Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ծակ կոշիկներ

համբերատար
առանց թնկթնկալու անցնել օգոստոսով
երբ ետևում մնացին հունիսը և հուլիսը

*
գրողի տարած
մանր մունր քարեր
ջրափոսեր

*
ինչ-որ մի տեղ
մի անկյունում
անհարմար չգնդակահարվել
ինչպես Հրանտ Դինքը

*
ինձ կփրկի
Դավթի երկաթի տրեխները

*
լավագույն տողերը
ծիրանի և թթի մասին
ես եմ գրել
ըստ այդմ
ամեն տարի
պետք է ինձ
անսահման քանակությամբ
ծիրան և թութ նվիրաբերեն

գոնե
նրանցից ժայթքած օղիները

*
հոդերս բուժելու համար
ոչ թե ես պետք է
ծաղկից ծաղիկ անցնելով
հատ-հատ մեղուներ բռնեմ
այլ նրանք
ի վերջո
պարտավոր են գլխի ընկնել
և դասակ առ դասակ
մեղմօրոր իջնելով
ձեռքերիս և ոտքերիս
ազատագրվեն

*
խնձորի հեղումներից
տանձն եմ սիրում
ընդհուպ
ծիրանի անդրադարձումները
դեղձի պայծառակերպություններում
երբ այն խաղողի կենակցումից
մարմնավորում է սալորի

*
անմնացորդ
նվիրեցի ինձ օգոստոսին

լափլիզեց
պատառոտեց

արևի ճառագայթներից ծակծկված
շիկացած մարմինս
չի հանդարտվում

*
քայլելիս
փող գտնելու զգացողությունը
ցանկությունը
ուսանողական տարիներից սկսած
այդպես էլ ինձ չլքեց

*
հայր
ով բանաստեղծության աստված
ես ինչո՞ւ էի մոռացել
կապույտ երկինքը

*
հայր
ով բանաստեղծության աստված
թույլ տուր մտնեմ
արքայությունը բարդիների
զի նրանցն է
կապույտ երկինքը Գյումրի քաղաքի

*
թող որ
բանաստեղծությունը
աստծո արքայությունում հայտնվելու
անցաթուղթ լինի
*
լուսաբացին մերձ
բանաստեղծությամբ
զարկվելն էլ մի բան չէ
ուզում ես քնել
բառերը
պատկերները չեն թողնում

*
անհասկանալի մղում է
ամեն ինչ
վերածել բանատողի
անպայմանորեն
խցկել ինչ-որ բանաստեղծության մեջ
ինչը սարսափելի է
և ահավոր
ինչը հոգին փառավորում է
և ցնծության ճոճքով տարուբերում
ամեն գույն երանգ
շշուկ և ձայն
միջատ թռչուն ծառ
քար և թուփ
ամեն կեղտ
աղտեղություն և աղետ
մահ փտում և փթթում
ամեն ինչ ամեն ինչ
ամեն ինչ

*
թեկուզև
տան դիմացի ձորակում
թեկուզև ինչ-որ անտեր
խոպան դաշտում
հեռու
բոլոր բնակավայրերից
հեռու
բոլոր ճանապարհներից
ցանկացած եղանակին
բայց հատկապես ամռանը
ոչ մի գերեզմանատուն
ոչ մի բետոնապատ
տապանակիր գերեզմանափոս
ոչ մի լացուկոծ
ոչ մի հիշատակի օրեր
և խոսքեր

միջատներ և թռչուններ
քամի և արև
մարմինս ձեզ եմ կտակում

*
խորդենի

կնոջս որը դաժանորեն անտարբեր է
աճեցրածս խորդենու նկատմամբ

հավատա
տարփանքի կիզակետում
մեր հրկիզվող մարմինների համար
խորդենու զով
մշտանորոգ բույրը
հույժ ամոքիչ կլինի

*
հազարատերևուկ

բացարձակ է մարմնավորումդ
վերջնական
և այսօր ինձնից պրծում չկա
հատկապես
թունդ դեղին գմբեթներիդ ներքո
սրբազան հիմներ եմ բզզալու

*
դաղձ

ես ինձ
չափից դուրս համեստ
էս եղբոր հետ եմ նույնականացնում
տեսքս առանձապես վատը չէ
ներաշխարհս էլ
բուրում է երկինքներ

*
ճարճատուկ

այս բոցկլտուն քրոջ անունը
բերկրանքի մի անվերահսկելի
ներսուզում է
խնդության մի անվերջ ծես

աստղերի ճշգրիտ տեղը
նրա ծաղկաբույլերով եմ սովորում

*
լորենի

համոզված եմ
աշխարհի արարումից
մինչև օրս
ամենայնի արարիչը
ամեն օր ամեն ժամ
բոլոր գործերը մի կողմ դրած
կատարելագործում նրբացնում է
լորենու բույրը

եթե
հուսալ աստծո արքայությունը
ապա միմիայն վասն լորենու

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։