ՆԱԽԿԻՆԱՆԵՐԿԱՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՈՒ ԱՄՈՒԼՍԱՐԻ «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ / Անահիտ ԱՐՓԵՆ

 

Եթե շատ-շատ հարցերում նախկինների հետ ներկաները անձնական կռիվ ու տարբերություններ ունեն, ապա Ծռերի ու Ամուլսարի համազգային հարցերում ուղղակի կեղծիքով թավշաքողարկված մեկ մարմին են: Բնականաբար, կեղծ հեղափոխության առաջին ամիսներին հնարավոր չէր Ծռերին կալանքի տակ պահել ու անմիջապես ետ կանգնել բնապահպանական խոստումներից: Ուստի նախկինաներկաները Ծռերի խափանման միջոցն առերես փոխեցին, ժողովրդի աչքին թոզ փչեցին, թե ազատ են արձակում, բայց իրականում քրեական մեղադրանքներով քաղաքական հետապնդումը չդադարեցրին և հիմա մինչև ցմահ մահապատիժ են պահանջում ոչ թե այն բանի համար, որ նրանք իրոք արել են, այլ՝ սարքովի մեղադրանքներով: Բայց չէ՞ որ մարդիկ դեռ չեն մոռացել, թե ինչու էին «Սասնա Ծռերն» ապստամբել, հիշում են, ինչ սոսկալի բաներ կատարվեցին այդ օրերին Սարի թաղում, և թե ինչ դաժան բռնություններով ճնշվեց ժողովրդի ընդվզումը, որը 2018-ին բերեց համաժողովրդական նոր անհնազանդություն՝ բռնատիրության տապալման ակնկալիքով ու հեղափոխություն անվանմամբ: Սակայն, արդյունքում, ընդամենը տեղի ունեցավ իշխանափոխություն, և նորերը միանգամայն հարմար գտան նախկինների իրավահաջորդությունը՝ թավշյա «հեղափոխության» հարթակներից տված խոստումներից սրբորեն պահելով միայն նախկիններին վերաբերողները: Եվ իրենց «թավիշը» կիրառում են միայն նախկին հանցագործների ու ժողովրդի վրա կրակած մարդասպանների նկատմամբ, իսկ սարքովի մեղադրանքներով դատվողներին պահում են ճաղերի ետևում ու պայքարողներին սպառնում ձերբակալել:
Խոստացված, ինչպես նաև՝ չխոստացված, բայց հեղափոխական տրամաբանությամբ պահանջվող բազմաթիվ մեծ ու մանր կենսական հարցերի շարքում «Սասնա Ծռերի» ու Ամուլսարի հարցերը, որ շարունակում են վճռվել անօրենությամբ և թուրք բաժնետերերի օգտին, եղել են ու մնալու են հեղափոխություն խոստացած իշխանության լակմուսի թղթերը: «Սասնա Ծռերի» դատավարությունը և Ամուլսարի հարցը բացահայտ ներկայացնում են նախկինաներկաների իրական դեմքը և լինելու են նրանց անփառունակ վախճանի փորձաքարերը: Այս «դատավարությունները», որ սկսել են նախկինները և ժառանգել իրենց իրավահաջորդներին, ժողովրդի պահանջներին դեմ բոլոր քաղաքական որոշումներով հանդերձ, մնալու են ներկա իշխանությունների կոկորդում, քանզի չկա ժողովրդավարություն՝ առանց երկրի ու ժողովրդի կյանքի անվտանգության, ինչպես նաև՝ առողջապահական ու սոցիալական ապահովության:
Ահա այս կենսական խնդիրների համար են պայքարել և պայքարում թե՛ «Սասնա Ծռերը», թե՛ Ամուլսարի պահապանները, որոնք մարմնավորում են ազգի սերուցքը, հետևաբար՝ ժողովրդին, որն էլ ապահովում է շարունակական գոյություն, և պայքարողների քանակն այստեղ ոչ մի կապ չունի: Ազգի գոյութենական ոտնձգությունների դեմ ապստամբած «Սասնա Ծռերի» կամ այդ ոտնձգություններից Ամուլսարը պաշտպանողների ընդվզումով հենց ժողովրդի կամքն է արտահայտվում, որը սակայն բռնադատվում է նախկին ու մերօրյա «դատավարություններում»:
Նախկինների նույն ձեռագրով, հռետորաբանությամբ ու կրկին նախկինների սին պատճառաբանությունները մեջտեղ բերելով՝ պնդել, թե պայքարողներն ամբողջ ժողովրդի կամքը չեն արտահայտում, նշանակում է նույնանալ նախկին բռնակալների հետ և բիրտ մեթոդներով կալանավորել ժողովրդավարությունը: Նշանակում է, նախկին, իբր թե տապալված վարչակարգին և նրա դատարանին ազատ գործելու հնարավորություն ընձեռելով, աշխատեցնել բռնապետական ռեժիմ, որը, վաղ թե ուշ, ծնելու է նոր ընդվզում:
Այս միացյալ նախկինաներկաներն արդեն մեղադրական դատավճիռ են կայացնում «Սասնա Ծռերի» հանդեպ և քաղաքական հետապնդման ենթարկելով՝ ոչ միայն ազատ չեն արձակում նախկինների կազմակերպած սպանությունների մեջ ապօրինաբար մեղադրվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, այլ նաև մյուս ապստամբներին: Նախկինների նույն դատախազն արդեն ազատազրկման միջնորդություն է ներկայացրել, ներկաները, ի դեմս իրենց միջնորդաներկայացուցչի, արդեն հայտնել են իրենց հեղինակավոր կարծիքը, և նախկինաներկաները միացյալ պահանջել են 8 տարի 6 ամսից մինչև 21 տարի ու անգամ՝ ցմահ: Այս ընկալելի, բայց անհանդուրժելի մտադրությունը սպասելի էր իրենց հեղափոխական անվանող, բայց երբևէ չլսված ու չտեսնված, հատուկ միայն Ծռերի համար գրված համաներման օրենք հրապարակած այս նախկինաներկա վարչակարգից, որը չտատանվեց անգամ համաներել ում ասես, բացի հենց ժողովրդավարության, սեփական ազգի ու պետականության համար պայքարողներից: Ավելին, նախկինների ԱԺ-ի կողմից ընտրված Վարչապետը քարոզչությամբ ամեն ինչ արեց Ծռերին ու նրանց գործը բանտելու համար: Ա՛յ, հենց այդ օրվանից էլ արդարության ու ժողովրդավարության հույսը կրկին մարեց մեր երկրում: Այնուհետև, ներկաները հաստատեցին նախկինների առաջադրած մեղադրանքը և այժմ ներկաներն են կայացնում դատավճիռ՝ հաստատելով, որ հանցագործություն է եղել, ուրեմն պիտի պատժվեն: Իսկ երբ այդ նույն ներկաները նախկինում Ծռերի ապստամբության ընձեռած հարթակներում, ժողովրդի առաջ, իբր պաշտպանում էին Ծռերի ապստամբելու իրավունքն ու իրենց համար վարկանիշ էին կռում-կոփում, ինչո՞ւ չէին ասում, որ Ծռերը հանցագործ են: Դեռ այն ժամանակվանի՞ց էին դիմակ կրում: Հիմա էլ հանել, ժողովրդին են հագցնում: Ցավոք, բնապահպանական խոստումներ տալով-չկատարելով՝ Ամուլսարի հարցն էլ են քաղաքականացրել և Ամուլսարին էլ են ցմահ անապատացման դատավճիռ կայացնելու, որովհետև Ամուլարի հարցն էլ են սարքել այնպիսի անհեթեթ աչքկապոցի, որով ամբողջ ազգի կենսագործունեության ապագան են փակում: Զայրացուցիչն այն է, որ շրջանառության մեջ են դրել և իրենց կրկնողների միջոցով տարածում են, թե իբր ՊՊԾ մտնելը գործողություն է պետության դեմ, իսկ Ամուլսարի շահագործումը աշխատատեղերի հարց է լուծելու: Մի հարցնող լինի, թե այդ ո՞ր օրվանից են հայրենիքի հող հանձնող բռնակալն ու ժողովրդի գլխին մահակ ջարդող ոստիկանները համարվում պետություն, իսկ հայրենի հողը պաշտպանողները՝ ոչ: Այդ ո՞ր օրվանից են առողջարանային քաղաքն ու տարածքի գյուղերը, ամբողջ բնաշխարհն ու հայոց ապագան ստորադասվում մի քանի հարյուր, թեկուզև հազար, ժամանակավոր աշխատողի: Ո՞վ չի հասկանում, որ իրականում ստորադասվում են բաժնետերերի անձնական շահերին, մեծամասամբ՝ թուրք բաժնետերերի: Եվ մեր պետություն կոչվածն է հենց իր ժողովրդի դեմ գործում: Դեմ էր, երբ 2016 թ.-ին պայմանավորված պատերազմով զինվորներ ու մարդիկ էր զոհաբերում, հող հանձնում, դեմ էր, երբ նույն տարվա ամռանը մասսայական ձերբակալություններ էր անում ու հարյուրավորների լցնում ոստիկանական զորամասերի ու ակադեմիաների հրապարակներն ու դահլիճները: Դեմ է հիմա, երբ այդ տարվա դեպքերով կալանավորված շատերի նկատմամբ է քաղաքական հետապնդումն առ այսօր շարունակվում: Դեմ է, որովհետև իրականում «Սասնա Ծռերի» և Ամուլսարի պահապանների գործողություններն են հենց պետությունը, զի դավաճանական քայլերից ու թշնամուց պաշտպանում են ազգի ու պետականության շահերը, իսկ պետության և օրինականության պատասխանատուները դեռևս արհամարհում են նրանց ընդվզումների շարժառիթները և վտանգում ազգի կյանքի պայմանները: Այս տրամաբանությամբ, իհարկե, դատավորը կբավարարի դատախազի պահանջը և դեմ չի գնա իր անմիջական վերադասներին՝ անկախ վերջնական սահմանվելիք տարիների քանակից, իսկ Ամուլսարից չեն հեռացվի ուրանաոսկու տենդով բռնվածներն ու Հայաստանն անապատացնելու ծրագրով հանք շահագործել փորձողները: Պաշտպաններն ու «ամբաստանյալները», իրենց խոսքերը հանրությանը հղելիս ինչ էլ ասեն՝ աշխատելով մարդկանց գիտակցությանը հասցնել մի պարզ ու հասարակ ճշմարտություն այն մասին, որ առանց 2016-ի ապստամբական ընդվզումների և 2018-ի քաղաքացիական անհնազանդությունների բռնակալներից ժողովրդի գլխին «մանանա» չէր ընկնելու, միևնույն է, ներկաները շարունակելու են ժողովրդին վախեցնել, թե եթե իրենք չլինեն, նախկիններն են գալու:
Սակայն այլևս վերջ խաբկանքին, այլևս պատրանքներ չկան: Արդեն բացահայտ է ժողովրդի ընտրյալ թեկնածու Վարչապետի դիրքորոշումը: Իշխանությունները ժողովրդավարության տրամաբանությամբ չեն առաջնորդվում և որևէ պահանջ չեն կատարելու՝ սոցցանցերում ֆեյքերի բանակ ստեղծելով, իրենց շուրջն ավելի ու ավելի շատ պատեհապաշտների ու կերակրատաշտին մոտ վազողների հավաքելով: Բայց ովքե՞ր են ժողովուրդը, նրա՞նք, որ կերակրատաշտին մոտ են վազում, թե՞ նրանք, որ ազգի ամեն դարդուցավի հարցով միտինգների ու ցույցերի են շտապում, գիշերուզօր, տարվա բոլոր եղանակներին պայքարում ու արդարություն պահանջում: «Սասնա Ծռերի» ու Ամուլսարի գործերը սեփական շահը ամեն ինչից վեր դասողների, բռնի ու թալանով ունեցվածք դիզողների ու ժողովրդի բախումն են: Իսկ ներկաները լուծում պահանջող ամեն խնդրում մեղադրում են միայն ժողովրդին: Իրենց այն նույն «հպարտ» քաղաքացիներին, որոնց շնորհիվ ու տված մանդատով են բազմել կառավարման գահին և որոնց հետ, իրենց գալու օրվանից առճակատվում են՝ հակաազգային ծրագրերով ու սոցիալական խնդիրներով: Կեղծ քարոզչությամբ շարունակելով անօրինություններ հովանավորել և կամայականության իշխանություն պարտադրել ի ցույց բոլորի՝ «թավշապատում» են հանցանքներն ու բռնությունները, մեղադրում «Սասնա Ծռերին» ու Ամուլսարի պահապաններին:
Ի՞նչ անուն տաս այն իշխանություններին, որոնք հավանություն են տալիս մի դատական գործընթացի, որում, ինչպես բոլորն են տեսնում, իրենց իսկ տապալած հանցագործ նախկինների դեմ ապստամբածների գլխին բացահայտ սարքովի գործ են ջարդել: Մի դատական պրոցեսի, որի ընթացքում չեն ներկայացվում հիմնավոր և բավարար ապացույցներ: Նախաքննության նյութերը, որոնք կարող էին լույս սփռել շատ հարցերի վրա, անգամ պաշտպաններին ցույց չեն տալիս, և դատարան չեն կանչվում փորձագետներ, որոնք կպատասխանեին ծագած բազմաթիվ հարցերի: Եվ, այսքանով հանդերձ, ցմահ պատիժ են պահանջում: Ի՞նչ ասես այն իշխանությունների մասին, որոնց հավանած դատարանում չեն քննվում իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովի քննության առարկա հարցով դատվող արդարամարտիկների արարքների բուն շարժառիթները: Այդ դատարանում չխոսեցին, եթե ոչ բոլորին, համենայն դեպս, արդեն շատերին հայտնի ո՛չ հայոց հող ու մարտական դիրքեր հանձնելու, ո՛չ էլ ՊՊԾ-ում ժամուպատարագ ցույց տվող թվատախտակին եղած կամասուտրայական դիրքերի մասին: Չասացին, որ անկառավարելի աջուձախ կրակող սպան շրջապատված էր մարմնավաճառներով ու այն աստիճան չէր տիրապետում իրեն, որ չէր էլ հասկանում, թե ինչ են բացատրում իրեն: Ներկաները նույնպես համարում են, որ սրանք հանցագործություն չեն, իսկ բռնատիրական համակարգի դեմ ապստամբության իրավունքով բողոքելը հանցագործություն է: Ա՛յ, այստեղ են վերջանում պետություն ու մշակույթ: Այս մանրամասները դատարանում չբարձրաձայնվեցին, որովհետև անմիջապես կփլվեին բոլոր մեղադրանքները: Այդ իսկ պատճառով էլ իրականությունը, լավ թավշապատելով, գաղտնի է պահվում, ինչպես որ իբր թե գաղտնի է պահվում Ամուլսարի շահագործման վտանգների իրական պատկերը: Բայց դե, մախաթը պարկում չես պահի՝ համացանցը վկա:
Իսկ մինչև ե՞րբ պետք է ժողովրդից օտարված մնան արդարությունն ու օրինականությունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։