2023-ի դեկտեմբերի 12-17-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվեցին Չինգիզ Այթմատովի 95-ամյակին նվիրված հոբելյանական օրեր, որին Հայաստանից մասնակցում էր նաև գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը:
Ստորև ներկայացնում ենք Ֆ. Բախչինյանի ելույթը:
Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունը Հայաստանում ևս քաջ հայտնի է ու գնահատված, նրա գրեթե բոլոր գործերը թարգմանված են հայերեն: Ականավոր գրողը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է՝ «Հայտնի դառնալը հեշտ է, ամենադժվարը ժամանակի փորձությանը դիմանալն է»,- և շարունակել, որ ինքը չի խոսում դարերով հայտնի մնալու նպատակի մասին։ «Ես խոսում եմ գրքերի առանձին կյանքի մասին, որոնք ապրելու են իրենց հեղինակներից հետո»,- ասել է նա։
Իմ ներկայությունն ու խոսքն այսօր այստեղ հենց այն վկայությունն է, որ նրա ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ոչ միայն ներկային, այլև` պատմությանն ու ընթերցողների հաջորդ սերունդներին, առավել ևս՝ տարբեր ազգությունների սերունդներին:
Վեպը՝ որպես ստեղծագործություն, պատմում է երկու մարդկանց՝ Ավդի Կալլիստրատովի և Բոստոն Ուրկունչևի կյանքի մասին, որոնց ճակատագրերը կապված են գրքի սյուժետային գիծը կազմող Ակբարա գայլուհու կերպարի հետ։ Այն բաղկացած է երեք մասից, որոնցից առաջին երկուսը պատմում են նախկին սեմինարիստ Ավդի Կալլիստրատովի մասին։ Երրորդ մասը նկարագրում է Բոստոնի կյանքը, որն ապրում է սոցիալիստական ունեցվածքը մասնավորի անցնելու դժվարին ժամանակահատվածում։
Կարդալով վեպը՝ մեկ անգամ ևս համոզվում ենք, որ դժվար է որոշել, թե ինչ է մարդկային կյանքը։ Համենայնդեպս, ամեն տեսակի մարդկային հարաբերությունների, ամեն տեսակի խառնվածքների անվերջանալի բարդ զուգակցություններով է պայմանավորված նրա գոյությունը։ Ինչպես գրքի հերոսներից Աբդիան է ասում՝ «Ե՛վ առանց մարդկանց մարդը չի կարող ապրել, և՛ մարդկանց հետ է դժվար»։ Մարդկային հարաբերությունները բարդ են, որովհետև յուրաքանչյուր ոք փորձում է իր ետևից տանել աշխարհը, ու դժվար է հասկանալ՝ ո՞վ, ինչո՞ւ և ո՞ւր է ուզում գլորել այս մոլորակը։
Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող առանձին մարդկանց, կենսական առանձին միջավայրերի նկարագրությունները, որոնց հանդիպում ենք գրքում, վերաբերում են ո՛չ միայն մարդկանց աշխարհին, բայց, այնուամենայնիվ, այդ բոլորով հանդերձ, միասնական մեկ ընդհանրության մեջ են ու դրանց հետ ծանոթացողի միտքն ուղղորդում են նույն, մեկ համընդհանուր կետին։ Հենց այդ կետի մեջ էլ ընթերցողի առջև ծառանում է համընդհանուր հարցը, որն այնուհետև վերաճում, ուղղորդում է կյանքի փիլիսոփայությունը հասկանալու այթմատովյան գաղափարների ճանապարհով։ Ասվածն ավելի հասկանալի դարձնելու համար այսպես բացենք փակագծերը. այն, ինչ վերաբերում է կենսական տարբեր միջավայրերի նկարագրություններին, դրանց ներկայացուցիչներից մեկը՝ յուրահատուկ շնչառությամբ օժտված, որպես առանձին օրգանիզմ՝ գործող բնությունն է կամ Մերձիսսիկուլյան լեռնաշարքերն են, Մոյընկումի տափաստանները՝ իրենց գլխին ինքնամոռաց ու սահուն պտտվող թռչունների երամներով, ցածում՝ կենդանական աշխարհի յուրահատուկ, բնական հոսքը ներկայացնող սայգակների՝ այծեղջյուրների հոտերն ու գայլերը՝ իրենց գիշատիչ բնույթով։ Յուրաքանչյուրն ապրում է իր սովորույթներով, բնույթից ելնող ներքին մղումներով, և յուրաքանչյուր կենդանի կամ թռչուն նկարագրվում է իր կենսաբանական յուրահատկության մեջ չափազանց պատկերավոր։ Ահա Մոյընկումի տափաստանի գլխին պտտվող ուրուրների շարքերը, որ «թռչում էին աննպատակ, ինքնամոռաց ու սահուն լողում էին՝ թռչելով միայն թռչելու համար այն միշտ զով, մի քիչ մշուշոտ անամպ բարձունքում։ Թռչում էին մեկը մյուսի ետևից մի ուղղությամբ շրջան կատարելով՝ դրանով ասես խորհրդանշելով հավերժությունն ու անսասանությունը այս երկրի ու այս երկնքի […] այս ազնվազարմ գիշատիչները տափաստանի երկնային բնակիչներն էին, որ մեղավոր երկիր էին իջնում միայն սնվելու և գիշերելու համար»։
«Ազնվազարմ գիշատիչների» կողքին մարդկանց աշխարհն է՝ կերպարների թե՛ տարատեսակությամբ և թե՛ նրանց միավորող ընդհանրություններով։ Ահա լեռներից դեպի անտառակներ, ձորակներ ու հովիտներ հոսող վարար գետի նման հոսում են գրողի պատմություններն այդ բոլորի մասին, որոնց մի կետի շուրջը հավաքող այթմատովյան հարցը անընդհատ մնում է ընթերցողի մտքի վերին շերտերում։
Իսկ հարցը հետևյալն է՝ «ինչո՞ւ է այսպես»։
Այթմատովի ստեղծագործական էության շռնդալից ընթացքն անարգել առաջ է գլորվում, թույլ չի տալիս կանգ առնել պատումի գեղագիտորեն փաստագրված նկարագրությունների մոտ, ապրել, վերապրել, հիանալ գրողի վարպետությամբ, որովհետև համընդհանուրն ամբողջացնող գիծը, ավելի առաջնային դառնալով, առաջ է մղում քեզ՝ հաստատելով, որ սա է այն, ինչ տրված է ի վերուստ, ուզես թե չուզես, այսպես է կանոնակարգված կենսագոյությունը Երկիր մոլորակի վրա։ Հեղինակն իր մտքի թռիչքներով տանում, կանգնեցնում է վաղուց կանոնակարգված փաստերի առաջ, ու տեսնում ես, որ, իսկապես, այն ամենը, ինչի մասին խոսվում է իբրև գոյության ձևի, դաժան կեցության երկու թևերն են, որ հանդես են գալիս իբրև հալածողներ և հալածվողներ, ամբողջ ուժերով առաջ են մղվում «…որպեսզի ապրեն, որպեսզի կենդանի մնան, ու, թերևս, միայն Աստված ինքը կարողանար կանգնեցնել և մեկին, և մյուսին, հալածվողներին ու հալածողներին, քանզի դա կենաց և մահվան խնդիր էր ապրել փափագող արարածների […] այնտեղ, հոտերի մոտ մարդիկ կային, ոչխարների աստվածներն ու նույն իրենք՝ ստրուկները ոչխարների, նրանք, որ իրենք ապրում են, բայց կենդանի չեն թողնում ուրիշներին, մանավանդ նրանց, ով անկախ է իրենցից, կարող է ազատ լինել…»
Նույն կանոններով գործող այս ամբողջ շարժի անընդհատությունն ապահովում է մեկ այլ օրենք, այն, որ հալածողները երբեմն միանում են հալածվողների խմբերին՝ որպես հալածյալներ, ու նրանք, որ հալածվում են, կարող են դառնալ հալածողներ։ Ահա, խնդրեմ, այծեղջյուրների անթիվ, անհամար զանգվածին տափաստանային իրենց հարմար ուղղությամբ են քշում ուղղաթիռները։ Եվ «գայլերը, չհասցնելով ոչ ճանապարհը շեղել, ոչ էլ թաքնվել, հայտնվեցին ամպի պես վրա հասնող ահռելի գլխաքանակի ամենակործան կենդանի հոսանքի ճանապարհին։ Ու, եթե թեկուզ մի վայրկյան կանգ առնեին, անխուսափելիորեն կճզմվեին սայգակների սմբակների տակ»։ Ուստի գայլերը, որ սայգակներ հոշոտողներ էին, ահա փախչում են նրանց հոսանքի մեջ ընկած, որպես գերիներ՝ փախուստի կենտրոնում: Եվ սա այնքան ավելի նորովի ու նոր հնարքներով է զարգանում, որքան թույլ է տալիս մարդու առաջընթաց միտքը։ Ասիական մեծ տափաստանում ստեղծված կենդանական աշխարհի կենսակարգը ներկայացնող գայլ Թաշչայնարի և նրա գայլուհի Աքբարայի ապրած աշխարհը մինչև այնտեղ էր, որտեղից սկսվում էր մարդկանց աշխարհը։ Այդ մարդիկ են, որ հալածումների ու հալածվողների համար նոր հարաբերություններ, շփումների նոր որակներ են պարտադրում։
Ահա այստեղ է հաջորդ հարցը։ Ի՞նչն է մղում գոյության կռիվը տանել անընդհատ նորացող որակների դաշտը։
Նախ և առաջ դա մի դաշտ է, որը ոչ մի լավ բանի մասին չի հուշում, անգամ սարսափելի տհաճություն պարտադրող անուն ունի՝ «Կառափնարան»։ Այս դաշտում մարդն ու գազանը պետք է ապրեն միասին, կողք կողքի և ապրում են։ Այդպես է ընդունված։ Իսկ մոլորակը կամ նույն այդ դաշտը մարդկանցից դուրս հորդող մեղքերով է լցված, որոնցով պայմանավորվում է ամենի կեցության ձևը։
Քիչ է ասել, թե Այթմատովը վարպետորեն ու արծվային թռիչքների բարձունքից է նկատում, թե ինչպես է ամեն մի մեղք դեպի իրեն ձգում մեղքերից առանց այն էլ չարչրկված մոլորակը։ Չէ՞ որ յուրաքանչյուր գոյաձև ինքն իրենով մի աշխարհ է ներկայացնում, ինչպես տիպական գծերով էլ օժտում է նրանց հեղինակի գրիչը։ Եվ մոլորակն էլ հնազանդորեն պտտվում է այն կողմ, որ ուղղությամբ տանում է շատերին միավորող համընդհանուր մեղքը։
Համընդհանուրը տեսնելու, նրա մասին խոսելու համար, անշուշտ, մտքի ու զգացմունքների վեհագույն բարձրություն է պետք։ Այդ բարձունքից էլ ահա Այթմատովը խոսում է կեցության ձևերի մասին մի ժամանակաշրջանում, երբ համընդհանուր մեղքի պատասխանատուների մասին խոսելն արդեն հալածողի ու հալածվողի հարցը փիլիսոփայական ընդհանրացումների հասցնողի մեծություն էր։
Այս վեպը հենց Կառափնարան անունով ընդհանուր կաթսայում եփվող կեցության մասին է, որի վրա իմաստասեր գրողն առաջարկում է ավելացնել համեմունքները՝ ընդհանուր համը ճիշտ ստանալու համար։ Նրա մարգարեական նկարագրություններն այսօր էլ արդիական են, որովհետև այսօր էլ կաթսայի վրա նույն դաջվածքն է, նույն անունը՝ Կառափնարան, որը կարող է մաքրվել, վերանալ կամ, գոնե, խամրել, եթե իրենից մի ողջ աշխարհ ներկայացնող մարդը ինքնակատարելագործվի։
Առանձնահատուկ վեպ է, քանի որ ինքնակատարելագործման վեհագույն գաղափարը քննարկվում է տարբեր աստիճանների վրա, ճշգրիտ խոշորացույցի տակ, որը հենց մեծագույն մտածողի աշխարհայացքն է՝ գեղազարդված սեփական արծվային թռիչքի պատկերով այդ ամենի վրա, որի երկու թևերից մեկը նրա միտքն է, մյուսը՝ զգացումները։
Համընդհանուր հարցեր բարձրացնող վեպը մարդկային ճակատագրերի, բարոյական հատկանիշների, ինչպես իր, այնպես էլ դրսի աշխարհի հետ ունեցած մարդկային հարաբերությունների ու դրանց կարգավորման մասին է։ Խարխլված ճակատագրեր, անզորության գիտակցումից առաջացող տիեզերական վիշտ, մարդ լինելու դժվարություն։
Չինգիզ Այթմատովի՝ սույն գրքով ներկայացվող փիլիսոփայությունն սկսվում է այնտեղից, որտեղից սկսվում է մարդկանց ու կենդանիների թշնամական փոխհարաբերությունների նկարագրությունը, և ավարտվում է այնտեղ, որտեղ մարդը գալիս է իր առաքելության գիտակցությանը՝ գտնել այն, ինչը պակասում է, որպեսզի կառափնարանի գիլյոտինը ծաղկեպսակի վերաճի մարդու գլխին։
Եվ այսպես, երրորդ հարցը՝ ե՞րբ է գտնվելու մարդուն պակասողը, մինչև ե՞րբ է աշխարհը մնալու այսպիսին կամ հարցը՝ Այթմատովի խոսքերով՝ «Մի՞թե այս արյունահեղ դրամաների կարուսելը պետք է այս ձևով պտտվի մինչև աշխարհի վերջը»։
Ահա և ամեն ինչի մեջ ինքնապաշտպանական ռեակցաների կարևորությունը շեշտադրող գրողը բարձրացնում է վախի հարցը. «…ինչպես է նա վախենում, որ չի տեղավորվի, իրեն չի կերակրի, չի կարողանա գոյակցել ուրիշ իր նմանների հետ: Եվ բանը նրանում չէ՞ արդյոք, որ նախատրամադրվածությունը, վախը, ատելությունը նեղացնում են մոլորակը մինչև ստադիոնի չափերի, որի վրա բոլոր հանդիսականները պատանդներ են, քանզի երկու թիմերն էլ, որպեսզի հաղթեն, հետները միջուկային ռումբեր են բերել, իսկ մարզասերները ոչինչ հաշվի չառնելով՝ բղավում են՝ գոլ, գոլ, գոլ։ Եվ հենց դա էլ մոլորակն է»։
Ի՞նչ անել նման մոլորակում։ Ահա այս հարցն է այսօր առավել քան արդիական։ Չէ՞ որ կեցության մեջ վախի մեծագույն աղբյուրն այսօր նույն այդ միջուկային ռումբերն են, ու ի հակադրություն այդ վախին՝ գրողը այսպես է ամրագրում իր դիրքորոշումը՝ «Իսկ չէ՞ որ յուրաքանչյուր մարդու առաջ կանգնած է մշտական, անմարելի խնդիր՝ լինել մարդ այսօր, վաղը, միշտ»։
Մարդ լինելուն օգնում է գրքի էջերում այս ու այն տեղերում առկայծող այթմատովյան բարության լույսը։ Գուցե հենց բարությունն է պակասողը, որպեսզի մարդը դուրս գա կառափնարանի դաշտից։ Բարության լույսը վեպում առկայծում է տարբեր աստիճանների վրա։ Նախ՝ Աքբարա գայլուհու գործողությամբ, երբ նա չոչնչացրեց իր ձագերի մոտ հայտնված Աբդիային. «էգ գայլը վայրկենապես հասկացավ իրավիճակի վտանգավորությունը։ Խուլ մռնչալով նա նետվեց մերկ մարդու վրա, որ վարդագույն լուսավորվել էր տափաստանի արևի նախամայրամուտի շողերով։ Գայլի համար ոչինչ չարժեր միանգամից ժանիքներով պատառոտել նրա կոկորդը կամ որովայնը։ Իսկ մարդը, կատաղի վրա հասնող գայլի տեսքից սարսափած, նստեց՝ գլուխը երկու ձեռքով բռնած։ Հենց դա էլ փրկեց նրան։ Ցատկի պահին Աքբարան մեկ էլ փոխեց մտադրությունը։ Նա թռավ մարդու վրայով-մերկ ու անպաշտպան-, որին մի հարվածով կարող էր վերջացնել, թռավ վրայով՝ հասցնելով սակայն տեսնել նրա դեմքը և ահավոր սարսափից սառած աչքերը, զգալով նրա մարմնի հոտը՝ թռավ վրայով, շրջվեց ու նորից երկրորդ անգամ թռավ, անցավ արդեն ուրիշ ուղղությամբ, նետվեց դեպի ձագերը»։
Գործողությունները տարվում են մի հունով, որտեղ հոշոտումից փրկված, քրիստոնեական բարոյական արժեքներով զինված Աբդիան հետագայում, երբ դաժանորեն ծեծված էր, մի կերպ կուլ տալով տառապանքների լեղին՝ խոստովանում է. «Չարիքը դիմակայում է բարուն նույնիսկ այն ժամանակ, երբ բարին ուզում է օգնել չարիքի ճամփան բռնածներին»: Այսպես, այթմատովյան մտքի լույսի ետևից գնացողը չի՞ նկատի արդյոք, որ խոսքն այն մասին է, թե՝ անհրաժեշտ է աշխատել այն բանի վրա, որ բարությունը ներքին, անիմանալի մղում դառնա մարդու համար այնպես, ինչը ցուցադրվել է գայլուհու գործողությամբ։ Պետք է մտածել այդ մասին, ոչ թե վարժվել, հարմարվել հալածող կամ հալածվողի դերին, դուրս գալ այդ դերից, թեկուզ տառապանքով, բայց փնտրել բարության լույսը։
Լույս փնտրողների առաքելությամբ երկիր իջած մարդկանց շատ է տեսել այս ծեր մոլորակը։ Նրանք հռչակավոր արվեստագետներ, գիտնականներ, հոգևորականներ, իմաստասերներ են։ Այթմատովը նրանցից մեկն է, որի զրույցն այս վեպով նույն մոլորակի բնակչի հետ հենց արհեստական պարտադրանքներից վեր կանգնելով՝ բնականին տրվելն է։ Իսկ բնականը բարի է այնքանով, որքանով նրա մեջ լույս է երևում։ Լուսավոր նման կետեր կան գրքում, որոնք վերաբերում են թե՛ կենդանական, թե՛ մարդկանց գոյաձևերին։
Մարդաբանության մասին է Այթմատովի զրույցը մարդու հետ։ Նա ինքը մի աստիճանի վրա է, որտեղից երևում է ամբողջը՝ նույն կառափնարանը, ուր գիլյոտինի տակ դրված են թե՛ հալածողների և թե՛ հալածվողների գլուխները։
Մարդկային մտքի ու զգացումների աննկարագրելի հրավառություն է գիրքը՝ հանձինս այթմատովյան տաղանդի։ Համաշխարհային նշանակության խոշոր պրոբլեմներ են արծարծվում այստեղ՝ գոյաբանական իրականության ֆոնին։
«Կառափնարանը» ճիչ է այն մասին, որ պետք է ինչ-որ բան անել»,- գրքի հայերեն թարգմանության առթիվ գրում է անվանի մտավորական Լ. Մկրտչյանը։
Ուրեմն՝ անհրաժեշտ է գործել, որովհետև Չինգիզ Այթմատովի այն հարցը, թե՝ ո՞րն է քո աշխարհը, մա՛րդ, ուղղված է յուրաքանչյուրիս։ Ո՞րն է քո աշխարհը, մի՞թե կառափնարանը։ Բայց կառափնարանը չի խնայի քեզ, եթե չգտնես այն, ինչը պակասում է մարդկությանը։
Գնանք գտնումի ճանապարհով՝ համոզված, որ, լինում է այնպես, որ հենց ճամփան արդեն ուրախություն է: Հատկապես, եթե քո սրտով ուղեկից ունես ու գնում ես հանգիստ, առանց շտապելու, զրուցելով, ճիշտ այնպես, ինչպես այս պահերին, երբ մենք անցանք դրանք՝ մեզ ուղեկից ունենալով Չինգիզ Այթմատովին։