1936-ի հրատարակված գրքույկի մի օրինակ տարիներ առաջ հպանցիկ տեսա Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության երևանյան գրասենյակում. քանիցս ընթերցված, մաշված, համարյա թերթերն իրարից պոկոտվելուն մոտ վիճակում էր, բայց, հավատացած եմ՝ անխնամ վերաբերմունքից չէ՛ր գրքի մաշվածությունը, այլ՝ ընթերցումների քանակից: Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» հուշագրությունն էր։ Նման գրքերն ինձ համար նշխարքներ են, և ահա այն լայն ընթերցողին մատուցելու ճիշտ պահն էր հասունացել: Փաստեմ, որ մի շնչով ընթերցվող գիրքը հիմա հայտնվել է մեր գրասեղաններին, և հուսամ՝ կդառնա դպրոցահասակ երեխաներից ու պատանիներից մինչև գրականության գիտակների ընթերցման առարկան: Քանի որ ամբողջության մեջ սույն գրքույկը պարունակում է ընդհանրական կերպարը մի մարդու, որ բնատուր շնորհն ուներ բանաստեղծելու, լիարժեք և ներդաշնակորեն ապրելու և երջանկությունը բանաձևելու, նայելու հոգու խորքերն ու ցավի արտահայտությունը հանճարեղորեն տալու: Քանի որ ընդգծված, ճշգրիտ, դիպուկ ձևակերպումներով բնորոշում է մարդուն, որ մանուկ էր կենցաղում, խոցելի՝ մարդկային հարաբերություններում, անկեղծ էր՝ աստվածային մաքրության աստիճանի, ահռելի չափերի հասնող հյուրասեր էր, գրասեր ու գրքասեր էր, սրամիտ էր ու անգերազանց՝ բանավոր խոսքում, որդիասեր էր և զգայուն հայր, պոռթկուն էր ու ներող, սիրված ու խորապես հարգված ոչ միայն հայության, այլև այլազգիների կողմից: Վարդգես Ահարոնյանը Թումանյանին ներկայացնում է որպես խաղաղասեր ու խաղաղաբեր անձի, որ իր կյանքին սպառնացող վտանգն անտեսելով՝ շրջել է Լոռվա գյուղերում հայ-թաթարական բախումների ժամանակ և գոնե իր ծննդավայրի բնակավայրերում կանխել արյունահեղությունը: Ինքը՝ Թումանյանը, ինչպես գրքի հեղինակն է գրում, խորապես համոզված էր, որ իր ջանքերի շնորհիվ են կանխվել բազում արյունահեղություններ… Բայց խեղճ չի՛ եղել ու խնդրող, այլ՝ համոզիչ՝ խոսքով, և հողի մեջ իր խրած ճերմակ ու կարմիր դրոշները խորհրդանշել են մեկ՝ իր խաղաղ մտադրությունը, և մյուս՝ իր խոսքը զանց առնելու դեպքում՝ անխուսափելի հետևանքները: Հավանաբար, պերճախոս է եղել բանաստեղծը ու նաև այնքան հարգված, որ ոչ միայն համոզել է, այլև ողջ վերադարձել իր վտանգավոր առաքելությունից:
Գրքի հեղինակը հռետորական հարցմամբ շարադրում է իր մտքերը սույնի վերաբերյալ. «Արդեօք Լոռիի շրջանի թաթարների տկարութի՞ւնն էր պատճառը, թէ Յովհ. Թումանեանի սպիտակ եւ կարմիր դրօշակները ու կէս խաղաղասէր, կէս սպառնագին ճառերը, որ Լոռիում խաղաղութիւնը չխանգարւեց: Յովհ. Թումանեանը համոզուած էր, որ իր ճառերը ապահովեցին իր հայրենի Լոռիի խաղաղութիւնը»: Հետո Թումանյանի կյանքի այդ դրվագը պիտի դառնար ցարական կառավարության կողմից իրեն անարդարացիորեն վերագրվող մեղադրականի մասը, ինչը շուտով ի դերև է լինում, քանզի ինչպես Վ. Ահարոնյանն է նկատել՝ «Թումանեանի դէմ բերուած ամբաստանութիւնները շինծու եւ անհիմն էին… Յովհ. Թումանեանը երբեք կապ չէր ունեցել հայ քաղաքական և յեղափոխական կազմակերպութիւնների հետ: Նրա կապը եղել էր հայ քաղաքական կուսակցութիւնների անդամների հետ միայն, և այն էլ գրական և հասարակական գործունէութեան ասպարէզներում, ինչ որ չէր կարող հիմք ծառայել նրան հակապետական գործունէութեան մեջ մեղադրելու»:
Հեղինակը նաև իրավացիորեն նկատում և վկայում է, որ «ժամանակակից հայ գրողների մէջ Յովհ. Թումանեանն է ամենից շատ հետաքրքրութիւն ստեղծել դէպի գրականութիւնը եւ նպաստել հայ գրականութեան ու հայ գրողի ժողովրդականացմանը»: Թանկ է նաև այն վկայությունը, որ հատկապես Թումանյանի շնորհիվ են Սայաթ-Նովայի անձն ու ստեղծագործությունը լայնորեն ճանաչում գտել բազմազգ մշակութային հանրության շրջանում:
