Ետոն ՔԵԼՄԵՆԴԻ

Եվրոպայում լայն ճանաչման արժանացած ալբանացի բանաստեղծի ստեղծագործությունների կենտրոնում սիրային քնարերգությունը և բանաստեղծական խոսքի էլիպսային դրսևորումներն են՝ միահյուսված փոխաբերությունների և գեղարվեստական սիմվոլիկայի հետ:

ԵՍ ԿԱՄ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ , ԵՎ ԴԱ ՇԱՏ ԼԱՎ Է
Ես ինչ-որ կերպ ապրում եմ դեռ,
հիշողության սահմաններից հեռու մի տեղ,
չարտաբերված խոսքերի մեջ համբերության:
Բնակվում եմ ես իմ վերջում,
այնտեղ, խորը ներքևներում,
և եթե դա իմաստ ունի, երջանիկ եմ:
Ես գտնում եմ
ինձ իմ հոգնած տրտմության մեջ,
որ նախկինում չէի տեսել մինչև անգամ երազներում:
Ես տեսա,
թե ժամանակը ոնց է սահում է իմ ձեռքերից,
և դառնացած համոզվեցի,
որ գոյություն չունի կյանքում իմ բացական,
և իզուր է ամենուրեք ինձ գտնելու փնտրտուքը:
Ես այլևս կասկած չունեմ, քանզի գիտեմ,
որ ջնջել ես հետքերն անգամ կասկածներիս,
և քանի որ հարցեր չունեմ,
բավական է,
ես հիշում եմ քո անունը:
ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՄԵԿՆԵԼ ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿ
Ես ճամփորդում եմ ժամանակի մեջ,
տենչերով լեցուն երազանքերի արահետներով,
մտքերիս շուրջը
չեմ կարողանում գտնել բաց դուռը
այլ ժամանակի,
մի դուռ, որ տանի ինձ այնտեղ, որտեղ
ուզում եմ գոնե մի քիչ ավելի լավ սիրել,
մնալ ավելի երկար:
Թե հյուսիսային քամի լինեի,
կսլանայի դաշտերով արձակ ու գագաթներով,
և կստիպեի, որ խոնարհվեին կաղնիներն իմ դեմ,
գլխարկ հանեին:
Ամեն հույսի դեմ դուռ կբացեի,
և կլինեի ինքս էլ
ավելի լավ ժամանակի հույսերով լեցուն:
Թե արևային լույսի ճառագայթ լինեի մի պահ,
կփաթաթվեի ամենասիրուն աղջկա վզին:
– Օ՜, ինչ ջերմություն,- կշշնջայի աչքով անելով,-
և իմ մատները կմոլորվեին
նրա գզգզված խոպոպների մեջ,
բայց այս ամենը ցանկություն է լոկ,
անկարելի է խախտել սահմանը ժամանակների:
Եթե լինեի ես նա, որ ես չեմ,
կհեռանայի իմ ժամանակից, սակայն ես ես եմ,
գրողը տանի,
և մոռացության վերջին նամակս արդեն այնտեղ է՝
նոր ժամանակում,
ուր այն պահում են գանձերի շարքում՝
ի տարբերություն խնջույքի համար
այսօր պատրաստված ուտելիքների,
որ վաղվան անգամ չես կարող թողնել:
ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Սպասում եմ քեզ
իմ համբերության
սահմաններից դուրս,
ինչ-որ ոչ մի տեղ,
սպասումները շարունակվում են,
եթե մեկնումը
կամ ժամանումը գեթ իմաստ ունեն
և ողջամիտ են,
իսկ ես քեզ վաղուց
հանդիպում եմ փակ գրքի էջերում,
վերնագրի մեջ վաղուց մոռացված
բանաստեղծության:
Ես փնտրում եմ քեզ իմ մտքերի մեջ,
երբ հայտնվում է
դաժան պատկերը բացակայության,
իմ բոլոր-բոլոր սպասումները
գերազանցեցիր դու անգթորեն:
Հիմա միասին թափառում ենք մենք
այն փողոցներում,
որ երազում եմ տեսնում միմիայն:
Այդպես եմ ես քեզ սպասում,
նույնիսկ
երբ ուրիշն է քեզ սպասում,
մեկ է,
ես եմ սպասում:
Եվ ես չեմ խոսում քո մասին արդեն,
էլ բավական է:
Կրկնեմ միայն՝
ես ի սկզբանե
ամբողջ ժամանակ քեզ եմ սպասել,
որ դու ճեմելով անցնես իմ կողքից։
Ալբաներենից թարգմանությունը՝ Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։