ՎՏԱՆԳՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻ՞Ք, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ / ՆԱՆԵ

 

Երբ ակնթարթներ թվացող կարճ ժամանակահատվածում երևակայության մեջ անգամ անհավատալին խարդախ հետևողականությամբ իրականություն է դառնում, երբ կորուսյալ Արևմտյան Հայրենիք, Նախիջևան երազելն անգամ երազանք է դարձել, երբ Արցախ հրաշքը մատուցարանի վրա հանձնվեց թշնամուն և արդեն մնացյալ Հայաստանը… գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ փորձում են պարզապես միացնել արդեն նվիրվածներին՝ շատ հանգիստ բացատրելով, սպառնալով (թշնամուց ավելի ջանադիր կերպով՝ նրան հանգստի ուղարկած), որ ձեր շեները ձեր ինչի՞ն են պետք, տվեք, ու ձեր խղճալի կյանքը յաթաղանի սուրսայրի տակ գուցե դեռ երկարաձգվի մի փոքր, որ ավելի «արժանավորը» կա ձեր հողերին տեր դառնալու, որ՝ «այն սարը ձեր ինչի՞ն է պետք», «այս դժգույն ու դժբախտ քաղաքը» ինչո՞ւ եք այդպես փայփայում, որ… արդեն բնավ զարմանալի չի թվում Երևանի թանգարանային արժեք ունեցող շենքերի (ստեղծագործական, կրթական, գիտական…) գլխին կախված յաթաղանային ճակատագիրը:
Զարմանալի չէ, բայց…. կանխատեսումներով զբաղվելու, վտանգը հեռվից տեսնելու ժամանա՞կ չունենք, թե՞ ինչ…
Գոյի թատրոնի համար առանձին են դուրս գալիս, խայտառակ դասագրքերի խնդիրը թողնված է ուսուցիչներին, սահմանամերձ գյուղերինը՝ միայն գյուղացիներին (թվարկելը երկար կտևի), ընդամենը կարող ենք գրել, խոսել, բայց չենք ձևավորում այն համախումբը, որն իսկապես կարող է խնդրի լուծումը ի վերջ հասցնել:
Որևէ մեկին մեղադրելու մտքից շատ եմ հեռու, հատկապես որ բոլորի մեջ և ես եմ ներկա: Պարզապես գոնե այժմ պետք է ճիշտ քայլերով ընթանալ: Արդեն գիտենք, որ առանձին բողոքներն այդպես էլ մնում են անարդյունք, քարը տեղից շարժվում է միայն, երբ միասին ենք, կողք կողքի: Եվ բոլոր կառույցների (որոնք եթե ոչ այսօր, վաղը նույն քաշքշուկի մեջ են հայտնվելու), անհատների և ողջ ժողովրդի հետ բողոքների ողջ փունջ է անհրաժեշտ (նաև դասագրքեր, գյուղեր, անկլավներ….) ներկայացնել պետական և ազգային դատին: Չեմ կարծում, որ հայության դեմ իրականացվող այս ամենը մեր օրենսգրքի որևէ կետով չի դատապարտվում: Օրենքը չօգնի, մեր միատեղ ընդվզումն իրենը կանի:
Մեզ պատերազմով են վախեցնում, երբ պատերազմից բնավ դուրս չենք էլ եկել, պարզապես թևակոխել ենք նրա ավելի խարդախ փուլը, երբ առանց կրակոցների ավելի մեծն ու ավելի թանկն ենք կորցնում: Էլ չասած, որ պատերազմի ժամանակ անթաքույց գործում է հայրենիքի վտանգված վիճակի հրամայականը, և հաշվարկները շատ պարզ են, ամեն կրակոց շարժում է, ուժ ունի, և կամքն ու եռանդը սրված են մինչ վերջ: Իսկ «խաղաղ» օրերին զգացողությունները բթացած են, ներքին լարվածություն չկա: Եվ այսօրվա աշխարհում «խաղաղության» վարագույրի ետևում ավելի վտանգավոր պատերազմները ավերում են, պարտության մատնում: Տեսանելի պատերազմը միայն փաստումն ու կնքումն է արդեն մինչ այդ կատարվածի:
Իհարկե, պոռթկուն քայլերը ևս վտանգավոր են, երբ ամենակարևորն է ասպարեզում, և վտանգը մեծ է: Այդ ժամանակ ճկուն դիվանագիտությունն է առաջին պլան մղվում, ինչը մեզ մոտ ինչ-որ չի ստացվում, որովհետև «ձուկը գլխից է փչացած»:
Ու չգիտեմ, թե ինչից սկսեմ՝ գրողներիս համար այնքան հարազատ, մայր օջախ, մեր հանճարների շունչն իր մեջ պահող, ամեն քարը այլևս արժեքային չափուկշռից դուրս այլ՝ հոգևոր արժեքներով թանկացած շենքի՞ց և նոր գնամ դեպի Հայրենիքի «աճուրդի» հանված հողերը, թե՞ հակառակը: Ես մեկից խոսեմ, դուք մյուսը հասկացեք… տարբերություն չկա…
Դժվար ընտրություն է՝ մի ումպ «խաղաղության» (իհարկե, հետո առանց կռվի հնարավորության՝ անկումի) և հենց այսօր վտանգավոր ընդվզումի միջև կատարելը: Դա մի կողմ թողնենք դեռ, կարելի էր և «խաղաղության» քողի տակ ժամանակ շահել, ամրացնել դիրքերը, ուժերը կենտրոնացնել հետոյի համար: Բայց երբ հակառա՜կն է արվում, երբ հենց երկրի ներսում ամրանալու տեղ խարխլվո՜ւմ են ազգ ու երկրի հիմքերը և այնպիսի բազմաքանակությամբ, տարբեր ուղղություններով ու արագությամբ, որ գրեթե անհնար է հասցնել իրար հերթ չտվող աբսուրդային ծրագրերի, անարդար իրավիճակների, փոփոխությունների հետևից հասնել. մեկի «պոչը բռնելիս» մյուսն է աչքաթող արվում: Փոփոխություններ, որոնք արտակարգ իրավիճակի «հոգատար» պահպանության պարարտ հողի վրա, նորմալ ընդիմության ուժ չտեսնելով, պարզապես սլանում են առաջ, և այդ ընթացքի կարևոր ուղղվածությունն արդեն աչք է ծակում՝ արշավ ազգապահպան հիմնական հենարանների վրա՝ հավատ, լեզու, մշակույթ, ընտանիք, բանակ (կարելի է շարունակել ու շարունակել):
Մենք երկիրը վահան դարձնելու փոխարեն, այն ավելի դռնբաց ենք արել և նա՛և կործանարար ծրագրերի տերերի, նրանց ծառայող միջազգային կառույցների առաջ՝ թշնամուն միայն սահմանների վրա փնտրելով: Որովհետև… «գրեթե բոլորն են այդպես վարվում», որովհետև նախապես արդեն հաշտվել ենք, որ ուժը մեծ է, իսկ մենք… Միշտ նման համեմատություններն ու հաշվարկներն են ձախողումների պատճառ դառնում, և դավերը հեշտ առաջ են ընթանում, որովհետև հենց մե՛ր ձեռքերով ենք բացում նրանց ճանապարհը, կտրուկ դաշնակիցներ ենք փոխում, երբ ամեն մեկի հետ պետք է փորձել հնարավորինս բարենպաստ փոխհարաբերությունների հասնել (դարավոր թշնամուն չհաշված, քանի որ «դեռ հեռու է դեպի մարդը իր ճամփան»), ցանկության դեպքում դա միշտ էլ հնարավոր է, և ուղիները շատ են:
Արևմուտքի հետ էլ պետք էր նուրբ դիվանագիտությամբ միայն հարաբերվել, ոչ թե գլխովին հանձնվել այդ նենգ ու խարդախ ծրագրերի տերերին, որոնք ընդամենը վարպետորեն ժպիտներ ծամածռելով՝ դատապարտում են այս կամ այն ոճիրը: Ավելին՝ արդեն այդ երկրում իրենց շահերի համար ավերիչ պատերազմի նյութումն է: Ահա որքան ժամանակ է նրանց ծրագրերը կետ առ կետ իրականություն են դառնում ամեն տեղ՝ մոլորակի ամեն մի անկյունում, և ոչ մի «կոնֆլիկտ» կոչվող պատերազմ, կանացի ծեքծեքուն անուններ ստացած գրեթե ոչ մի «բնական աղետ», ոչ մի մարդկային հոգու գունավորում, կերպափոխում, անկում, հիվանդություններ այդ ծրագրից դուրս չեն:
Այդ ծրագրերի կարևոր կետերից մեկը մտավորականության չեզոքացումն էր, այդ պատճառով սկսվեց նրա վարկաբեկումը (ամեն տեղ էլ թերություններ կան, բայց նրանց պատճառով մի ողջ անհրաժեշտ խավ, որ եղել է, կա ու կլինի, դո՞ւրս դնել կյանքից, մի քանի անարժան բժիշկների պատճառով հիվանդանոցնե՞րը փակել), անգամ հենց մտավորականության ներկայացուցիչները այդ խայծը կուլ տվեցին, մտավորականությունը հեռացվեց ասպարեզից՝ չկա, չի եղել: Իսկ այդ տեղը ոչ ոք գրավել չի կարող, և ժողովուրդը մնաց առանց մտքի հեգեմոն դերի: Այսպիսի վիճակում թանգարանային շենքերն արդեն ընդամենը «յուղոտ պատառներ» դիտելը իշխանական աթոռներին բազմածների կողմից պարզապես հետևանք է, բնական ընթացք՝ սկսած գործի, բնական «բերքահավաք»:
Մոտ մեկ դար առաջ մեր նահատակված պոետներից Ռուբեն Սևակը գրել է իր նամակներից մեկում.
«Իսկ մեր ընկերաբանները թո՜յն կը փչեն բոյներէն ներս, ու մեզ կը խօսին այն տարտամ ապագաներուն վրայ` ուր ազգն ու հայրենիք կը լուծուին համաշխարհային միջազգայնականութեան մը մէջ…:
Մեզի առողջ ու երիտասարդ մտաւորականներ պէտք են: Ձուկն իր գլուխէն կը հոտի, ազգն` իր մտաւորականներէն: Անո՛նք են ցեղի մը գլուխը:
Կրնայ մարմինը շատ ուժեղ ու շատ գործունեայ ըլլալ, բայց երբ ուղեղը խաթարուած է` այդ մարմնին շարժումը պիտի ըլլայ միա՛յն յիմարական գործունեութիւն ¨ անպտուղ յոգնութիւն….»: Լօզան, 1911. Ռուբեն Սևակ

Մոտ մեկ դար առաջ էլ այդ աշխարհաշարժը կար նույն մղումներով և նպատակներով, նույն թուրքը կար՝ ամեն բան ոճրագործի իր նպատակներին ծառայեցնող, նույն գործակալները կային այլ երկրներում՝ իրենց դավերը նյութող ու գործարկող: Ավելորդ չեմ համարում մտքերի և փաստերի կրկնությունը, եթե դրանք կարևոր են՝ չափաքանակր պետք է մեծ լինի:
«Այդ օրերին (1918 թ. սկզբներին) Էրզրումը նման էր մի գործել սկսող հրաբխի. բազմապիսի ու բազմաքանակ հակադիր ուժեր կուտակվել ու հանդիպել էին այդտեղ իրար: Մեծ հայրենասերների կողքին այդտեղ վխտում էին ամեն գործարքի գնացող, հարստանալու ձգտումով այդտեղ եկած տարրեր, մեծ եղեռնից մի կերպ ազատված, արդարացի վրեժով լցված որդեկորույս հայրեր, ծնողազուրկ որդիներ, դրանց հետ մեկտեղ նաև հարբեցողներ, ուտել-խմելու, Բաքոսի երկրպագուներ, օրգիաների սիրահարներ, անգլիացի, ամերիկացի, ֆրանսիացի ջուր պղտորող, ձուկ որսացող, հայերենին, տաճկերենին լավ տիրապետող միսիոներներ, պաստորներ, պատվելիներ, զանազան տիպի մեծ ու փոքր դիպլոմատներ, ամեն ազգի լրտեսներ, հայասերներ, հայատյացներ, ցարիզմի մոլի երկրպագուներ, զտարյուն հեղափոխականներ, պատերազմին կողմնակիցներ և հակառակորդներ… և այլն… և այլն: Այդ բոլորի վրա ավելացրած Երզնկայի ֆրոնտից դեպի Էրզրում կատարված նահանջը` քաղաքում ստեղծվել էր մի խառնակ, շփոթ, դրություն, որը օգտագործում էին քաղաքական և բուրժուական սպեկուլյանտները…
