Սոկրատ ԽԱՆՅԱՆ

ԶՐՈՒՅՑ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՀԵՏ
Արծվաթև էր գալուստը Քո,
Քո գալուստը ազգանվեր…
Մենք ունեինք թև ու թռիչք,
Բայց մեզ բերիր դու նոր թևեր,
Թևեր՝ ոգի ծիածանող,
Հորիզոններ բացող թևեր,
Թևեր՝ փառքի հունդեր ցանող,
Թևեր՝ ինչպես Սասնա թրեր,
Թևեր՝ Լուսին շոյող թևեր,
Նոր օրերի թեժ մարտերում
Սասնա թուրը բռնող թևեր,
Թևեր՝ Երկիրն ամուր գրկող,
Ոսոխներին ջարդող թևեր:
Այս սիրազուրկ, սառը դարում
Սիրո թռիչք ու շող թևեր,
Հավերժի մեջ շենշող թևեր…
Մեզ թվում էր, թե Վերինը
Մոռացել է սարերը մեր,
Հավերժալույս իր մատյանում
Էջ չի բացել գրերին մեր,
Մեզ թվում էր… սակայն իզուր,
Նարեկացուց թևեր առած՝
Դու հառնեցիր Չարենցի մոտ,
Դու բանաստեղծ ազգի որդի,
Հայոց երգի նոր Առավոտ:
ԵՐԳ՝ ԳՐՎԱԾ ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
Հոգնել են կարծես ձեռքերս ամրակուռ,
Սակայն երգելու
տենչերս վառ են,
Խոհերս հոսում են՝ ոնց լեռան աղբյուր,
Հոգիս բորբոքուն, միտքս պայծառ է:
Ինչ էլ որ լինի, ինչպես էլ խորհեմ,
Մի օր հրաժեշտ պիտի տամ կյանքին,
Որդիս՝ կարոտով թղթերի հոսքում,
Ձեռքը մեկնելու է իմ վերջին երգին:
Ու կարդալու է սիրով մի անհուն…
Եվ հնչելու են շուրթերի վրա.
– Որդի՛ս, իմ երգը և՛ սեր է, և՛ տուն,
Եվ վառ հավատ է, և լուսե պատգամ,
Օջախը պատիվ է, անունն է մարդու…
Օջախի հետ է՝ մեր կան ու չկան…
«Չկան» կմաքրես ոտքերիդ հետքով,
«Կան» հույսիդ լույսով կպարզես հավետ,
Հավատա, որդիս, որ այդ թեժ պահին
Ես լինելու եմ քո կողքին,
քեզ հետ…
Հավետ այդպես է եղել, իմ որդի:
Որդուն չի լքել երբեք հոր ոգին.
Հոր ոգին լույսի
հավերժաշող ջահ,
Ահա թե ինչու դարերի լեզվով
Տունը կոչվել է հայրական օջախ:
ՀԱՎԱՏ
Առանց երգի կխենթանամ,
Երգի համար եմ ծնվել,
Ես դեռ մանկուց, օրորոցում,
Մորս երգով եմ սնվել…
Ահա՝ ինչու իմ երգերը
Նուրբ են մորս երգի պես,
Մետաքսաթել հյուսվածքներ են
Տատիս թավշյա փեշի պես:
Ճամփաներ եմ անցել քարոտ,
Անցել ժայռոտ լեռներով,
Սարի ծաղիկներ եմ փնջել,
Արևացոլք մատներով:
Ծերացել եմ. փաթիլ-փաթիլ
Ձյուն է իջել քունքերիս,
Եվ Արցախյան իմ քունքերից
Հասել Հայկյան ունքերիս:
Բայց ջահել եմ դեռ իմ հոգով,
Սարերի պես հայրենի,
Ու պատրաստ եմ մաքառելու
Ցեղերի դեմ վայրենի:
Հայկի թոռն եմ՝ սրտիս վրա
Սուրբ օրհներգը մայրենի:
Արարատված կամքս վկա,
Ինձ պարտություն ոչ, չկա:
ՏԵՆՉ
Արարատի փեշերին թևատարած Առավոտ,
Արարատյան դաշտի մեջ ծիածանիր Քոչարին,
Պարն այդ Հայոց ոգին է՝ հուսավառ ու արևոտ,
Պարն այդ քաղցր օրհներգն է մեր Հայկաթև դարերի…
Պարն այդ մի օր թև առավ Նահապետի թեժ պարով,
Ու Հայկաթև մեր պարը հավերժ դարձավ Լեռնապար,
Դարձավ ոգին մեր լուսե, դարձավ կանչը մեր ոգու,
Ու լեռներում Հայկածին թևեր առավ դարեդար:
Գինու եռք է մեր պարը, արարումի հևք է խենթ,
Թեժ սրտերից թև առած հարսանեկան երեկո,
Որ դառնում է օրեցօր սիրո ծփանք, սիրո երգ,
Երջանկացնում սրտերը ոսկեցորեն իր բերքով:
Պարը ոգու թռիչք է, երազանքի ծիածան,
Պարը՝ ցորեն ցանելու խոստումնալից հզոր կանչ,
Պարը Հայոց լեռներում՝ սիրո համբույր հրացայտ:
Համբույրներից թև առած Արև-դուստր, Բռունցք-մանչ:
Պարը Հայոց լեռներում հավերժածուփ Հայ-բարբառ,
Հայոց գալիք դարերում հավերժաթև Լեռնապար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։