Վարդան Պետրոսյանի բանաստեղծական «Խոստովանությունը» / Սարգիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Շատերի համար էր անսպասելի Վ. Պետրոսյանի բանաստեղծությունների այս գրքույկը: Անսպասելի, որովհետև հեղինակին շատերը ճանաչում են իբրև գիտնական: Մյուս կողմից՝ գիրքն ընթերցողին է հասնում բավականին ուշ, երբ բանաստեղծը բոլորել է հիսնամյակը: Սակայն կարևորն այն է, որ ընթերցողի դատին է հանձնվում մի շատ հետաքրքիր գրքույկ: Լինելով փոքրածավալ, սակայն, այն մեծ ասելիք ունի: Ամենից առաջ Վարդանին ճանաչող ամեն մարդ ափսոսանք է զգում, քանզի բանաստեղծության մեծ ճանապարհից ակամա շեղվել է մի օժտված ու զգայուն անհատականություն, որը կարող էր անջնջելի հետք թողնել մեր գրականության մեջ: Դատելով բանաստեղծությունների գրության թվականներից՝ դրանց զգալի մասը գրվել է 1980-ականներին և միայն փոքր մասը՝ դրանից հետո: Գերակշռող թեմաները երեքն են՝ 1) բանաստեղծական արվեստի արժեքավորում, 2) սեր, 3)հայրենաշունչ մրմունջներ:
Թվում է՝ բանաստեղծը ժամանակին ինչ-ինչ կասկածներ է ունեցել իր իսկ տաղանդի նկատմամբ: Ասեմ, որ դա շատ բնական մի վիճակ է, մի զգացողություն, որ ունենում են ոչ միայն սկսնակները, այլև մեծ վաստակ ունեցող անհատականությունները: Ժողովածուի առաջին՝ «Բանաստե՞ղծ էի ծնվել ես արդյոք» տողով սկսվող նախերգը դա է հաստատում.
Բանաստե՞ղծ էի ծնվել ես արդյոք,//Թե՞ Նարեկացին միտքս պղտորեց,//Սրտումս բարդեց այսքան ցավ ու հոգս,//Առագաստներս փոթորկին ուղղեց://Եվ չասաց անգամ, թե ինչպես լողամ,//Չասաց՝ ո՛ր քամին ինձ ո՛ւր կտանի,//Ցույց տվեց միայն կղզի մի մռայլ՝//Գլխին երփներանգ թագը ձյուների:
«Իմ աստղը» քնարաշունչ բանաստեղծության մեջ իր ուժերի հանդեպ տարակուսանքը հաղթահարած քնարական հերոսը հայտնում է և իր համոզմունքը.
Օ՜, երկնչի՛ր, անիծյա՛լ ձեռք, դու ուժ դիվական,//Պոետի փառքն իր գրչով է երկինք բարձրանում,//Ես իմ աստղին հավատում եմ խավարում անգամ,//Այն չի մարի նույնիսկ խառնակ երկնակամարում:
«Երգս» (էջ 20), «Ես փնտրում էի ոսկյա բառերի…» (էջ 34), «Կերգենք սիրո մասին… » (էջ 44), «Որսացեք բառերը» (էջ 63) և այլ բանաստեղծություններում ինքնախոստովանությունը դեռևս շարունակվում է, ու դրանցում գեղարվեստական հարցադրումները վերափոխվում են փիլիսոփայական խորհրդածությունների: Ժողովածուի սիրային բանաստեղծություններն աչքի են ընկնում զգացմունքների անաղարտությամբ և պատկերների ինքնատիպությամբ: «Պարպվում էր գավաթը գինու» (էջ 18) ստեղծագործությունը վայելքի ուժգին բռնկումի մի հրաշալի դրսևորում է.
