Հուսիկ ԱՐԱ / Հայաստան՝ երկիր վաղակատար

Հայաստան՝ երկիր վաղակատար
Սերը կանխիկ ու հավատը առձեռն էր,
որ վստահեցինք քո երազին մեր կոպերի տակ,
մեր խոսք ու հայացքի մեջ
տարուբերվող կարոտների երկիր անիրական:

«Տաք հող» գրեց լուսաբացի շնչառության մեջ մեր բառը,
նկարեց «իմ երկիր» առավոտի մատների վրա մեր գույնը,
«մեր հայրենիք» հնչեց միջօրեի մեր ձայնը –
կարդացինք դիմացը մեր բառի` «թերևս»,
«հազիվ թե»` տեսանք արտացոլանքը մեր գույնի,
լսեցինք արձագանք մեր ձայնին` «ո՛չ հիմա»:

Մեր մեջ առաջ վազողը հույսն է մնում էլի,
որ միշտ անցնում է ժամանակի գծից այն կողմ
և գրություններ ուղարկում` ճշգրտելով ծիրն ու հեռուն.
մինչդեռ մեր ոտքերն են մեր ընթացքը ավերել:

Մենք վերջից ենք գալիս սկիզբ,
գալիքներում թափառող անխարիսխ սերունդ.
և անհայտը մեր աչքերում ու թևերի վրա,
մնում ենք միշտ անցյալ, ու մեր ներկան է ապառնի:

Ապագայի հիշողություն մնաց և անցյալի ըղձական
մեր երազի Հայաստանը.
երեկ խոստացած վաղը դեռ այսօր չէ,
մեզ ապառիկով տրված ու միշտ անհանդիպում հայրենիք:

Գոյական խոսքի մասը նախնիների
հիմա էլ ես եմ հոլովում.
քո վաղվա օրն է պայծառ, որ գալու է դեռ:

Մի քիչ էլ սիրենք քեզ, քան մեր սիրտը կարող է հիմա,
տանք այնքան լույս, որքան չունի մեր հոգին դեռ
և հավատանք, որ չի զգացել մեր միտքն առայժմ.
գուցե մեր օրը ներկա և դու լինես ստույգ,
մեր միշտ վաղվա երկիր ու հայրենիք հարակատար:

Երկիր՝ ճարպիկ խաղացող
Մի բաժակ օղի ու մի շերտ կիտրոն.
սրճարանների գոլ մշուշներում գլորում ենք օրերը,
որ մեր ժամանակն է քո ափերի մեջ,
մեզ ձեռքից ձեռք փոխանցած երկիր՝ ճարպիկ խաղացող:

Մեր կյանքը անցավ քո կիսախուփ հայացքի տակ`
լուռ ու անտարբեր.
երկու սահմանի միջև
ո՛չ մերը եղավ ու ո՛չ էլ քոնը` չեզոք գոտու պես:
Տղաներ, որ մոլորվեցին
թափառումների աղի հորիզոններում,
կորցրեցին իրենց աշխարհը մտատեսիլ
և կորան աշխարհի համար իրական:
Մեղքի մեջ ու չարի բաժին դարձան նրանք,
ովքեր ծնվել էին սրբության վարքը բիբերի վրա
և քո հաճույքով ու դառնությամբ ապրել էին երդվել:

Մենք եկել էինք քոնը քեզ դարձնելու վստահությամբ,
մեր ձեռքերում առավոտ կար
և մաշկի տակ՝ լուսաբացներ աննման.
քո երազի բուրմունքը իրական վարդ ու մեր հոգին էր:
Սակայն հավատը թերի և սերը հեգնող քո նայվածքում
ամայություն տեսանք ու մենությունը մեր` դեռ տեղ չհասած:

Խաղը չի ավարտվել տակավին,
ինչ ունեինք մեր սիրտ ու աչքերում
և ունենք թևերի վրա,
մաս-մաս տալիս ենք`
ամեն անգամ մի վերջին խաղաթուղթ,
ու միշտ շահողը` մեր անդարձ կորստով,
դու ես լինում, երկիր, մեր միջի ճարպիկ տղա:

Ու փնտրեցինք դեպի քեզ բերող ճանապարհը ետդարձի,
քանի որ խենթերն էինք քո
և առավոտ էր մեր հայացքը դեռ:
Բայց քեզ որոնող աչքով տեսանք,
որ այրել ես կամուրջներ ու եզրը մեր միջև:

Մենք քո թողած հաշիվն ու բացը փակեցինք, երկիր,
իսկ դու չտված թեյավճարը մեզ չներեցիր:
Հեռացում է գրված հիմա
Քո անվան դիմաց, որ կարդում եմ հայրենիք,
հեռացում է գրված նաև,
իսկ այն սերը, որ ապրել ենք միասին,
սիրտ կծկող հիշողության խանձուկ է հիմա:

Դրսում եմ թողել այն հողագույն կոշիկները,
որովհետև դրանք պետք չեն հիմա քեզ.
ճտքերը հավաքում ու քայլում էինք օր ու գիշեր՝
մեր ճշմարտությունն աշխարհին ասելու համար:

Պահարանում եմ կախել վերնաշապիկը`
սպիտակ ու մաքուր, որ մեր պայքարի գույնն էր,
քանի որ մոռացել ես արդեն.
հագնում էինք այն խենթացած օրերին,
և միմյանց կոճակներ վարժ ու հստակ կոճկում,
որ չուշանանք սեղմել պատգամ բերող ձեռքը եկվորի:

Հին օրագրի լուսանցքում եմ կարդում
միասին ապրած ժամանակը մեր կյանքի,
որ հապճեպ է ու խզբզած, տեղ-տեղ անընթեռ,
երբ ընկեր ու եղբայր էինք, պայքարի մարտիկ:
Հիմա ուրիշ էջի վրա ես գրվում՝ տողատակով ու երկդիմի,
իսկ ես մեր հին ծոցատետրն եմ թերթում որպես հուշ
և այնքան հեռու քեզնից:

Մենք խոսում ենք նույն լեզուն,
բայց օտար են մեր բառերը,
և վաղուց է, որ չենք հասկանում իրար:
Դու ասում էիր, թե` ճիշտը մեկն է լինում.
հիմա տարբեր է իմ ու քո ճշմարտությունը:

Իմ հայրենիք, իմ ներսում պարզ և խճճված` ինձնից դուրս,
մեր անունների միջև հեռացում է գրված հիմա՝ գծիկի նման:

Երկիր անվերադարձ
Քեզ փրկելու իմ հորինած հնարով
ինձ մի՛ սպանիր, երկիր ոխակալ:
Դժվար դիպված է ապրել քեզ հետ մի հարկի տակ,
լինել մոտիկ ու նույն մաշկի մեջ:

Ձեռքերս չափել են հասակդ՝ իմ համեմատ միշտ երկար
և քաշդ կշռել այնպես, որ ծանր լինի իմ երազից:
Սիրտդ մեծ, հոգիդ լայն եմ տեսել,
աչքերիդ մեջ կարդացել եմ, թե իմ օրն ես լուսավոր,
թեպետ խառն էին տառերը ու ոչ մի բառ չէր հասկացվում:
Քո երազն եմ փայփայել իմ գիշերի մեջ
և համոզել ինձ, որ քո գրկում են ապահով ապրում,
իսկ երբ շրջվել ես անսիրտ, թիկունքդ եմ պահել.
ոչ մի հարված ու բամբասանք:

Այդպես քո տան փոքրն եմ եղել և զիջել եմ ամեն բան
ու թե ակնարկել եմ իմ մասին՝ դռան հետևն ես ցույց տվել:
Երբ դանդաղել, հոգնել են սիրո խոսքերս,
քոնը չեմ ես, ասել եմ ուղիղ, և իմը չես դու.
ազնիվ եմ եղել քեզ հետ իմ բոլոր խաղերում,
ինձ մի՛ որսա անկեղծ խոսքիս համար, երկիր դիպուկահար:

Սպասեցի, ու չեկավ օրը, որ իմ անունն էլ կանչես,
հայացքդ սահել է դատարկ ու միշտ ինձնից վեր:
Թե իմ աստղն էիր ու ճակատագիրը միակ,
խաբս ես տվել ու թռել ես իմ թևերից էն լրբացած քածի նման,
որ վստահած էությունս պատառ-պատառ դարձրեց շան կեր:

Բռունցքդ հանի՛ր կոկորդիցս,
որ շրջված աչքերս ետ գան,
ու լպստած հայացքիդ նայելով ասեմ-
սահմանին կանգնած երկրապահն եմ քո,
իսկ ներսում հավաքարար, մաքրող ձեռք եմ.
տղայական հնարներդ մի՛ փորձիր վրաս,
երկիր անվերադարձ:

Միշտ էլ անաղուհաց են հայրենիքները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։