Սեպտեմբերի 11-ին Կասյան 3 հասցեում բացվեց արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հուշատախտակը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ Պերճ Զեյթունցյանը 60-ական թվականներին հայ գրականություն մուտք գործած սերնդի վառ դեմքերից է, որի առաջին իսկ գործերը վկայեցին ուրույն, հետաքրքիր հայացք ունեցող գրողի մասին: «Հսկայական ավանդ ներմուծեց ժամանակակից գրականության մեջ, և ինչին էլ ձեռք զարկեց արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը, հրաշալի գործեր ստեղծվեցին»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ ընդգծելով, որ նա գրականություն բերեց ժամանակակից թեման, ժամանակակից աշխարհի խնդիրը, նոր մտածողություն, տարբեր ազգությունների մարդկանց հոգեբանություն: «Գրող, որին կարդալը մեծ իմացություն, գեղարվեստական մեծ խորքեր կհաղորդի մարդուն»,- վստահեցրեց ՀԳՄ նախագահը՝ ցավով փաստելով, որ մեր գրողներին լավ չենք ճանաչում, և թեական վերաբերմունք կա այնպիսի գրողների հանդեպ, որոնք միջազգային բարձր մակարդակ ունեցող դեմքեր են: «Դասագրքերում փնտրես՝ Պերճ Զեյթունցյանի անունը դժվար թե գտնես, որովհետև կաղապարներ են դրված, և անհնար է այդ կաղապարները ջարդել, որ հասկանան՝ հայ գրականությունը չի եկել ու 50 տարի առաջ կանգնել մի կայարանում, որից հետո ամայություն է»,- մտահոգություն հայտնեց Էդ. Միլիտոնյանը:
«Բազմակողմանի անձնավորություն էր Պերճ Զեյթունցյանը իր էությամբ ու ստեղծագործությամբ, բոլոր բնագավառներում իրեն դրսևորեց տաղանդավոր ձևով և թողեց մնայուն արժեքներ»,- նկատեց ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը՝ նշելով, որ նրա հրապարակ գալը համընկավ 50-60-ական թվականների՝ հալոցքի ժամանակաշրջանին, երբ խորհրդային հասարակությունը բացվում էր աշխարհի առաջ, և այդ բացվածությունը դրսևորվում էր նոր սերնդի հոգեբանության մեջ: «Առաջին գործերը, որ գրեցին այդ սերնդի լավագույն գրողները, նոր սերնդի հոգեբանության մեջ ինքնաճանաչողության, իր անցյալի ճանաչողության, աշխարհի ճանաչողության խնդիրն էր, այլ կերպ ասած՝ մարդ-անհատի ներքին ազատության խնդիրն էր»,- ասաց Պ. Դեմիրճյանը՝ հավելելով, որ Պ. Զեյթունցյանն առաջին գրողն էր, որ մեր թագավորի՝ Արշակ Երկրորդի կերպարը դիտեց որպես անհատ, մարդ, որն իր մարդկային թերությունները կարող է ունենալ:
Պերճ Զեյթունցյան բացառիկ մարդու մասին երախտիքի խոսքեր հնչեցրին ու նրա ստեղծած գրականությունն արժևորեցին նաև դերասան Տիգրան Ներսիսյանը, գրականագետ Լիլիթ Արզումանյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, գրողի դուստրը՝ Զարմինե Զեյթունցյանը:
Կասյան 3 հասցեում Պ. Զեյթունցյանն ապրել է 1971-2017 թթ.: Այս շենքում են ապրել նաև մտավորականներ Պարույր Սևակը, Համո Սահյանը, Գուրգեն Մահարին, Սերգեյ Սարինյանը, Վիգեն Խեչումյանը և ուրիշներ:
Հուշատախտակի քանդակագործը Արման Նազարյանն է: