1898-1902 թթ. «Ծիածան» գաղտնի աշակերտական ընկերության հավաքույթներում Թումանյանը զրույց-դասախոսություններ էր կարդում` առանձնահատուկ տեղ հատկացնելով Խ. Աբովյանի գրական վաստակի արժևորմանը:
«Ծիածան» աշակերտական ընկերությունը գաղտնի էր երկու հիմնական պատճառով. նախ` 1896 թվականից սկսած, ցարական կառավարությունը փակում էր հայկական դպրոցները, և երկրորդ` բացի գրական-գեղարվեստական գործունեությունից, պարապմունքների ընթացքում քննարկվում էին նաև ժամանակի հասարակական միտքը հուզող սոցիալական և քաղաքական խնդիրները` հայկական հարցի և ռուսական հեղափոխական շարժման մասին: «Ծիածան» ընկերության առաջին նախագահը եղել է Ստեփան Շահումյանը, իսկ 1899 թ.` Վահան Տերյանի եղբայրը` Արամ Տեր-Գրիգորյանը: Թումանյանի գործուն մասնակցությունը «Ծիածանի» պարապմունքներին և տարեկան երկու-երեք անգամ տեղի ունեցող ընդհանուր ժողովներին, վկայում է Մարգար Ավետիսյանը: Ըստ հուշագրի` Թումանյանը «բարձր հասակով, թիկնոցը թևին գցած, ներս էր մտնում դահլիճ` ծիծաղկոտ աչքերով, ժպտուն դեմքով իր հետ բերելով ոգևորության, ուրախության և կայտառության մի շունչ, որը վարակում էր բոլորին: Ինքը` Թումանյանը վարակված էր պատանեկան մթնոլորտից, ձուլվում էր իր զգացմունքներով այդ` «ամրոցներ կառուցող» պատանիների հետ»:
Թումանյանը դասախոսություններ էր կարդում հայ գրականության պատմությունից ընկերության «Մայր խմբին», ընդ որում, լսարանը դարձնում էր Բեհբության փողոցի վրա գտնվող իր տունը, այսինքն` Վերնատունը: Այդ դասախոսությունների առիթով բանաստեղծի գրառումները հայ նոր գրականության ձևավորման շրջանի, հայ գրական մտքի գեղարվեստական որոնումների լուրջ քննություն էին և հետագայում կազմեցին «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» խորագրի տակ հավաքված այն նյութերը, որոնք Թումանյանի հինգ ուսումնասիրություններից ժամանակագրությամբ դարձան երկրորդը` «Գործք հարանցից» հետո: Այն բանաստեղծի գրականագիտական աշխատության առաջին փորձն էր:
Երբ Թումանյանը «Ծիածանի» պարապմունքներին շարադրում էր հայ գրականության պատմությունը` սկսած 19-րդ դարի կեսից, դեռևս չկար հայ գրականության համակարգված պատմություն, չկար Լեոյի «Ռուսահայոց գրականությունը», չկային Լևոն Մանվելյանի և Վրթ. Փափազյանի դասագրքերը: Հետևաբար Թումանյանի այդ դասախոսությունները և անավարտ ուսումնասիրության տեսքով պահպանված «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» աշխատությունը հայ գրական-գեղագիտական մտքի պատմության ծրագրային ուշագրավ և շրջադարձային արժեք ունեցող երկերից է, որտեղ առավելագույնս արտահայտվել են բանաստեղծի գրապատմական ըմբռնումներն ու գեղագիտական հայացքները: Օտարության մեջ ապրող («պանդուխտ ժողովուրդ – պանդուխտ գրականություն») տարաշխարհիկ գրողների` Պատկանյանի, Ալիշանի, Շահազիզի հայրենասիրության հակադրումը հայրենի միջավայրից ազդակներ ու ներշնչանք ստացող բնաշխարհիկ գրողների` Աբովյանի, Պռոշյանի, Աղայանի, Սունդուկյանի` հայրենիքի ոչ վերացական ընկալմանը` Թումանյանի ուսումնասիրության առանցքային հիմնադրույթներից է: Տարաշխարհիկ-բնաշխարհիկ հակադրությունը որքան էլ գրականագիտական վեճերի առարկա դառնա, միշտ կմնա արժեքավոր` իբրև ընդհանուր առմամբ ճիշտ նկատված և գնահատված հայ գրականության կարևոր առանձնահատկություններից մեկը:
Մարգար Ավետիսյանը, որ եղել է այդ դասախոսությունների մշտական ունկնդիրը, վկայում է. «Ավելի շուտ դրանք ազատ զրույցներ էին, քան սիստեմատիկ դասախոսություններ: Սակայն ոչ մի պարապմունք այնպես կենդանի չէր անցնում և, կարող եմ ասել, այնքան բան չէր տալիս մեզ, որքան Թումանյանի «անծրագիր», «անմեթոդ» զրույցը: Ոչ մի դասախոսություն այն հաճույքը չէր պատճառում մեզ, ինչ որ Թումանյանինը: Երկու-երեք, շատ անգամ ավելի ժամեր նստում էինք, և ժամանակն այնպես էր անցնում, որ մեզ թվում էր, թե դեռ նոր ենք սկսելու ու պարապմունքներից դուրս էինք գալիս ոչ հոգնած, այլ ավելի թարմացած»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ «ԾԻԱԾԱՆ» ԳԱՂՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
