Ժամանակի նորարարական որոնումներում Վիկտոր Հովսեփյան – 70 / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Վիկտոր Հովսեփյանի «Ձևաթովում» բանաստեղծությունների ժողովածուն (1993) պարունակում է ժամանակի համար որոնողական-փորձարարական հետաքրքիր շերտեր: Ժողովածուն միտում է կաղապարներից հրաժարմանը՝ հիմք ունենալով գեղագիտական նոր ըմբռնումները: Բանաստեղծը ստեղծագործական գործընթացն առաջ է տանում ներքին բանավեճի և արդեն առկա բանաստեղծական փորձի հաշվառման ուղիով: Ինքն իր հերթին հանդես է գալիս որպես ձևափորձարար, ինչը ժամանակի պոեզիայում մարտնչողական դրսևորում էր: Երևույթ, որը չպետք է շրջանցել: Մենք գիտենք, թե նորարարական ինչպիսի տարերք ժայթքեց Պարույր Սևակի պոեզիայում և իր հետևից տարավ ժամանակի ու հետագա չափածոն: Սևակի պոեզիան փշրեց առկա կաղապարները, ունեցավ զգացմունքի և մտքի նորատիպ դասական հավասարակշռություն: Վիկտոր Հովսեփյանի «Ձևաթովում» ժողովածուի բանաստեղծությունները թվագրված են՝ սկսած 1972 թվականից: Մեծամասամբ գրված են 1980-ականներին: Դրանք հետսևակյան շրջանի ստեղծագործություններ են՝ ենթարկված գեղագիտական և փիլիսոփայական որոշակի տեղաշարժերի: «Ձևաթովում» ժողովածուում Վ. Հովսեփյանը նախապատվություն է տվել ձևի փիլիսոփայական ինքնակայությանը՝ ժողովածուի վերնագրով հուշելով այդ մասին:
Սա պետք է դիտել ժամանակի պոեզիայում ինքնուրույն նորոգության ձեռնարկում: Այժմ տեսանելի է բանաստեղծի ներքին բանավեճը բանաստեղծության ձևի և բովանդակության հակակշռման և հավասարակշռության ասպարեզում: Ժողովածուին բնորոշ է տանջագին ինքնաորոնման, ինքն իրեն սեփական «ափի մեջ» տեսնել-ճանաչելու թեման: Ինքնաորոնումը տեղափոխվել է ավելի շատ փիլիսոփայական հարթակ: Պարզվում է, որ հեղինակը «ես»-ի որոնման փիլիսոփայական բարդությունների առջև է կանգնած: Նա ընտրել է մարդու դիտարկման փիլիսոփայական նոր ուղղությունների պրիզման: Իհարկե, խոսքը քնարախոհական պոեզիայի փիլիսոփայական բնույթի մասին է: Խնդիրը հաճախ գոյաբանական հարցերի թնջուկին է վերաբերում: «Լավ կլիներ՝ չլինեինք, կլիներ հույսը լինելու, ինչ տխուր է, որ… հիմա կանք, ու կա վախը չլինելու»:
Բանաստեղծը ազատ տողերում ներկայացնում է աբսուրդ մտապատկերներ, ենթագիտակցական զգացողություններ՝ դուրս գալով ժամանակի նորմերից: Ահա մեկ օրինակ. «Վախ կա քո մեջ, պիտի մեկին գտնես, որ վախենաս:
Վախեցիր սրանից, սա չկա: Վախեցիր դրանից, դա չկա: Վախեցիր նրանից, նա չկա: Վախեցիր… դու քեզանից, ուրիշ ելք չկա» («Վախ»):
Բանաստեղծին աբսուրդի գիտակցման է մղում մշտագո սարսափը: Էքզիստենցիալ գրականության հետ աղերսները նկատելի են:
Ես-դու-նա-ի դիմազրկման շղթան նույնպես էքզիստենցիալ փիլիսոփայության արդյունք է:
– Եսը Ես չէ, Եսը Դու է, Եսը՝ Նա,
Դուն մի Ես է, Դուն մի Նա է, Դուն Դու չէ:
Նան մի Ես է, Նան մի Դու է, Նան Նա չէ,
Բայց Եսն Ես է, ու Դուն Դու է, ու Նան՝ Նա:
Ժամանակի գրականությունը առնչվում էր հասարակական կեցության, բնության, ընդհանրապես, մարդու փիլիսոփայությանը: Վ. Հովսեփյանին հետաքրքրում էր անհատական փիլիսոփայությունը, ինչը բնորոշ էր ամենալայն տարածում ստացած մոդեռն փիլիսոփայական ուղղություններին:
Կրկնենք, որ Վ. Հովսեփյանի փիլիսոփայական բանաստեղծությունները փիլիսոփայական տրակտատի մասեր չեն, այլ քնարականի սահմաններում խոհափիլիսոփայական դիտարկումներ:
Բանաստեղծը իրականությունը դիտում է որպես իռացիոնալ քաոս («Այս իռացիոնալ քաոսում//ռացիոնալ//Աստվածն անգամ անհնար է»): Նա մշտապես ձգտում է փիլիսոփայական խոհով հագեցած հոգեբանական խորքի:
– Հիշատակներ մի կառուցիր,
խութ են դառնում դրանք հաճախ
բաղձալի մոռացության դեմ:
(«Լուսավոր նիհիլիզմ»)
«Ես»-ի մեջ տեղի է ունենում պատմական ժամանակի և դեմքի շփոթ. «… մի պահ թվում է՝ ոչ թե այսօր է, այլ վաղ միջնադարյան մի օր, ոչ թե ես եմ…»: Առանձին դեպքերում մաքուր փիլիսոփայական դատողություն է արվում.