«Հայի հաւիտենական միամտութիւնն» ու դյուրահավատությունն ուներ Թումանյանը՝ վկայում է Վարդգես Ահարոնյանը: Լոռվա բնության զավակը քաղաքում իր բնակատեղին էլ ընտրել էր այնպես, որ շենքը հենված լիներ ժայռին, իր բնակարանից էլ տեսանելի լինեին լեռներ ու անտառներ՝ Լոռվա բնաշխարհը հիշեցնող: Քնարական մի զեղումով հեղինակը նկարագրում է Թումանյանին. «Ինքը՝ Թումանեանն էլ մի եղնիկ չէ՞ր՝ հայրենի լեռներից և անտառներից եկած ու մեծ քաղաքի խորթ ժխորի մէջ ընկած»: Թումանյանի անձնական իրերի նկարագիրն անգամ կարևոր է՝ ամբողջական պատկերացում կազմելու համար այն միջավայրի մասին, որում ապրում ու ստեղծագործում էր բանաստեղծը: Իր համարյա մանկական զանազան տարվածությունները, գեղեցիկ իրերի հավաքածուն, հոգատար վերաբերմունքն իր զավակների և, ընդհանրապես, երեխաների հանդեպ, ժամանակի արժեքի վերաբերյալ իր ուրույն գնահատականը, արևապաշտ հոգու քմայքները, Մամիկոնյան ցեղին պատկանելու իր համոզմունքը, իր բանաստեղծական անսահման երևակայությանն անհարիր կյանքի սուղ պայմանները, թամադայություն անելիս իր հոգեկան արբեցումը, Թումանյանի մեծությունը գնահատող մեկենասների մասին վկայությունները մի-մի պատմություններ են դառնում Ահարոնյանի գրչի տակ: Անգին են Խրիմյան Հայրիկի և Թումանյանի առնչությունների վերաբերյալ հուշապատումները, Խրիմյանի՝ Թիֆլիս այցի և տեղի հայությանն ուղղած խոսքի մասին համարյա պոետական շնչով ներծծված դրվագները պարունակող էջերը:
Թումանյանի գրական գործունեությանը, նամանավանդ «Վերնատանը» վերաբերող մանրամասները, ևս վկայում են այն խոշոր դերի մասին, որ ունեցել է բանաստեղծն ու մտավորականը՝ գրական միջավայր ստեղծելու, մտավորականության միտքը մեկտեղելու ուղղությամբ: Իսկ որպես հասարակական գործչի ու Մեծ մարդասերի կերպարը բացահայտվում է նաև գրքի այն բաժիններում, որոնցում նկարագրվում են բանաստեղծի վարքն ու ձեռնարկումները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Եղեռնի հետևանքով բնավեր հայ բնակչությանը Էջմիածնում օգնություն ցուցաբերելիս. «…Ամբողջ օրը, առանց դադարի, առանց հանգստի տառապող բազմութեան հետ էր, բազմութեան մէջ: Առաւօտից մինչեւ երեկոյ նիհար, բարձրահասակ եւ ժամանակից առաջ ալեւորած գլխով Յովհ. Թումանեանը գաղթականների մէկ խմբից միւսին, մէկ ընտանիքից միւսին էր անցնում, այստեղ մի մեռնող երեխայի վրայ կռանում, այնտեղ տիֆով բռնուած մի երիտասարդի խնամում, երրորդ տեղը հոգեվարքի մէջ գալարուող մի ծերունու կողքին կանգնում…»:
«Բռնութիւնն ու հալածանքը Յովհ. Թումանեանի համար անտանելի էին»,- վկայում է Վարդգես Ահարոնյանը: Մի այլ տեղ էլ լրացնում է միտքը. «Պատերազմը ատելի էր Յովհ. Թումանեանի համար: Բայց քանի որ հայ ժողովրդի կամքից անկախ պատերազմը եկել էր, ուրեմն պէտք էր ընդունել կռիւը եւ աշխատել հայ ժողովուրդը արհաւիրքի դէմ պաշտպանել: Եւ Թումանեանը հրապարակ նետւեց եռանդով՝ խօսքով, գրչով եւ գործով, իր անձի օրինակով»:
Ոչ միայն ընթերցելու, այլ նաև անբասիր վարքի ու ազնվության, մարդասիրության դասեր քաղելու համար երաշխավորելով այս գիրքը՝ խոսքս ուզում եմ ավարտել Մեծն Թումանյանի հետ հանդիպումից տպավորված Սիամանթոյի խոսքերով, որ դարձյալ բերված են այս գրքույկում. «Աս ի՜նչ զարմանալի մարդ է սա մեր Թումանեանը… ջրվէժի նման՝ կը հոսի, կը հոսի, կը հոսի անդադար, եւ ծիածանը, որ կամար կը կապէ իր վրայ…»: