Մկրտիչ Սարգսյան գրողի, ազգային գործչի, իսկական քաղաքացու անցած՝ երբեմն ոչ դյուրին, ճանապարհի վերաբերյալ բացահայտումների, մանրակրկիտ տեղեկությունների լայն դաշտ է ընթերցողի առջև բացել բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս-լրագրող Հարություն Հովնաթանը: Նրա հեղինակած «Երանելի Մկրտիչ Սարգսյանըե գիրքը, որը տպագրվել է հեղինակի 80-ամյակի առիթով, ունի իր նպատակային ճշգրիտ ու անվրեպ նշանակետը՝ Մկրտիչ Սարգսյան գրողի, քաղաքացու, զինվորի, հայրենասեր մարդու գործունեությունը բնորոշող գնահատումներով ու նոր գուներանգներով, ստեղծագործությունների գրականագիտական ընթերցումներով ստեղծել և ճանաչելի դարձնել գրողի իրական կերպարը: Հարություն Հովնաթանը զրույցների, երկխոսությունների, վկայությունների, էսսեների, ինքնատիպ վերլուծությունների միջոցով ամփոփել է Մկրտիչ Սարգսյան գրողի ոչ միայն ստեղծագործական դիմապատկերը, այլև մեր կողքին ապրող ու արարող մեծանուն մարդու անունը, ով հիմա հավերժի մեջ հայոց լուսավորյալների շարքում է:
Հարություն Հովնաթանի ժողովածուն նաև յուրատեսակ ամփոփագիրք է գրական-գեղարվեստական բարձրարժեք այն հունձքի, որն իր և Մկրտիչ Սարգսյանի զրույցներից է սկիզբ առել, որոնք հարուստ են հոգևոր աղերսներով, և որից տարիներ շարունակ Հարություն Հովնաթանը մեղվաջանորեն նեկտար է հավաքել: Մտերմիկ ու հարազատական ջերմ հանդիպումներ են ունեցել Հարություն Հովնաթան լրագրողը և անվանի գրողը: Երկուսն էլ սերվում են պատմական Էրզրումի ակունքներից և ծնունդով Ջավախք երկրաշխարհից են` միմյանց կապված գրական ու մարդկային ջերմ մտերմությամբ:
«Երանելի Մկրտիչ Սարգսյանըե գրքում Հովնաթանը ներկայացնում է գրողի իրական աշխարհը` պարզ, անապական, բարությամբ, սիրով ու մարդկայնությամբ լեցուն: Իր մեկնաբանություններից մեկում նա դիպուկ արձանագրել է. «Մկրտիչ Սարգսյանը մարդու մեջ մարդուն էր փնտրումե: Եվ իրավացի է, կյանքի ու հաղթանակի հավերժող հիմնը սարգսյանական մեկնաբանումով այն մանկան ճիչն է («Կյանքը կրակի տակե), որն այնքա՜ն ուժ, հավատ, խաղաղ ապագա և արժանապատիվ կյանք է խոստանում ու խորհրդանշում՝ նուրբ գեղարվեստական վրձնահարվածով, երբ «չգրվածն ավելի է գրվածիցե, կարծես անբառ հայացքով «հուշումե շատ բաներ. երկնային լո՜ւյս ընկածներին և հոգու խաղաղ հանգրվան…
Խորհրդանշական ու հայրենաշունչ են հեղինակի կերտած զինական մարդկանց կերպարները, հատկապես անմոռաց են Սերժանտ Կարոյի խոսքն ու կարոտը, «հողի մարդուե խոհաբանող միտքը, որ ի մի է բերում Հայրենիք-Զինվոր գաղափարաբանության ամբողջական նկարագիրը: Եվ հիրավի, Սերժանտ Կարոն ոչ միայն գրող Սարգսյանի հերոսն է, այլև իր մեջ ապրող ազգային ոգու արտահայտության հերոսական ու հավաքական կերպար, ով լցված է իր ազգի ուրախությամբ, հոգսերով, մարդկանց տառապանքով, ցեղասպանություն տեսածի ծով վշտով ու… անսահման բարությամբ:
Հարություն Հովնաթանը Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործական աշխարհայացքում նկատում է ժողովուրդների բարեկամության անկեղծ հավատավորին. հավատամքի վկայումն է Հայոսի և Քարթլոսի` երկու քրիստոնյա ժողովուրդների դարավոր եղբայրությունը: Ու, թերևս, ինչպես ինքն է ասում. «Աշխարհն իր ճամփով կընթանաե (Ավ. Իսահակյան), այնուհանդերձ, «Աստծո և պատմության կամքով` հայերին ու վրացիներին վիճակվել է ապրել կողք կողքի, միասին վաստակել հանապազօրյա հացը, պաշտել նույն Աստծուն, երկրպագել նույն սրբություններին: Ուրեմն խելոք ու հեռատես լինենք, մաքուր պահենք ու չպղտորենք եղբայրության զուլալ աղբյուրըե… Հարություն Հովնաթանի մեկնաբանությունները ևս այս ամփոփման առիթով հումանիստի հոգեբանությամբ առաջ են տանում մի լուսավոր միտք, այն է` հայի և վրացու մշտական եղբայրական կապի ամրապնդումը: Այս բարեկամության վառ դրսևորումներն են սայաթնովյան Վարդատոնի, Տերյանական, Մեծն Ջիվանու օրերի հանդիսությունները Թբիլիսիում, Գանձայում, Կարծախում, որոնք իսկական տոնահանդեսներ են՝ ի նպաստ երկու ժողովուրդների առավել մերձեցման… Եվ ճիշտ է նկատել Հարություն Հովնաթանը. «Մկրտիչ Սարգսյանը լինելով ծնունդով ջավախքցի, որպես սրբություն դիտելով Ջավախքը, և որպես ազգի նվիրյալ զավակ, իր յուրահատուկ սերն ու հարգանքն ուներ հայ-վրացական հարաբերությունների հանդեպե: Նա միշտ երախտիքով էր խոսում հայ և վրաց հայտնի գրողների, մտավորականների միջև մերձ կապերի մասին, որոնք երկու ժողովուրդների կյանքում հավերժ մնացին որպես մեծ երախտավորների մեծ բարեկամության օրինակներ. Թումանյան, Գրիշաշվիլի, Գամսախուրդիա, Դեմիրճյան, Իսահակյան, Դումբաձե, Նոնեշվիլի, Փոցխիշվիլի, Հովհ. Շիրազ, Մկրտիչ Սարգսյան, Կապուտիկյան… գրողներ, որոնք երկար տարիների ջերմ ու հարազատական հանդիպումներով հաստատուն կամրջակապ էին հանդիսանում հայ-վրացական գրականության, մշակույթի, ազգային, ինչու չէ, նաև պետական քաղաքականության հիմնախնդիրներում:
«Մկրտիչ Սարգսյանի գրական ու մարդկային այս շնորհները բնատուր են,- նկատում է Հարություն Հովնաթանը,- ի վերուստ փոխանցված իր նախնիներից ու ծննդավայրից: Նա ուներ պետական մտածողություն, ազգային շահերից ելնելով` ծառայում էր պետությանը, բայց ոչ երբեք` պետական այս կամ այն գործչին…ե: Այո՛, Մկրտիչ Սարգսյանն ազնիվ, ուղղախոհ մտավորական էր, պետականամետ էր, ում գործն ու խոսքը ներդաշնակ էին ու զորեղ, միտքը` առինքնող: Նրա արդար կռիվը անբարո բարքերով ապրող ապազգային մարդու դեմ էր:
Իսկապես, երանի մեզ, որ ծանոթ էինք մեծանուն գրողին, կարդացել ենք նրա վաստականուն գրքերը, նրա աստվածաշնորհ գրչի պտուղները, որոնք «հայրենասիրության գիտություննե են ուսուցանում երիտասարդ սերնդին: Այն հոգու թելադրանք է, որ Մկրտիչ Սարգսյանը հանձնում է ընթերցողին, հատկապես այս անհանգիստ ու պատերազմող դարում… Հարություն Հովնաթանի հետ զրույցներից մեկում նա ասում է. «Գրողի պարտքն է լինել խաղաղության պաշտպանների շարքումե:
Մկրտիչ Սարգսյանի խորհրդածության մեջ կան բազում իմաստուն խրատական խոհեր: «Երբեք չի կարելի նիրհել դափնիների վրաե,- ասում է նա: Արվեստի իսկական մշակը պետք է մշտապես կատարելագործի իր հոգու «արտադրանքըե: Գրողը ժողովրդի խոսքն է հնչեցնում. «Չաշխատող խոփն է ժանգոտում կամ` խոփը փայլում է աշխատանքի մեջ: Ուրեմն նման պարգևը (նկատի ուներ «Ժողովուրդների բարեկամությունե շքանշանը՝ Լ.Թ.) կրելու համար հարկավոր է ավելի ամուր ուսեր ունենալ, նաև բարոյական մեծ պատասխանատվություն, որ կյանքը դնում է ստեղծագործողի վրաե: Այս խոսքը Մկրտիչ Սարգսյանն ասել է իր 60-ամյակի օրերին` 1984 թ.:
Հարություն Հովնաթանն իր հարցազրույցներում խորաթափանցորեն մեկնաբանում է «գրող և ժամանակե փոխկապակցության, հայրենասիրության, ազատության գաղափարների, պատերազմական, հայրենասիրական թեմաների, հայրենիքը լքելու, այլևայլ հարցերի կարևորությունը գրողի աշխարհայացքում: Հատկանշական է. «Ո՞րն է Ձեր գլխավոր թեմանե հարցադրմանը գրողը հակիրճ պատասխանել է` «Հայրենասիրությունըե:
Մկրտիչ Սարգսյանը հայրենի հողը թողնող, գնացողների մասին ցավով ու ափսոսանքով գրել է. «Հողը խռով է մնացել, հողը ինքնին հայրենիք չէ, հողը մարդկանցով է հայրենիք դառնումե:
Մկրտիչ Սարգսյանը արցախյան պատերազմի ծանր օրերին գրել է. «Անկախության արժեքն անգին է,- և ավելացրել է,- ազատության համար հայ մարդը թանկ է վճարում՝ իր հերոսների արյան գինըե: Սա գրողի ու ազգային գործչի գլխավոր դասերից մեկն է, որ հեղինակի կողմից գիտակցվում է որպես ճիշտ ապրելու և արարելու խրատ նորանկախական երկրի բնակիչներին: