ԱՌԱՆՑ ԱՆՈՒՆՆ ԱՍԵԼՈՒ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

…Այն ո՞վ է, այն ո՞ր պատանին. հեռու, հեռու, մայրամուտի նարնջագույն մշուշներում, ծաղկաշուրթ կածաններով դեպի «փեշերը կամաց-կամաց հավաքող» անտառն է գնում:
Մի ձեռքում հանդերից հավաքած մորու կարմրափնջիկն է, մյուսում՝ ճերմակ երիցուկը, ու շուրթերով թերթիկներն է պոկում. հատիկ-հատիկ… «սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում»… Ունկն էլ դիմատարած անտառից լսվող կկվի ձայնին է և համրում է.
– Մեկ… երեք… քսան… վաթսուն…
– Կու-կու…կու-կու…
– Ասա, ինչքա՞ն եմ ապրելու.. – Կու-կու, կու-կու… հիսո՞ւն, վաթսո՞ւն… յոթանասո՞ւն:
…Այն ո՞վ է, այն ո՞ւր է գնում գանգրամազ մի պատանյակ:
Օրածեգին հայրը, գերանդին ուսել, հանդ է եկել, խոտ է հնձում «փաթիլ-փաթիլ», մայրն էլ քիչ հետո ամանը պռունկ-պռունկ ապուր է բերել, էս տղեն էլ հո չէր «թխսելու» տանը, ճամփա էր ընկնելու իրենից վաղ զարթնած երազի ետևից…
…Այն ո՞վ է, իր հեռու-հեռու գյուղից երազի ճամփեքով եկել, քաղաք է հասել: Հսկա շենքերի, անդադրում աղմուկի, շոգ ու տապի, հրոց-հրմշտոցի մեջ է հիմա:
Կույս առավոտները` հեռու, կարպետ ծաղկալանջերը` հեռու, քչքչան-քչփչան առվակները` հեռու, իսկ ինքը ջահել, ինքը դեռ անփորձ ու երկչոտ` կռիվ է տալիս բարք ու վարքի դեմ, ուզում է զատել բարոն-անբարոն, տեղ է որոնում, տեղ է հաստատում իր և իր Ես-ի համար… լրագրող է, հրապարակախոս է, խմբագիր է, դասախոս է: Իր տարածաշրջանի ուսանող ջահելների էպիկենտրոնն է, խղճի, արդարի մագնիսն է, վեճեր հարթողն է, կռվազանների հաշտարարն է:
…Այն ո՞վ է, այն ո՞ր խենթը… երկրում հաց չկա, լույս չկա, հույս չկա, իսկ նա նստել է անջերմ, անջուր, անշուք, գժվելու մի տեղ և «Գարուն»-ներ է արարում, Ապոլոնի փեշն էլ բաց չի թողնում, բերել նստեցրել է կողքին, այդ ցուրտ ու պաղ սենյակում, որ հանկարծ ու Մուսան չփախչի, որ հանկարծ ինքն էլ չգնա, չկորչի էս երկրից, էս կիսաերկրից…
…Այն ո՞վ է, որ երբեք չկիսվեց, չերկփեղկվեց, հար ու միշտ մնաց ինքն իր նման, թե խոնարհվեց՝ լոկ ազգին ու մեր պատմությանը, թե պաշտեց՝ միայն ճշմարիտն ու արարումը, երբեք տխմարին չհամարեց արգո ու երբեք իր շուրթերին չառավ բառեր ու խոսք անազնիվ…
…Այն ո՞վ է, որ համակ շարժում է… մտքի, գործի, անելիքի, արվելիքի շարժում, ընթացք է:
Ավարտածը, չավարտածը, նոր սկսածը, հենց նոր մտածածը տանում է միասին, իրար հետ:
Շնչակտուր ես լինում իր մոտ լինելիս, իրեն հետևելիս…
Քայլվածքը. շտապ… մի ուսը մի քիչ կախ, խոսքն արագ, մի քիչ զայրացկոտ-տենդագին, թվում է, թե շփոթ, բայց միշտ առաջ, միշտ շիտակ և ուղիղ…
Այսպիսին էր նա իր տանը, Գրողների տանը, այն տանը, ուր լինում էր…
Ճանաչեցիք, չէ՞, և ոչ միայն բոլոր գրողները, երկրիս ամենախուլ գյուղերում եղողներից մինչև անծայրածիր Սփյուռք…
Ճանաչեցիք բոլորդ, ուրեմն էլ ի՞նչ պատմեմ ու գրեմ նրա գործերի, արածի, ստեղծածի ու թողածի մասին:
Ի՞նչ պատմեմ, առանց այն էլ գիտեք ու հառաչում եք բոլորդ:
….Այն ո՞վ է, որ…
Չէ, չգրեցի և չեմ էլ գրելու, «Այն ո՞վ էր, որ…», քանզի նա ինքը կա ու է… է… է…
…Այն ո՞վ է, նա, որ իր հեռու, հեռու մշուշների մեջ… չի մոտենում, ես էլ չեմ կարող մոտենալ, բայց հայացքս չեմ շրջի, նայում եմ, որ մտապատրանքը չցրվի, չանէանա, միշտ լինի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։