Եթե առարկան չկա, չկա տարածություն,
Եթե երևույթ չկա, չկա ժամանակ,
Չկա, չկա, չկան… Քաոսը կա:
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններում ասելիքը հիմնականում անակնկալ է՝ պայմանավորված աշխարհի նորովի ընկալմամբ:
Բանաստեղծությունը փիլիսոփսայություն չէ, սակայն փիլիսոփայությունը գրականության ստնտուն է: Վ. Հովսեփյանը, դուրս գալով առօրյա փիլիսոփայության շրջանակից, հիմնականում թիրախավորում է գոյաբանական արժեքները, ինչը նամանավանդ մեր օրերի արվեստի գերակա խնդիրն է:
Փիլիսոփայական խոհը բանաստեղծի համար ինքնաճանաչողության հիմնական միջոցն է: Նա ինքնաճանաչողության ենթագիտակցական ձևերի որոնումների մեջ է:
– Գիծը – անիմաստ:
Գույնը – անիմաստ:
… Գույնը – խորիմաստ:
Գիծը – խորիմաստ:
Ու ձևն էլ – իմաստ:
Իմաստավորի և անիմաստի հակադրությունը ընդլայնում է վերլուծական մտքի հնարավորությունը: Իմաստավորի-անիմաստի միջակա տիրույթում խախտվում են ապացուցելիի և անապացուցելիի սահմանները:
Լինի փիլիսոփայական հագեցվածության, թե մաքուր քնարական բնույթի բանաստեղծություն, առաջին պլանում «ես»-ն է՝ սուբյեկտիվիզմի հատկանիշներով, ինչի շնորհիվ բանաստեղծությունը խորապես անհատականանում է: Ինչ-որ առումով հոգեբանությունը գերանձնականանում է, հագենում դրամատիզմով: Խոր դրամատիզմով են բնութագրվում Պ. Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի շարքերը («Եղիցի լույս», «Դիմակներ», «Նորից չեն սիրում…» և այլն): Դրամատիզմի հատկանիշն անպայման բնութագրական է դառնում համարյա բոլոր կշիռ ունեցող ստեղծագործողների համար: Երիտասարդական անվանվող պոեզիան հետևում էր թե՛ հայրենական և թե՛ եվրոպական դրամատիզմով հարուստ բանաստեղծության փորձին:
Վ. Հովսեփյանը դրամատիկ շունչ էր հաղորդում թե՛ խոհափիլիսոփայական և թե՛ զուտ քնարական բանաստեղծություններին: Ավելի ճիշտ կլինի ասել, որ փորձարարական որոնումները ցույց են տալիս հենց բանաստեղծի դրամատիկ խառնվածքը: Նա հետևում է տարբեր ավանդույթների, ապա փորձում նոր ձևեր, բանաստեղծություններում տալիս է Նիցշեի, Ֆրոյդի, Կաֆկայի, Պաստեռնակի, Նեզվալի, Ռիլկեի, Բլոկի, Ե. Քոչարի, Փարաջանովի անունները: Անունները հուշում են նորարարական անդադար մղումների մասին: Վ. Հովսեփյանը, նախ և առաջ, հետևում է Չարենցի խորհրդապաշտական պոեզիայի բառամթերքին ու տխուր ռիթմերին: «Գիշերային կանգառ» բանաստեղծությունը տուրք է Չարենցի արվեստին՝ «սպասումն է գորշ ու թեն», «բութ են այնպես», «տխրադեմ», «տար ինձ, բայց ուր… չգիտեմ»:
Չարենցի խորհրդապաշտական պոեզիան դրամատիզմի բարձրակետերի է հասնում յուրաքանչյուր տողում՝ սկսած «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկից: «Գիշերային կանգառ» բանաստեղծությունն, ինչպես ցույց են տալիս վերոբերյալ բառերը, կապ ունեն «Երեք երգ…»-ի և նրանում արտահայտված տրամադրությունների հետ: Խոր ու մաքուր տխրությունը Վ. Հովսեփյանի պոեզիայի տեսանելի գիծն է:
«Ձևաթովում» ժողովածուում քնարական մաքուր հնչողություն ունեն շատ ու շատ բանաստեղծություններ: Կան բանաստեղծություններ (արձակ), որոնք թողնում են դրամատիկ մենախոսությունների հատվածների տպավորություն:
Վ. Հովսեփյանը դիմում է դարի խոշորագույն այլ բանաստեղծների: «Բորիս Պաստեռնակ» բանաստեղծությունը շոշափում է խորհրդային երկրում ճշմարիտ արվեստի հանդեպ կազմակերպված խաչակրաց արշավանքի խնդիրը: Պաստեռնակն արժանանում է Նոբելյան մրցանակի, մինչդեռ հայրենիքում հեռացվում է «գրողների տոհմամատյանից»:
«Ձևաթովում»-ում գերակշռող են արվեստի և գրականության վերաբերյալ խոհերը: Բանաստեղծը մասնակիցն էր հասարակական գիտակցության սկիզբ առած փոփոխությունների: Նա պոեզիան համարում է կայացած, երբ ծնվում է ենթագիտակցական մղումով:
– Պոեզիան ստացվում է… երբ
սայթաքում է գիտակցականը
ենթագիտակցականի հրումներով:
Արվեստի խնդիրները խոր քննության են առնված Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Գիրք իմացության» շարքում: Վ. Հովսեփյանը կյանքի և արվեստի կապին նվիրված երկտողում հետևել է դիստիքոսների ընդհանրացումներին:
– Կյանքը ինքն է ծնում հեքիաթ-երգ-վեպ ու պատմվածք,
Բայց ինքը ոչ հեքիաթ-երգ-վեպ է, ոչ էլ՝ պատմվածք:
(«Բնաբան առանց բանաստեղծության»)
Պոեզիան, ըստ բանաստեղծի, ճշմարտությունն է: «Ինչ մտածում, այն չենք ասում, եթե ասենք, չթողնեն էլ, կդառնանք բանաստեղծ»: Ճշմարիտ պոեզիան արգելքներ չի ճանաչում: Բանաստեղծը վկայում է Կաֆկայի մտքի կարևորությունը, ապա կասկածի ենթարկում, թե որքան են կարևոր «հանգ-վանկ-ռիթմ-բաղաձայնույթ» (տաղաչափական միավորներ):
«Մուսայի գալուստ» արձակ բանաստեղծության մեջ ներշնչանքը ներկայացվում է պատկերավոր՝ «Արևածաղիկ՝ ձեռքին ջութակ» (1976 թ.): «Ես նկարում, նվագում ու երգում եմ…» տողով սկսվող բանաստեղծության մեջ քնարական հերոսը ներկայանում է որպես քնի մեջ լռությունից վեր թռչող մարդ, ինչպես ջրաղացպան՝ ջրաղացքարերի կանգնելու պահին:
«Միսաք Մեծարենցին» բանաստեղծությունը այլաբանորեն ներկայացնում է պոետի անզուգական տաղանդը, նրա քնարի թափանցիկ դաշնակները:
Արվեստի և գրականության թեմայով գրված բանաստեղծությունները արձագանք են 20-րդ դարի 80-ական թվականներին ծավալում ստացած նորարարական շարժմանը:
«Ձևաթովում» ժողովածուն այսօր էլ հետաքրքրում է բանաստեղծության կառուցվածքի փորձարարական ձևափոխությամբ:
Հիշենք բանաստեղծական մեկ տողը՝ «Ու ձևն էլ – իմաստ»: Տողում ասվում է, որ ձևն իր մեջ իմաստ ունի: Սա փիլիսոփայական մոդեռն ընդհանրացում է, ըստ որի ձևն ստանում է անկախ գործածություն: «Ձևը ոչ այլ ինչ է, քան բովանդակություն»,- կարդում ենք «Գրական հանրագիտարանային բառարան»-ում (Մոսկվա, 1987, էջ 471): Բանաստեղծական փորձարարական քայլերով Վ. Հովսեփյանը միտում է ձևի առավել անկախությանը, բովանդակության հետ նրա կապի դոգմատիկ պատկերացման խարխլմանը: Դրա տիպիկ օրինակներ են հանդիսանում «Մեղեդի Ա. Օրեխովի նկարի համար», «Լիճ գիշերվա կապ-տած…», «Գարնան, թե՞ աշնան», «Անդորր և աղմուկ» և այլ բանաստեղծություններ: Ձևի փորձարարությամբ Վ. Հովսեփյանը ձգտում է բանաստեղծության այլընտրանքային հնարավորությունների բացահայտմանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։