եւ որովհետև չի կարողանում հաշտուել իրականութեան հետ, դառնում է վիպական. սիրում է այն ինչ կը ցանկանար որ լինէր, այլ ոչ թէ այն, ինչ որ է, կայ, գոյութիւն ունի: Իր ռոմանտիկ շաղախի հետևանքով է որ հայը շարունակ ծայրայեղութիւնների մէջ է տատանւում: Ամէն ինչ կամ վատ է կամ լաւ: Սև կամ սպիտակ: Չար կամ բարի: Ահա թէ ինչու նա քանդում է երէկուայ կուռքը և մի նոր կուռք բարձրացնում այսօր: Նա ընկել է պատմութեան թակարդը և չի կարողանում դուրս գալ: Եթէ մի օր նա կարողանայ թօթափել պատմութեան բեռը, ապա իրեն պիտի գտնի մի նոր հարթավայրի վրայ, ուր ոչ ցուցանակ կայ, ոչ ուղղութիւն, ոչ էլ մղոնաքար: Այսինքն, նա պիտի դուրս գայ պետութիւնների դասական շահերի հողմապտոյտից և փորձի գտնել իր սեփական ճանապարհը: Այսօր Հայաստանը այս բացառիկ հոլովոյթից է անցնում:
Հայաստանի հայը երբեք պիտի չհասկանայ Սփիւռքի հային: Սուրէնի Հայաստանի կարօ՜տը և կարօտները որ Սուրէնը հաւաքել էր Հայաստանի համար: Այդ կարօտ չէր, այլ ինչ-որ տարասովոր հոգեսևեռում, որ յարատևօրէն այրում էր նրա կեանքը: Մարդ որքան մօտենում է Աստծուն, այնքան դժուարանում է հաւատալ Նրան: Եւ որովհետև նա կտրուել էր անցեալից, ապա դժուարանում էր ապրել ներկան: Իրերի այդ շփոթահար կացութեան մէջ՝ Մակարավանք, Հայրավանք ու Հաղարծին: Սքանչելի Մինան, թող Աստծոյ աջը միշտ քո վրայ լինի: Ես յիշում եմ իմ յուշերը, որոնք մեր տառապանքի քարտէսները եղան: Այսպիսի մի բան: Սուրէնը կարօտում էր Հայաստանը հե՛նց Հայաստանի մէջ: Ամէն մի քարը մի սրբազան մասունք: Ամէն մի թռչուն՝ սրբաթև մի լոյս: Ա՜խ, այդ հայերի աղոթախառն շունչը, նրանց հայեացքների մութ մատուռը, նրանց կրծքային թաւ ձայները, որոնք լերկ ժայռերից թափւում էին լերկ քարերի վրայ, նրանց երդիքների բարեկամութիւնը և սեղանների բերքը, քարի տակից հաց, հացից աղօթք ու յաւերժութիւն: Ես եկել եմ հաղորդուելու, ջարդելու սառոյցը, որը քարացել է մեր սպասումների ձմեռում:
Ինքնաշարժը – ամերիկեան տոկուն «Ջիփ» – անընդհատ վեր էր բարձրանում: Սուրէնն էր, երեք բանաստեղծ, Շրջկոմի քարտուղարն ու իր օգնականը: Շուտով մտան ամպերի մէջ: Գորիսում այլևս տեղատարափ անձրև էր: Դիմացում Նախիջևանն էր, թիկունքում՝ Ղարաբաղը, քար նետես, կը հասնի Ստեփանակերտ: Մուշեղ Աւետիսեանը գլխաւորում է Սասունցիների գունդը, որն առաջանում է ծանրաշունչ հեղեղի պէս: Գնդապետ Արսէն Շահմազեանը Սիսիանից հասել է Ղափան և տենդագին կազմակերպում է Զանգեզուրի պաշտպանութիւնը: Սպարապետը ամէն տեղ է: Ուրւականի պէս նա միաժամանակ թէ՛ Գողթանում է, թէ՛ Գենուազում և թէ՛ Ղափանում: Նա միջահասակ մարդ է, սակայն բոլորի աչքին վիթխարի է երևում: Նա երբ խօսում է, խօսքերը կրակի պէս այրում են կամաւորների սրտերը: Յիշիր Գեղուաձորը: Նաև Դաւիթ Բէգին: Մեզ համար չկայ մահ: Մահը՝ մեր թշնամուն: Պապս Մեղրիից է, մեծ պապս՝ Շուշիից: Ինչո՞ւ չյուզուեմ:
