1. Շշուկված սեր
Երկնքից աստղեր եմ բերում շողշողուն,
տունդարձիդ ճամփան դարձնում հրավառ,
տան շեմին կանգնում սպասումով ճերմակ,
ճերմակ եմ ներկում կարոտներս լուռ։
***
Քո սիրած կապույտով եմ անուրջներս ներկել,
իմ երազուն դղյակի ճամփեքին փռել,
որ երբ կարոտես մի բուռ տիեզերքիս,
գաս ու կապույտ ծաղիկներ բերես:
***
Հոգիդ կարգել ես լույսիս պահապան,
ոգիս ջլատող խավարն ես ցրում,
փակել ես դուռը հողեղեն չարի,
աշխարհս անեղծ, անպիղծ ես պահում:
***
Մի բուռ տիեզերք եմ բերել մեր դղյակ
ու սերը կարգել տեր ու տիրական,
լույս եմ նկարել առանց ստվերի,
հավատս կարգել լույսի տիրուհի:
***
Կգան օրերդ՝ ճեփ-ճերմակ հագած,
Աչքերիդ մեջ կապույտ ժպիտ կծաղկի.
ցայգերգը շուրթիդ կփարվի քնքուշ,
գիշերը չի քնի, կմնա արթուն:
***
Երբ նրա ձեռքը բռնում,
քո՛ սրտի զարկերն ես լսում,
կրնկի վրա բա՛ց դռները հոգուդ.
ՍԵՐՆ է սրտիդ զարկերը հաշվում…
***
Եթե ՆԱ քո ճամփին հայտնված մեկն է,
որ ծաղկոտած է պահում այդ ճամփան,
ուրեմն` քո աստղը պայծառ ժպտացել,
տիեզերոտել է սերդ ու լույսով օծել:
***
Արեգակնաշողոտ ծաղիկներ եմ քաղել,
դրասանգ հյուսել,
հյուսել եմ անափ լուսե հավատով,
հոգետունս զարդարել ծաղկոտված սիրով:
***
….Ու երազուն քո հայացքից
կապույտ լույս է կաթկթում,
և կապույտից լուռ հորձանքվող
սեր է հորդում, ալիքվում…
***
Եվ կային, կային լույս օրեր
և ցնծուն ժպիտներ անհամար,
քո շուրթին գիշերերգ էր ծաղկում,
իսկ ջութակը լսում էր ողջ գիշեր:
2.Շշուկված ճիչ
Նրբախոս են դարձել օրերս բոլոր.
շշուկով են խոսում տխրությանս հետ,
խոհերիս հետ մեն ու մենակ մնալիս
տարիներն են թերթում հեռու անցյալիս:
***
Ինչ-որ տեղ՝ երազ դարձած անցյալում,
մեղեդիներն են թախծում,
արցունքոտվում լուռ,
չասած խոսքերս նորից են լռում,
նորից չեն ասվում ու չեն անցյալվում:
***
Երեկս դարձրի անցյալ անկատար,
բան չհասկացա իմ խենթությունից,
ինչ որ պայծառ էր, անտեր թողեցի.
գորշությունն առա ու ընկա ճամփա:
***
Հորինեմ պայծառ-պայծառ երազներ,
անուշ նիրվանայի երազում ապրեմ,
քնեմ, արթնանամ խորանում լուսե.
իմ հորոտ-մորոտ հեքիաթը հյուսեմ…
***
Աղոթաճիչս երևի
իմ ներսում խեղդվեց.
թևատվեց մնաց.
Աստծուն չհասավ…
***
….Ցավը նայեց աչքերիս
ու քմծիծաղեց…
Չհասկացա՝ ինչ տեսավ
իրեն չսպասող իմ լռության մեջ …
….Ու ես դառնացա:
***
Աստված ինձ Արցախա կավից է հունցել,
Արցախաջրով խմորս շաղել,
Հայկյան երկնքով է աշխարհս գծել,
Նաիրյան արևը հոգուս մեջ դրել…
***
Ավեր չի դառնա իմ հոգին երբեք…
քերծերից է փոխառել քարեղեն ոգին,
ամեն օր թրծվում է կյանքի հնոցում,
փոխը հետ տալիս հպարտ քերծերին։
***
Մտածին մի անուշ տեսիլով
երազներ եմ հորինում թափառուն,
հին անթեղը խառնելով նորի հետ՝
տեսիլքվող քո Է-ով հիանում:
***
Վրձնեցի ժանեկազարդ երազներ,
դու երկնքից լուռ նայեցիր, ժպտացիր.
երազներս թևատվեցին, մարեցին.
դու մովերում մշուշվեցիր, թախծեցիր…
***
Երբեմն անչափ եմ ես մարդեղենանում,
թուլորեն նստել, լացել եմ ուզում,
անվերջ թևատվելուն էլ չեմ դիմանում,
ճչալ ու գոռալ, դատարկվել եմ ուզում…
***
Շնորհակալ եմ, որ կաս քո անէ Է-ով,
որ անզոր պահիս հայտնվում ես հուշիկ,
հայտնվում, կանգնում ես, ժպտում մեղավոր,
ձեռքդ դնում շուրթիդ, «Ո՛չ» ասում լռիկ:
***
Չընթերցված գրքի էջերի նման
Կարոտում, թախծում են օրերս մոլոր,
Հուշիկ թերթում եմ ու լուռ սփոփում,
Հույսից լույս մանում ու վաղս հյուսում:
***
Հազարան բառեր եմ ծրարել, պահել,
աղոթաբառեր եմ hյուսում՝ խնկահոտ,
իմ ճրագատան հոգեմատյանում
անմենակ օրերիս հեքիաթը մանում։
***
Նորից կհանդիպես իմ ճանապարհին,
ու դա կլինի ուրիշ աշխարհում,
ուրիշ հայացքով կնայես դու ինձ,
ես ուրիշ խոսքեր կշշնջամ քեզ,
ու կլինենք մենք…
3. Շշուկված ցավ
Փրկության քրքրված օղակն առած,
ցավի մի մեծ բեռ դրած մեր ուսին,
հզոր հորձանքի ծայրին տարուբեր՝
հույսերից լույսի կտավ ենք մանում.
***
Կորած-մոլորած օրերի գրկում
հույսի փեշից կախ, խռոված, հոգնած,
«Եռաբլուրի» ցավի տակ կքած՝
Մհերի դուռն ենք երազում տեսնում…
***
Անհայրենիք, անանցյալ չհայը թափառ
ինքն իրենից օտարված, աններկա,
մոռացած սրբություն ու նշխար՝
չգիտի՝ ինքը կա՞ է, թե՞ չկա:
***
Ուրացումով ենք ապրում՝
անանցյալ, աններկա,
ապրում ենք օրեր,
որ չեն ունեցել անցյալ
ու չունեն ներկա:
***
Անտեր ենք թողել կենաց ծառը մեր.
Ով ասես ջարդում, ճյուղատում է այն.
Իսկ մենք ժամանակը սպասումով մսխում,
թշնամուց ենք մուրում հայրենիքը մեր:
***
Իր հոգու ճամփան անմաքուր է անցնում,
տաճար է մտնում մեղսոտված հոգով,
սուրբ ու սրբություն է խորանում պղծում,
անսուրբ, անմեռոն չմարդն անաստված:
***
Աննավ, անխարիսխ, անփարոս, անհույս
Օվկիանի հզոր տարերքին տրվել,
Թմրաքուն բերող օրոր ենք լսում,
Օտարի խավարից փորձում հույս քամել:
***
Լռության անթեղներում
երազներ են մխում,
երազների մեջ սրտի
զարկեր կան անլուռ…
(Եռաբլուր տանող Ճամփան
կգժվի մի օր):
***
Ամեն օր կարկատում եմ իմ հույսի փեշը,
Կախվում նրանից անդունդի եզրին,
լալկվել-պապանձվել են ճիչերս բոլոր,
ահի ճիչն է շուրթիս մոլոր մնացել…
***
Լարախաղացի թիկնոց ենք հագել
ու անլար կամուրջ ձգել օդի մեջ,
դեմքներիս ծամածուռ ժպիտ նկարել,
ծաղրապար բռնել, մտել խաղի մեջ:
***
Դառը դառնություն է կախվել օդի մեջ,
ներսնիվար է ծորում սառն ու լպրծուն,
սրտի զարկերի ճչոցն է հաշվում
օդի մեջ անլար պարող ծաղրածուն:
***
Մանկան խռով շուրթին ապրելու տենչ կա,
բողոքի ճիչ կա մոր չասված խոսքում,
ներսնիվար թափվող արցունքների ցավ կա,
աղոթականչ կա լուռ աղերսանքներում:
***
Նույն կտավից ենք հայրենիքս ու ես,
նույն ժայռաթելից է Աստված մեզ գործել,
ինչքան էլ փերթ-փերթ ծվատում են մեզ,
առասպել դարձած՝ հյուսվում ենք նորից: