Մի օր, երբ աշխարհը քնած էր խոր քնով, և լույսն ու մութը կռիվ ունեին իրար հետ, հրեշտակներն իջան երկիր` երկինք տանելու հայոց մայրերին: Նախ նրանց տարան, որովհետև Աստծու կամոք որդիներն են հիշատակ պահողները երկրի երեսին:
Հայոց ջարդի ուրույն մեկնաբանություն է «Մայրերու հրեշտակները», որտեղ ամեն ինչ հոգու ոլորտներին հատուկ չափորոշիչներով է հոլովվում ու փորձում ամբողջացնել նուռը` որպես ցրված որդիներին կրկին գիրկն առած մայրության խոսուն խորհրդանիշ:
Եվ այդպես, մի օր, երբ աշխարհը քնած էր խոր մութի մեջ, հրեշտակներն իջան երկիր` երկինք տանելու հայոց մայրերին: Ահա այդ պահին երկնքում ձևավորվեց նրանց հիշատակի աստղը, որն ամեն գիշեր այցելում է մայրերին կորցրած որդիներին, զրուցում նրանց հետ ու պատմում մայրական սիրո հավերժության մասին: Անցնելով լուսային չափումների միջով` ահա աստղից մի լույս իջել Թադևոս Տոնոյանի սրտին, զրուցել է նրա հետ մայրերի հրեշտակների մասին:
Բոլորիս ճամփան վերադարձ է դեպի գիրկը մեր մայրերի… Իր մոր` Մանիկ Տոնոյանի հիշատակին և Եղեռնի օրերին անմեղ զոհերի հոգիները փրկող հրեշտակներին ընծայագրված Թադևոս Տոնոյանի «Մայրերու հրեշտակներ» գրքույկը, որը Կայծակ Վանիկյանի նկարազարդումներով լույս էր տեսել 1997 թվականին և քառալեզու (իսպաներեն թարգմանությունը` Ասյա Խաչատրյանի, անգլերեն թարգմանությունը` Մերուժան Հարությունյանի, ռուսերեն թարգմանությունը` Գուրգեն Բարենցի) վերահրատարակվել 2016-ին, մի ինքնատիպ երկխոսություն է կյանքի ու մահվան, ոգու ու հիշատակի, հավերժության ու ունայնության, մութի ու լույսի մասին:
Նռնահատի արցունքներ: Ահա գեղեցիկ մի խորհրդանիշ պատկեր, որ ապրված է որպես որդիական հեկեկանք: Որդիների արցունքները ինչո՞ւ են նռնահատի: Որովհետև նռնասիրտ են հայոց մայրերը: Մութ ու լույսի պայքարի մեջ որդիների վրա հակված նռնենիների պես են հայոց մայրերը` ջարդի բերանն ընկած, մի թրահարվածով ճեղքված կարմիր նռան պես են մայրերի սրտերը:
Փակվող կոպերուն տակ//Դեռ կ’ ապրին մայրերը նռնենիներուն պես,// Ու մինչ ի ծեգ//Երկնադարձ ուղին կը շշնջան// Նռնահատի արցունքներով բողբոջած//Իրենց զավակներուն:
Թադևոս Տոնոյանը բացահայտում է անտեսանելին տեսնելու և հարատևի, լույսի, նուրբ ոլորտների հետ շփվելու գաղտնիքը, որի ճանապարհը երկնքի խորաններում ապրող մայրն է ցուցանում, հրեշտակ մայրը, անհանգիստ մայրը, լույսից եկած ու դեպի լույսն ուղեկցող մայրը, դեպի Աստծու տունը դարձող մայրը: Այո՛, մայրերը գիտեն մխիթարել զավակներին: Նրանք շատ հաճախ գիշերվա մեջ զավակների հետ զրուցում են լույսի մասին, ասել է թե` հենց իրենք իրենց մասին.
Զավա՛կս,//Ով որ ալ ըսե, թե ես մեռած եմ,//Մի՛ հավտար,//Ես կ’ապրիմ,//Եվ ի հավաստումն այս խոսքերուս`//Այս գիշեր պիտի արև ծագե,//Արևը հիշատակի:
Մոր հիշատակի մարմնահողն անգամ հրաշագործ է, ու այն կավե սափորի մեջ առած բանաստեղծի հոգին հրեշտակի թևեր է զգում` հասկանալով սեփական հիշատակի հողի ճակատագրի կարևորությունն ու հուշ թողնելու, իր հողն ունենալու պատասխանատվությունը («Հիշատակի հող»): Մոր նկատմամբ ունեցած խորին սիրով է համակված Տոնոյանի ամեն մի բանաստեղծություն, բայց բանաստեղծը համոզված է` պետք է լուռ սիրել, քանի որ կա մեծն ճակատագիրը.
Ճակատագրերը կը կրկնվին, // Ու ես կը վախնամ, // Կը վախնամ անոնց համար, // Ում հետ նույն աստղը // Դեռ պիտի առաջնորդե ինծի… («Իմ տոհմին մեջ»):
Գիշերամութի մեջ առկայծող հիշատակն է, որ բանաստեղծի համար լուսավոր ճանապարհի ուղենիշ է դառնում: Հուշի լույսը համախմբում է ծանոթ-անծանոթ, պայծառ վախճան ունեցած բոլոր ոգիներին: Բանաստեղծն էլ անհանգստանում և հոգում է սեփական վախճանը պայծառ տեսնելու համար. «Ե՜ս ալ ապրիմ աստղալույսին հանգույն» («Հիշատակն է»):
Թադևոս Տոնոյանը մի առանձին խորհուրդով, խորին զգացողությամբ է դիտարկում գիշերամութի` լուսաբացի անցման գործընթացը, լողում նրա շերտերի մեջ: Այդժամ վերանում է երկնի ու երկրի միջև առկա սահմանը ու «նռնենի» մայրերը երկնադարձ ուղին ցուցանելու են գալիս իրենց զավակին, հրեշտակակերպ հեռանում լուսաբացի հետ, որ գիշերը ետ գան, բոց տան, մոխրանան` նռնենու ճյուղերից կախ թողնելով «…նռնահատի արցունքներով կաթկթացող աչքերը որբերու…» («Ճզմած նուռերուն պես»):
Կյանքից հեռանալը ավարտ չէ, այլ գոյության մի կերպից անցում է մյուսին: Բանաստեղծը քննում է կյանքի ու մահվան ճամփաբաժանը` չմոռանալով փառք տալ հիշատակի հողին: Նա պարզ տեսնում է` ճորտն ու մշակը, բանաստեղծն ու քերթողը դեպի Տիրոջ «երկնային գահն» են ընթանում` հոգեղեն աշխարհին հուշի թևով միանալով («Մարդոց հողեր»): Միայն որբերն են, որ խղճի վրա ծանրացած խորունկ կարոտի ցավով են լցնում բանաստեղծի սիրտը.
…Չե՜մ ուզեր մեռնիլ.//Կարոտնամ պիտի անոնց//Հողի խորքեն ու երկինքեն…:
Բանաստեղծի գիշերը մղձավանջ է դառնում, երբ կարմիր հագած մայրերը որպես «ջահեր ու լուսաբաց» իր մոտ են գալիս ու իրենց որբերն ուզում.
Ինծմե որբե՜րն իրենց կ’ուզեն,//Որբերն իրենց` ինծմե՜, ինծմե՜… («Մեգ-մղձավանջ»):
Որբանալը հանցանք կարծող որբերի աղիողորմ ճիչերը հանգիստ չեն տալիս բանաստեղծին, «Դուն մայր չունիս» խոսքերը դաշույնի հարվածի պես խրվում են հոգու մեջ («Մայրերու հրեշտակներ») բայց, անմիջապես, ի պատասխան իր վախերի ու հույզերի, նա լսում է մոր փարատող ձայնը ու համոզվում, որ բոլոր որբուկների հոգիներն իրար մոտ են, նրանց մայրերն էլ «իրարու քով» են («Բարեխոսելու Աստծուն քով»):
Մարդկային մոլորյալ արարածների, մահվան տենդին սովորող մարմինների, արյան հոսքերի ու «պաղ բազկեն» սպանված մատաղացու գառների քաոսում և նույնիսկ լռության մեջ բանաստեղծը վստահ է` վերից հսկող կա: Արարիչն է, հսկում է «աշխարհական ամեն վիհ», ու վստահ է, որ մոլորյալները հոգի ունեն, իսկ հոգին կարող է ճախրել «առավոտի ծովուն մեջ», ձուկ դառնալով դեպի մայրը լողալ, դեպի «Արևը հիշատակի»: Վերջինս, սակայն, ոչ բոլորին է շողում: «Վերին Կյանքին» հավերժ անհաղորդ կմնան «Ասիական գորշ գայլը քոչվոր», որ կյանքի հավերժական գերին է մինչև տարաժամ մահը, քանզի զուրկ է արժանիքներից, հեռու հուշ-հիշատակից («Անդրաշխարհը հայոց ազգին»):
Թադևոս Տոնոյանի «հուշաշխարհի» ճանապարհի եզրերին հավետ կանգնած են երկուսը` ճանապարհողն ու դիմավորողը, ու նրանց միջև մայրական ոգին է, որ թեպետ անդարձ հեռացած, բայց տխրությամբ է ճանապարհում պատրանք-կյանքը լքող իր զավակին: Երանելի է նա, «Որուն կը ճանապարհեն ու կը դիմավորեն նաև…»,- գրում է հավերժության բանալին գտած բանաստեղծը («Ճանապարհողներ, դիմավորողներ»): «Հագուրդները կարոտի» բանաստեղծության մեջ գրողն արդեն տեսնում ու ապրում է դիմավորման պահը.
…Դիմավորեն մեզ պիտի, մեզ ընդառաջ պիտ վազեն//Մեր մայրերը` ձեռքերուն նշխար մը հաց, լույս մը թագ:
Հարկավոր է միայն հավատալ, որբացած զավակների պես հավատալ Աստվածամորը… ու կկատարվի գիշերվա հրաշքը, ու որբուկներն իրենց մայրերի գիրկը կվերադառնան: Տոնոյանի վրձնած հրաշք-գիշերվա պատկերը մոգական է. «աստղաթափ լաց կ’ըլլան համաստեղություններ պայծառ…» («Բարի երթաք»): Խաչերով ու նռնենիներով է պատված երկնային ու երկրային ոլորտներում քայլողի ճանապարհը, ուր դեռ խակ նռան հյութը քամած, ինքզիրենք խաչ հանածների սուտ ցավը տանջում է նրբազգաց հոգուն, բայց սպասումի արդյունքը քաղցր է` Տերն է գալու («Խաչ ու նուռ»):
Բանաստեղծը փորձում է երկու աշխարհների միջև գտնել ճշմարիտն ու իրականը: Նա որոնում է կյանքի գաղափարը սրտերում կամ ոտքերի տակ ապրող երկրների գոյության մեջ ու իր որոնումների պատասխանին տիրապետող է տեսնում անդրաշխարհում պայծառ շողացող լույս դարձած հոգիներին («Պայծառորեն»): Թռչնակի երգը, թիթեռի ճախրանքը, ձկան լռությունը, աստղերի փայլը… երևույթներ են ապրելու մասին, որ հուշ թողնելով մեծացնում են կյանքի ու մահվան առնչությունը.
«Ի՜նչպես//Ի՜նչպես մեծցավ առնչությունը մահվան,//Որ ապրողներն այսչափ շա՜տ կը հիշեն ապրելու մասին,//Իսկ մեռածները մոռցա՜ն, մոռցա՜ն…» («Ապրելու մասին»):
Սրտամաշ կարոտ կա բանաստեղծի հոգում.
…Մորս կարոտցեր եմ, կը հասկընա՞ք,//Կը հասկընա՞ք, անո՜ւշ ու պաղ հող կ’ուզեմ,//Մորս գի՛րկը կ’ուզեմ…» («Անուշ ու պաղ»):
Սրտամաշ կարոտ, բայց և հավատ` պայծառ ու լուսավոր վերածնունդին, սպասումի ու հույսի արդյունքում երևացող շողին: Մի օր ինքն էլ միանալու է այդ լույսերին` գնալով ետ` դեպի երկինք.
Օր մ’ալ ինծի պիտ տանի Ետ`//Որպես ընծա երկնի վանքին.//Իմ շիրիմս ալ պատրանքին պես//Խաբե պիտի իմ զավակին…//Շիրիմները, այնինչ, պարապ,//Ու մայրերով լի՜ է երկինք…»:
Պատարագի ձայնն է փոխանցում գրողը վերին ոլորտներից, երգեհոնի ձայնը, որ ձևավորվել է հուշագրություններից, իսկ երգը հուշ է խնկում պայծառացած մայրերի ձայնով.
Ձայներն իջնին, պիտ դառնան մոմերու խումբ համաստեղ,//Մեզի լույսով ընդգրկեն մեր մայրերու աչքերուն… («Սգախոհ»):
Բանաստեղծը զգում է ու զգուշացնում, որ մոտեցել է համընդհանուր զոհաբերման պահը, ու վեր ճախրած մայրերն սպասում ու աղոթք են անում ՀՈՂԻՆ վերադարձող ու դարձի եկող իրենց զավակների ժամանման պահի համար: «Հիշատակի արև»ն իր հավատի «ձուկ»ը դարձրած «Աղունակներ կը հղեմ հագուրդներուն կարոտի Երկիրը, ուր կը հասնի հավերժության նռնենին»,- գրում է Թադևոս Տոնոյանը, ու երբ ճաքած նռան սուտակի պես պայծառ հատիկները լույս կտան, իր աղունակները ետ կգան «Թագ բերեն մեջ որբության պայծառ, պայծա՜ռ ապրողին» («Աղունակներ»):
Բանաստեղծի հավատամքը մեկն է`ապրել մեզանից հեռացած և բանաստեղծական գեղեցիկ պատկերով խորհրդանշված նռնենի մայրերի օրհնության մեջ և Տիրոջ ողորմածությամբ:
Ես Տիրոջը կը սպասեմ` գա,//Ինծի խչմար տա իր խաչեն: