Հայ հայդուկին, ում կամքով անունը հավերժ անհայտ պիտի մնա։
Այսպես չպետք է սկսվեր այս պատմությունը, բայց եթե արդեն սկսվել է՝ հեղինակն ինչ կարող է անել։
«Բնօրրան» ջոկատի տղաները Գևորգին առաջին օրվանից չսիրեցին։ Տնաշենն ինքն էր մեղավոր՝ կարծես Մայամի էր եկել, Մոսկվայից Արցախ՝ մարտադաշտ, հետը ինքնաշխատ ածելի, առանձին-առանձին երեսի ու ոտքի սրբիչ, հոտազերծիչ, խոնավ անձեռոցիկ, ինչ ասես չէր բերել։ Մերձմոսկովյան գերգաղտնի գիտակենտրոնի վարիչը՝ անցյալ դարի ընկերվար- ժողովրդավարի մորուքով Վարդան Սերոբի Քափանակյանն էր պատճառը։ Նա էր սովորեցրել, որ մի ամբողջ քաղաքի տարածք զբաղեցնող ստորգետնյա կայանում, որտեղ վաթսունչորս ազգության, ընդհուպ ճապոնացի, չինացի, ռազմափորձագետներ էին աշխատում, հայերը պիտի առանձնանան ոչ միայն իմացությամբ, այլև մաքրակենցաղությամբ, պահվածքով, քայլվածքով, ամեն ինչով։ Հենց նրա շնորհիվ Խորհրդային Միության տարբեր գիտակենտրոններից հավաքագրված հայ ռազմափորձագետները, որոնցից շատերը Հայաստանում չէին էլ եղել, միմյանց գտան, մտերմացան։ Սկզբում նրանց հայությունը դրսևորվում էր «Արարատի» հաղթանակների համար միասին ուրախանալով, մեկ էլ յուրաքանչյուրի տարեդարձը Գորկու ճեմափողոցի «Արմենիա» ռեստորանում նշելով։ Չնայած այդ ռեստորանից մի պահ հրաժարվեցին։ Խոպանից վերադարձող հայաստանցի հայերը, որոնք իրենց վաստակած փողերով նույն «Արմենիայում» զեխ գինարբուքների էին տրվում, մոսկվացի հայ գիտնականների կիրթ ռուսերենը, ռուսերենի արանքներում սպրդող հատուկենտ բարբառային հայերենը լսելով, հեգնում՝ «շուռ տվածներ» էին ասում։
Արցախի պատերազմն սկսվելուց հետո, որքան կենտրոնական լրատվամիջոցները հայերին անվանարկում՝ «ծայրահեղական», «անջատողական», «ահաբեկիչ» էին հորջորջում, այնքան հայ ռազմափորձագետներն իրար ավելի էին որոնում, միասին լինելու պահանջ էին զգում։ Մանավանդ այն բանից հետո, երբ Վարդան Քափանակյանն իր առանձնասենյակում (նա փորձակայանի գիտղեկավար էր ու իր առանձնասենյակն ուներ) Արցախի մեծ քարտեզը փակցրեց։ Հայ գիտնականները աշխատանքի ժամին թե՛ իրենց հաշվարկներն էին կատարում և թե՛ բոլոր, հատկապես արտասահմանյան լրատվությունները լսում ու թեկուզ ժամանակավոր հաղթանակի դեպքում վրա էին ընկնում, իրենց իսկ պատրաստած փոքրիկ եռագույնները ճատրակի խաղաքարերի պես առաջ էին շարժում։ Այդպես մերձմոսկովյան գիտակենտրոնի հայ մասնագետները սովորեցին Արցախի քաղաքների, գյուղերի, նույնիսկ դիրքային կարևորության բարձունքների անունները։
Մի պահի էլ, երբ զգացին, որ եռագույն դրոշակիկները նահանջում, ընդհուպ Ստեփանակերտին են մոտենում, խուճապով համակվեցին։ Բայց թե քարտեզի վրա դրոշակիկներ ետ-առաջ տանելուց բացի, Խորհրդային Միության էն հեռավոր սահմանին կուչ եկած Հայաստանի, Հայաստանից էլ ավելի փոքր, ամեն կողմից կրծմրծված Արցախի համար ինչ կարելի էր անել, չէին իմանում։
Էլի Քափանակյանը նրանց խելք սովորեցրեց, հայություն անել տվեց։ Նա խորհրդային վարչակարգն ու համայնավարներին ատում, իր համագյուղացի Վահան Տերյանի «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» բանաստեղծությունը հիշոցի պես էր արտասանում։ Ըստ իրեն՝ մերձմոսկովյան գիտակենտրոնում իր իմացությունները տարիներ շարունակ շահատիրել, բայց հայ լինելու պատճառով ակադեմիկոս չէին ընտրել։
