ԱԹԹԻԼԱ Ֆ. ԲԱԼԱԺ

Աթթիլա Ֆ. Բալաժը աշխարհի տարբեր գրական փառատոների մշտական մասնակից է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր և ամենաշատ լեզուներով թարգմանված հունգար բանաստեղծը։ Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:


ՃԱԿԱՏԱԳԻՐ

ճանապարհը փլուզվում է ոտքերիդ տակ
և գիտակցել չես հասցնում
որ տարածես պիտի գոնե թևերը քո


ԲՈՒԽԱՐԵՍՏ

ես առաջին անգամ չէ որ Յունգ եմ կարդում
բայց  Modern Jazz Quartet – ը
պաշարել է իմ օրգանը լսողության

ագռավները զբոսայգում
բաց են արել բազարն իրենց
դեն շպրտված նկանակի կտորի շուրջ

ես մանրաքայլ ռիթմով
մայթի սալիկներին նվագելով
գետինն էի զննում աչքս ոտքերիս տակ
ինչպես հեռու այն օրերին
երբ զինավոր պահակ էի

իսկ տրորված խոտերի մեջ
մի կին յուղոտ խոպոպներով
սպասում է համբերությամբ
որ հետևի ոտքը օդում
շունն ավարտի իր գործը սուրբ

ծառերի տակ գործողության մղող կոչեր
ընդդիմություն
գանգերի մեջ
ժամկետն անցած էկզիստենցիալ
գաղափարներ և մոլություն

հեղափոխիչ մթնոլորտ է ամենուրեք
փողոցներում համացանցում

մազակալած կերպարանքներ
չռված աչքեր
ալգորիթմ է
որի հետքով ընթանալու հնար չկա

ես ապրում եմ դրվագներից մեկը կյանքիս

ՏՐԻԵՍՏ

 

երկինքը բուռն գիշերից հետո
պարզ է ճիշտ այնպես ինչպես աչքերը
երբ արթնանում են կեսօրվա քնից

իսկ ալիքները կայուն կեցվածքով
գլաքարերն են լիզում անտարբեր

զեփյուռ է խաղում
թուփ ու ծառերի տերևների մեջ
փարթամ ծաղիկներ աղջկա վարսեր
և ճոճվող նավեր նավահանգստում

ափին ձիգ  մաշկով աղջիկն ուշադիր
ինչ-որ բաներ է գծում ու ջնջում ավազի վրա

մանրիկ քայլերով պստիկ մի շուն է մոտենում նրան
հոտոտում ամենն ընկերանալ է ուզում երևի
տերը շնիկի հորիզոնին է հայացքը հառել

շնաձկներն ինձ չեն հետապնդում
ռումբեր չեն պայթում
և այն միայնակ աղջկան ոչ ոք չի բռնաբարում
ոչ մի ցունամի մեզ չի սպառնում

այս ձանձրույթի մեջ
չի ծնվում նույնիսկ բանաստեղծություն

ԲՈՒԴԱՊԵՇՏ

մենք այս ամենին ոնց ընտելացանք
կեղտի մեջ կորած
հայտարարության ցուցատախտակներ
ճաքճքված – քանդվող ասֆալտի վրա
հետիոտնային ջնջված zebra-ներ
գունաթափ տուփեր ցուցափեղկերում
նոր թխած հացի բուրմունք
անկյունի խանութի դիմաց
իսկ գետնանցումում բոմժեր
ժպիտով դիմակավորված

քո մշուշապատ դեմքն է միմիայն
որ սև-սպիտակ նկարի նման
այս սեպտեմբերյան պաղ առավոտյան
սառը հայացքով օտարականի
նայում է վրադ հայելու միջից
ապակե հսկա պալատում կախված
ձայնն էլ է ծանոթ
ծանր լռության երկվորյակն է այն
հորձանուտի մեջ
քաղաքի աղմուկ-աղաղակների


ՄԱՐՍԵԼ

Եկեղեցու մեջ
հրեշտակների նկարած մարդիկ
խոժոռ դեմքերով
որ սևեռվել են ասես քեզ վրա
եկեղեցու շուրջ
գետնանցումների
և փողոցների
և շուկաների
անդեմ տերերն են
որ իրենց թթված նկանակներն են
ծամում ծուլորեն
հացթուխը ճարպիկ մեխել է նրանց
գիտակցության մեջ թե
ձեր ապագան կախված է ձեզնից
ամեն կտորը կծելուց ինչ-որ նշան է կորչում

սև կատուն ահա
պտույտ է գալիս աղբամանի շուրջ
ու թե մոտենաս
կկտրի-կանցնի ճանապարհը քո
և կանհետանա

կանգ կառնես մի պահ
և մի երկու քայլ կանես վարանքով
ու կկարմրես
կնախընտրեիր ետ դառնալ անկյուն
և շրջանցելով հետևել ճամփիդ
բայց ուժ ես գտնում և գնում առաջ

օ Marsilia
ուրվականներով լեցուն քաղաքը
պաստառներով է պատել ապագան
ինչպես երկաթի առատ խարտուքը մագնիսի վրա
բևեռների շուրջ սկզբունքներ են խտացել կռտած

Աստված ծածկում է կոպերն ամոթից
պատկերացնելով իրեն դրախտում
խոսում քթի տակ ժպտում քնի մեջ


ՎԻՅՈՆԻ ՓՈՂԿԱՊԸ

չորանում են շուրթերը քո
երբ
կարդում ես երգերն Աթթիլա Յոժեֆի
կամ Վիյոնի

հայացքը քո մարմրում է հեռուներում
որ նշան է թե տխուր ես ու բարկացած
կամ
ուզում ես մոռանալ ինձ

խանդը խուժում
ձագ է տալիս նեխող բնում
սպասելով
որսի մսին փետրավորի

իրիկնացող երկնակամար
որին ինչպես մեծ էկրանին
Վիյոնը լուռ կախաղանի թոկն է ուղղում
սպիապատ պարանոցին


ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍՍԱՅԳԻ

ավազաշեն փլված ամրոց
երեխեքի ոտնահետքեր
ու մանկական զբոսայգու նստարանին
ինչ-որ տղա տարօրինակ
մի ձեռքում շիշ գարեջրի
իսկ մյուսում ծխախոտ է դեռ մխացող

ամենուր թարմ աղբակույտեր
չիփսի տոպրակ ջարդված շշեր
մնացորդներ ծխախոտի

ճանապարհի կողմից հասնող
տրամվայի դղրդյուն է և ոռնոցներ մեքենայի

ծառուղիով ինչ-որ աղջիկ շտապում է
ինչ-որ տեղից կամ ինչ-որ տեղ

քամին նրա շեկ մազերի սանրվածքն է փչացնում
պոռթկումներով իր խաղացկուն

տղան մարում ծխախոտը
անկյունակին նստարանի
գարեջրի գոլ նստվածքից կում է անում
և նետելով շիշը մի կողմ
շտապում է հասնել վազող շիկահերին

և ծածկում են նրանց ծառերը հանցակից
թավ ճյուղերով
և ջղաձիգ մաքառումի
ու հեշտանքի ճիչն է ելնում լուռ թփերից

իսկ շենքերը խոյանում են դեպի երկինք
փայլերի մեջ անբնական
Շաքե ջան, կարդա այսքանը

 

ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽՈՒՄՀԱՐԻ ՄԵՋ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՏՐԱՄՎԱՅՈՎ

քո խոսքերը ցփնվում են ծանր շեմին
իմ խթանման գոտիների
ինչպես շշմած միջատները
մեքենայի դիմապակուն
եթե դուինձ չկանգնեցնես
ես կճզմեմ նրանց առանց ախ քաշելու

երբ ծառերի պսակները
աչքիդ ամպեր են երևում
կամ օձին որ փաթաթվել է ծառաբնին
տեղ ես տալիս քո երգի մեջ
ուր ամեն բան ավերել են
կարկուտները ցունամին ու սողանքները
ապա վերջին տողից հետո
բացահայտում – ցույց ես տալիս
դիակը որ թաքցված է հապճեպորեն

ու երբ գլխիդ պտտվում է երամը սև ագռավների
և աչքերը նրանց մանրիկ քեզ թվում է
շողշողացող աստղիկներ են հազարավոր
լուսաբացը խումհարի մեջ
հայտնվում է առաջին իսկ տրամվայով

ՔԱՄԻՆ ՇՐՋՈՒՄ Է ԷՋԸ

քամին շրջում է էջն օրագրի
որ նստարանին մոռացել մեկը
և հեռացել էր

քաղաքի աղմուկ-աղաղակի մեջ
խեղդվում էր ձայնը

և ես չիմացա
թե այնտեղ ինչ էր
ծիծաղ թե ճիչ էր

ՍԵՎ  ՀՐԵՇՏԱԿ

գերության մեջ մրրկասյան
հասկանում ես որ ամեն փորձ
փոքր-ինչ առաջ ընթանալու
վերադարձ է նույն այն կետին
կամ նույն դիրքին
և վիճակին արագության
երբ գլուխդ պտտվում է
և ուժասպառ փայտանում ես
նայում շուրջդ և միմիայն քեզ ես գտնում
նույն վիճակում փակ շրջանի
որտեղ սրտիդ տրոփն է լոկ արագանում
ծուխն է միայն ցրվում անձև
և քամին է ամբարտավան ավազ  նետում
աչքերիդ մեջ

արմատն անգամ կիրճերն ի վեր մագլցելիս
չի նկատում Մահվան Պարը
և վերստին դաշնակցում  են լույսն ու մութը
մեկնարկում է
ճանապարհը
ավարտվելիս
ճյուղավորվող

էկրանին քո համակարգչի
դու կունենաս ուզածը քո
միակ բանը որ չես գտնի պարզ մի search-ով
ճանապարհին քո կորցրած պատրանքներն են

գոհ ես ուստի և ձեռքը քո
մեկնում ես սև հրեշտակին

որ վերցնում է քո մատների դրոշմվածքը
ավազներին անապատի

ԱՅԴ ԲԱՐՁՐ ՁԱՅՆԸ

դու չէիր կարող
ոչ մի գործիքից երաժշտական
կորզել ինչ որ կերպ ծակող այդ ձայնը
որ արձակում է արյունդ ծծող ինչ որ զազրելի
ստիպելով որ սիրտդ տրոփի
ականջներիդ մեջ

 

վառում ես լույսը

սակայն  որոշել չես կարողանում
թե որտեղից է գալիս այդ ձայնը

գլխիդ ես քաշում վերմակը
սակայն չգիտես թե երբ քունդ կտանի

իսկ առավոտյան հայելու առաջ

նկատում ես պարզ
որ կարմրին է տալիս ճակատիդ
իր այցեքարտը

ՄԵԾ ՆԿԱՐԻՉԸ

աշնանային գունապատկեր
կտավ լինի ասես իրոք
որին ներկը չի հասցրել դեռ չորանալ

մտածում եմ
վրձինն առած այդ ինչ ձեռք է
որ գույների միջոցով է երգում սերը

անկատար են բառերը մեր
և քչերի սրտի հետ են խոսում նրանք


ԱՎԱԶ ԵՄ ՄԱՂՈՒՄ ՄԱՏՆԵՐԻՍ ՄԻՋՈՎ

հիշողության ցաքուցրիվ կտորտանքը
արձակում են շարժումներս
արթնանում եմ

և փորձում եմ
սովորական ինչ-որ բաներ բերել ի մի
համադրելով միանման
ինչ-որ ուրիշ բաների հետ

և ձեռքերիս դողն է բռնում
մկաններս թուլացնելու նպատակով
կանգ եմ առնում
և մատներիս միջով հանգիստ
սկսում եմ ավազ մաղել
ափերիս մեջ շան չորացած քաքն է մնում

ավազներին նկարում եմ ինչ որ ձևեր
ջնջում նորից շարունակում
նկարելով շրջանակներ ու նշաններ
կանոնավոր գծեր նաև
որ իբր թե կարգի բերեմ
անկարգությունն իմ ընդերքում

կարգը սակայն հրամանով չի հաստատվում
իրերն իրենց վարքուբարքին հավատարիմ
մեկ ցրվում են ազատության տենչին հլու
մեկ հավաքվում ու դառնում են գունդուկծիկ

ինքը կարգը կտավ է մի աներևույթ
խոցելի է
դատապարտված պատահական ոչնչացման
վերստեղծման

և չգիտեմ ինչու հանկարծ մտածում եմ
իմ անունը սահմաննե՞ր է դնում շուրջս
իմ անվան տակ ե՞ս եմ իրոք
թե պարզապես մի ցանց է այն
որից երբեք պրծում չկա

բառերն ինչպես կրիաները ձվից ելած
ընկղմվում են օրորոցում ալիքների
անվտանգ է թվում կյանքը անտակ ծովում

և չնայած անխտրորեն
կլանում է ծովի անհագ երախն իրենց
ոմանք փրկվում և ապրում են
այս քմահաճ գեղեցկության
փայլերի մեջ կենաց – մահու

Թարգմանությունը՝
Գագիկ Դավթյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։