Գրողների ազդեցությունը հասարակության հոգևոր դաշտի վրա: Աշխարհի կայուն զարգացումը:

«Էքսպո-2017»-ի շրջանակներում հունիսի 12-14-ը Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Միջազգային գրական Բիենալե-2017` «Գրողների ազդեցությունը հասարակության հոգևոր դաշտի վրա: Աշխարհի կայուն զարգացումը» խորագրով: Ղազախստանի Հանրապետության Ազգային գրադարանում և Ղազախստանի գրողների միությունում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցում էին միջազգային գրական և պետական մրցանակների դափնեկիրներ, մշակույթի ականավոր գործիչներ, գրական, գիտական և գիտահանրամատչելի հրատարակությունների գլխավոր խմբագիրներ, առաջատար գրահրատարակիչներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից:
«Բիենալե-2017»-ին Հայաստանը ներկայացնում էր Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
Ա. Սաֆարյանը երախտագիտություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, ղազախ ընկերներին, գրչակիցներին` սրտաբաց հյուրընկալության, բարձր մակարդակով միջոցառումներն անցկացնելու համար: «Հնարավորություն էր ընձեռնված մասնակցել բանավեճերին և քննարկումներին Ղազախստանի և այլ երկրների ականավոր գրողների ու լրագրողների հետ: Ինձ` բանասեր-թուրքագետիս, հնարավորություն էր տրված խոսել գրողների ու ժողովուրդների ճակատագրերի, Աբայի, Ահմետ Բայտուրսինովի, Մագժան Ժումաբաևի, ղազախ այլ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործությունների հայերեն թարգմանության մասին… Երբեք չեմ մոռանա, թե փառատոնի մասնակիցները, հետխորհրդային շրջանի մշակույթի գործիչներն ինչպիսի ջերմությամբ էին հիշում հայ գրականության դասականների` Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրանտ Մաթևոսյանի և մեր ժամանակակից գրչի վարպետների` Հենրիկ Էդոյանի և Էդվարդ Միլիտոնյանի անունները»,- ասաց նա:
Սաֆարյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը երկարատև համագործակցության և հայ ու ղազախ ժողովուրդների միջև բազմադարյա մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ արված բոլոր ձեռնարկումներում բազմակողմանի օգնության համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։