ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ / ՀՈՒԴԱՅԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՎԱՐԿԱԾՆԵՐ

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ
Դեգրադացիայի մեջ ինչ-որ
հուսալիություն կար:
Թոմաս Լոուրենս

Փոքր Ասիայում, Ալեքսանդրիայում, մեր հավատի երկրորդ դարում, երբ Վասիլիդիսը հայտարարում էր, որ տիեզերքը հանդուգն կամ չարամիտ իմպրովիզացիան է նեղացկոտ հրեշտակների, Նիլս Ռունեբերգը իր բացառիկ ինտելեկտուալ կրքոտությամբ, հավանաբար, կղեկավարեր գնոստիկական որևէ համայնք: Դանտեն նրա համար կսահմաներ հրե շիրիմ, նրա անունը կերկարացներ կրտսեր հերձվածողների ցուցակները` Սատորնիլի ու Կարպոկրատի միջև, նրա քարոզներից մի հատված, շրջանակված ըն- ծայաբերումներով, կպահպանվեր «Liber adversus omnes haereses»` «Ընդդեմ բոլոր հերձվածողների» պարականոն գրքում (Իրինիյ Լիոնացու «Կեղծ ճանաչողության ցուցադրումն ու հերքումը» տրակտատը, որ պահպանվել է ոչ հունարեն բնագրով, այլ լատիներեն թարգմանությամբ և վերանվանվել է «Ընդդեմ աղանդների»), կամ կզոհվեր, երբ ինչ-որ տաճարի գրադարանում հրդեհը ոչնչացներ «Syntagma»-ի («Syntagma canonum»` «Արևելյան կանոնագիրք», որը ներառում է Նիկեի 325 թ. և Կոնստանդնուպոլսի 381 թ. տիեզերական ժողովներում ընդունված վարքականոնները) վերջին օրինակը: Այդ ամենի փոխարեն Աստված նրան կյանքի կոչեց 20-րդ դարում և համալսարանական Լունդ քաղաքում: Այնտեղ 1904 թ. նա տպագրեց «Քրիստոս և Հուդա»-ի առաջին տարբերակը, իսկ 1909 թ. հրատարակվեց նրա գլխավոր գիրքը` «Գաղտնի փրկիչները»:
Նախքան այս խելագար գրքերի վերլուծությունը` անհրաժեշտ է հիշեցնել, որ շվեդական ազգային ավետարանական ընկերության անդամ Նիլս Ռունեբերգը անկեղծորեն հավատացյալ էր: Փարիզի կամ նույնիսկ Բուենոս Այրեսի որևէ գրական խմբակի ինչ-որ անդամ կարող էր առանց զգուշավորության մեջտեղ բերել նրա դրույթները: Գրական խմբակում շարադրվելով` այդ դրույթները կլինեին թեթևամիտ, պարապ զբաղմունք անտարբեր կամ երեսպաշտ մտքերի համար: Ռունեբերգի համար նրանք աստվածաբանության գլխավոր առեղծվածի բացահայտման բանալի էին, մեդիտացիայի ու վերլուծության, պատմական ու բանասիրական համադրումների, հպարտության ու հրճվանքի, սարսափի առարկա: Այդ դրույթները նրա կյանքի արդարացումն էին ու նրա կործանումը: Այս հրապարակման ընթերցողները պետք է հիշեն, որ կարդում են Ռունեբերգի միայն եզրակացությունները` առանց դիալեկտիկական դատողությունների և ապացույցների: Թերևս ինչ-որ մեկը մտածի, որ այդ եզրակացություններին նախորդել են ապացույցները: Բայց ո՞վ կորոներ ապացույցները նրա, ինչին չէր հավատում և ինչի քարոզչությամբ զբաղվել չէր ուզում:
«Քրիստոս և Հուդա»-ի առաջին հրատարակությունը հարստացած է կատեգորիկ նախաբանով, որի իմաստը հետագա տարիներին հրեշավոր կընդլայնի ինքը` Նիլս Ռունեբերգը. «Ոչ միայն մի գործը, այլև բոլոր գործերը, որ ավանդությունը վերագրում է Հուդա Իսկարիովտացուն, սուտ են» (Դե Քուինսի, 1857): Մի գերմանացու հետևելով` Դե Քուինսին եզրակացնում է, որ Հուդան դավաճանեց Հիսուսին, որպեսզի հարկադրի նրան հայտարարել իր աստվածային ծագման մասին, ժողովրդական ապստամբություն հրահրել Հռոմի դեմ: Ռունեբերգն առաջարկում է Հուդայի մետաֆիզիկ արդարացում: Շատ ճարտար նա սկսում է այն համոզիչ մտքից, որ Հուդայի արարքն ավելորդ էր: Նա (Ռոբերտսոնի նման) մատնանշում է, որ ուսուցչին ճանաչելու համար, որն ամեն օր քարոզում էր սինագոգում և հրաշքներ գործում հազարավորների ներկայությամբ, իր առաքյալներից ինչ-որ մեկի դավաճանությունը չէր պահանջվում: Բայց դավաճանությունը եղավ: Անթույլատրելի է ենթադրել, որ Սուրբ գրքում կարող է սխալ լինել, նույնքան անթույլատրելի է կարծել, որ մարդկության պատմության ամենանշանակալից իրադարձության ընթացքում հնարավոր են պատահական դրվագներ: Հետևաբար Հուդայի դավաճանությունը պատահական չէր, կանխորոշված արարք էր, որ իր խորհրդավոր տեղն ունի ապաշխարության գործում: Ռունեբերգը շարունակում է: Խոսքը, մարմնավորվելով, ամենուրեքությունից անցնում է սահմանափակված տարածք, հավերժությունից` պատմություն, անսահման երանությունից` փոփոխականության և մահվան վիճակի: Անհրաժեշտ էր, որ նման զոհաբերությանն ի պատասխան բոլոր մարդկանց ներկայացնող որևէ մարդ հավասարարժեք զոհաբերություն կատարեր: Այդ մարդը Հուդա Իսկարիովտացին էր: Միակը բոլոր առաքյալներից` Հուդան գուշակել էր Հիսուսի գաղտնի աստվածայնությունն ու սարսափելի նպատակը: Բառը իջել էր մինչև մահկանացուն, Հուդան` Բառի աշակերտը, կարող էր իջնել մինչև դավաճանություն և կրակե գեհենի բնակիչներ: Ներքևի աշխարհակարգը վերևի աշխարհակարգի հայելին է, երկրային ձևերը համապատասխանում են երկնային ձևերին, մաշկի վրայի խալերը անմար համաստեղությունների քարտեզն են, Հուդան Հիսուսի գաղտնախորհուրդ արտապատկերումն է: Այստեղից էլ երեսուն արծաթը և համբույրը, այստեղից էլ կամավոր մահը` որպեսզի ավելի հաստատ լինի նզովքը: Նիլս Ռունեբերգը այսպես էր բացատրում Հուդայի առեղծվածը:
Քրիստոնյա բոլոր աստվածաբանները մերժեցին նրա փաստարկները: Լարս Պետեր Էնգստրեմը նրան մեղադրեց էությունների միասնության մասին չիմանալու կամ լռելու մեջ, Ակսել Բորելիուսը` դոկետների, որ մերժում էին Հիսուսի մարդկային էությունը, հերձվածողության վերականգնման, սրալեզու եպիսկոպոս Լունդան` Ղուկասի Ավետարանի 22-րդ գլխի երրորդ մասին հակասելու մեջ:
Այս տարատեսակ մեղադրանքները ազդեցին` Ռունեբերգը մասնակի վերանայեց քննադատված գիրքն ու իր հայացքները: Նա իր հակառակորդներին թողեց աստվածաբանության ասպարեզը և բարոյական կողմնակի ապացույցներ առաջադրեց: Նա համաձայնեց, որ Հիսուսը «տիրապետում էր անտեսանելի միջոցների, որոնք Ամենակարողություն էին տալիս», որ բոլոր մարդկանց փրկելու համար մեկ մարդու կարիք չուներ: Հետո նա հերքեց նրանց, ովքեր պնդում էին, որ իբր մենք ոչինչ չգիտենք խորհրդավոր դավաճանի մասին: Մենք գիտենք, ասում էր Ռունեբերգը, որ նա առաքյալներից մեկն էր, երկնային արքայությունն ավետելու, հիվանդներին առողջացնելու, բորոտներին մաքրելու, մեռյալներին հարություն տալու, դևերին արտաքսելու համար ընտրվածներից մեկը (Մատթեոս, 10, 7-8, Ղուկաս, 9,1): Փրկչից այդքան շնորհներ ստացած մարդն արժանի է, որ իր վարքագիծն այդքան վատ չմեկնաբանվի: Նրա հանցանքը վերագրել ագահության (ինչպես ոմանք արել են` հիմք ընդունելով Հովհաննեսի Ավետարանը, 12,6), նշանակում է հաշտվել ամենաստոր ազդակի հետ: Նիլս Ռունեբերգն առաջարկում է հակառակ ազդակ` գերձևախեղված, համարյա անսահման ասկետիզմ: Ասկետը հանուն Աստծո հավերժ փառքի պղծում ու անշնչացնում է մարմինը, Հուդան նույնն արեց իր հոգու հետ: Նա հրաժարվեց պատվից, բարուց, հանգստությունից, երկնային արքայությունից ինչպես մյուսները, նվազ հերոսականները, հրաժարվում են հաճույքից: (Բորելիուսը հեգնանքով հարցնում է` ինչո՞ւ նա չհրաժարվեց հրա- ժարումից: Ինչո՞ւ չհրաժարվեց հրաժարումի հրաժարումից): Ցնցող հստակությամբ նա վաղօրոք ծրագրել է իր մեղքերը: Գայթակղությանը սովորաբար մասնակցում են քնքշությունն ու անձնազոհությունը, սպանությանը` խիզախությունը, խեղաթյուրումի ու սրբապղծության մեջ` սատանայական եռանդը: Հուդան ընտրեց մեղքեր, որ ոչ մի առաքինությամբ լուսավորված չեն` վստահության չարաշահումը (Հովհաննես, 12,6) և մատնությունը: Նրա արարքներում վիթխարի համա- կերպում կա, նա իրեն անարժան է համարում բարի լինելու: Պողոսը գրում է. «Գովաբանվող, գովվիր Տիրոջից» (1, Կորնթացիներին, 1,31): Հուդան որոնում էր Դժոխք, քանի որ նրան հերիք էր, որ երանելի է Տերը: Նա կարծում էր, որ երանությունը, ինչպես և բարին, աստվածային հատկանիշներ են, և մարդիկ իրավունք չունեն յուրացնել այդ հատկանիշները: (Էուկլիդիս դա Կունյան Ռունեբերգին անհայտ մի գրքում նկատում է, որ Կունդուսցի հերձվածող Անտոնիու Կոնսելսիերի համար առաքինությունը «համարյա սրբապղծություն էր»: Արգենտինացի ընթերցողը կհիշի համարժեք արտահայտություններ Ալմաֆուերտեի ստեղծագործություններից: «Շյու ինսեգալ» սիմվոլիստական ամսագրում Ռունեբերգը հրապարակեց ծավալուն նկարագրական «Խորհրդավոր ջրեր» պոեմը, որի առաջին տներում շարադրվում են բուռն օրվա իրադարձությունները, վերջին տներում` պատահական գտնված սառցալճակը: Բանաստեղծը հասկանալ է տալիս, որ այդ անբառ ջրերի գոյությունը չափավորում է մեր անիմաստ այս ու այն կողմ ընկնելը, ինչ-որ չափով թույլատրում է դրանք և թողություն տալիս: Պոեմն այսպես է ավարտվում. «Ջրերն անտառում սրբազան են, իսկ մեզ թույլատրված է լինել չար և տառապել»):
Շատերը հետագայում բացահայտեցին, որ Ռունեբերգի միանգամայն թույլատրելի առաջին քայլերում արդեն կար արտառոց վերջաբանը և «Den hemlige Fralsaren»-ը պարզապես այլասերումը կամ ի լրումին հասցնելն է «Քրիստոս և Հուդա» գրքի: 1907-ի վերջին Ռունեբերգն ավարտեց և խմբագրեց ձեռագիր շարադրանքը և երկու տարի անցավ` մինչև հանձնեց տպագրության: Գիրքը հայտնվեց 1909-ի նոյեմբերին դանիացի գեբրաիստ Էրիկ Էրֆյորդի առաջաբանով (խորհրդավորության չափ մշուշոտ) և նենգ էպիգրաֆով` «Աշխարհում կար և աշխարհը Նրա միջոցով կար, և աշխարհը Նրան չճանաչեց» (Հովհաննես, 1,10): Բովանդակությունն ընդհանուր առմամբ այնքան էլ բարդ չէ, թեպետ եզրակացությունը հրեշավոր է: Աստված իջավ մինչև մարդ դառնալը, դատում է Ռունեբերգը, հանուն մարդկային ցեղի փրկության, պետք է ենթադրել, որ նրա զոհողությունը ինքը կատարելությունն է, չարատավորված և չթուլացած որևէ թերությամբ: Խաչի վրա նրա հոգեվարքի տառապանքները սահմանափակել մի երեկոյի ընթացքով` սրբապղծություն է: (Մորիս Աբրամովիցը նկատել է. «Ըստ այդ սկանդալիստի` Հիսուսը միշտ շահեկան դերում է. նրա ձախորդությունները տպագրական արվեստի շնորհիվ բազմալեզու փառք են վայելում, նրա երեսներեքամյա գոյությունը մեր` մահկանացուներիս շրջապատում, փաստորեն, ամառանոցային հանգիստ էր»: Էրֆյորդը «Քրիստոնեական դոգմատիկի» երրորդ հավելվածում հերքում է այս դատողությունը: Նա ասում է, որ Աստծո տառապանքները խաչի վրա չեն դադարել, քանի որ ժամանակի մեջ մեկ անգամ կատարվածն անդադար կրկնվում է հավերժության մեջ: Հուդան հիմա էլ շարունակում է արծաթադրամներ ստանալ, շարունակում է համբուրել Հիսուսին, շարունակում է արծաթադրամները նետել տաճարում, շարունակում է հանգուցել պարանը արյունոտ դաշտում: Իր տեսակետն ամրապնդելու համար Էրֆյորդը հղում է անում Յարոմիր Խլադիկի «Հավերժության արդարացումը» գրքի առաջին հատորի վերջին գլխին): Պնդումը, որ նա մարդ էր և ի վիճակի չէր մեղք գործել, հակասություն է պարունակում. անմեղսագործության ու մարդեղության հայտանիշներն անհամատեղելի են: Կեմնիցը հնարավոր է համարում, որ Փրկիչը կարող էր հոգնել, մրսել, հուզվել, քաղցել և ծարավել, հետևաբար պետք է ընդունել, որ կարող էր մեղք գործել և հոգին կործանել: Հանրահայտ հատվածը. «Քանի որ Նա հայտնվեց նրանց առաջ ինչպես ցողունը չոր հողից, որ ոչ տեսք ունի, ոչ վեհություն… Նա արհամարհված և նվաստացած էր մարդկանց առաջ, սգավոր և հիվանդոտ» (Եսայի, 53, 2-3), շատերի համար խաչելության և զոհվելու գուշակություն է, ոմանց համար (օրինակ` Հանս Լարսեն Մարտինսենի)` Քրիստոսի կերպարանքի գեղեցկության ժխտում, որ ժողովրդական ավանդությունը նրան վերագրում էր, Ռունեբերգի համար` ճշգրիտ մարգարեություն ոչ թե մեկ պահի, այլ ամբողջ սարսափելի ապագայի` մարմնավորված Բառի համար ժամանակի ու հավերժության մեջ: Աստված ամբողջությամբ է մարդ դարձել, բայց մարդ է դարձել իր ամբողջ ստորության, անկման ու նողկալիության հետ: Մեզ փրկելու համար նա կարող էր ընտրել ճակատագրերից ցանկացածը, որ հյուսում են պատմության բարդ ցանցը. նա կարող էր Ալեքսանդր դառնալ, կամ Պյութագորաս, կամ Ռյուրիկ, կամ Հիսուս, նա ընտրեց ամենաարհամարհելի ճակատագիրը` նա Հուդա դարձավ:
Ապարդյուն էին Ստոկհոլմի և Լունդի գրախանութները հաղորդում այդ գյուտը: Ապրիորի անհավատները դա համարեցին անհեթեթ և մտացածին աստվածաբանական խաղ, աստվածաբանները քամահրանքով վերաբերվեցին: Այդ էկումենիկ անտարբերության մեջ Ռունեբերգը տեսավ համարյա հրաշալի հաստատումն իր գաղափարի: Աստված է հրամայել անտարբեր լինել. Աստված չէր ցանկանում, որ երկրում հայտնի դառնա իր սարսափելի գաղտնիքը: Ռունեբերգը հասկացավ, որ դեռ ժամը չի եկել: Նա զգաց, որ իր վրա են թափվում Տիրոջ բոլոր հինավուրց նզովքերը, նա հիշեց Իլիային և Մովսեսին, որ լեռան վրա ծածկեցին դեմքը, որ չտեսնեն Աստծուն, Եսայիին, որ գետնատարած ընկավ, երբ իր աչքերը տեսան Նրան, ում փառքը տարածված է երկրում, Սավուղին, ում աչքերը կուրացան Դամասկոսի ճանապարհին, Սիմոն Բեն-Ազայի ռաբբիին, որ տեսավ դրախտը և մեռավ, հայտնի կախարդ Ջովանի Վիտերբոյին, որ խելագարվեց, երբ կարողացավ Երրորդությունը տեսնել, միդրաշիմներին, որ արհամարհում են անհավատներին, որոնք արտաբերում են Շեմ-Գամֆորաշ` Աստծո Գաղտնի Անունը: Իսկ մեղավոր չէ՞ ինքը այդ հանցանքի մեջ: Արդյո՞ք իր միտքը Հոգու դեմ հանցանք չէր, որը ներում չունի (Մատթեոս, 12,31): Վալերի Սորանը մահացավ, որովհետև բարձրաձայնեց Հռոմի գաղտնի անունը, ի՞նչ անվերջանալի պատիժ է նշանակված նրան, ով բացահայտել և հայտարարել է Աստծո ահեղ անունը:
Անքնությունից և գլխապտույտ մտքերից հարբած` Նիլս Ռունեբերգը թափառում էր Մալմյոյի փողոցներով, բարձրաձայն խնդրում, որ իրեն տրվի Փրկչի հետ Դժոխքում տառապանքները կիսելու շնորհը:
Նա վախճանվեց 1912 թ. մարտի 1-ին, զարկերակի պայթյունից: Հերձվածողները, հավանաբար, նրան կհիշեն. Որդու կերպարը, որ թվում էր սպառված, նա հարստացրեց նոր գծերով` չարի և ձախորդությունների:

Թարգմանությունը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։