Ապրիլի 13-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ գրողների միության համաժողով՝ ՀԳՄ շենքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկման նպատակով: Հայցադիմումի համաձայն՝ պատասխանող է ՀՀ կադաստրի կոմիտեն և երրորդ անձի կարգավիճակով՝ Հայաստանի գրողների միությունը:
Համաժողովին մասնակցում էին ՀԳՄ անդամներ, ՀԳՄ պատվավոր անդամներ, ՀԳՄ սփյուռքահայ և մարզային կառույցների անդամներ՝ համապատասխան գրավոր կարծիքներով։ ՀԳՄ 497 անդամից համաժողովին մասնակցում էր 305-ը։ Ներկա էին նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, նկարիչներ, արվեստագետներ։
Համաժողովից համաժողով ընկած ժամանակահատվածում կյանքից հեռացած ՀԳՄ անդամ գրողների, ինչպես նաև ապրիլի 12-ին Մեղրիում զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց համաժողովի օրակարգը՝ ՀԳՄ շենքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկում: Այդ հայցադիմումը, ըստ Էդ. Միլիտոնյանի, առայժմ վերաբերում է Գրողների և Նկարիչների միությունների շենքերին: Նա մանրամասնորեն ներկայացրեց քննարկվող հարցը, մասնավորապես՝ ըստ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեն 25 տարի առաջ հանիրավի որոշումներ է կայացրել՝ սեփականության իրավունք է շնորհել ստեղծագործական միություններին: Մինչդեռ ՀՀ կադաստրի կոմիտեն 1999 թ. մարտի 12-ին գրանցել է ՀԳՄ հասարակական կազմակերպության անշարժ գույքի սեփականության իրավունքը, որի համար գրանցման հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 21-ի թիվ 311 որոշումը: Այուհետև ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 2001 թ. օգոստոսի 9-ին կրկին կատարել է ՀԳՄ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցում՝ նույն հասցեով, նույն հողատարածքով: ՀԳՄ նախագահը նշեց, որ շենքն ի սկզբանե պատկանել է ՀԳՄ-ին, նրա կառուցմանն օժանդակել են դասական և ժամանակի գրողները՝ իրենց հոնորարներից գրական ֆոնդին, ըստ օրենքի, մասհանումներով։ Ամփոփելով խոսքը՝ նա առաջարկեց պահպանել սեփականաշնորհման իրավունքը և համաժողովով որոշել ՀԳՄ անշարժ գույքը վաճառքի հանելու արգելումը՝ այդ քայլով փարատելով այն մտայնությունը, որ ստեղծագործական միությունները հնարավոր է վաճառքի հանեն իրենց շենքերը։
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, նշելով, որ գրողները միշտ են թիրախավորված եղել, որպես փաստաբան՝ պաշտոնապես արձանագրեց, որ սեփականության իրավունքով շենքը պատկանել է գրողներին և օրենքով սահմանված կարգով պետք է պայքարել, որ այն մնա գրողներին: Ապա պատասխանեց գրողների հարցերին:
«Այսօր եկել է մեր ունեցածը անսպասելի ոտնձգություններից պաշտպանելու և պահպանելու մի նոր շրջան, և մենք ուղղակի պարտավոր ենք կրկին համոզել, որ մեր ունեցածը ոչ մեկին զիջելու մտադրություն չունենք և թույլ չենք տա ոտնահարել գրող մարդու իրավունքները»,- ասաց ՀԳՄ քարտուղար, Արցախի ԳՄ նախագահ Նորեկ Գասպարյանը: Ապա ներկայացրեց ԱՄՆ-ի Հայ գրողների և լրագրողների միության, Իրանահայ գրողների միության, կանադահայ բանաստեղծ Ալան Ուայթհորնի դիրքորոշումը ի աջակցություն ՀԳՄ-ի:
Խաչիկ Մանուկյանը, վստահեցնելով, որ մեր մշակութային միտքը միշտ ավելի բարձր է եղել, քան քաղաքական միտքը, ստեղծագործական միությունների օտարումը համարեց հայրենիքի, պետության կործանում: ՀԳՄ-ի շենքը ընդունելով որպես սրբավայր, հայոց լուսավոր տաճարներից մեկը՝ նա նշեց, որ այն հնարավորություն է տվել ազգային արժեքներ վեր հանել, մեր արմատից չպոկվել:
Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը շեշտեց, որ ՀԳՄ-ն երբեք, անգամ խորհրդային շրջանում, ընդգրկված չի եղել պետական կառույցների մեջ: Ուղղակի որպես կարևոր մշակութային օղակ, բացի սեփական միջոցներից, միշտ ստացել է պետական աջակցություն, իսկ սեփական միջոցները ստացվել են ԽՍՀՄ գրական ֆոնդից, որի միջոցները գոյանում էին նույն ԽՍՀՄ ողջ տարածքում տպագրված գրքերի ու գրական ամսագրերի գնանշված արժեքների որոշակի տոկոսից: Նա հավելեց, որ ՀԳՄ-ի ցուցումով Ծաղկաձորի ստեղծագործական տունը մեր երկրի համար անհրաժեշտ բոլոր իրավիճակներում աներկբա ու անշահախնդիր կանգնած է եղել պետության կողքին, ինչպես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տարհանված արցախցիներին օթևան տալն ու կորոնավիրուսի օրերին մեկուսացածներին ընդունելը:
Ելույթ ունեցան նաև Ազատ Եղիազարյանը, Դավիթ Մուրադյանը, Կիմ Գաբրիելյանը, Անդրանիկ Կարապետյանը, Մանվել Միկոյանը, Անահիտ Դանիելյանը, Արսեն Համբարյանը՝ իրենց մտահոգությունները հայտնելով՝ քննադատելով 25 տարվա լռությունից հետո ՀՀ դա տախազության նման հայցադիմումի հայտնվելը, և կոչ արեցին գրողներին, մտավորականությանը, արվեստասերներին տեր կանգնել իրենց իրավունքներին, քանզի այս ոչ հայանպաստ որոշումը ի վերջո կհանգեցնի մեր ազգային ինքնության խաթարմանը և արժեհամակարգի կորստին:
Համաժողովը միաձայն քվեարկեց ՀԳՄ գույքի սեփականության իրավունքի օգտին և առաջարկեց որոշումն ուղարկել գործում ընդգրկված համապատասխան մարմիններին։
Շաքե ԵՐԻՑՅԱՆ