Աչքերիս գինեմշուշում//Ցոլում էր մի արև-աղջիկ՝//Աչքերի երկնագույն բոցով,//Բայց մեկեն կուրծքս էր խուժում//Սրտմաշուկ ու հոգնած մի ճամփա,//կրկնելով՝ մոռացի՛ր, մոռացի՛ր… (18)
Գինու մեջ սուզվող իրականությունը պատկերում վերափոխվում է, ու թախիծը «երկնագույն կերպարանք է առնում»: Այս թեմայով գրված երկերն ավելի շատ հիշեցնում են երիտասարդական հրապուրանքները, հիասթափություններն ու հույսը, որոնք անհրաժեշտության պարտադրանքով իրենց տեղը զիջում են նվիրումին ու սիրուն: Բայց անցնելիք ճանապարհը սայթաքուն է ու խոտոր: Հաճախ տիրապետում են կասկածանքն ու տարակույսը, և քնարական հերոսը դժվարությամբ է հասնում ցանկալի հանգրվանին: Ուստի հաճախ ծնվում է երազանքը: Այսպես.
Լիներ տանջող մի սեր,//Լիներ սիրո արցունք,//Թող որ այն սուտ լիներ,//Տառապանքով՝ անձուկ… (22)
Սիրո, մերժման և երազանքի ապրումները փոխհաջորդում են իրար: Տարակույսները սեփական ուժերի հանդեպ գնալով հաղթահարվում են: Տրամադրությունները փոխվում են, շարունակում միմյանց՝ դրանով հարստացնելով բանաստեղծական զգացմունքների խորքային տարածությունները: Այս իմաստով անչափ նուրբ բանաստեղծություն է «Կապուտաչյա՝ քեզ նման» ստեղծագործությունը (էջ 32): Նրանում քնարական հերոսը հաղթահարում է օտարուհու նկատմամբ իր այրող կիրքը և հավատարիմ մնում թախծոտ նաիրուհուն:
Կանացի գեղեցկությունը փառաբանող մի յուրօրինակ պատկեր է «Անծանոթուհին» (56): Նա քա՜յլ էր անում…//և կարծես կաթն էր շիթ առ շիթ ցողվում//իր լուսաթափանց վարագույրներում// խնամքով պահված ստինքախաղից://Նա քա՛յլ էր անում…//և մեղրամոմե նրա ոտիկը//կարծես հալվում էր կարծր ասֆալտին//ամեն հպումից: (56)
Անծանոթուհին և ընդհանրապես աղջկա կամ կնոջ կերպարը, որպես չպարզաբանված և տեքստում միայն բացահայտվող ֆենոմեն, այստեղ կրկին քնարական հերոսին բերում է մի հանգրվանի, որը նույնպես անորոշ է: Կրկնակի անորոշությունները վերածվում են բանաստեղծական անակնկալի, և ապրումը երկար ժամանակ չի լքում քեզ:
Սերը և հայրենասիրությունը երբեմն հանդես են գալիս զուգորդված: Եվ ժողովածուի ստեղծագործությունների մի մասն էլ հայրենասիրական յուրատեսակ երկեր են: Այդպիսիք են՝ «Տեսա», «Այս էլ քանի՜դար…», «Պատարագ», «Հրդեհագույն ծաղիկներ», «Լույսի՛զավակներ» և այլն: «Հայաստան» բանաստեղծության մեջ գրում է.
Գագաթներով երկինք մեխված լեռների դաս,//Դեղնականաչ մամուռ հագած ժայռե սյուներ,//Ձորեր, ասես՝ ամպերի տակ բացված մի թաս,//Եվ ձնհալքի խելացնոր ջրվեժումներ://Կակաչներով կարմրին տվող լեռնալանջեր,//Քար արցունքներ՝ անձավներում անտես թափվող,//Ժայռածերպին արմատ ձգած մասրենիներ,// Քարերի մեջ քնքշաթոթով կաքավող լոր: («Հայաստան»)
Հայկական բնապատկերի և պատմության մի զուգադրում, որն ավարտվում է զարմանալի քառատող-եզրահանգմամբ.
Մնացել են լեռներն այս՝ ժայռե ցասում,//Ու լեռների հսկա արքան՝ խոլ Աժդահակ,/Մի մասրենի ու մի ձնհալք, մի վիմափոր հուզում//Եվ դարերին ձեռնոց նետած վրիժառու մի ազգ: (12)
Հաճախ բնապատկերը ևս նպատակամետ վերաճում է հայրենական մի խորհրդանիշի կամ պատմական մի իրողության, որն իր մեջ ամբարում է անսահման սեր, քնքշանք կամ թարմ ապրում: «Այս էլ քանի՜դար…» (էջ 58) ստեղծագործությունը մի նոր որոնումի պահանջ է դնում. տրված աստվածայինը անտեղի և անհեռատեսորեն չվատնելու, ուղիների փնտրումի մեջ «բռունցքի մի ծուռ հարվածով» այն չխաթարելու համար պետք է մեծ հեռատեսություն դրսևորել: Դա չափազանց արդիական է՝ պատմական դառը փորձի վիթխարի կուտակումով հանդերձ: Ելքն իրականանալի է, սակայն և պայմանը պետք է իրականացվի: Ո՛չ Ագռավաքարը, ո՛չ մեր սիրտը իրենց ելքի դռները չեն բացի, քանի դեռ մեր մեջ փակված անձավի տեղը մենք չենք պարզել: Իրականում դրվում է սթափ ու ճշմարիտ ինքնաճանաչումի խնդիրը ոչ սոսկ անհատական, այլ՝ համազգային իմաստով:
«Տերերը» բանաստեղծությունը նախորդ շատ ստեղծագործությունների պես առանձնանում է փիլիսոփայական խոր ենթատեքստով: Վերնագրային «Տերերը» բնորոշումով հեղինակը նկատի ունի մեծ նվիրյալներին, որոնք բոլոր ժամանակներում դառնում են ազգային իղձերի կրողն ու պահապանը, անկախ այն բանից, թե պետական, մշակութային կամ հասարակական սանդղակի որ աստիճանի վրա են գտնվում.
Նրանք իրենք են բարքեր սերմանում,//իրենք սահմանում խաղի կանոններ,//ավանդույթներ են նրանք կործանում// և ձևավորում նոր ավանդույթներ: //Թեպետ չեն դառնում նույնիսկ գահերեց,//բայց ուղղորդում են գահի օծյալին: (95)
Ժողովածուի վերջերգը դառնում է «Մուսաների կործանումը» բանաստեղծությունը: Հոգևորի կործանումով, ցավոք, կավարտվեն աշխարհվերջյան կանխատեսումներն ու ինքը՝ աշխարհը: Կհաստատվի նաև բերդյաևյան այն պնդումը, թե աշխարհը խրվել է ճգնաժամի ահռելի ճահիճը: Ցավալիորեն դա շարունակական բնույթ ունի և ավարտվում է երգի ու երգի մուսաների կործանումով
Օ՜, թաղի՛ր, թաղի՛ր ավազների մեջ//Վերջին կաղկանձը ոռնացող քամու,//Թող ապրեն երգի ղողանջներն անվերջ,//Թող որ թևածեն այս չար աշխարհում://Առավոտների լուսեղ թարմությամբ//Թող մուսաները փյունիկվեն կրկին,//Թող գութն ու սերը կրկին արթնանան,//Անմեղությունը թող փարվի երգին: (99)
Ըստ բանաստեղծի՝ կփրկվի երգը, կփրկվի և աշխարհը: Առանց մեկի չի կարող լինել մյուսը:
Դա ժողովածուի լավատեսական այն բարձրակետն է, որով մարդկային Ոգին հաղթում է նյութական ամենաթողությանը՝ վերջ դնելով նյութի համընդհանուր տիրապետությանը: Դա նաև աշխարհի նոր նորոգումն է՝ Ոգու նոր կերպարանափոխությամբ:

Սարգիս ՄԽԻԹԱՐՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։