«Alan Parker» ՄՍԱՂԱՑԸ

Մանասե1

ՄԱՆԱՍԵ

«Alan Parker» մսաղացը

Ընդհատումով մտածկոտ` պտույտներն իր լիսեռի
կտորտանքներ է նետում փշրտելով ոսկորներ,
մի երամակ ձիաուժ դատաստան է փղձկում
մսաղացը P a r k e r – ազդարարում է` Վերջ:

Հեղգությամբ էինք նայում գալիքներին ձրի`
մռայլվելով այն բանից, որ Հերոստրատն է հիշվում,
աստվածների տանիքը գուցե կանգուն է նրանով,
որ չենք կարող լռեցնել դատաստանը աղացքի:

Ուրիշ ի՞նչ էին խոսում հերձադանակները նրա,
քան սողանցքներ չթողնել ու աքցանել մեզ իր մեջ,
որ մենք փախուստ որսացող աստվածներից չփրկվենք,
ու մեկտեղվեն բոլորը մսաղացում P a r k e r :

Մթագնումներ է բերում` շնչել տալով թմրանյութ`
սոսկալիության բաժինը աղացանվի տակ պահած,
առանց վեճի թողնելու` ու՞մ չի ճզմի անիվը,
ու վերջույթներ ոլորի` կզակներից մինչ կրունկ:

Իր երախում կծամվեն և՛ հանճարներ, և՛ ոճիր,
որից պիտի հագենան պտուտակները լիսեռվող,
այդ մեքենան անողոք ճարտարապետ կխոսի.-
Ուր ժամանակն է կարկամել` անկում է քեզ գուժելու:

Գայթակղումը գոյության անսպառ է այդ ինչքան,
որ ուզում ենք լիսեռվել աղացքի հետ P a r k e r,
իր ատամի տակ թողած և՛ հանճարներ, և՛ ոճիր,
ստախոսում ենք շարունակ` հիասքանչ ես, կյանք:

***
Դիակիզարանի դեղձանը` այդ Սեն Ժոն Պերսը –
դիեր լափող վառարանների աղյուսի պես ցրիվ եկած երկրում,
ուր ռազմագերիներին հսկող լուսարձակները կաղկանձում էին փախուստ –
ուր կենդանի թաղվածները կաղկանձում էին երկինք,
ու համակենտրոնացման ճամբարները կաղկանձում էին գերեզմաններ –
որ գերվածներն ու կենդանի թաղվածներն էին թախանձում,-
դիակիզարանի դեղձանը` այդ Սեն Ժոն Պերսը,-ասում են,- ծով էր երգում:
Երբ պատերազմը պատմություն էր կաղկանձում –
պատմությունը` ործկոց երկրում,
ուր առավոտները դեռ չբացված` օրը մեռելների մշուշ էր կաղկանձում –
ու մարդկային մսի հոտ` կիզարանների ծխհանքներից,
ուր կառամատույցներում պարետները հաշվառում էին կաղկանձում –
մահվան ճամբար ուղարկվելիք մոխրացու,
դիակիզարանի դեղձանը` Սեն Ժոն Պերսը,-ասում են,- ծով էր երգում:
Երկրում, ուր սպանդը արճիճի խնայողություն էր կաղկանձում,
խնայողություն, Սեն Ժոն Պերս, խնայողություն…
ուր կրակոցների կաղկանձումների միջից արձակված սուլոցները
վերածվել էին կերբերոսյան ուրվապատկերի,
որ անդրշիրիմյան խլությունից դիակների կույտ էր ոռնում,
ուր մսաղացուներ էին բարձվում շարասյուն կաղկանձող բեռնագնացքները –
որ իրենք էլ չգիտեին, թե ո՞ր մեկնագծերի վրա պետք է շպրտվեն,
ու ո՞ր դժոխքի սլաքավարը պիտի դիմավորի իրենց.
երկրում, ուր ազատագրվածների համար ավելի հեշտ էր
մի քանի պատերազմների միջից շարունակեին շնչել
ածխացող մարմինների ծխահոտը,
քան հավատային, թե պատերազմը, որ պատմություն էր հաչում, ավարտվել է-
երկրում, ուր չհուսահատվելու համար հերիք էր
մեռածներին թաղելը, քան հավատալը, թե կենդանի կմնաս,-
դիակիզարանի դեղձանը,-ասում են,- ծով էր երգում:

Ծով էր երգում, ուր ոչ ոք չէր երգում ու խոսքերի այլաբանությունից զատ –
մի ուրիշ բան էին ուզում:
Ճի՞շտ էր անում նա, թե ոչ, չգիտեմ:
Բայց որ ծով երգելը կփրկի երկիրը, դու ո՞նց էիր կռահել,
Սեն Ժոն Պերս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։