Թարգմանչաց տոնի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց «Հայ հեղինակների գրքերի օտարալեզու թարգմանություններ» խորագրով գրականության ցուցադրություն: Ներկայացված էր 1800-ական թվականներից մինչև մեր օրերի թարգմանական գրականություն: Անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, հոլանդերեն, արաբերեն, թուրքերեն, ուկրաիներեն թարգմանությամբ ցուցափեղկերի տակ կարելի էր գտնել հայ գրողների այս և էլի շատ օտարալեզու թարգմանություններ:
Ցուցադրության բացման խոսքում ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանն ընդգծեց, որ հաջորդ տարի թարգմանական գրականության ցուցադրությունը ավելի հարուստ կլինի, քանի որ գրադարանի Գրքի հանրահռչակման բաժինը իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը, որի շրջանակում ժամանակակից գրականության բազմաթիվ նմուշներ լույս կընծայվեն տարբեր լեզուներով:
«Ցուցադրությանը ներկայացված օրինակները վկայում են, որ մենք թարգմանական հարուստ ավանդույթներ ունենք: Ճիշտ է, դեռևս Հովհաննես Թումանյանն էր ասում, որ մենք լավ չենք ներկայացնում մեր գրականությունը, մեր մեծ տաղանդներին դրսում լավ չեն ճանաչում, բայց մեր գրականության միջազգայնորեն ճանաչմանը միտված քայլեր արդեն ավելի շատ են արվում: Այս ավանդույթը պիտի շարունակվի, քանի որ նմանատիպ ցուցադրություններն ամենախոսուն լրացումներն են ցանկացած թեմայի»,- ցուցադրության առիթով շնորհավորելով գրադարանին` նշեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Ցուցադրությանը հաջորդեց մանկավարժ, թարգմանիչ Արմինե Փիլոյան-Վրտեսկայի կազմած և նկարազարդած երկլեզու` հայերեն-մակեդոներեն «Այբբենարանի» և «Հայերենի տետր»-ի շնորհանդեսը: Թարգմանչուհին Ազգային գրադարանին նվիրեց նաև մակեդոներենից հայերեն իր թարգմանած Բլաժե Մինևսկու «Նշանը» և Դեյան Տրայկոսկու «Դավաճանությունը» գրքերը: