ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԱՐԴԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ «Գրական թերթ», 2023 / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Վերջերս, երբ հերթադասում էի «Գրական թերթի» 2023 թ. բոլոր համարները, ակամա ծնվեց գաղափարը՝ դիտարկել արդի հայ բանաստեղծության ներկայությունը թերթի էջերում. որքանո՞վ այն կարող է պատկերացում տալ ամբողջի մասին: Ճիշտ է՝ ձեռագիր ու տպագիր բանաստեղծական ժողովածուներից ընդամենը նմուշներ են տեղ գտել շաբաթօրյա թերթի սուղ էջերում, բայց դրանք հեղինակների ընտրությամբ են եղել, ուրեմն՝ կարող են բնութագրական լինել նրանց և միասնաբար վերցրած՝ ընդհանրական, արդի հայ պոեզիայի համար: Ճիշտ է նաև, որ թերթի այս տարվա համարներում բոլոր բանաստեղծները չէ, որ հանդես են եկել, բայց որ շուրջ յոթանասուն անվան (նաև՝ սփյուռքահայ) ներքո կարող ենք բանաստեղծություններ կարդալ՝ թերթի մեկ սյունակից մինչև մեկ (երբեմն ավելի) էջ ծավալով, և այն, որ թերթի բոլոր համարներում մեկ կամ ավելի էջեր ամբողջովին տրամադրված են բանաստեղծությանը, ուրեմն՝ ընթերցողը կարող է թերևս բավարար պատկերացում կազմել արդի հայ բանաստեղծների ու բանաստեղծության մասին: Ի դեպ՝ բնավ էլ անբավարար չէ բանաստեղծի՝ թերթի մեկ ամբողջ էջ զբաղեցնող շարքը ընթերցողին տպավորելու համար՝ թե՛ նյութի, թե՛ հեղինակի ինքնության առումով: Իսկ ահա թերթի էջերում տպագրված ամբողջ նյութը մի ժողովածուի մեջ ամփոփելով՝ կունենանք յոթ հարյուր էջից ավելի ծավալով մի գիրք, որ, կարծում եմ, բավարար տպավորություն կարող է թողնել: Ինչու չէ, նաև կողմնորոշել ընթերցողին՝ իր հավանած ո՛ր հեղինակների գրքերը փնտրելու գրախանութներում: (Ի դեպ՝ թերթում տեղ են գտել նաև օտարազգի նշանավոր բանաստեղծներից կատարված նոր թարգմանություններ):
Կրկին վերընթերցելով 2023 թվականի բոլոր համարների բանաստեղծական էջերը՝ հասկացա, որ նյութը շատ տարողունակ է, և հնարավոր չէ մեկ հոդվածի սահմաններում ընդգրկել այն: Թերևս այս անգամ դիտարկեմ միայն մի՝ արդիականության խնդիրը՝ ամբողջ այս նյութը տեսնելով որպես բազմադեմ մի հեղինակի ժողովածու՝ «Արդի հայ բանաստեղծություն» ընդհանուր, պայմանական անունով: Եվ չհիշատակեմ անգամ հեղինակների անունները: Ավելին, թղթով սոսնձելով՝ ծածկեցի հեղինակների նկարներն ու անունները՝ մոռանամ, թե ովքեր են, դիտարկեմ միայն անանուն տեքստերը, անկողմնակալ, ինչպես «կույր» կոչվող գրախոսության հեղինակ:
Այս միասնական դիտարկումը, իհարկե, չի նշանակում հեղինակային ինքնությունների նույնացում կամ բանաստեղծությունների որակային համահարթեցում: Այստեղ կան և՛ տպավորիչ, իրապես բանաստեղծական հղացումներ, և՛ պարզապես չափաբերված արձանագրումներ, հրապարակահունչ մտքեր ու զեղումներ: Հասկանալի է, որ նախընտրելին առաջիններն են, բայց իմ նպատակը այս «ժողովածուի» բովանդակային ու բազմաձայնային կողմի ընդհանրական դիտարկումն է՝ բանաստեղծների այս համախումբը ինչպե՞ս է արձագանքում մեր ներկա կյանքի ծանր ու տագնապալից իրադարձություններին:
Բանաստեղծը ոչ տարեգիր է, ոչ հրապարակախոս, ոչ մարտիկ, թեև նա կարող է (գուցե և պարտավոր է) այս բոլորն էլ լինել՝ խոսքով կամ զենքը ձեռքին, ու նաև վերապրել այս ամենը իր հոգու, մտքի խորքում, և այդ վերապրումն է, որ ձև ու կերպ է ստանում իբրև բանաստեղծություն՝ որպես հույզի, խռովքի, խոհի դրսևորում: Ուրեմն, ոչ թե «նախ՝ քաղաքացի և ապա՝ պոետ», այլ՝ քաղաքացի՛ պոետ, մեր դեպքում՝ ոչ միայն պարզապես բանաստեղծ, այլև հա՛յ բանաստեղծ:
Ուրեմն, բանաստեղծությունների այս «ժողովածուն» որքանո՞վ է արդիական, որքանո՞վ է դրսևորումը, արձագանքը մեր այս խառնակ ժամանակի՝ եղելությունների, որ տեղի ունեցան ու շարունակվում են, տագնապների, որ կան ու ծնվում են շարունակաբար բացահայտվող՝ դրսի թե ներսի դավերից: Պատերազմ, պարտություն, պաշարված, ապա հայաթափված ու լքված Արցախ, սահմանային կորուստներ և դեռ սպառնալից պահանջներ՝ իրողություններ, որ ակամա թեմա ու թելադրանք են կորստյան ցավազգացողության, հուսահատության ու հուսախաբության, անորոշ սպասումների, ելքի փնտրտուքների ու չգիտեմ՝ հիմնավոր թե անհիմն հավատի: Կա՞ այս ամենի արձագանքը այս հավաքածուում: Կա՝ ասված երբեմն պարզ, բացորոշ հիշատակումով, երբեմն հրապարակահունչ տեքստով, երբեմն խոհ ու խրատով, անշուշտ, նաև բանաստեղծական տպավորիչ խոսք ու պատկերով և դրանց տողատակ հուշող ենթատեքստերով:
Արցախյան թեման, բնականաբար, առաջնային տեղում է այս համապատկերում: Չէ՞ որ 2020-2023 թթ. պատերազմի, ապա Արցախի երկարատև պաշարման, անօրինակ զրկանքների, բայց և համառ ու տոկուն, դարձյալ անօրինակ կամքի ու դիմադրության, սակայն ի վերջո արտագաղթի տարիներն էին: Եվ այս ամենը ինչպես պարզ նկարագրական, այնպես էլ վերաբերումային արձագանք են գտել թերթի բազմաթիվ էջերում: Հեղինակների հիացումը կա այստեղ Արցախ աշխարհի, արցախցու համառ կամքի, իր հողին նվիրվածության, պայքարող ոգու նկատմամբ, կա անամոք ցավը կորուստների համար և լավ օրերի նկատմամբ հավատը: Թերթի բոլոր համարների գրեթե մեկ քառորդի բանաստեղծական էջերը ամբողջովին արցախահունչ են:
Ահա, բանաստեղծությունների մի ամբողջ էջ զբաղեցնող այս շարքում (թիվ 39) «Լավիդ չհասա՛, Ցավիդ չհասա՛, Դավիդ չհասա՛…» խորագրով, հեղինակը ոչ միայն պատկերել է արցախցիների կրած տառապանքները (իր նշումով՝ «մինչև սեպտեմբերի 19-ը»), այլև նրանցից հեռու, նրանց օգնելու անզորությունից տառապող երևանաբնակ բանաստեղծի կերպարը, ավելի ճիշտ՝ քնարական մի հերոսի, որ թերևս հենց ինքն է կամ շատերը մեզանից, նա, ով Արցախն իր սրտում ունի, արցախցու ցավն իր ցավն է: Բանաստեղծությունների այս շարքը իրապես ընդարձակ մի քերթված է՝ հոգեկան ապրումների յոթ մասերի բաժանումով կամ, թերևս, քնարական պոեմի միտող մի ժանրաձև, քանի որ այդ մասերի մեջ մաս առ մաս, ներքին զարգացումով կերպավորվում, ամբողջանում է քնարական հերոսը, զուգընթաց՝ պաշարված Արցախը: Բանաստեղծի այս մենախոսություն-խոստովանությունը պատումային սկիզբ ունի. նա, իր ցավերին ու երազանքին հանգույն, «զարդարում» է ամանորյա տոնածառը. «հին ու բարի աստղը» դեն է նետում, փոխարենը խաչ է դնում, իսկ «փայլուն երազներից» կախված խաղալիքների վրա գրում՝ «Լաչին- Կյանքումահի ճամփա,//Լաչին-Ցավուդավի միջանցք,//Լաչին-Հույսի անհույս Վկա…»: Աստղի փոխարեն մի մեծ խաչ է դնում, որ «մարդկությանը» «խաչի ճամփով լուռ» ուղեկցի «մինչև Լաչին,//որ ի վերջո նա հասկանա,//թե ինչպես են Սովը գրկում մեր ու մանուկ,//Ցավը գրկում այր ու որդի,//Թե ինչպես են Հողը ներկում հոգու կանչով,//Սերը փրկում Հնարինի սահմաններից հեռու, անդին…»: Ապա նա մտովի տեղափոխվում է Լաչին, Արցախ… Այնուհետև նրա հեռակա զրույց – մենախոսությունն է Արցախի հետ, ավելի ճիշտ՝ խոստովանություն – մեղայականը («Արցա՛խ, ինձ ների՛ր»), իր դրաման, որ լիովին մասնակից չի դարձել նրա պայքարին ու փրկությանը, որ չի աղոթել միայն նրա համար, մեկ-մեկ էլ Աստծուն իր մասին է հիշեցրել: Ու հիմա խոստովանում է, որ նրա ցավը իր ցավն է, նրա սերը՝ իր սերը, որ նրա վերքերի հանգույն իր վերքերն են արնահոսում, ու վախենում է մտածել, թե՝ «նայում ես աչքերիս ու չես հավատում ինձ»: Եվ հռետորական հարցը, որ տալիս է բանաստեղծը՝ «Քեզ որտե՞ղ կորցրեցի,//որտե՞ղ չգտա//իմ հպարտ Արցախ», իրապես ո՞ւմ անունից է տրված՝ ի՞ր, թե՞ մեր՝ բոլորիս… Բանաստեղծն ինքն է ստանձնում մեղավորությունը. «ե՛ս», ասում է նա, և այստեղ է, որ նա դառնում է ընդհանրական, քնարական հերոս, որ այս դեպքում «մենք» ենք: «Մինչ դու փորձում էիր սովից չմեռնել//ու կանգնած էիր հպարտ, անվարան, // ես՝ Հույսդ չդարձածս,//Խիղճդ չդարձածս,//Ցավդ չդարձածս,//իմ հազարամյա միամտությամբ//դեռ որոնում էի քո փրկությունը//այս պոռնիկ աշխարհի սավանների վրա…»:
Եվ սա միայն բանաստեղծի՞, թե՞ մեր՝ բոլորիս մեղայականն է՝ «Լավիդ չհասա,//Ցավիդ չհասա,//Դավիդ չհասա,//ասա՝ ո՞նց հայցեմ թողությունը քո,//Որ ողորմաս ինձ՝ իբրև վերջին մեղք…»: Եվ հանձնառությունը՝ մեղքերը քավելու՝ «շապկելու» նրա կրած «անմարդկային ողջ զրկանքները», գլխին «կրելու տառապանքներիդ պսակը փշե» (հիշենք Չարենցի «Մահվան տեսիլ»-ում հեղինակի հարցադրումն ու պատասխանատվության ստանձնումը՝ «Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար//Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի» և զոհաբերության հանձնառությունը՝ «Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…»):
Լավ է, իհարկե, որ այս պոեմ-շարքի ավարտին բանաստեղծը հուզառատ ու տագնապոտ իր խոսքի տոնը փոխում է սթափ-լավատեսականի, հավատում է ու արցախցիներին ներշնչում, թե՝ «դեռ գալու է քո ազատության ժամը ցնծալի», «Ու կամքիդ առջև խոնարհվելու են բոլորը», բայց… Նոյեմբերի վերջին լույս տեսած այս տողերից երկու ամիս առաջ արդեն սեպտեմբերի 19 էր եղել… Եվ ճիշտ կլիներ, եթե այս շարքը երկրորդ մաս էլ ունենար՝ «Սեպտեմբերի 19-ից հետո»:
Իսկ ահա «Մենք կվերադառնանք» (թիվ 43) իր նշումով՝ «պոեմի» (իրապես՝ վեց մասերի բաժանված ընդարձակ քեթվածի ) հեղինակը խորհում է սեպտեմբերի 19-ից հետո՝ արդեն «քոչվորների հորդաների կողմից գերեվարված Արցախի» մասին՝ սթափ հայացքով, առանց զեղումների, մատնացույց է անում մեղավորներին՝ դրսի ու ներսի խեղաթյուրված հոգիներին («անսահման է խեղաթյուրումն ապականված հոգու»), նորօրյա պիղատոսներին, որ լվանում են ձեռքերն ու անմեղ ձևանում, «մարդասիրական» «բոլոր հապավումների տակ թաքնված» աշխարհի ատյաններին, որ «լցված են նավթահոտով» (հուշումը հասկանալի է), «ցեղապետի ընծայած խավիարից տռզած փորերով փարիսեցիներին», որ կարեկցանքի խոսքեր են գրում «գույնզգույն փուչիկներին», «ժողովրդի փողերը թալանած որկրամոլներին», որ «դեռ նիրհած են իրենց հսկա ապարանքներում», նաև մեզ, որ «նննջեցինք մեր իսկ մոգոնած դափնիների տաք ստվերում», և որ «Աղբամանն ենք նետում//առողջ ու հեռատես խոսքը…», որ «մեր քույր ու եղբայրների//տագնապախեղդ ճակատագիրը թողեցինք դարավոր թշնամու քմահաճույքին», ու նրանց «միացան մեր վաղեմի բարեկամները»… Մեղավորների ու մեղսակրության («մեղավորներ ենք փնտրում մեզնից դուրս») հիշատակումներից հետո բանաստեղծը հավատավոր խոսքեր է ասում վերջընթեր տողերում, թե մի օր պիտի «ահագնանա//ու դուրս գա ափերից//մեր հոգու պահապանների//արյամբ ներծծված//հողի հիշողությունը,//դառնա ամպրոպ,//դառնա հրեղեն կայծակ//երկնքում ամենատես//ու պայթի ավարառու հորդաների գլուխներին…»: Մի քիչ վերամբարձ է ասված, բայց կարևորը հավատալն ու հավատացնելն է, թե՝ «-Մենք կվերադառնանք,//որ մեր սրբավայրերը հավեժ չորբանան»:
Իսկ ահա մի այլ էջում (թիվ 42) մի ուրիշ հեղինակի հայացքի առջև «բոլոր կողմերից թուրք քոչվոր ցեղերի կենդանակերպ արարածներով» շրջափակված Արցախն է, և դա նա որակում է որպես ցեղասպանություն («Սովը ցեղասպանության ամենասոսկալի զենքն է»): Պամֆլետի, սատիրայի սկզբունքներով գրված հրապարակահունչ այս բանաստեղծության մեջ հեղինակը դիմագծում է «բարբարոս ոգու» (Դանիել Վարուժանի՝ թուրքերին տված բնութագրումն է) կերպարը. «Նորից Հայաստանի ու Արցախի վրա», «սովից կմախքացած Արցախի բնակչության վրա» «թեքվել է//ցլի պես գիրացած, փուչիկի պես դատարկ//թուրք փաշայի՝ Ալիևի դեմքը՝ կլոր ու անիմաստ,//նա տենդագին սրում է ցեղասպանության դանակը», որ նշանակում է՝ «Չես ուզում սովամահ լինել, սրի կքաշենք…»:
Բանաստեղծությունների այն շարքում, որ զետեղված է թիվ 40-ում, հեղինակը վերնագրել է միայն առաջին բանաստեղծությունը՝ «Արցախս», մյուսները միայն աստղանշված են: Բանաստեղծի զրույց-մենախոսությունը Արցախի հետ է, ու նյութը պատերազմի, պաշարման ու փախուստի օրերի դրվագներն են, և «Արցախս» վերնագիրը (հատկապես շեշտադրված ս հատկացուցիչով) պետք է ընդունել որպես ամբողջ էջի խորագիր, որ ունի նաև իր դիմումնային հոմանիշները մյուս բանաստեղծությունների միջնատողերում՝ «հայրենիքս», «երկիրս»: Այս և այլ արտահայտություններից, պատերազմի, պաշարման ու տարագրման դրվագների զգացական արձագանքից դժվար չէ կռահել, որ բանաստեղծը հենց իր ու իր հարազատների, իր ծննդավայրի մասին է խոսում: «Աչքերս փակում եմ,//Դու հառնում ես//Քո ողջ շքեղությամբ,//Բացում եմ,//Քեզ կորցնելու սարսափը//Կլանում է ինձ»: «Արցա՛խս,- խնդրում, պահանջում է,- Կանգնեցրու՜ ժամանակը», որովհետև՝ «Ամեն պահը//Քեզ այլևս չտեսնելու//Վտանգով է լեցուն», որովհետև՝ անհնար է տեսնել ու զգալ բռնագաղթի այդ պատկերը. «Անտուն մարդկանց հայացքներում// Արցունքները սառցե բեկորներ են.//Հույսը լալահառաչ կախվել է//Մտքերի պարաններից», որովհետև ահավոր է տեսնել, թե ինչպես է արցախցի քաջարի զինվորը՝ «արցունքն ու հառաչը կոկորդում սեղմած՝//Դողացող ձեռքով» այրում իր «Պատվով կրած համազգեստը», որովհետև գաղթի՝ այս «դժոխքի ճանապարհը երկար է.//Անտանելի՛ ծանր,//Սոսկալի՛ դաժան», իսկ ետևում՝ «Մի ամբողջ կյանք//Մեռնում, մարում, չքանում է»: Եվ առջևում դեռ Հակարի կամուրջն է, թշնամու լպիրշ հայացքը…, «Հարազատին այլևս չտեսնելու վախը,//Հեռվում թողած կարոտիդ ցավը,//Վիրավորանքը», որ ակամա ծնում են ցանկություն՝ «Մեռնեի՝ չտեսնեի այս ամենը»: Բայց տառապագին այս զգացումները հաղթահարող պատասխան ունի բանաստեղծը, բոլոր ժամանակների հայ մարդու, այս դեպքում՝ արցախցուն բնորոշ պատասխանը. «Բայց, Արցա՛խս, ինչպե՞ս մեռնել՝//Քո ազատագրումը չտեսած,//Ապրե՜լ է պետք, ապրե՛լ//Քեզ վերադարձնելու համոզվածությամբ»: Գաղթի այս պատկերները և այս վերապրումները ես մյուս բանաստեղծների մոտ չտեսա:
Այն տասներկու բանաստեղծությունները, որ տեղ են գտել ԳԹ թիվ 17-ի էջում, շարք չեն, այլ՝ առանձին, վերնագրված բանաստեղծությունների մի փունջ՝ գրված առավելապես մեր դասական բանաստեղծության սկզբունքներով, ավելին՝ դասականների անթաքույց եղբայրակցությամբ: Ի տարբերություն մյուս հեղինակների՝ նա բոլոր բանաստեղծությունների տակ նշում է գրության ժամանակը (օր, ամիս, տարի) ու վայրը (Ստեփանակերտ, Լաչինի միջանցք, Մարտակերտ, Երևան, նույնիսկ թաղամասեր), որ հուշում է տարեգրություն (2021-2023, ետպատերազմյան տարիներ) և հայրենազրկված մարդու կարգավիճակ: Իրադարձություններից ծնունդ առած բանաստեղծական հղացումները պարզ խոհեր են «բյուր ցավի միջով անցած,//Արցախյան ոգով տոկուն//մարդկանց» ծանր վիճակի և, իհարկե, իր հավատի մասին: Մի դիտարկում, որ անում է հեղինակը «Տխուր իրողություն» բանաստեղծության մեջ, ես չտեսա մյուս բանաստեղծների արցախյան էջերում: Այն, որ կան որոշ մարդիկ, որ մտածում են, թե գուցե կարելի է ապրել թուրքի հետ համատեղ, քանի որ ազերիներն ասում են, թե արցախցիների նկատմամբ «եղբայրություն են տածում», «ուզում են, որ կրկին ապրենք միասին»: Բանաստեղծն այդ միամիտներին խորհուրդ է տալիս՝ չհավատալ թուրքին, քանի որ «նա ասում է մի բան, անում մի այլ բան»: «Նա ուզում է տանտեր դառնալ իմ տանը,//Իսկ ես ծառա լինեմ նրա դռանը»:
Մի այլ դիտարկման մեջ, գրառված Արցախի շրջափակման 32-րդ օրը, բանաստեղծը, ասես հուսալքված, որ ոչ մի տեղից Արցախին օգնության հասնող չկա, որ փուչ են բոլոր ճառերն ու ցավակցությունները, ու պարզ է, թե ով ով է, և նոր «ոչինչ այլևս չկա ասելու», բայցև ուզում է նորից ու նորից կրկնել «բոլոր բառերը չհասկացված», վերջին հույսով՝ «գուցե արթնանա հանկարծ//մարդը… մարդու մեջ»: Բայց դե՝ բանաստեղծ է, պարտավոր է լավատես լինել, ու ավարտում է խոսքը՝ «Ես դեռ հավատում եմ հրաշքներին»: «Դեռ»-ը մի քիչ թեական երանգ է հաղորդում հավատին (իսկ հրաշքներ ընդհանրապես լինո՞ւմ են), բայց ավելի խորիմաստ է հնչում բանաստեղծության վերնագիրը՝ «Մարդ կա՞ – գոնե մեկնումե՛կը», որ հուշում է Սարոյանի «Է՜յ, ո՞վ կա այդտեղ, գոնե մեկնումեկը» հայտնի պիեսի հանրահայտ ընդհանրացումը: Մարդը մարդու մեջ, իհարկե, դեռ կա, և օրինակները շատ են, հենց թեկուզ մեր այս օրերում: Շրջափակված արցախցիների կենսազուրկ գոյավիճակի մասին աշխարհի տարբեր վայրերից անկեղծ ու ցավակից շատ խոսքեր հնչեցին, նաև՝ արդարամիտ դատապարտումներ ու պահանջներ՝ ընդդեմ ալիևյան ստոր բարբարոսության: Ի դեպ՝ այդպես է եղել նաև հարյուր և ավելի տարի առաջ, ջարդերի ու Մեծ եղեռնի տարիներին: Բայց ինչպես այն ժամանակ, այժմ էլ այդ ցավակից ու արդարամիտ մարդիկ չէին ու չեն, որ կարող էին կայացնել թուրքի ձեռքը բռնելու, ցեղասպանությունը կանխելու վճիռը, այլ մեծ տերությունների իշխող տերերը, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր շահադետ են, դավադիր ու հրահրող, լավագույն դեպքում՝ պիղատոս և միշտ՝ կեղծավոր ու ստախոս: Նրա՛նց պետք է ուղղել Սարոյանի խորիմաստ խոսքը՝ «Է՜յ, ո՞վ կա այդտեղ, գոնե մեկնումեկը»: Ու չհավատալով՝ այնուամենայնիվ հուսալ, թե պիտի որ լինի այդ գոնե մեկնումեկը:
Նախորդիվ դիտարկված բանաստեղծական հոգեվիճակներն ու մտորումները՝ հետպատերազմական օրերի տարեգրային հիշատակումներով, տեսնում ենք նաև այս հավաքածուի այլ էջերում, շարքերով ու առանձին բանաստեղծությունների մեջ՝ երբեմն իրար կրկնելով, երբեմն պատկերային յուրովի դրսևորումներով, որոնց մեջ ընդհանրականը ցավի, կարոտի, խռովքի ու պահանջի դրսևորումներն են (թիվ 27, 28, 38 և այլ էջեր): Ու ևս մի զգացում, որ Արցախ – Հայաստան հոգեկցության ու միասնության լուռ կամ ձայնիվ հավաստիացումն է. «Արցախը խոցված իմ սիրտն է վիրավոր» տողով է սկսվում բանաստեղծությունը և ավարտվում «Արցախը ես եմ» տողով: Եվ վերնագիրն է՝ «Արցախն իմ սրտում Արցախը ես եմ» (թիվ 27):
Արցախյան թեմայի արձագանքը թերևս շրջանակեմ թիվ 6 էջի մի քանի բանաստեղծությունների դիտարկումով, որոնց մեջ հեղինակի խոհերը միայն պատերազմի ու կորուստների շրջանակում են: Ասես տրտմության սաղմոսներ են, ցավի ու մորմոքի մեղեդիներ, որ հնչեցնում է բանաստեղծը՝ ի ներկայություն Տիրոջ, որին հենց սկզբնապես ձոներգում է՝ «Փառաբանություն Տիրոջ» ընծայականով, հետո տրտունջ-բողոքներ հղում («Բայց ինչո՞ւ փակեց//Իր դռներն Աստված,//Որ տղերքն ընկան հողոտ-արնաթաց,//Արնաներկելով Շեմը երկնքի»), նաև՝ «Աչքերիդ մեջ ո՞նց նայեմ, Տե՛ր,//Որ հայացքս չփախցնեմ»): Նաև՝ ի ներկայություն ընկածների ու ապրողների, որոնց նվիրում է իր տրտմության ու բողոքի մեղեդիները («Արցախյան պատերազմում անհետ կորած ու զոհված տղաներին», «Պատերազմի որդեկորույս մայրերին ու հայրերին՝ քույրերիս, եղբայրներիս»)՝ առանց Արցախի շեշտադրման, որովհետև այն մեր պատերազմն էր, մեր ու Արցախի, մե՛ր Արցախի փրկության համար մե՛ր պատերազմը: Ընկերոջը նվիրված «Դեպի ուրբաթ» բանաստեղծության մեջ, որ մեր այսօրվա տագնապների խորհուրդն ունի տողատակում, հեղինակը ասում է. «Ահա իջեցրել են մեզ Արցախի՝ այդ սև Խաչի//Թևերից բե՛կ,//Որոնց տակ դեռ նույն կրակն է ատրուշանի,//Որի վրա դու այրվում ու վառվում էիր, ու ես՝ մխում…»:
Անորոշ ապագայի, սպասվող արհավիրքների տագնապներ էլ կան՝ խորհրդանշային պատկերներով, որ խորհելու շերտեր են թաքցնում, մտորումներ հուշում. «Էլի ձնում է. մտքինը ի՞նչ է,//Ուզածը ի՞նչ է՝ մա՞հ, թե՞ ծնունդ,//Էսքան լաց ու կոծ, կականը քի՞չ է…», «Մտքինն էն է, որ պատան հագցնի// Տղերքին՝ պառկած կռվի դաշտում… Մտքինն՝ էս հողին պատան հագցնի//Ու մայրերին՝ սև, անարև սև՛…» («Էլի ձնում է»): «Նույն կրակին, նո՛ւյն կրակին//Հո՛ւյսն է քո այդ վառվում, իմը՝ մխում,//Ու դեռ հեռո՜ւ է կիրակին,// Ու դեռ դեպի ուրբա՛թ են մեզ մղում…» («Դեպի ուրբաթ»):
Սա արդեն անցումն է հայաստանյան ընդհանրական տագնապներին, որ, բնականաբար, դրսևորում են գտել մեր այս հավաքածուի ուրիշ շատ հեղինակների բանաստեղծություններում (թեև, կարծում եմ, ոչ այնպիսի ընդգրկումով, ինչպես արցախյան թեման), արձագանք են գտել հուզումի, տրտունջի, բողոքի, հեգնանքի և՛ պարզ ու բաց տեքստերով, և՛ բանաստեղծական պատկերի կամ խոհի տողատակ հուշումներով:
Ահա մի շարք (թիվ 33), որտեղ բանաստեղծի խոհերի շրջանակում մեր ներկան է՝ առավելապես անորոշության, անտարբերության, ընկճախտի, տագնապի ցավալի ու այպանելի բնութագրիչներով: Եվ սա միայն զուտ անձնական ապրում չէ, այլ՝ վերապրում շրջապատի, որ հուշում է բանաստեղծը շարքի հենց առաջին տողերում. «Մի՛ շարժվեք, ես ձեր միջով եմ անցնելու,//զգալու եմ ձեր ցավերն ու ջերմությունը,//ձեր հոգսերի դիմադրությունը, …ագահության ճնշումը, …ձանձրույթի բորբոսը, …համբերության ծառը»: Եվ տագնապից ծնվում է ցավագին եզրակացությունը՝ «…այսպես գուցե հնարավոր է ապրել,//սակայն անհավանական է թվում տեղ հասնելը…»: Որովհետև (մեկ այլ բանաստեղծության մեջ)՝ «Ահա երկիրը,//Որտեղ կորցրել են ապրելու նշանակությունը,//անտարբերության կեղտաջրերը հոսում են ուր պատահի,//այստեղ զգույշ պիտի քայլել,//կեղտաջրերը կարող են//հեղեղել ամեն պահի…//Այստեղով պատերազմի ուրվականն է անցել,//սիրո նոտաներին ներարկել//ընկճախտի դժգույն հնչյուններ,//երաժշտություն չկա,//փոխարենը խռմփոցն է մահի՝//արյունոտ ոտնահետքերը//անորոշության մարմնի վրա…»: Սա հուսալքություն չէ, սա անորոշության, անտարբերության, հուսալքության, ընկճախտի մերժումն է, բանաստեղծի անհաշտությունը, բողոքը, որովհետև ակամա մտածում է, թե ցավը որպես մեխ «ժանգոտում է մարմնի մեջ», «ամրացնում է մահը կյանքին», երբեմն «թվում է՝ երկիրս կործանվում է», «Այլևս հետաքրքիր չէ ապրելը», «չես ուզում և խոսք չունես ասելու» և ամենակարևորը՝ «տագնապը խժռում է սիրտդ,//տագնապը՝ հայրենիք կորցնելու»: Իսկ խոստացվող խաղաղությունը իրապես միրաժ է, չկա: Իրոնիկ պատկերում, որ տեսնում է բանաստեղծը, աշխարհի ճակատագիրը որոշողների հավաքին, ուր վճիռներ են կայացվելու, հավաքվել են բոլորը, բացի մեկից: «Ահաբեկիչների աթոռները զբաղված էին», նաև աթոռները՝ սադրիչների, մարդասպանների, պատերազմողների, ատելության քուրմերի…, միայն «խաղաղության աթոռը շարունակում էր ազատ մնալ»: «-Սկսեք, ինչ որ սկսելու եք,- հորդորեց ծաղրածուն,- անիմաստ է սպասելը ինչ չկա,//խաղաղություն չի եղել ու չի լինելու,//խաղաղությունը միրաժ է, միրաժ էլ կմնա,//միրաժի ինչի՞ն է աթոռը…»:
Մեր ժամանակի անմիջական հուշումներով ծնված խոհերի, հուզապրումների մի քանի օրինակներ էլ բերենք՝ առանց մեկնության՝ ապավինելով ընթերցողի մտածումին ու երևակայությանը: «Հառաչում է դարձյալ լուսաբացը,//Մի չարագույժ դող կա նրա սրտում,//Տարակույսը դարձյալ նստակյաց է,//Ցավը վաղուց մաշկի տակ է անցել…» (թիվ 16): «Բարձրացել Հայրենիքի տանիքը՝//Պահմտոցի էինք խաղում…//Մի օր էլ սայթաքեցինք,//գլորվեցինք ցած://Բարձր էր տանիքն Հայրենիքի – //Մենք դեռ գլորվում ենք» (թիվ 16):
«Ի՜նչ շնորհ//և ինչ ձիրք,//և էլ ինչ արժանիք,//երբ ժանիքն է դառնում տիրակալ,//ի՜նչ գանգատ,//ի՜նչ բողոք,//և էլ ի՜նչ գթություն,//երբ պսակ է դրվում կառափին խուժանի,// երբ ճոճվող աթոռին//բազմում է բթությունն//անողոք,//և էլ ինչ ազգային ընտանիք,//երբ տանիքն է վճռում ամեն ինչ,//երբ կախված է գլխիդ//սարսափը զնդանի,//երբ գայլը դառնում է ընտանի,//և շունը,//քո ոտքերը լիզող քո շունը՝//վայրենի…//Օ, դժվար, իմ դժվա՜ր Հայրենիք…» («Իմ դժվար Հայրենիք») (թիվ 11):
Եվ կարճառոտ, աֆորիստիկ, իրենց տեսակով մյուսների բանաստեղծություններից տարբեր, պատճառահետևանքային կապերի այս չափաբերված սրամիտ դիտարկումները (թիվ 8), հումորով, բայց լրջմիտ, խորհելու տեղիք են տալիս կյանքի մասին, նաև՝ մերօրյա: «Կուտակվե՜լ են//մեծ քանակի ստեր -//շնչել չի լինում,//թողեք ասվեն, թեթևանանք» («Ներկա իրավիճակը»): «Օ՜, այդ ճանճերն էին՝//մեկ, երկու, երեք… մի խոսքով՝ հազար,//որ Նազարին դարձրին Քաջ Նազար» («Քաջ Նազարի ճանճերը»): «Ներիր ինձ, ձո՛ւկ,- ասաց խայծը,-//ինձ համար չեմ բռնում քեզ» («Խայծը»): «Բոլորս, բոլորս ենք//մասնակցում այս կյանքին,//հանցավոր հանեն այն՝//բոլորիս են դատելու» («Այս կյանքը»):
Իսկ թիվ 29-ում հեղինակը արձանագրում է իրողություններ, որ այսօվա մեր կյանքն են՝ «դատարկություն, դատարկություն ու թախիծ», «փուչ խոստումներ, դատարկ բակեր ու տներ», երկրից հեռացող մարդիկ, որ «հույս չունեն, թե վերից//Ինչ-որ մեկը իրենց ցավը կհոգա», որ «Արտագաղթը նաև քո դուռն է թակում» («Դատարկություն…»): Մեղավորներ է գտնում դրսում ու ներսում, և կարծես թե գտնում է. «Ո՛չ հյուսիսն է մի բան, ո՛չ արևմուտքը,//Երկու կողմն էլ կարծես ապրելս չեն ուզում,//Հյուսիսից դաղում է ինձ ցրտաշունչ բուքը,//Արևմուտքից կյանքս վիրուսներ են խուժում»: «Ստիպում են դառնալ հլու մի հպատակ», մեկը իրեն դաշնակից է համարում, մյուսը՝ ջատագով մարդու իրավունքների, բայց երկուսն էլ իրապես մեզ «ոտնատակ են անում»: Եվ ամենակարևորը՝ բանաստեղծը գտնում է գլխավոր մեղավորին՝ իրե՛ն. «Մեղավորը ես եմ, որ անխոհեմ եղա՝//Սուր կռելու տեղակ ես ջանքերն իմ բազում// Վատնեցի քսակս կուռք սարքելու վրա»: Եվ ի վերջո «անհուսորեն մենակ» մնացած՝ նա, իր դառը փորձի հուշումով, գտնում է ելքը. «Ձեռ քաշել հյուսիսից, արևմուտքից խառնակ // Եվ իմ գլխի ճարը ինքս ինձնով տեսնել» («Դառնամ նորից ասեմ»): Իրոք որ՝ նորից, քանի որ մամուլում շատ է խոսվել այդ մասին ու հենց այդպես: Պարզապես բանաստեղծը մենքը ես է դարձնում, միտքը՝ չափածո, որպես անձնապրում, մեղքի հանձնառում, բայց թե հայտնի է՝ ես ասելով, նա հուշում է՝ մենք: Իրականության մի այլ պատկեր նրա գրչի տակ առավել բանաստեղծական հունչ է ստացել: «Գլորվում է կծիկը խոսքի՝//Գիլ-գլոր, գիլ-գլոր վերից վար,//Ճառում են, բարբաջում են էլի//Դեմքերն այս և՛ ծանոթ, և՛ օտար://Չգիտեն թե ի՜նչ են կորցրել,//Չգիտեն, թե ի՜նչ են ման գալիս,//Դանակը ոսկորին է հասել,//Իսկ իրենք լեզվին են զոռ տալիս»: Ասում է՝ «Հո լեզվով երկիր չես կառուցի», «Հոգսերի տարափ է ներքևում,//Իսկ վերում լեզվախաղ է, ծնծղա,//Կծիկի ծայրը չի երևում,//Դե եկ ու, հավա՛տ իմ, մի՛ ոռնա» («Գլորվում է կծիկը խոսքի»):
Իսկ թիվ 20 էջում տեղ գտած «Կոնտրապունկտ» վերնագրով բանաստեղծության հեղինակի տրտունջի, բողոքի ու մերժումի թիրախը «ստախոսության ամենակեր սարդաթելերի ցանցի», «ազատական խոսքի» անտեսման ու լլկանքի, բարձրաթռիչ արվեստը «գետնաքարշ տանողների» իրողությունն է. «Ազատական խոսքը//Թանկ նստեց քո վրա,- դու հա՛ կլանչի,-//Քեզ չեն արձագանքի…//Ժամանակը քանզի//Քեզ թողնում է խոսես, ինչքան սիրտդ ուզի,//Ապա՝ բացում է խաբսերի կոյուղին,//Ուր ՄԵԾԱՍՔԱՆՉ բառը դիպչում է մեզին…»: Բայց այս պայմաններին հակընդդեմ՝ նա գտնում է, որ ճշմարիտ բանաստեղծը, «թեկուզ չարչարանքով սիզիփոսյան», «Քերթության իր տունը» պիտի «շինի» «հանուն սերնդի՝ որդոց որդի» և մշտապես պիտի «հավատա՜, հուսա՜ և գալստյա՜նը» տա:
Մեր այսօրեական կյանքի դիտումների ու տագնապների թելադրանքով է արդի հայ այս բանաստեղծը (թիվ 25-26) վերցնում «հողաչափի փայտե հին գործիքը», որ քայլելով անմիջաբար տեսնի ու չափագրի իր հին ու նոր հայրենիքը, լքված գյուղերն ու ականապատ դաշտերը, «գնդակոծվող շենքերի տարածքները», «սարերի գագաթները տանող արահետների երկարությունը», անդունդների խորությունը՝ մեր համբերությանն ու համառությանը համահավասար»: Բանաստեղծը նաև իր այդ չափագրած հայրենիքի համար Տիրոջը խնդրանք ունի. «Հա՛յր մեր…//Իջիր քո արարած եդեմական երկիրը՝//Արարատի լանջերից մինչև Մռավա լեռնածփանք», գիշերները «անսասանելի հույսով» ու «արշալույսները խաղաղությամբ» բացելու («Հայր մեր»): Արարատ ու Մռավ (իմա՝ Արցախ) անունների հիշատակությունը մերօրյա ուրացությունների հուշումներ են տալիս:
Հեգնանքի, սատիրայի թե սարկազմի բացահայտ հնչերանգով, գրեթե արձակ շարադրանքով՝ երկու հեղինակի մեկական բանաստեղծություն տեղ են գտել կողք կողքի (թիվ 32): Ընդհանրական՝ հայոց շարունակական սխալների մասին խոհեր են: «Ազգափրկիչ – մարդափրկիչ – Հայակործան» է վերնագրված առաջինը: Պարզ, կրկնվող թվարկումներ են՝ առանձին բառերի փոփոխությամբ. «Իր մարդկային արժեքների համար Արևմուտքը հայոց հողում//Ռուսաստանի դեմ կռվում է մինչև վերջին հայը://Իր ազգափրկիչ արժեքների համար Ռուսաստանը հայոց հողում//Արևմուտքի դեմ կռվում է մինչև վերջին հայը»: Այդպես, նույն հողում իրենց գաղափարի հաղթանակի համար արևմտամետ ու ռուսամետ հայերն են կռվում իրար դեմ՝ մինչև վերջին հայը: «Այսպես է եղել՝ Դեր Զորից Բերձոր://Եվ հայի դարավոր թշնամին կռվում է Արևմուտքի, Ռուսաստանի» ու հենց «հայերի հետ ձեռք ձեռքի՝ մինչև վերջին հայը»: «Իսկ պատմության հայալեզու դասագրքերը քամելեոնի պես փոխում են իրենց գույնը»: Մինչև ո՞ւր, մինչև ե՞րբ: Հոռետեսություն չէ, ցավատանջ ու հեգնալից զգուշացում է. «Ջնջվում են իրար հանդեպ ատելությամբ լցված… չգիտեմ ինչամետ բոլո՛ր հայերը://Մնում են թրքա… Չէ՛, ո՛չ թե -մետ, այլ թրքացած… Չէ՛ , հայերը չէ՛…»:
Նույն էջի մյուս հեղինակը իր բանաստեղծության մեջ, որ անվերնագիր է, պարզ ընդարձակ նախադասություններով թվարկում է պատերազմում մեր պարտության «բնագավառները»՝ չբացատրելով, բայց հուշելով, թե հաղթանակը կամ պարտությունը միայն մարտի դաշտով չէ պայմանավորված, այլ՝ բազում այլ հանգամանքներով, որ նախորդում են պատերազմին ու նաև ընթացքում՝ տնտեսությունը, բանակաշինությունը, գեներալն ու զինտեխնիկան, դիվանագիտությունը, դաշնակիցների ընտրությունը, մեդիան, քաղաքական վերնախավը, հավաքականությունը և այլն, մամուլում բազմիցս բարձրաձայնված հանգամանքներ, որ այստեղ՝ բանաստեղծության մեջ, ասվում են առանց մեկնության, պոեզիային բնորոշ նրբերանգով, որ ընթերցողին մղում են յուրովի ընկալել այն: Այսպես՝ «մեր լեղապատառ թալանը պարտվեց նրանց համակարգված թալանին», «մեր անհեռանկար միտքը պարտվեց նրանց հաշվենկատ մտքին», «մեր հող երկիր սիրելը պարտվեց նրանց հողասիրությանը» «մեր չեղած դեմոկրատիան պարտվեց նրանց ավտորիտար ռեժիմին»: Եվ վերջնատողը՝ «միայն մեր զինվորը չպարտվեց նրանց զինվորին»: Ինչո՞ւ, ինչպե՞ս… Բանաստեղծը պարտավոր չէ բացատրել, նա մեզ խորհելու հրավեր է հղում, և դա է ճշմարիտ բանաստեղծությունը:
«Արդի հայ բանաստեղծություն» խորագրով մեր այս «հավաքածուի» էջերում տեղ գտած մոտիվային այլ թեմաների՝ հայրենիքի, հողի, բնության, մարդկային ներանձնական, անհատական ապրումների բանաստեղծական հղացումներում, որ բնականաբար ավելի մեծ տեղ են զբաղեցնում, երբեմն նույնպես ճանաչելի է հայաշխարհը, hայը՝ իր ոչ միայն ընդհանրական, այլև այսօրեական մտահոգություններով (թիվ 1, 2, 10, 23 և այլն):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։