Քրիստափորաբերդ, Խեչոյաբերդ
Եփրեմաբերդ, Ռոստոմաբերդ
Դումանաբերդ ու Նժդեհաբերդ
Հո՛ղն է ծնում իր հերոսներին: Հայ գիւղացին զինւել է: Նրանք գունդ առ գունդ գրկել են լեռները: Նահանջ չկայ: Երրորդութիւնը: Սիւնիք, Արցախ ու Գողթան: Հայոց Լեռնաշխարհը: Սուրէնին ասում են տուն գնայ: Սպարապետը ռազմական գործողութիւններ սկսելով, կարճ ժամանակում գրաւում է Շաբադին, Օխչի, Փիրդովղան, Արալըխ և այլ գիւղեր, Օրդուբադի ճակատը յանձնելով Թովմասին ու Ենովքին: «Յիշեցէ՛ք այդ, և եղէք անխնայ ձեզ դիմադրողների նկատմամբ, ասպետ և մարդ եղէք կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ: Ուրեմն, յառա՜ջ, մեզ հետ Աստուած և Դաւիթ-բէգի վրիժակ հոգին»: Գիշերուայ ժամը 12-ին զօրքը զգաստանում է շեփորի ձայնից և կազմ ու պատրաստ սպասում: Մէկ ժամ յետոյ տրւում է արշաւանքի հրամանը: Յարձակումը սկսում է 1919 թուի Դեկտեմբերի 1-ին: Սուրէնին թւում է, թէ ականատես է ինչ-որ լեռնային ամեհի հրավառութեան:
Լուսաբացին դիրքերը անխախտ են: Երիտասարդ տղաներ են, ոմանք Երևանի համալսարանից, ոմանք ամերիկեան բլու-ջինզերով, բեղ ու մօրուք ու անտառ: Նրանց աչքերում Արցախի լեռների ստուերն է իջել: Խոժոռ, պինդ ու վտանգաւոր, այդ ֆիդայիները: Դիմացում անցողակի մշուշն է, մի քիչ այն կողմ այգիների գօտին, որից յետոյ սկսում են դեղին, փոշոտ ճանապարհները դէպի Տասնվեստ, Մեծ Շէն, Սարիշէն ու Եղծահող: Աշխարհի մոռացուած կէտը: Մարտիկների դէմքերը խօսում են սիրոյ, ատելութեան ու կարօտի մասին: Հրաժարում չկայ նրանց մարմիններում: Ամէն գնով պիտի պաշտպանել տունն ու տեղն ու հայոց պատիւը: Մահը դիւրին է: Ապրե՛լ է պէտք ապրողների համար: Կռուե՛լ է պէտք մարդու իրաւունքների համար: Կեանքի համար: Այդուհանդերձ, մահը շարունակ ներկայ է հին ցաւի պէս, հին բարեկամի պէս: Սակայն տիրողը քրտինքի, ծխախոտի ու կաշու հոտն է: Անդորր են, սակայն մռայլ այս հրաշակերտ մարտիկները, կարծես երկարատև փիքնիքի են եկել: Երէկ հրթիռներ տեղացին Խոջալուի շրջակայքից: Հինգ տներ աւերուեցին Ստեփանակերտում: Երկու զոհ, մէկը մի աղջնակ: Փոխարէն, մերոնք կրակ տեղացին Շուշիի արևմտեան փէշի վրայ: Յանկարծ գեհեն գոյացաւ: Երկնքից մի մոխրագոյն ուղղաթիռ ընկաւ, սուրաց, կրակ թքեց ու գնաց՝ հողմամրրիկ ստեղծելով բլրի վրայ: Սուրէնին թուաց, թէ մէկն իրեն առաւ, քարին խփաւ, ցաւ-մաւ չզգաց: Նա յիշեց, թէ ինչպէս այն տարի այնքա՜ն սպիտակ էր ամառը Ջոնս Բիչի աւազների վրայ, որոշեց լողալ աւազի մէջ, դեղին ոսկի ու արև, կարմիր ծով ու արև, կարմիր աւազ ու արև, որից յետոյ աւազի ալիքները եկան, լեռնացան, որքա՜ն կարմիր է ծովն այս առաւօտ:
Մարտ, 1992 -Բոստոն