Բագրատ Ալեքյան – 75

Հակիրճ ու նրբագեղ է Բագրատ Ալեքյանի բանաստեղծական մտածողությունը` ծնված սեփական հոգու խորքերից, և ճիշտ նույն որակներն ունի, ինչ հակիրճ նրբագեղության խորհրդանիշ հոքուն` դուրս հորդած պոետիկ հոգիներից:
Հոգեպարար անվերջության, ազատ ու անսահման երանության գովքի առաքելությամբ բանաստեղծին շնորհված երգը փնտրում է հավերժության լուսավոր հետքերը: Ավա՜ղ, վերն ու վարը շատ տարբեր և շատ հեռու են իրարից.

Մի կոտրված շյուղ է երգս`
Ծաղկածուփ բալենու.
Ինքն իր վրա փակված հավերժ`
Ագռավի բերանում:

Արևելյան փափկահոգի, երկնառաք ու երկնատենչ, ազնվասահ սավառնումները Բագրատ Ալեքյանի երգի դեպքում պատճառաբանված այլ կենսակերպ ունեն: Բանաստեղծական սրբազնագույն ավազանին ձեռք մեկնելու համարձակությունը արդարացված է սեփական իսկ վարքով:
Երգի շյուղն անսահման լույսերին հասցնելու ճանապարհին կոտրված գտնելու համար բանաստեղծը ներողություն չի հայցում ինչպես բալենու ճյուղը կոտրողի դեպքում է, այլ` բռնում է ճիշտ հայեցի կենսակերպի ուղին` Ագռավաքարի ճանապարհը: Իսկ Ագռավաքարը հայոց հույսի խորհրդանիշն է:
Բագրատ Ալեքյանի բանաստեղծական զգացումները շատ են խտացված զգացումների առավելագույն արժեքներով: Նրա բառերի շարվածքի մեջ կոնկրետ շողարձակումներ են:
Բագրատ Ալեքյանի բառը հեռու է առօրյա կենցաղավարությունից: Նա պատասխանատու է իր բառի կենդանության համար այլ չափումներում ևս: Երկիրը, հողն ու կենցաղավարությունն իրենց տեղերն ունեն բանաստեղծի համար, իսկ հոգուց թռած երգի համար նա ուրիշ ճանապարհ է նախատեսում: «Երգս ընձյուղվի, ես հողում մնամ»,- այսպես է մտորում բանաստեղծը` քաջ գիտակցելով արմատի ու ընձյուղի փոխկապակցվածությունը: Նրա բառը մի դեպքում արմատ է, մի դեպքում` ընձյուղ, մի դեպքում կեղևահանված ծառի պես է, մի դեպքում` անհունի թռչուն…

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

ՏԱՐԱՆ
Իմը ուրիշինն էր,
Ուրիշն ուրիշինն էր.
Եկան՝ տուն ու տեղով
Ուրիշ-ուրիշ տարան:
Իմը ո՞ւմն էր – տարան,
Ումը ո՞ւմն էր – տարան.
Թողած ցավն ուրիշի՝
Իմ կյանքն առան, տարան:
ՀԱՅԱՑՔ
Հայացքն՝ աշխարհի բաց սրտին,
Մահու դեմ մայրս բարբառեց.
– Արև կյանքս զավակներիս…
Ես առանց հոգու էլ կապրեմ:
ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄ
Այս ո՞ւմ աչքից է սև
Արևը խավարել.
Այս ո՞ւմ հոգում է խև
Անգոյը բոլորել:
Ո՞ր սիրահոժարն է
Սիրտն աչքի մեջ թաղում,
Այն ո՞ւմ արև մայրն է
Հույսն արևից պահում:
Էն ի՜նչ սևսիրտ է, որ
Արև է կուրացնում,
Ի՜նչ խոր երկունքով է
Անծինը ծին երկնում:
Ինձ թվում է, թվում,
Այնքա՜ն մոտ է թվում,
Որ դար ու դար եկած
Լույսն իմ մեջ է վառվում:
ՃԵՐՄԱԿ ՍԱՐԵՐ
Ճերմակ սարին ձյուն է իջնում՝
Ցրտատերև ու ցրտատև,
Լքված գահերն ո՞ւր են չվում,
Ո՞ւր են գաղթում՝ սրտերը սև:
Սար է իջնում սարի վրա,
Ցավի վրա ցավ է ծաղկում,
Ո՞ւր է դիզվում մշուշն այնքան՝
Անէից մինչ անէացում:
Ցավերը սար են բարձրանում,
Ձյունեղ օրերին վերջ չկա,
Այսքան տարի չեմ հասկանում՝
Ես սարն իջա՞, թե՞ բարձրացա:
***
Օ՜, սգո ամպ բազմաբեղուն,
Աստծո մարմին՝ աննյութեղեն,
Որքան մնաս դու երկնքում՝
Պիտի իմ մեջ ես հեղեղեմ:
ԵԿԱ ԱՆՀՈՒՅՍ ՈՒ ՄՆԱՑԻ
Ես՝ երկնածին, ես շունչ անտի,
Ես՝ թևավոր, ես՝ թևածող,
Եկա անդարձ, վտարանդի,
Մեղմ, անորոշ հոգեվարքով:
Եկա ժպիտ՝ բույլ ծիծաղից,
Ինձ ինձանից բան չմնաց,
Ես այն չէի ու նրանից,
Որ ինքն իրեն շաղ ու շողաց:
Եկա քնքուշ հոգեդարձով,
Մի հավերժող բառ երկնեցի,
Իջա գերյալ ու մեղսավոր՝
Բախվեցի հույսին… մնացի:
ՇԱՆԹԱՔԱՐԸ
Երկնաքարն ասես
Իր հոգու մեջ է
Հոգուս մեջ ընկնում:
Անհուն անդունդից
Քարն ո՞վ կհանի,
Որ դնի շիրմիս:
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Լեռան ծագումով,
Լույսի մի շողով
Միայն հասկացա,
Որ հար ու դարեր
Հայոց լեռները
Իրար մեջ լցվում,
Ներս են բարձրանում՝
Հար ու հավիտյան,
Հար ու հավիտյան:
Աստղերը ժպտում
Ու չեն խանգարում:
ԻՄ ԱՎԵՏԱՐԱՆԸ
Քեզ մեղրագիր
հայերենով հղացար՝
Հանց անպատում
տաճարները երկնքի,
Մենությունը՝
վարդահեղ ավետարան,
Դու երկնեցիր
ամայքներում իմ սրտի:
ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ 
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1.
Լուր չառած՝ եկար,
Որ շատ փորձարկես
Ցավը անարատ:
Մութն էիր շոյում,
Որ զուր չուշանա
Լույսն առավոտի:
Կույս տեսիլքներին
Էիր մեղմ հպվում,
Որ չմահանաս:
Որ երբ գրերին
Դու զոհաբերվես,
Սիրուց համբառնաս:
2.
Ձայնդ ձյուն արիր,
Որ փափկամարմին
Դողը չերևա:
Որ վերք չդառնա
Քո վրա տանջվող
Տարափի հոգին:
Կայծակի վճռով
Գիշերներ հագար,
Որ հասունանաս:
Որ երբ դատարկվես,
Շանթեր փոթորկի
Ձայնդ երկնառաք:
3.
Քեզ փորձարկելով՝
Աստծո սասանված
Հոգուն դու հասար:
Դու աստղավրեպ
Անրջանքների
Թագ ու ծիրանի:
Ո՞րտեղ ես, սուրբ վայր,
Բանաստեղծների
Պաշտպանություն:
Դու մահվան մեջ ես՝
Արձագանքում է
Ձայնը հանապազ:
ՀԱՅՐԵՆԱՆԿԱՐ
Մի ասուպաչափ
Սար հորինեցի,
Երկնքից ազատ
Ցած գլորեցի:
Այն ո՞վ էր՝ եկավ
Ու փռվեց ազատ,
Երկինքը ամա
Շրջեց իմ վրա:
Սուրբ Սարիս տակից
Իմ Սուրը տարան,
Հավերժացավի
Վերքն հոգուս մնաց:
ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔ
Լեռն իր խորքում էր դարանել՝
Հանց ինքն իրեն պահող աստված.
Չիմացանք՝ ո՞նց, չիմացանք՝ ե՞րբ
Թաքցրել էր իրեն Աստված:
Ձմեռն անբևեռ ճերմակեց,
Տեղ չճարվեց մեր աստծուն,
Մի տող մնաց իր մորմոքից՝
Արդարությո՜ւն ամենեցուն:
ՇՇՈՒԿԸ ՏՈՒՆ Է ՔԱՆԴՈՒՄ
Շշուկն ամեն ինչ է զոհաբերում՝
Լեռներ է հնձում հեծյալն հողմերի,
Հատակն հեղհեղի փառքն է անգոսնում
Եվ ամենայն ինչ դարձնում անուղի:
Խաչը էամերժ սոսկումով անցա,
Քամու մեջ բացի արարչատարածք.
Հիմա այնտեղ եմ,
ուր տեղն այդ չկա
Ու մեկ էլ Աստված,
որ դեռ պիտի գա:
ՔԵԶ
Ձյունացոլքն աչքիդ իմ մեջ բևեռվեց,
Հասա սառցավեր եզերքն հայացքիդ,
Նզովքի տարափն՝ այստեղ ու այնտեղ
Ինձ միաձուլեց հա՜ր միայնակին:
Իմ ապրած կյանքը՝ ուրվակեցական,
Բլուրվեց կրծքիս՝ խորքով անհունի,
Ու դրսեկ հևքով՝ փլված ու խորտակ
Մնաց միշտ անկերպ ու անհովանի:
Սարսռածաղիկն իր շունչը փչել
Ու քո սրտից է շնորհաբուրում,
Դեռ լուսալացում՝
ամպը սրտաբեկ,
Սառցամոխիր է ինձ վրա մաղում:
Հորիզոնները կձուլվեն իրար՝
Ցոլք ու ցոլանքով հորիզոնների,
Եթե չփնտրես ինձ այնքան երկար,
Եթե շատ երկար չգտնես դու ինձ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԱՂՋԿԱՆ
Մոխրախորան անրջեցիր,
Մարող լեզվիս՝ մունջ գոսացար,
Ծերացար գոց-չսիրեցիր,
Անանունին աճյունացար:
Ժառանգվեցիր անձևություն,
Անբոց կիզված զերծ քնարից,
Էն փլուզվող ափին չհասած՝
Այս ջեռ ափին առար հոգիս:
ՏԱՂ
Եկան օրեր՝ գաղտնագույժ,
Ուրիշ երկրի, ուրիշ ցուրտ,
Շուրթիս՝ քո շնչի հեռուն,
Ես՝ հպումն իր դառնաշուրթ:
Բովտուն մտա ձյունաշաղ,
Եղեռնագահ հասցրիր,
Ձեռքիդ անաստվածացա,
Դու ինձ Աստծով պահեցիր:
Էլ կորցնելու ի՜նչ մնաց՝
Վախն ավերեց իմ հոգին.
Սիրո ամայքն ինձ մնաց,
Կյանքս՝ միշտ իմ ուրիշին:
ՄԻ ԿՅԱՆՔ
Կյանքս՝ փառապանծ,
Ինքնազոհ՝ սրտանց,
Շռինդ էր ու բոց,
Գիր էր ու գրոց,
Բանք՝ սքանչելոց:
Կյաքնս լիարար
Խոց էր ու խարան,
Հուր էր ու հրոց,
Մուր էր ու մրոց՝
Լո՜ւռ, եղեռնագոց:
ԿԱՊԸ ԵՐԿՆՔԻ
Օղակ առ օղակ՝ քո համբույրներով
Ինձ կախաղանից ցած էիր բերում.
Մեղմանում էին կայծակ ու որոտ՝
Զի իմ սրտից էր արևը ծագում:
Մի օր կտրվեց կապը երկնքի,
Շուրթերիդ խրձվեց
լուսնաբեռն ամա,
Երկինքն ազատվեց
դժոխքի սանձից,
Բայց կրկնակին քո
շուրթին է հիմա:
ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ
Մեկ է՝ սկիզբը քո սա է եղել՝
Լեցուն բեռներով՝ անափ դյութանքի,
Ուր երկար ու ձիգ հոգուդ տարերՔել
Ու չի տարերԳել… քանքարավարի:
Շշուկ-շշունջի մեջ անսահման
Դու հոգնությանը մոտեցար հանկարծ.
Արեգակնային գահը՝
ոտքիդ տակ,
Կրծքիդ՝
վարդահեղ արևն էր հանգած:
ԻՆՁ ՄԻ ՀՈՒՇ ՄՆԱՑ
Հայացքիդ ներգոց
Սառցաբեր շնչից՝
Զրկվեցի Աստծո
Ժառանգություից:
Բյուր և բյուր անգամ
Կախվեցի իմ մեջ,
Բառն աստվածընծա
Ինձ սգաց անվերջ:
Երբ ինձ իջացնեն՝
Անհուշ ու անլաց.
Կմնա ծառից
Լույսն հավերժ կախված:
ՄՈՐՄՈ՜Ք, ՄՈՐՄՈ՜Ք
Փոշին՝ փոշու փառքի ծարավ,
Վազող քամու գիրկը թռավ,
Ու չիմացանք՝ անտեր դավի՞ց,
Թե՞ խոր ցավից երկինք հասավ:
Բայց այստեղ էլ հանգիստ չառավ,
Երբ կենակից ընտրեց ահին…
Հույսը կենաց մահին հասավ,
Փառքը բազմեց անտեր գահին:
ՔԱՌԱՏՈՂԵՐ
***
Թե քո վրեժը
Հենց մահից չառնես,
Դու մահից էլ անդ՝
Փրկություն չունես:
***
Խինդ էր ու շռինդ էր,
Յոթնաշող երկինք էր,
Երբ մայրս կար, աստված,
Չլինելդ ի՜նչ էր…
***
Շանթ ես ու կրակ՝
Ինձ մի օր ասին.
Արցունք չդարձած՝
Ընկա իմ աչքից:
ԵԿԱ, ԱՆԴԱՐՁ ԳՆԱՑԻ
Անձեռակերտ մեղքերի մեջ անմարմին՝
Ամեն տեղս վերք է՝ ձյունից սեղմված,
Այսպես հավետ բառեբառ ես շողացի
Ու մնացի շնորհ-շողի թիապարտ:
Աղոթագեղ շոյանքներով միգամած,
Անվերադարձ լուսնացոլանքը կորցրի,
Պապանձվեցի անցորդ գրերի առաջ,
Իբրև քերթող՝ ցամաք հացով մնացի:
Հարահալած՝ կրակի մեջ արթնացա,
Չարժանացա քերթող մի հույլ պսակի,
Այսպես անգիր գրի ոսկությանն հասա
Ու ձեզ բերի լուսնացոլանքը խոսքի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։