…Ապստամբության աշխատանքներին և հետագա ծավալմանը մասնակից էին և մուսաֆաթական ադրբեջանցիները, որոնց ներկայացուցիչը «Կարմիր խաչի» անվան տակ գտնվում էր Էրզրումում…». Անդրանիկի անձնական քարտուղար Գրիգոր Ղազարյան «Հուշեր և խոհեր հայ ժողովրդի պանծալի հերոս Անդրանիկի մասին»։
Նույնն էր ամեն բան, որովհետև այդ մե՛նք չենք փոխվում…Նո՛ւյնն էր…. և հասկացողը հասկանում էր, չհասկացողը՝ կանգնում այդ ազգակործան գաղափարների կողքին և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Ցավոք, ինչպես այն ժամանակ, այսօր էլ հասկացողները քիչ են:
Թուրք-ազերին ուրիշի հողերում եկել երկրի տեր է դարձել ու տեր է զգում: Էհ, դո՛ւ զգայիր, դո՛ւ, փոքր վտանգը մեծ արած, կարողանայիր նրան դեռ դռանդ չհասած ի չիք անել, դու՝ հայդ, որ այնքան բան էիր ստացել Բարձրյալից, որ հարուստներից հարուստն էիր ու… անգամ այսքան կորուստներից հետո հոգևոր, անտես ստացվածքներ կան, որոնցից եթե դո՛ւ չհրաժարվես, քեզնից ոչ ոք չի կարող վերցնել…
Հասկանայիր, որ այսքան թանկ ունեցածի՝ Հայոց երկրի ղեկը, առաջնորդությունը, ուղղորդումը, երթն ու բախտը ամեն մի պատահածի չի կարելի հանձնել: Որ ամեն պատուհաս հենց այդտեղից է գալիս՝ մեր անմտությամբ ազգի նվիրյալի, երկրի հոգսերով ապրողի փոխարեն, այլոց, ավելի ճիշտ՝ հենց թշնամու շահերը պաշտպանող, հոգացող և մեր օրենքներով ամրագրողներին մեկ մեկու ետևից անսահմանափակ իրավունքներ տալով, «քայլ» անելու ճանապարհ բացելով՝ մեզ ենք անհուսալի կերպով զրկում ապրելու և մեր օգտին քայլ իսկ գցելու հնարավորությունից: Միշտ դրսի թշնամու դեմ ավելի հեշտ է ընդվզելը, քան քո իսկ տանը բնավորվածի և այն էլ՝ ամենամեծ իրավունքները ստացած: Նորից դիմեմ Ռուբեն Սևակի նույն նամակին.
«….Բայց ի՞նչ է պատճառը որ երէկուան նաւակները մեզ արդէն անցան, ու մենք Ուրուական Նաւին պէս կը ծածանինք դեռ, անխորասուզելի՜, բայց հաստատ ցամաքի մը հասնելու անկարող…:
Ասոր պատճառները շատ բարդ են անշուշտ: Բայց գլխաւոր պատճառներէն մէկն ալ ա՛յն է որ ղեկին գլուխը կը նստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերած, է՛ն անպէտ ծնունդները:
Սակայն ստո՜յգ, ստո՜յգ կըսեմ ձեզի, վտանգը մեծ է, շատ մեծ, աւելի՛ մեծ, քան կրնանք ենթադրել:
Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե՛նք:
Մեզի նոր Ոսկեդար մը պէտք է, նոր Ոսկեդա՜ր մը:
Այլասերո՞ւմ, ո՛չ, Վերածնո՜ւնդ…:
Լօզան, 1911
Այնպես որ, վաղուց ժամանակն է ոչ թե առանձին-առանձին խնդիրների համար՝ առանց առանձնապես արդյունք ստանալու, ուժ և նյարդեր ջլատել, այլ՝ միաբանված, «սևին սպիտակից» զատած, կանգնած ազգի ամենախելամիտների, իսկական ընտրանու կողքին, տեր կանգնել երկրին ու ազգին…
«Մեզի նոր Ոսկեդար մը պէտք է, նոր Ոսկեդա՜ր մը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։