Չորս քայլ վեր … սահման է,
Չորս քայլ վար… սահման,
Իմ երկիրը նորածնի բարուրի է նման,
Ես գրկել եմ այն և շրջում եմ
աշխարհե – աշխարհ…2
Երեխաս` Մհերը, աղիողորմ լալիս էր: Չէ, չէ, սիրելիս, մի՛ վախեցիր, վախենալու ոչինչ չկա: Այս տաք և փափուկ բարուրը քեզ համար ամենալավ տեղն է: Իսկ երեխաս` Մհերը, սև ստվերներ էր տեսնում և լալիս: Չգիտեմ` ստվերները բարուրի վերևո՞ւմ էին, ներքևո՞ւմ, աջ կողմո՞ւմ, թե՞ ձախ: Մհերը շարունակ չորս կողմն էր նայում: Նա վախենում էր ստվերներից: Նրա համար Սասունցի Դավթի տիկնիկ եմ բերել` լայն ու թիկնեղ ուսերով, հսկա մարմնով, ձեռքին երկար ու սուր մի թուր: Վերցրու, բալիկս, վերցրու: Սա Քաջ Դավիթն է: Նա կպաշտպանի քեզ բոլոր սև ու չար ստվերներից:
Մհերը խլեց տիկնիկը: Ձեռքերով սեղմեց այն: Մոտեցրեց բերանին: Կարծես համբուրեց և սկսեց ծիծաղել: Ես սիրում եմ նրա քրքիջը:
Դավիթը մերկացրեց սուրը: Հեծավ իր սպիտակ ձին: Պտտվեց բարուրի շուրջը: Քաշեց ձիու սանձը: Ձին կանգնեց ետևի ոտքերին և խրխնջաց: Դավիթը բարձրաձայն դիմեց ինձ և Մհերին` ասելով. «Մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք, ես ռազմի դաշտ եմ գնում»:
Ստվերների ձեռքին սև գավազաններ կային, իսկ նրանց երկաթե հանդերձանքը պսպղում էր լուսնի լույսից: Դավիթը գոռաց և ասաց. «Սլացիր, իմ արագավազ ձի, սլացիր: Կռվիր, իմ փայլուն սուր, կռվիր»:
Ստվերները շարժվեցին Դավթի կողմը: Գավազանները պտտվեցին երկնքում և սլացան Դավթի կողմը: Մհերն աղիողորմ լալիս էր: Ես գրկեցի և համբուրեցի նրան: Դավիթը սլանում էր ստվերների միջով, իսկ ձին` խրխնջում: Նա դիմեց ստվերների հրամանատարին, որը սատանայի էր նման և ասաց. «Արի մեն-մենակ կռվենք»:
Սատանան նայեց մյուս ստվերներին և ասաց. «Լավ, մեն-մենակ կկռվենք: Սակայն եթե ես հաղթեմ, Մհերն իր բարուրով իմն է: Իսկ եթե դու հաղթես, ես ու իմ զինվորները կհեռանանք այստեղից և այլև չենք վերադառնա»:
Դավիթը քարացած նայեց ինձ, բարուրին և Մհերին, ապա դիմեց սատանային և ասաց. «Համաձայն եմ, թրո՞վ ենք կռվելու, թե՞ գավազանով»:
Սատանան մի փոքր մտածեց ու ինքն իրեն ասաց. «Եթե թրով կռվենք, Դավիթն ինձ կհաղթի»: Ապա բարձրաձայն ասաց. «Ես երեք անգամ գավազանով կհարվածեմ քեզ, եթե կենդանի մնացիր, երեք թրի հարված կհասցնես ինձ»:
Դավիթը նայեց սատանայի ձեռքի սուր փշերով մեծ երկաթե գավազանին: Մհերը ճչաց և ժպտաց: Ես ասացի. «Դավիթ, Մհերը ծիծաղում է: Սա խորհրդանշում է քո հաղթանակը»:
Դավիթը նույնպես ժպտաց և ասաց. «Ընդունում եմ: Սկզբում դու քո գավազանով երեք անգամ հարվածիր ինձ»:
Սատանան երկնքում պտտեց իր գավազանը: Դավիթը վահանով ծածկեց իր գլուխը: Սատանան ձիով պտտվեց իր բանակի շուրջը և գավազանով առաջին ուժգին հարվածը հասցրեց Դավթի գլխին: Բոլորի ականջները խլացան շրջակա լեռների քարերի թափվելու ձայնից, իսկ երկնքում կայծակ փայլատակեց: Մհերը օդում թափահարեց ձեռքերն ու կարծես աղոթում էր Դավթի համար: Ամենուրեք փոշի բարձրացավ, և լսվեց Դավթի ձայնը, որն ասաց. «Երկրորդ հարվածը հասցրու»:
Այս անգամ նույնպես սատանայի մեծ երկաթե գավազանն իջավ Դավթի վահանի վրա: Ստվերները ճչացին: Մհերի աղաղակը երկինք հասավ, և բոլոր աստղերը ցնցվեցին: Աչք աչքի չէր երևում: Հանկարծ այդ փոշու և աղմուկի միջից լսվեց Դավթի ձայնը, որն ասաց. «Երրորդ անգամ հարվածիր»:
Սատանայի աչքերը բարկությունից կարմրեցին: Նրա դեմքից քրտինք էր թափվում: Հանեց իր թիկնոցն ու նետեց գետնին: Դավիթը, նրա գունատ դեմքը տեսնելով, Աստծուց օգնություն հայցեց: Դավիթն իր վահանը մեկ ուսից մյուսն էր նետում: Սատանան պտտվեց վերջինիս շուրջն ու երրորդ անգամ հարվածեց: Սարերը դողացին: Հողը ճաք տվեց: Գետերը հորդեցին: Դավիթը տեղից վեր կացավ ու ասաց. «Հիմա իմ հերթն է»:
Երբ պատրաստվում էր առաջին հարվածը հասցնել, խավարի միջից մի կանացի ձայն լսվեց, որն ասաց. «Ով Սասունցի Դավիթ: Մանուկ ժամանակ ես քեզ կաթ եմ տվել: Ողորմա նրան այս հարվածը: Թույլ տուր, որ նա գնա, և մենք խաղաղության և անդորրի մեջ ապրենք»:
Դավթի թուրն օդում մնաց: Հիշեց այն ոսկեծամ, բարձրահասակ և կապուտաչյա կնոջը: Իջեցրեց իր թուրն ու ասաց. «Այս հարվածը ողորմում եմ հանուն քեզ, որ իմ մոր տեղն ես»:
Ձին պտտվեց սատանայի շուրջը: Մհերը բարձրացրեց գլուխն ու նայեց Դավթին: Նրա այտերը երկու կարմիր նռան էին նման, աչքերը` երկու փիրուզ քարերի, իսկ մազերը ոսկեզօծ էին: Դավիթը սուրն օդում թափահարեց: Ստվերները դողացին և ողբացին: Դավիթն ուզում էր երկրորդ անգամ հարվածել, սակայն երկնքում տարածվեց մի աղջկա ձայն, որն ասաց. «Ով քաջ Դավիթ, ես քո քույրն եմ: Երբ դու փոքր էիր, ես գրկում էի քեզ և ման տալիս: Քեզ զբոսնելու էի տանում: Հանուն ինձ, երկրորդ հարվածն էլ ողորմա և թող որ պատերազմն ավարտվի»:
Դավիթը կանգնեց և իջեցրեց թուրը: Ապա նայեց սատանային, որը ոզնու նման թաքնվել էր իր վահանի տակ: Դավիթը հիշեց իր քրոջն ու նրա եփած համեղ հացը: Հիշեց քրոջ տաք համբույրներն ու սիրալիր վերաբերմունքը և ասաց. «Երկրորդ հարվածն էլ եմ ողորմում»:
Ստվերների ուրախ ձայները երկինք բարձրացան: Դավիթը բարձրաձայն աղաղակեց: Ձին սլացավ: Մհերը ձեռքերն ու ոտքերն էր շարժում` կարծես ուզում էր բարուրից դուրս գալ: Սատանայի հայացքը վահանի տակից ուղղված էր դեպի Դավթի փայլուն սուրը: Նա դեռ լսում էր Դավթի գոռոցը, երբ թուրն իջավ գլխին: Վահանը երկու կես եղավ, թուրն անցավ սատանայի մարմնի միջով, կտրեց քարի կտորն ու խրվեց հողի մեջ:
Ստվերների ճիչը երկինք բարձրացավ: Նրանք ծնկի եկան: Մհերը գլուխը դրեց տաք և փափուկ բարձին ու ամբողջ երեսը ծիծաղով պատվեց: Սատանայի կիսված մարմնի միջից օձեր, կարիճներ ու սև որդեր դուրս թափվեցին` մտնելով քարերի անցքերի մեջ: Դավիթը բարձրացրեց իր սուրը, համբուրեց և դրեց պատյանի մեջ: Ապա դիմելով ստվերներին, ասաց. «Վերադարձեք այնտեղ, որտեղից եկել եք: Գնացեք ձեր տներն ու հանգիստ և խաղաղ ապրեք: Եթե մեկ անգամ էլ Մհերի կամ նրա բարուրի կողմը երևաք, հենց այս թրով կտոր-կտոր կանեմ ձեզ»:
Ստվերները խոնարհվեցին, վեր կացան և միանգամից անհետացան դեպի երկինք: Դավիթը Մհերի կողմը եկավ, նստեց նրա կողքին և ասաց. «Քնիր, քանի դեռ ես արթուն եմ, ոչ մի ստվեր չի կարող քեզ մոտենալ կամ հայտնվել քո երազում, հանգիստ եղիր»:
Մհերը ժպտաց: Փակեց աչքերն ու խորը քուն մտավ: Ես ապշած նայում էի նրան և Դավթին` միաժամանակ ընթերցելով.
Չորս քայլ վեր … սահման է,
Չորս քայլ վար … սահման,
Իմ երկիրը նորածնի բարուրի է նման,
Ես գրկել եմ այն և շրջում եմ
աշխարհե – աշխարհ…
Պարսկերենից թարգմանեց
ԱՇԽԵՆ ՄԱԿԱՐՅԱՆԸ
1 Այս բառը պարսկերենում նշանակում է սեր և բարություն:
2 Հատված Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունից: Այն, ավելի ճիշտ, «Հայաստան» բանաստեղծության ազատ վերաշարադրանքն է: