Սամվել ԿՈՍՅԱՆ

 

ՊԱՆԴԵՄԻԱ 2020
Անտանելի է, եթե հակառակորդն անտեսանելի է,
կռիվը նրա հետ վերածվում է կռվի ինքդ քո դեմ,
անտանելի է, երբ անտեսանելին պարտադրում է
ինքնամեկուսանալ – մի օր, երկու, երեք,
և սկսում ես ինքդ քեզանից զզվել և զգում ես,
որ կռիվը չսկսած` պարտվել ես.
հակառակորդին չէ – նորից ինքդ քեզ ու էլի ինքդ քեզ:
Այս ինքնակռիվը ինչքան է երկարելու,
միայն թե ծննդյան օրդ մարտադաշտում չհայտնվի,
պարտվածներին ապագան չի ընդունում,
կյանքն էլ՝ ինքնամեկուսացվածներին…

***
Ես ասացի` ամառը վերջանում է,
ու այդպես էլ չեմ հասցրել զգալ նրա ներկայությունը,
ցավը, որ դմակի պես կախվել է հետույքիցս,
ստիպել է դողացնել, երբ ասֆալտը հալվել է արևից…
Ես ասացի՝ ամառը վերջանում է և չարժե
պարահանդեսներ կազմակերպել,
երաժշտությունը թուլացնում է զգայարանները,
և անարգել են դառնում հրաժեշտի արցունքները,
որից թոռնիկս ճչում է՝ պապի՛կ, ինչո՞ւ ես լացում.
չեմ լացում, – ասում եմ,- շոգից քրտնել են աչքերս,
չեմ լացում, – ասում եմ, զգուշանալով,
որ նրան դեռ վաղ է տեսնել՝
ինչպես են արտասվում տղամարդիկ…

***
Գարունները ապրելու համար են,
նրանցով քաղաքականությանը կերակրեցիք`
ամբարտավան պոռնիկին,
ով կարող է մտնել ձեր տուն առանց հրավերի,
կոտրել եղած-չեղած սպասքն ու կահույքը,
սիրահետել ձեր կնոջը, ձեր երեխաներին,
կրակել ձեր ապահովության վրա,
երևակայել, որ ինքն է, ուրիշ ոչ ոք,
ինքն է ջունգլիների առյուծը,
վանդակի թութակը, գազանանոցի կապիկը,
ամբիոնների հենարանը, ժամանակի սլաքը,
պատերազմների հրամանատարը
և հուղարկավորությունների քահանան,
ինքն է երազների քավորը
և երկխոսությունների միջնորդը,
սիրո կառավարիչը և վերջապես…
դադար` չխելագարվելու համար,
ինքն է ձեր աղոթքների գրաքննիչը
ու հայելու մեջ ձեր դեմքը
զարմանալիորեն ուրիշ, զարմանալիորեն օտար…

***
Ազատության հրապարակում
ժողովրդավարության կապույտ փուչիկներ են
թռցնում օդ: Կեցցե կապույտը
և կեցցե ազատությունը: Լիդերները հայտնվում են
արժանապատվության կրծքանշանները կրծքներին,
կեցցե կապույտը, ժողովրդավարությունն
ու ազատությունը: Նրանց հետ չեմ ու նրանց մեջ չեմ,
ինձ չի քսվում նրանց ոգևորությունը,
կեցցե կապույտը, ժողովրդավարությունն
ու ազատությունը, դռներ, որ օգնում են
մի վանդակից մյուսը տեղափոխվել,
կեցցե կապույտը, ժողովրդավարությունն
ու ազատությունը, որ
կարողանում են
վանդակները անտեսանելի ներկել…

***
Իրիկնամուտը օրվա վարագույր,
ինչ պիես, ոչինչ չկա դեռևս,
միայն գորշ ամպեր, գորշագույն մրուր,
նույնքան գորշագույն սպասումներ ևս…
Կյանքը շրջվել է` աստառը մաշված
անցյալի քայլից չես տարբերի,
քիչ հետո, գուցե րոպեներ հաշված,
կկորչի փայլը նաև աստղերի…
Կռի՞վ է վերում, թե՞ սգո հանդես,
Գուցե ընտրություն նոր աստվածների,
Սա ուրիշ վարք է և ուրիշ պիես,
Ուրիշ մոգություն վայրի խաղերի:
Անհայտ է՝ տե՞ր ենք, թե՞ հանդիսատես,
Անցյալի մե՞ջ ենք, թե՞ վաղվա վկա,
Լիներ պիեսը, գուցե հուշեր մեզ՝
Ինչն է իրական ու ինչը չկա:

***
Հույզերը վաղը պետք չեն գալու,
Անհայտ է՝ վաղը կլինի՞ արդյոք,
Ինչ սադրանքներ է կյանքը պեղելու,
Ես որ չգիտեմ, չգիտի ոչ ոք՝
Դանթեական որ պարունակում է
Բախտի թռչունը թևն իր կորցնելու,
Երկնին ի՞նչ եղավ, որ հեկեկում է,
Գուցե գիտի՝ վաղն ինչ է լինելու…

***
Յուրաքանչյուրի ներսում կայսրություն է,
մնացյալը տարածք է ոչինչ չասող,
դե, փառք կայսրին, որ միայն իր ներսում է
և որ իր ներսից դուրս գալ չի կարող…

***
Համերգի տոմսեր են տերևները,
Աշունը բաժանում է, ում պատահի,
Բեմում կողք կողքի են մահն ու սերը,
և ձյունը… կարող է իջնել ամեն պահի…
Տարվա եղանակների խաղ չէ բնավ,
Մահվան համար նույնն է` աշուն-ձմեռ,
Սերն էլ չես իմանա, թե ուր կորավ,
Ձյունը ուշանում, չի գալիս դեռ:
Հանդիսատես չկա, ես եմ ու աշունը,
Դեմառդեմ մահվան համր դերին,
Վերջապես իջնում է ճերմակ ձյունը՝
Խաղաղություն բերելով իմ աչքերին:

ԱՌԱՆՑ ՔԵԶ
Արյունը ժանգոտել է սրտիս վրա,
ցավի քամին պատռել է առագաստները լույսի,
և ափ ընկած ձկներ են
հուսահատության հոսանքները՝
ապրելու վրայից քշելով գոյության
նշանները վերջին…
Հիշողության ջրերում ասես շուշաններ շուրթերդ,
կարմիր շուրթերդ` դեմքիդ վրա փոքրիկ խարույկ,
որ այրում են մատներս, երբ փորձում եմ դեմքդ շոյել,
ու անգույն ծխի մեջ կորցնում եմ դիմագծերդ…
Հեռանալիս չմոռանայիր գոնե
դատարկության դռներն ու լուսամուտները փակել,
դատարկության միջով
անձրևն անարգել թրջում է հիշողության էջերը,
հույսի դեմքը չի երևում, նա էլ է դիմակ հագել,
կրակահերթերի պես են
խելագար ուղեղների ազդանշանները`
ստիպելով ինձ ծնկել, բառերիս մեջ զգալ
ցավի դառնությունը… բայց դեռ չեմ խելագարվել,
թեև զգում եմ աչքերիս մեջ
ինչպես է արցունքի պես լճանում անունդ…

***
Ով եմ` ձեզ համար անտեսանելի փոշեհատիկ,
որին չեք տեսնում, թեև միշտ ձեզ հետ եմ,
ինձ ձեզ հետ տանում եք ամենուր.
և՛ կազինո, և՛ ռեստորաններ, և՛
քաղաքական դավադրությունների հավաքներին,
ձեզ հետ եմ, երբ շաղակրատում եք
սիրուհիների հետ,
երբ գրոշի համար պատրաստվում եք
հոգիներդ վաճառել սատանային,
ուրանալ հարազատներին,
ձեր կրոնն ու հայրենիքը, երբ թվում է՝ հաղթել եք
ձեր մրցակցին, չհասկանալով, որ նրան հաղթելով
պարտվել եք ինքներդ ձեզ,
ես՝ սովորական փոշեհատիկ՝ փոքր ու անտեսանելի,
որ կարողացել է իր մեջ
տեղավորել ձեր գաղտնիքները,
երբ պատժի հալածանքներից
փորձել եք թաքնվել հուշերի մեջ,
երբ դժվարացել եք
պաշտպանվել խղճի հարձակումներից
և երբ հուսահատության պահերին
որոշել եք ինքնասպանվել…
Եթե իմանաք՝
ինչ տանջանք է այդ ամենի վկան լինել,
մասնակցել ու լռել, պարտադրված լռել,
որովհետև եթե ինձ չեք տեսնում,
բղավեմ, գոռամ էլ, իմ ձայնը,
միևնույն է, ձեզ չի հասնի…

***
Արթնացումը շարունակվում է,
Մինչև կյանքը դառնա արվեստ,
Ջուրը լցրու՝ ինչը հում է,
Ոչ մի միմոս, ոչ մի սոփեստ:
Լսիր սրտիդ, թե երգում է,
Օրը սարքիր քեզ հենարան,
Եթե տողդ հեկեկում է,
Ներշնչանքով օգնիր նրան:
Արթնացումը շարունակվում է,
Լայն բացիր դուռ ու լուսամուտ,
Չմոռանաս, սա բեկում է՝
Քանդելու հին խութերը մութ…

***
Հայտարարվեց` կյանքը լվացքապարան է,
և առաջինը չինովնիկներն իրենց ելույթները
կախեցին պարանից, որ ջրքամվեն,
վաճառականները միանգամից արթնացան՝
պարանի երևացող տեղում կախելով
իրենց ժամկետանց իրերի զեղչի տոկոսները…
մուրացկանները,
սև գոլորշու պես բարձրացան հողի տակից,
և պարանին պղպջակների պես ծաղկեցին
նրանց անտերության բորբոսի փաթիլները…
պայծառատեսները մի այլ կերպ աշխուժացան.
ի՜նչ հրաշալի առիթ՝ քննարկելու
աշխարհի կործանման հերթական վարկածները,
հոմոսեքսուալիստների հերթն էլ կարծես հասավ՝
պարանին հայտնվեցին մաշված ու կաթկթացող
նրանց բազմակի օգտագործման տնքոցները…
խուճապի չմատնվել`
հորդորեցին ժողովրդավարները,
որովհետև այնքան էլ դյուրին չէ կողմնորոշվել
առաջինը ինչը կախել` մարդո՞ւն,
թե՞ նրա իրավունքները,
սիրահարների համար էլ խաղ էր այս ամենը՝
պարանին էին
նրանց դեռ անփորձ համբույրների պատճենները,
իսկ փիլիսոփաները…
արժե՞ ինչ-որ բան կախել, թե՞ չկախել,
չէ՞ որ պարանը կարող է չդիմանալ ու կտրվել…
Իմն ուրիշ է, իմը զարմանքն է ինձանից կախ,
թե ո՞նց են` չինովնիկից մինչև փիլիսոփա,
հաջողել իմ մեջ տեղավորվել…

***
Ինձ մի՛ հարցրու՝ ինչ է կյանքը.
երկարատև ճամփորդություն
դեպի Փարիզ չէ, այլ՝ գերեզմանոց,
ճանապարհային նշաններն ավելորդ են,
գերեզմանոցում խաչմերուկներ չկան,
ոչ էլ փողոց…

***
Եթե քեզ հանկարծ զգաս մոլորված
Ելևէջների գլխապտույտում,
Մահվան դեմ թվա հոգիդ մերկ ու բաց,
Ուրեմն էլ քեզ չես հավատում:
Եվ քո մտքերի խաչմերուկում
Տաշեղներն օրվա սին ու մաշված
Կլողան ինչպես բառեր տրտում,
Հոգիդ կքաշեն ապրելուց ցած:
Ճամփադ կլինի մետաղե պարան՝
Մահվան ափերը իրար կապող,
Ու գուցե հանեն քեզ կախաղան,
Ու կողքիդ ոչ մի, ոչ մի լացող:
Թե իրոք էլ քեզ չես հավատում,
Աղոթքն էլ արդեն չի փրկի քեզ,
Ու ինչպես հույսը անապատում,
Անհիշատակ ու անանուն կայրվես:

***
Քամու բերանն ընկած տերևը
դնդնում է ինչ-որ մի երգ,
էս ի՞նչ երգ է՝ ո՛չ խոսք ունի,
ո՛չ էլ կարգին երաժշտություն`
սրտիս վրա ոչ մի հնչյուն
չի թողնում գեթ աննշան հետք,
հարցնող լինի՝ խի՞ է հնչում,
խուլ աշխարհում ինքն ո՞ւմ է պետք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։