Արա ԱՐԹՅԱՆ

 

ՀԻՆ ԷՊԻՏԱՖԻԱՆԵՐ
1.
Դու ստիպում ես, որ ես ոտաբոբիկ կանգնեմ հողին-բացվող առավոտ:
Ես լրտես եմ, անշուշտ, և գայլաշան պես մեջքիս է ցատկում մանկությունս:
Ես կորցրեցի նրան՝ դեռ աչքերը փակ: Հեշտ էր ծնվել կույր, պառաված,
քան ապրել օտար աչքերի վարձու սենյակում:
Լիֆտում այս կանաչ կոպերով մի դաշտ-աղջիկ աղաչում էր, որ իրեն համբուրեմ:
– Դու գիտե՞ս, այս հսկա շենքի տակ տնքում է մեր Հին Տունը:
2.
Քանի գնում, այնքան սիրունանում են ավտոմեքենաներն ու կանայք,
կնոջ մերժումը ինձ համար դառնում է ձիուց ընկնելու պես,
հավատս, գիտեմ, ձիերի աճուրդում կշահի
առաջին մրցանակ,
երբ ծառս էր լինում մեր չալ ձին, արտում բերանքսիվայր փռվում էի ես:
Մի խելառ գարաժում ձիեր է պահում: Եկ գնանք այսօր ձիեր գողանանք:
Ես երեխա եմ, իսկ դու գնչու ես, ո՞վ կդատի մեզ:
3.
Մեր Հին Տան դռները գիշեր-ցերեկ բաց էին:
Պապս չէր թողնում փակել:
Իր կորած Երկիրն էր նստեցնում ծնկանը ու ծունկը չէր ցավում,
Ես նստում էի մյուս ծնկանը-կորած Երկրի կողքին:
Մի օր նա երդիկին պառկեց
Ու քնեց: Երազում լողում էր Արթեն պապս՝ Վանա ծովում:
Գլխաբաց էր քնել: Երկրի կարոտը Արեգակ դարձավ ու գլխին զարկեց.
-Բաց ես դու, երկինք: Բայց ես կմեռնեմ- ինչպես խնձորը սեյֆում:
4.
Մանկությունը չի գա, թե նրան կանչողը շոր ունի հագին,
ես գետն եմ շպրտում շորերս, կանգնում մորեմերկ ու կանչում նրան,
նա դեպի ինձ է սուրում- ինչպես մեն-մենակ վագոն,
գծերից դուրս նետվում և խնձորներ ու հորթեր թափում վրաս:
Ահա և բուրդը ատամների մեջ գզվող շները՝ մեր հին բակում.
-Սթափվիր: Բաղնիքում ժամանա՞կ գտար
մանկությանդ վրա բռնելու գրազ:

5.
Պիտի մի օր իջնեմ ծովի հատակը՝ ձեզ տեսնելու, լուսատո՛ւ ձկներ:
Խնձորներն էլ են լուսատու (ով այգեպան է, նա լավ գիտե),
Հիշում եմ մուրացիկ մի ափ-այդ լույսով ես հոլըս գտա:
Նա պտտվում էր, ղունղունում ինչպես արու աղավնի,
Նրա մահը լոկ գլխապտույտ էր իմ մատների տակ:

6.
Սալվադոր Դալին մի ժամանակ վաճառում էր մազերն իր բեղերի,
իսկ պապս հայհոյում էր տատիս՝ թե փորձեր մկրատ դիպցնել…
Սինթետիկ արցունք է թափվում առավոտվա շաղի փոխարեն,
ես ավտոմեքենա վարել չգիտեմ-գիտեմ լոկ ձի հեծնել:
Գրկի՛ր ինձ, գնանք: Առավոտվա լույսը չի կարող լինել ոխերիմ,
չի կարող աչքեր, հոլեր ու քոթոթներ ու երգեր չծնել:

7.
Դու ստիպում ես բոբիկ կանգնել հողին, բացվող առավոտ, վիրաբույժի նշտար,
մանկությունը չի գա, թե նրան կանչողը շոր ունի հագին,
ես կորցրեցի նրան՝ դեռ աչքերը փակ:
Կույր ծնվելն ավելի հեշտ էր,
քան մեռնելն՝ օտար աչքերի վարձու սենյակում:
Փակիր աչքերդ,
դա՛շտ-աղջիկ, քեզ թող շրջապատեն այլ շուրթերի վաշտեր,
ես ուզում եմ, որ գոնե մեկը լինի՝ մահամերձ Հին Տան կողքին:
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՅՐԵՆ
Քարկոծեցեք զիս խընծորով…
Հ. Թլկուրանցի
Դու ինձ մոտ արի,
դու ինձ մոտ արի,
Խնձոր վաճառող աղջի՛կ պեպենոտ,
Չէ՞ որ քո հույսը քնել է վաղուց
Դատարկ սեղանի համբերության մոտ:

Քաղաքը պիտի մերժի քո սերը,
Դու պիտի լացես անձրևի տակ հորդ,
Տե՛ս, հեռանում են նկարիչները,-
-Խնձորը սեր է, ոչ թե նատյուրմորտ:

Խնձորը երգ է: Հեռու մի երկրում
Օձ հմայողի ուռցըրած այտ է,
Խնձորը մեղք է ու մեղքի ներում,
Ճեղքի՛ր, թող մանկան ձայնը դուրս ցայտե:

Քնած խնձորին տերևն է գրկել,
Ու կուրծքդ է փլվում ափիս տակ անտես,
-Խնձորն սկիզբ է: Պի՛նդ կծիր ու կե՛ր:
Քեզ չեմ վտարի: Աստվածդ չեմ ես:

Դու ինձ մոտ արի, դու ինձ մոտ արի,
Խնձոր վաճառող աղջիկ պեպենոտ,
Չէ՞ որ քո սերը զարթնել է վաղուց
Դատարկ սեղանի համբերության մոտ:

ՃԵՐՄԱԿ ԳԻՆՈՒ ՎԱԼՍԸ
Եթե միանգամից ընդհատվի
Ճերմակ գինու վալսը,
ես կհիշեմ հին սերերս, ինչպես
հին պատեֆոնի խզզացող մեղեդիներ,
դու միանգամից կընկնես գիրկս ու մենք կսկսենք
հնաոճ արտասվել
և միանգամից կպարզվի, որ
մեր ամենասիրելի ձայնապնակները նրանց բիբերն են,
որոնք մեզ գրկում ու հետո լքում են՝ օտար քաղաքներում,
և միանգամից կպարզվի, որ
իմ խելահեղ մատների գտածը ո՛չ հին պատեֆոն է, ո՛չ վերք,
այլ՝ լքելու պատրաստ մի կնոջ ծննդյան օրվա վաղ
առավոտ,
որը մեկիկ-մեկիկ իր կոճակներն է քանդում՝ հայելու խորքում
և մոռանում սեփական հևքից քրտնած հայելին մաքրել:

Այս խելահեղ մատների գտածը մի պատուհան է լոկ,
որ երջանկություն կդառնա, եթե լույսերը հասցնես մարել,
եթե միանգամից կանգ առնի
ճերմակ գինու գլխապտույտ վալսը,
և գինին մեզ ցած նետի, ինչպես ծառս ելնող ճերմակ
հովատակ,
իմ խելահեղ մատների գտածը լոկ մի մարմին է,
որի համար ես դեմք ու անուն պիտի որոնեմ ողջ գիշեր
և առավոտ վաղ նրան ՀՐԱԺԵՇՏԻ պիտի կոչեմ:
Բայց առաջ պարզած ձեռքերս քսվում են գիշերվա ուսերին,
և լացս մնում է վերելակի մեջ՝ կծկված,
ինչպես շան մրսած քոթոթ,
որ ո՛չ ցած է իջնում, ո՛չ էլ ելնում է վեր,
ես ուրախ եմ, բայց չեմ ուզում տուն դառնալ,
որովհետև այն իմ տունը չէ,
Ուր ես կարողանամ իմ կյանքն, ինչպես կահույք
շրջել գլխիվայր կամ կոշիկներով շնթռկել,
բայց անհուն է ճերմակ գինու վալսը,
իմ խելահեղ մատների գտածը մենությունն է հպարտ,
ինչպես պատանի փարավոնի ճակատ՝
դաշունահար ընկած՝ ուրիշի թալանված երկնքի տակ:
ԳՅՈՒՄՐԻ
Պտի մնամ ես գյումրեցի,
Երգե հետս, Ձորի՛ Բողազ,
Հետս երգե, ֆայտոնչո՛ւ ձի,
Օր կնուտի տակ չդողաս։
Հե՜յ, ֆռնչի՛ք, հետս երգեք,
Ընբես երգեք, օր քեֆս գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո՛, վո՞վ պըտի վրեն սգա։
Դալլաքներդ դառան պոետ,
Դոխբազներդ՝ պրոֆեսոր,
Գյումրի՛ քաղաք, քարերուդ հետ
Թող մենակ ես խոսիմ էսօր։
Իմ Արթե՛ն պապ, հետս երգե՝
Էն աշխըրհքեն թող ձենդ գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո՛, վո՞վ պըտի վրեն սգա։
Խելռներուդ մահն էր հանաք՝
Խնդըցրին ու գնացին,
Ղասաբներդ կերթան մենակ
Սև քարերուդ հոգեհացին։
Թե մարդ եք դուք, հետս երգեք,
Զլեք զուռնեն, օր քեֆս գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո՛, վո՞վ պտի վրեն սգա։
Հի՛ն գյումրեցիք, թե չեք երգե,
Էն աշխըրհքեն չեք կրնա գա,
Գյումրին չկա, տեղը մենք ենք,
Ծո՛, երգից վեր հեչ բան չկա։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։