Լույս է տեսել Վարուժան Գալստյանի «Շղթայված հեղեղ» վիպակը: Միանգամից ասենք, որ սյունյաց գրական իրականության համար սա ուշագրավ և նշանակալի իրողություն է, քանզի ընթերցողի սեղանին է դրվել պատմական մի ժամանակահատված ներկայացնող, դրամատիկ պահերով լի հետաքրքիր պատմություն, որը նաև ընթերցող երիտասարդ սերնդին կարող է լավագույնս ներկայացնել ոչ վաղ անցյալի իրականության տրամադրությունները, աշխարհընկալումները, մարդկային և սոցիալական հարաբերություններն ու այլ մանրամասներ:
Որպես արձակ ստեղծագործություն՝ սա հեղինակի երախայրիքն է, մինչ այդ նա հայտնի էր ընթերցողին որպես բանաստեղծ (Վ. Գալստյանը բանաստեղծական երեք ժողովածուների հեղինակ է), ու նման ծավալի ձեռնարկումը, անշուշտ, պարունակում է որոշակի ռիսկեր: Բայց այս դեպքում ևս հեղինակը գտնվել է պատշաճ բարձրության վրա՝ և՛ սյուժեի, և՛ իրադարձությունների ընթացքի ու զարգացման, և՛ կառուցվածքի ու շարադրանքի առումով ստեղծագործությունը ներկայանում է որպես մի կուռ ամբողջություն:
Սա մի դրամատիկ, ընդարձակ նովել է, որ մինչև վերջ լարվածության մեջ է պահում ընթերցողին: Վիպակը հյուսվել է իրական պատմություն վրա, կերպարները նույնպես իրական մարդիկ են, իսկ գլխավոր հերոսի՝ Սարգսի կերպարը ազնվաբարո հայի հավաքական կերպարն է, որ ի տարբերություն օտար ափերում իր հայրենակիցների նկատմամբ, այո՛, կոլեկտիվ ատելություն սերմանելու անշնորհակալ գործով զբաղվող որոշ բախտախնդիրների, ներկայանում է որպես աջուձախ բարիք ու ասպետականություն սփռող վեհանձն հայորդի: Նրա հարուստ ներաշխարհն ամբողջանում է հոյակապ վրձնահարվածներով. անսահման բարության համար ռազմական հատուկ ուսումնարանից հեռացվելու լուրն առնելուց հետո նա մտնում է մարզադահլիճ, կախվում մարմնամարզական օղակներից և ասում ինքն իրեն. «Ես այսպիսինն եմ, այլ կերպ չեմ կարող լինել…»:
Վիպակում ծավալվող իրադարձություններն ընդգրկում են խիստ լայն շրջանակ՝ և՛ աշխարհագրության, և՛ իրարից տարբերվող միջավայրերի առումով: Միայն բարձրաճաշակ ընթերցողին հասանելի նուրբ դիտարկումներ, հույզերի և ապրումների առատություն և, իհարկե, անափ ու մաքրամաքուր սեր, որ, մեծ հաշվով, ստեղծագործության առանցքն ու ինտրիգն է: Երբեմն իրադարձությունները, արարքներն ու մոտեցումները սահմանակցում են ֆանտաստիկային. սահմանակցում են, բայց չեն անցնում այդ սահմանը՝ ի վերջո, իրական կյանքում հնարավոր են բոլոր սցենարներն ու յուրաքանչյուր զարգացում, մյուս կողմից էլ՝ վիպակում կարծես շատ բան է իդեալականացված, մասնավորապես՝ հերոսների բարոյականությունը: Բայց և՛ առաջին, և՛ երկրորդ իրողություններից մեծապես շահում է ստեղծագործությունը, ինչով և դառնում է անսահման հետաքրքիր ու գրավիչ: Հատկապես ավագ սերնդի ընթերցողների համար ծավալվող իրադարձությունները խիստ հոգեհարազատ ու նոստալգիկ կարող են լինել, այն աստիճան, որ շատերը գլխավոր հերոսի մեջ իրենց կարող են տեսնել. մարդիկ, ովքեր ժամանակի ու ճակատագրի բերումով կապված են եղել յուրօրինակ կենսափիլիսոփայությամբ առանձնացող հսկայական աշխարհագրական տարածքի հետ: Երիտասարդ սերնդի ընթերցողների համար էլ, ի թիվս այլ արժանիքների, ստեղծագործությունը կարող է ունենալ նշանակալի ճանաչողական արժեք:
Հարուստ լեզու, համոզիչ ու պատկերավոր արտահայտչամիջոցներ, գրական բարձր կուլտուրա, գեղեցիկ պատկերներ, կտրուկ, դրամատիկ շրջադարձեր, նուրբ հումոր ու դիտարկումներ, ուշագրավ արտահայտություններ ու ձևակերպումներ: Նաև այս ամենն են բնորոշ վիպակին, ինչով և այն իրավունք է ստանում համարվելու ուշագրավ գրական ստեղծագործություն՝ արժանանալու ընթերցող լայն շրջանակների ուշադրությանը:
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