Լևոն Բլբուլյանը նման չէ այն շռնդալից պոետներին, որոնք ավելի շատ թմբկահարում են իրենց, քան բանաստեղծության արժեքը: Նա լուռ ու հանգիստ գնում է իր պոեզիայի ետևից, կատարելով ի վերուստ տրվածի հրամայականը՝ սրբագրելով ու գեղեցկացնելով այն աշխարհը, որն իրենն է համարում: Բարությունը ամենքին է տրված, սակայն վայրիվերո փորձությունների մեջ ոչ բոլորն են կարողանում այն անաղարտ պահել: Բլբուլյանի բանաստեղծություններում, հրապարակագրություններում, հարցազրույցներում ու թարգմանություններում խոսքի ակունքի տերը Լևոնի անդավաճան ժպիտն է: Այսօր անդրադառնալու եմ նրա հերթական գրքին, որտեղ ամփոփված են հեղինակի աշխատանքային տարիների կարևոր անձինք և իրադարձությունները, հարցազրույցներն ու կարծիքները, որտեղ միշտ նույն հարթակի վրա կարելի է գտնել գրողի քաղաքացիության պատասխանատվությունը իր ընթերցողի առաջ: Գրի հանդեպ հայ ժողովրդի սերը գիտակցական է, որի բազմաթիվ վկայություններից առավելագույնները մեր աշխարհաճանաչ Մատենադարանն է և Վենետիկի Մխիթարյան Միաբանության հարուստ գրադարանը: Բոլոր ժամանակները պարտադրաբար ձեռնադրել են իրենց քերթողներին, որոնց վստահվել է ապրելու մշակույթը որպես ազգային ժառանգություն սերունդներին փոխանցելու խնդիրը: Այդ կապը չկտրվելու համար, ազգի յուրաքանչյուր գրող պարտք ունի այդ մասունքները փոխանցելու՝ հաջորդիվ շարունակվելու հավատով: Սա է մեր ազգային դիմադրության այն հզոր ուժը, որը մեզ հասցրել է 21-րդ դար: Հենց այս կարևոր խնդրի գիտակցումն է, որ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանին, որն ի մի բերելով կեսդարյա ստեղծագործական աշխատանքի իր հանդիպումներն ու հարցազրույցները, այն համախմբել է մեկ ծավալուն «Խոսք ու զրույց» գրքով, որը և ընթերցելուց հետո, որոշեցի արձագանքել՝ բանաստեղծ գրչընկերոջս դեմքին իր մշտաշող ժպիտը պահպանելու ակնկալիքով: Այո՛, նույնիսկ այդպես, որովհետև 90-ականներից հետո, հատուկ թե անխոհեմաբար, գրողն ու գիրքը արժեզրկվեցին, փակվեցին բազմաթիվ գրադարաններ, գրքերը փռվեցին մայթերին, իսկ անձնական գրադարանները վաճառվեցին որպես թղթի հումք…
Գիրքը սրբություն է գրողի համար, և լինելով գրչի զինվոր, Լևոն Բլբուլյանը ծաղկաքաղ է արել իր ժամանակի ոսկե փաղանգից, նրանց հաստատուն իմաստնության միջոցով երկրի սերը փոխանցելու սերունդներին, այն խորին հավատով, որ վաղ թե ուշ այս սմարտֆոնները կձանձրացնեն նոր սերնդին, հրաժարվելով նրանց «ուղեղները լվանալու» պատասխանատվությունից… Բլբուլյանի ապրած տարիների բերքահավաքի մասնակիցները արդարության բանախոսներ են, տաղանդավոր անհատականություններ, որոնք նաև իմ ժամանակակիցներն են եղել, և, ցավոք, նրանցից շատերը մեր կողքին չեն: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյան, հոգեբանական գիտությունների դոկտոր, ֆրանսահայ Հիլդա Գալֆայան, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյան, Մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան, բանաստեղծ Հրաչյա Սարուխան և բազում շնորհալիներ իրենց պատվավոր տեղն են գտել գրքում: Ահա թե ինչ է պատասխանել հեղինակին սիրված գրողը՝ Պերճ Զեյթունցյանը. «Իմ տարիքը թույլ է տալիս ինձ ասելու, որ երբ նժարին եմ դնում իմ արածներն ու չարածները, զգում եմ, որ գրականության համար չարածներն ավելի շատ են…»: Թվում է, թե Հայաստանի մշակույթի նախկին նախարարը, բազմաթիվ պատմական, դրամատիկական գործերի հեղինակը, սիրված գրողն ու արժանավոր քաղաքացին, տասնյակ պարգևների արժանացած գրողը նման համեստությամբ կարող էր չխոսել, բայց գրականությունը ազգի հարստությունն է, և այդքան մեծ վաստակից հետո էլ, նա դեռ քիչ է համարում իր արած գործերը: Համեստությունը օրինավոր բարքի իմաստն է, նաև՝ գրողի և քաղաքացու կոչումը, ինչից խուսափում են այսօր շատերը, համարելով, որ մի երկու գիրք գրելով արդեն կատարել են իրենց «միսիան»: «Խոսք ու զրույց» գրքում կհանդիպեք Արցախի տառապյալ բանաստեղծին՝ Բոգդան Ջանյանին, ով վեց տարի, որպես Արցախի ազատագրության համար պայքարող բանաստեղծ, ճգնել է փշալարերի ետևում, ազատագրվելուց հետո տեղափոխվել է Հայաստան և երազել Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին: Թե ինչեր եղան իր մահից հետո… Ավա՜ղ, մահեր կան, որ փրկում են մարդկանց ծանր տառապանքներից:
Պատմաբան, հուշարձանագետ Արգամ Այվազյանը խորին ցավով անդրադառնում է հայկական հուշարձանների ոչնչացման, այլ ազգերի կողմից առևանգման, մոռացության ենթարկվելու վտանգին. անհրաժեշտ է ազգովի այդ չարագործության դեմն առնել… Այստեղ պետք է ասեմ՝ լույս իջնի գերեզմանիդ, հուշարձանագետ Սամվել Կարապետյան, ափսոս, հազար ափսոս, չհասցրեցիր թվագրել աշխարհով մեկ սփռված հայկական հուշարձանները: Չգիտեմ՝ պատահակա՞ն, թե՞ պարտադրաբար են ազգային մտածողները վաղաժամ հեռանում կյանքից, հույս ունենանք, որ պեղողները երևի մի օր կբացահայտեն… Այվազյանը հայ հասարակության ուշադրությունն է հրավիրում ազգի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին: Մեր աչքերի առաջ ադրբեջանցիները ոչ միայն առևանգում են մեր հուշարձաններն ու ոչնչացնում հայկական հետքերը իրենց բռնագրաված տարածքներից, այլև սկսել են հայոց խաչքարերը դարձնել իրենց կենսագրության մաս, «ադրբեջանական մշակույթ»: Եվ այս ամենը մեր անպատասխանատվության ու անհեռատեսության, ազգային մտածողությունից հեռու լինելու արդյունքում: Այստեղ տեղին է մեջ բերել նաև Լևոն Բլբուլյանի հետ արված հարցազրուցներից մեկում լրագրողին տրված նրա պատասխանը. «Նրանք, ովքեր ուղղորդում են մշակութային կյանքը, ովքեր հուշում են առաջնահերթություններ, պոեզիա չունեն իրենց հոգում»: Միանգամայն ճշմարտություն է: Այս և հասարակությանն ու ազգին մտահոգող շատ հարցեր են ընդգրկված գրքում, որտեղ պատասխանների տողատակերում կարելի է պեղել ցանկացած հարցի պատասխան, որոնողն է գտնում անշուշտ: Գիրքը բաղկացած է հինգ բաժնից՝ Հին ու նոր հանդիպումներ, Օրվա թեմաներով, Ժպիտներ հեռու ու մոտ, Գրական բարեկամություն, Ինձ մոտենալով ու հեռանալով, Հոգևոր կամուրջներ, որոնք ընթերցողին անցկացնում են երկու ժամանակի միջով՝ ապագան ավելի տեսանելի դարձնելու հասունությամբ: Այս գիրքը գեղարվեստական գրականություն չէ, երաժշտության նուրբ հնչյուններով օծված իր պոեզիան չէ, ի դեպ՝ հարյուրավոր երգեր կան Լևոն Բլբուլյանի տողերով գրված, բացառիկ է, երգը քնքշություն է սիրում… «Խոսք ու զրույց» ժողովածուն գրողի շարունակվող կյանքն է, նրա անմար հիշողությունները, հասունությունը, մարդկանց հանդեպ ունեցած անշահախնդիր սերը, այստեղ բանաստեղծ քաղաքացին է՝ իր գնահատված վաստակով: Շնորհավորում եմ նոր գրքի ծնունդը, ամեն գիրք իր ընթերցողն ունի, ամեն գրող՝ իր համակիրները, ազգն էներգիա է ստանում խոսքի ուժից, իսկ գրողը՝ ազգից, երկուսի Հայրենիքը մեկն է՝ Հայաստանը, ամեն ինչ պետք է անել, որ նա զորեղ մնա… Թեկուզ բանաստեղծական մեկ տողով:
Գրքերը կենդանի հուշարձաններ են դառնում, եթե նրանց խորքում արթուն է ժամանակի հզոր մտածողների միտքը: Լսելու և կարդալու կարողությունը հայն իրավունք չունի մոռանալու: