Ընդունված է ասել, որ հասարակության հայելին նրա կին ազգաբնակչության վիճակն է: Այլ կերպ ասած` ինչպես իրեն զգում է կինը իր ապրած երկրում, այդպիսին էլ հասարակությունն է: Բայց կնոջ բոլոր տեսակի զգացողությունները մի՞թե անմիջականորեն տղամարդուց չեն բխում: Տղամարդը պիտի նախ և առաջ հասարակության մեջ իր տեղն ու դերը գտնի, և որքան լավ ու արժանավոր գտնի, այնքան էլ վստահ կկրի իր ապրելու խաչը, իսկ վստահ տղամարդու կողքին կինն իրեն վատ զգալ չի կարող:
Մեր կյանքում տեղի ունեցած արմատական շրջադարձը արմատախիլ արեց երկրում ապրող, աշխատող, ընտանիք և երկիր պահող տղամարդու ապրելակերպի հաստատուն իներցիան: Հայաստանի քաղաքացի տղամարդկանց գերակշիռ մասը զրկված է իր կարողությունները իր երկրի զարգացման գործին ծառայեցնելու հնարավորությունից: Նա այդ իրավիճակում հայտնվել է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների արդյունքում:
Վաստակող տղամարդը ընտանիքում էապես տարբերվում է չվաստակող տղամարդուց: Նրան չեն հարգում, որովհետև նախ և առաջ ինքն է կորցնում հարգանքն իր նկատմամբ, դառնում է իր անձի նկատմամբ անտարբեր, ընտանիքի գլխին բեռ է ներկայացնում ինքն իրեն, այդպիսով, քրտնաթոր տուն մտնելու փոխարեն` գլուխը դնդնում է անընդհատ քնատ վիճակից, և՛ իր աչքից է ընկնում, և՛ ընտանիքի անդամների: Հասարակության այդ փոքրիկ բջիջում սկսում են տիրապետել անարժեքության բարդույթը և արհամարհանքը, որոնք տեղ չեն թողնում սիրո համար: Եթե սերը հեռանում է, ընտանի՞ք կդիմանա:
Այսինքն` աշխատանք չգտնող տղամարդու թիկունքին դժբախտ ընտանիք է, հետևաբար, նրա շնորհիվ` հասարակության շարքերը համալրող մի խումբ թշվառներ: Անգործ տղամարդը հասարակությանը դժբախտներ է պարգևում: Անգործ տղամարդը նաև լիարժեք քաղաքացի չէ հասարակական կյանքում: Նա ապրում է փոշիացած էներգիայով, ամուլ է ստեղծարար գործունեությամբ:
Տղամարդուն անգործ թողնող հասարակությունն ինքն իր հիմքերը քանդում է: Գործազուրկ բառը շատ ավելի քաղաքակիրթ է հնչում և շփոթեցնում նույն այդ հասարակությանը, քանի որ ակամա իրեն տեսնում է գործազուրկներ ունեցող գերզարգացած երկրի շարքում, որոնց նման ինքը ևս գրանցում է այդպիսիներին, կարգավիճակ ու նպաստ տալիս:
Մեզանում պատկերը հակառակն է` ոչ թե մարդիկ են գործազուրկ, այլ պետությունն աշխատատեղ չունի իր քաղաքացիների համար: Չունի, որովհետև միանգամից զրկվել է նախկին աշխատատեղ-հարստությունից, նորն ստեղծելու համար հույսը դրել է նույն այդ գործազուրկ դարձած քաղաքացիների վրա, բայց նրանք նույնպես, պետության ղեկավարների նման, նախորդ հասարակարգից են եկել նոր իրավիճակ, ինչպե՞ս կարող են աշխատավարձ երազող վարձու բանվորից վերածվել աշխատատեղ ստեղծող գործատուի: Ահա այսպես` երկուսն էլ խարխափում են, որովհետև թիկունքից անընդհատ ետ է քաշում հին ժամանակների անհոգ հիշողությունը:
Մարդը պիտի աշխատի: Ապրելու օրենքն է: Նաև` լավ ապրելակերպի միակ պայմանը, որը, կին թե տղամարդ, չգտնելով Հայաստանում` մեկնում են պանդխտության: Դասագրքերում հատուկ ուսումնասիրության թեմա դարձած պանդխտությունը, որը սերտում էինք որպես դառն անցյալի արտացոլում գրականության մեջ, այսօր թշնամու պարտադրանքով չէ կրկին գտել մեզ: Մենք, կամավոր, շատ դեպքերում որպես իրավիճակից գտնված հերոսական ելք ենք ընկալում այդ ազգային ողբերգությունը:
Տղամարդը հասարակությունն ինքն է: Արժանապատիվ տղամարդկանց հասարակության մեջ իրեն լավ է զգում նույն ինքը` հասարակությունը: Աշխատող տղամարդուն մեծարող հասարակությունն ինքը ևս մեծարված է ներկայանում հանրությանը:
Հայաստանին այսօր շատ է պետք աշխատող տղամարդու պաշտելի կերպարի ձևավորումն ու արմատավորումը: Ստեղծարար աշխատավորի գենը դարեդար կրող ժողովրդին ներկայացնող տղամարդկանց ընտրություն պիտի կատարել, իր անելիքը չիմացող, բողոքող, դժգոհ, հուսահատ տղամարդուն եթերներում տեղ չպիտի տալ: Չպիտի սերիալներ նկարահանել՝ վատ տղամարդկանց կերպարներով լցնելով այն: Դա մարդկանց գիտակցության մեջ հասարակությունը խարխլող դանդաղ գործող ռումբ տեղադրել է նշանակում: Միայն գեղեցիկ, վստահ, հնարը գտնող, աշխատող ու աշխատեցնող տղամարդու դրական օրինակներով պիտի ոգևորել հուսահատներին ու հաստատել այն միտքը, որ ճիշտն ու օրինաչափն առաջինն է՝ հաղթող հայ տղամարդը:
Աշխատող տղամարդն է երկիրը պահում: Եվ այդ երկիրը պիտի սրդողած փայփայի ու նեցուկ լինի Հայաստան երկրում աշխատանք արարող տղամարդկանց: Հայաստան երկրում աշխատանք արարող, աշխատատեղ ստեղծող և աշխատող տղամարդիկ պիտի մեծարվեն, և պիտի կրեն մեծարված լինելուն հաջորդող պատասխանատվությունը, որովհետև նրանց կերպարը իրական նմանակման արժանի դառնալու օրինակ է ներկայացվելու հասարակությանը:
Տանը տղամարդը անելիք չունի, նրա գործը դրսում է: Տղամարդը դրսի տունը շենացնելով զբաղվելով՝ իր օջախի վեհությունն ու ամրությունն է ապահովում: Երբ դրսում նա գործ ունի, տան ներսում էլ հանգիստ, խաղաղ ջերմություն է:
Փորձենք հիշել գրավիչ տղամարդու մեզ հրամցվող որևէ կերպար:
Այնտեղ, ուր բուրմունք կա… Այդ գեղեցիկ, բարեկազմ հեծյալները ողջ աշխարհին գրավում, քաշում են Մարլբորոյի երկիրը: Մարդիկ ծխախոտը վերցնում են` ընդամենը հմայվելով կովբոյների տեսքով: Մենք կարո՞ղ ենք մեր չոբանին այդպես ներկայացնել: Ո՛չ: Պետք էլ չի: Պատերազմի դաշտում հաղթած տղամարդու կերպարը մի քանի տարի ունեինք որպես ուժ և ոգևորություն բոլորիս: Բայց աշխատող, հաջողակ, իր երկրի համար ջանացող հայ տղամարդու կերպարը վերականգնելու համար չարչարվել է պետք, որովհետև սեփական ուժերը հայրենիքում օգտագործելու հուսալիության հոգեբանությունը փրկվել է ուզում անհուսությունից: Չոբան բառի խորքում վիրավորական, նսեմացուցիչ բովանդակություն ենք դրել, մինչդեռ նա գյուղը պահող, հասարակությունը կերակրող տքնաջան աշխատավորն է: Նա իր երկրի հողը գուրգուրող, իր ծննդավայր աշխարհում բարիք ստեղծող Մարդն է: Նրան փոխում ենք ծխախոտի բուրմունք քարոզող գեղեցկադեմ կովբոյի հետ, որովհետև ամերիկացին իր չոբանին այդպիսին է կերտել, նմանակման արժանի կերպավորում է տվել: Տվել է իր ապրանքը վաճառելու համար: Հայ շինականը նույնպես պիտի հասցվի այդ բարձունքին: Պարտավոր ենք դա անել, արդեն ունենք այդ գործի հմուտ արվեստագետներին: Բայց հայ տղամարդն այդ բարձունքում պիտի լինի որպես արարող և երկիր շենացնող ավանդական և տիպական կերպար:
Փրկենք հայ տղամարդու` նմանակման արժանի հարգալից կերպարը: Նա կարողացել է Արցախն ազատագրել, նրան բոլոր դարերում մեզնից խլել են նույնիսկ դեռ մանուկ հասակից, անգամ, պարզապես գյուղ են ներխուժել ու գողացել տարել բակում խաղացող անմեղ երեխային: Եվ այսօր էլ գողանալու պատրաստ են և զանազան ծուղակներով իրենցն են դարձնում ուրիշները:
Մե՛զ պահենք հայ տղամարդուն, աշխատող, ստեղծող, հայրենիք պաշտպանող, հայրենիքի և ընտանիքի պաշտամունքով ապրող այդ հարստությունը: Նրան աշխատանք է պետք, զբաղված լինել, արարել… Նրան աշխատանք է պետք, որպեսզի և՛ կնոջը երջանկացնի, և՛ երեխաներ ունենա ու գուրգուրանքով պահի, մեծացնի, և՛ հասարակությունը ուժեղ և պաշտպանված պահի, անառիկ ու երջանիկ դարձնի: Հայ տղամարդն անչափ շատ է արժանի հենց իր սեփական պատկանելության երկրում տոհմածառ ծաղկեցնելու:
Կանա՛յք, պետք է
տագնապով բարձրաձայնել, որ
Հայաստանում ոտնահարված են
տղամարդու իրավունքները
Քաղաքակիրթ հասարակությունում առաջնահերթ-սովորական հիմնախնդիրներից մեկը կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումն է: Կանայք կետ առ կետ նվաճում են տղամարդկանց մենաշնորհները, որքան շատ են նրանք նմանվում տղամարդկանց, այնքան կատարյալ է դիտվում հասարակական կենսակերպը:
Հայաստանում ևս շատ է խոսվում կանանց իրավունքների մասին: Մի կողմից պայքարում են ընտանիքներում կանանց հանդեպ կիրառվող բռնությունների դեմ, մյուս կողմից իշխանական մարմիններում աթոռներ չունենալուց են բողոքում: Երկուսն էլ կնոջ վիճակը խտրական են դարձնում: Իբր կինը զրկված է հասարակության տարբեր ոլորտներում իր կարողությունները դրսևորելու հնարավորությունից:
Տարածված աֆորիզմ է, թե հասարակության մասին կարելի է դատել կնոջ վիճակով: Բայց թե չեն ասում, որ այն տրամաբանական շարունակությունն է տղամարդու վիճակի: Հայաստանի առիթով ես կասեի, որ ոտնահարված իրավունքների հարցում տղամարդը բողոքելու ավելի շատ առիթներ ունի: Այդ նա է զրկված որպես տղամարդ դրսևորվելու բազմաթիվ իրավունքներից` աշխատելու, տուն, ընտանիք պահելու, երեխա ունենալու, երկրի տեր լինելու: Տղամարդը պետք է երջանկացնի իր ծնողներին, կնոջը, երեխաներին, և իր կոչումը նախ և առաջ հենց այդ վաստակից է սկսվում: Տղամարդն ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու իրավունքն ունի:
Ինչպե՞ս է նա օգտվում իր այդ իրավունքից, որը երկրի ու ժողովրդի գոյության հիմնական նախապայմանն է: Լավագույն դեպքում երկու կամ երեք երեխա է ունենում, որոնց պահել-մեծացնելը համաշխարհային բարդության մի խնդիր է դառնում նրա ամենօրյայում:
Տղամարդն իր տանը, իր երկրում ապրելու իրավունքն ունի: Նա ծնվել է մի օջախում, որի ծուխը պիտի ծխեցնի, սակայն անելանելի վիճակից դրդված` տուն ու տեղ, երկիր թողնում, հեռանում է` հետը տանելով կին ու երեխա, նաև` ծեր ծնողներ, բարեկամներ: Երեխաները օտար երկրներում են ծնվում, մեծանում, օտարի բարեշնորհումներից օգտվում ու նրանց հանդեպ պատասխանատվությամբ լցվում: Այդպիսով, տղամարդը զրկվում է նաև իր հայրենիքին զավակներ, երկրի ապագա քաղաքացիներ պարգևելու իրավունքից:
Վերոհիշյալ իրավունքները նաև որոշակի պարտականություններ են ներառում իրենց մեջ, առանց որոնց հասարակությունը չի կայանա: Իրավազուրկ տղամարդը հայտնվում է նաև այդ պարտականություններից ակամա փախչողի դերում: Ամուսին ու հայր, որդի և զինվոր հասկացությունները ծանր բեռի նման ուսերից ընկնել են ուզում, եթե կյանքը ապերջանիկ օրերի շարան է դառնում:
Իրավազուրկ տղամարդը երբեք երջանիկ հասարակություն չի ստեղծի: Որքան էլ կանայք ակտիվանան, սեփական իրավունքների հարց բարձրացնեն, միևնույն է, նրանց երջանկությունը միմիայն տղամարդուց է կախված: Կանայք այսօր ողջ ուժերը պիտի նվիրեն տղամարդկանց իրավունքների վերականգնմանը: Իրենց վիճակը կբարելավեն միայն բարելավված վիճակով տղամարդկանց հասարակություն ունենալու դեպքում: Միայն տղամարդկանց բնատուր պարտականությունները կատարելու իրավունքները վերականգնելու դեպքում հասարակության կին հավասար հատվածը նույնպես հանգիստ ու ներդաշնակ կտեղավորվի հասարակության իր բաժին պատասխանատվության դաշտում, իհարկե` ամենուր լինելով տղամարդու կողքին, իր տեղում: Տղամարդկանց իրավունքների համար անհանգստությունը նաև երեխաների իրավունքների պաշտպանություն է պարունակում: Իսկ այդ իրավունքներից ամենաառաջինը հայրենիքում ծնվել մեծանալն է, ինչից նրան զրկում են հեռուներում աշխատանք որոնելու մեկնող ծնողները: