– Հայաստանյան տիպի փոքր հնարավորություններով երկրներում արդյոք մշակութային շուկայի դոնորը պետությո՞ւնն է, եթե ոչ, ի՞նչ միջոցներով է հնարավոր կարգավորել ոլորտը:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ – Հայտնի բան է, ցանկացած երկրի կայուն, օրինաչափ զարգացումը տնտեսական ու սոցիալական, քաղաքական ու մշակութային ոլորտների ներդաշնակություն է ենթադրում: Բայց, միևնույն է, ըստ իս, ոչ միայն Հայաստանի նման երկրներում, այլ ընդհանրապես յուրաքանչյուր, անգամ շատ ապահովված երկրում, մշակույթն առանձնահատուկ ուշադրության ու հոգածության պիտի արժանանա, մյուս բնագավառների համեմատ որոշ արտոնություններ ունենա, ո՛չ հիմնովին, գոնե մասամբ միայն ենթարկվի շուկայի, մանավանդ վայրի շուկայի օրենքներին: Իսկ Հայաստանի ու նրա վիճակում գտնվող երկրների համար, առավել ևս, պետական հոգածությունը անհրաժեշտություն է` որպես ազգային ոգու ու նկարագրի, ավանդական արժեքների պահպանության, արմատներին հավատարիմ մնալու կարևոր պայման:
Մեկ անգամ չէ, իհարկե, որ վերջին 2-3 տասնամյակներին հոգևոր ոլորտի վերաբերյալ տագնապ է հայտարարվել մեզանում, բազմիցս ասվել-նշվել է, որ, ասենք, ռաբիսի գերիշխանության տակ է հայտնվել մեր երգարվեստը, որ հայկական կինոն գրեթե «անհայտացել» է, բոլոր հեռուստաալիքները սերիալախեղդ են եղել հիմա, որ «դրամարկղային» ներկայացումներն սպառնում են թատրոններից դուրս մղել լուրջ ասելիք ունեցող դրամատուրգիան, և առհասարակ, բոլոր ոլորտներում գնահատման չափանիշներն ընկել են վերջնականապես… Բայց` ո՛չ մի դրական միջամտություն, անկումն այս ոլորտում շարունակվել ու շարունակվում է…
Այո՛, ցավոք, հիմա էլ շարունակվում է: Բայց ես տեսնում եմ, որ հեղափոխությունից հետո երկրում, իրոք, իրավիճակը փոխվել է, ու, հավանաբար, բացասական իներցիան չի կարող երկար գործել: Հիմա անչափ կարևոր է, թե ինչ քայլեր ու ինչպես կիրականացնեն ոլորտի այսօրվա պատասխանատուները, և, ընդհանրապես, որքանով կփոխվի պետական մոտեցումը գրականության ու արվեստի հանդեպ: Իսկ թե հատկապես ի՞նչ պիտի անել, դա արդեն շատ տարողունակ հարց է, և կարծում եմ, մեր նորերը կանխանշել են, գիտեն, թե որ ուղղություններով պիտի գործել, որպեսզի այն ամենը, ինչից իրենք էլ դժգոհում էին, չշարունակվի:
Իմ խորին համոզմամբ, հասարակության մեջ ճաշակի համընդհանուր անկումը, բոլոր ոլորտներում միջակության հաղթարշավը զգալի չափով գրականության ու արվեստի հանդեպ հեռուստատեսության ու մամուլի բռնած դիրքով կարելի է բացատրել (դա, անշուշտ, հենց պետական դիրքորոշումով էր պայմանավորված): Օրինակ, մարդիկ գիրք չեն կարդում նաև այն պարզ պատճառով, որ գիրքը, գրականությունը գրեթե չեն քարոզվում, տաղանդավոր, շնորհալի գրողները (մշակույթի մարդիկ առհասարակ) ինչպես հարկն է չեն ներկայացվում հանրությանը: Օրինակ, մի՞թե նորմալ կարելի է համարել, որ գործող տասնյակ հեռուստաալիքներից և ոչ մեկը գրական կամ զուտ մշակութային հաղորդում չունի: Պետությունը չի՞ կարող այդ հարցը կարգավորել: Անկասկած կարող է, ասենք, հեռուստատեսության մասին օրենքը վերանայելով, ընդ որում` գրեթե առանց լուրջ ծախսերի, հենց թեկուզ անվերջ կրկնվող տաղտկալի սերիալների բյուջեի հաշվին: Այստեղ արդեն նախևառաջ ցանկություն ու հետևողական վերաբերմունք է հարկավոր` աչքի տակ ունենալով այդ կարևոր մտահոգությունը:
Մեծն Թումանյանն ասում էր. «Գրականությունը ազգի ոգին է»: Բայց ասվածը վստահորեն կարելի է ընդհանրապես մշակույթի վրա տարածել: Առանց բարձր ազգային մշակույթի յուրաքանչյուր ժողովուրդ դեմքն ու դիմագիծը կորցրած ցեղախմբի կվերածվի: Իսկ կյանքն ու պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել են` բարենպաստ պայմաններում ամենաքայքայված տնտեսությունն անգամ համեմատաբար կարճ ժամանակում հնարավոր է լինում վերականգնել, իսկ հոգևոր նահանջի, փլուզումների հաղթահարումը շատ երկար ժամանակ, տևական ու դժվարին ջանքեր է պահանջում: Իսկ որոշ կորուստներ, ցավալիորեն, էլ երբեք չեն վերականգնվում: Եվ, առհասարակ, մի՞թե օր օրի ոգեղեն պաշարներից, բարոյական հենարաններից զրկվող, խեղաթյուրված արժեքներով հեղեղվող ողջ երկրագնդի համար որպես ահազանգ չեն հնչում ռազմաքաղաքական գործչի ու մտածողի` անմահ Նժդեհի տագնապալի խոսքերը. «Առանց երաժշտության ու պոեզիայի աշխարհը խոզանոցի կվերածվի»: