Գրական անցուդարձ

***
Փետրվարի 19-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկապատանեկան գրքի 11-րդ ցուցահանդեսը: Կազմակերպիչներն էին Հրատարակիչների ազգային ասոցիացիան և գրադարանը: Ներկայացված էր մանկապատանեկան, թարգմանական և ժամանակակից գրականություն:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը կարևորեց մանկապատանեկան գրականության բարձրորակ տպա­գրությունը, անդրադարձավ գրքի բարձրաճաշակ ձևավորման, մանուկ ընթերցող-գրող կապն ամրապնդելու խնդիրներին և հանդես եկավ առաջարկությամբ` շահագրգիռ կառույցների հետ համատեղ կազմել ծրագիր ու ներկայացնել ՀՀ Կառավարությանը, որպեսզի 2016 թվականը Հայաստանում հայտարարվի Գրականու­թյան տարի:
***
Փետրվարի 19-ին Հյուսիսային համալսարանի դասախոսները և ուսանողները հավաքվել էին Ազատության հրապարակում, Հովհ. Թումանյանի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու մեծ գրողի հիշատակին: Հյուսիսային համալսարանի Հովհ. Թումանյանի անվան հուշամեդալով պարգևատրվեց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը` համալսարանի գիտաժողովներին և կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար:

***
Մայրենիի օրվան նվիրված «Հիշում եմ և պահանջում…» խորագրով միջոցառումների շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մայրենիի օրվան նվիրված «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» գիտաժողովը:
ԳԱԱ անդամները հանդես եկան զեկուցումներով և առաջարկություններով: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ելույթը ժամանակակից գրականության լեզվի, լեզվամտածողության, ոճական խնդիրների շուրջ էր: Անդրադառնալով դասագրքերին` նա ընդգծեց մայրենիի դասագրքերում ժամանակակից գրողների ստեղծագործություններն ընդգրկելու կարևորությունը: Էդ. Միլիտոնյանը նաև առաջարկեց ժամանակակից գրողներին ընդգրկել նոր ստեղծվելիք տերմինաբանական կառույցի կազմում:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։