Այդ օրը, աշխատանքից հետո, հենց բոլորը հավաքվեցին, նա առանձնասենյակի դուռը ներսից կողպեց ու գրասեղանի խորքերից փոշոտված գծագրեր հանելով՝ թերևս պատահաբար, թերևս միտումնավոր Արցախի քարտեզի դիմաց բացեց։ Ապա իր կոտրատված հայերենով, մերթընդմերթ էլ ներսից կողպված դռան կողմը նայելով (հատուկ բաժնի ծառայողները բոլոր աշխատասենյակների բանալիներն ունեին, ցանկացած պահի հայտնվելու, խուզարկելու իրավասությունը չարաշահում էին), հաղորդեց, որ սեղանին փռվածը նոր մարտական զենքի գծագիր է։ Երկար տարիներ ինքը գիշերները թաքուն տքնել է, որովհետև հավատացած է եղել՝ մի օր իր հայրենակիցներին՝ ջավախքցիներին պետք է գալու։ Բայց դե՛, քանի որ հիմա արցախցիներն առաջ էին ընկել, որոշել էր նրանց տրամադրել։
Հարթասեղանների լուսամփոփները փութկոտ շրջվեցին, գծագրին բևեռվեցին։ Կրտսեր ու ավագ գիտաշխատողները նայում-նայում, ոչինչ չէին հասկանում։ Վարչակարգի դեմ անընդհատ չարացող, հարևան բոլոր ազգերին հայ ժողովրդի տարածքների կողոպտիչ համարող ծերունու ստեղծածը դասական իմաստով զենք էլ չէր, դյուրակիր զրահահար էր, որը որոշակի հեռավորության վրա ճառագայթահարումով գերհզոր հրասայլեր անգամ բռնկեցնելու, հալեցնելու զորություն ուներ։ Ռազմագիտական գրականությունում այդպիսի զենք չկար, չէր եղել, սակայն, եթե այն, ինչ բացատրում էր փորձակենտրոնի գիտղեկավարը, ճիշտ էր, ինչո՞ւ էր տարիներով դարակի չերևացող խորքերը խցկել։ Գյուտը ժամանակին ասպարեզ հանելու դեպքում նա ոչ թե սոսկ ակադեմիկոս, հիմա պետական, Լենինյան մրցանակի դափնեկիր կլիներ։
Առաջինը Վիկտոր Մելքումովը դա նկատել տվեց։ Նա բառնաուլցի ջահել հայցվոր էր՝ գիտակենտրոնում թե՛ աշխատում և թե՛ ապագա ատենախոսության նյութերն էր հայթայթում։ Վիտյայի պապը կամ պապի հայրն էր Հադրութում՝ տեղի բարբառով Գետամեջում ծնվել։ Արցախը Հայաստանին միացնել ուզելու համար դեռևս Ստալինի օրոք նրան Մագադան էին աքսորել, իսկ որդին՝ Վիտյայի հայրը, տաժանավայրում, ճիշտ ժամանակին ճիշտ հետևություն էր արել՝ ամբողջ աշխարհի համար կոմունիզմի պայծառ ապագայից բացի, այլ հեռանկար չէր տեսել։ Հենց այդ ոգով էլ դաստիարակել, Խորհրդային Միության մայրաքաղաք էր ուղարկել տղային։ Բառնաուլցի հայցվորի աչքերը հաստ ապակիների ետևում խոշորացան, բառերը մինչև անգամ հանդիմանական հնչերանգ ստացան։
– Վարդա՛ն Սերոբիչ, կներեք, բայց դա անելու բան չէ, որ արել եք։ Եթե մեր երկիրը ժամանակին այսպիսի զրահահար ունենար, վաղուց սպառազինության մրցավազքում Միացյալ Նահանգներից առաջ անցած, թերևս, համաշխարհային հեղափոխությունն էլ հաղթանակով ավարտած կլիներ։
Վարդան Քափանակյանը միշտ էլ հայի արմատները Հադրութում թողած, Մագադանում կուսթեկնածու դարձած ջահել հայցվորին լսելիս չէր կարողացել չժպտալ։ Այս անգամ փառ-փառ ծիծաղեց։ Որ վիրավորանքը սքողի։
– Ե՞րբ ես մեծանալու, Վիտո՛կ,- նրան էր դիմում, բայց իրականում կոմունիզմի պայծառ ապագային հավատացողներին էր կշտամբում,- գիտե՞ս խորհրդային տարիներին Հայաստանի ընդերքում հայ երկրաբաններն ինչքան մոլիբդեն, ոսկի, ուրիշ բարձրագին մետաղներ են հայտնաբերել, բայց թաքուն են պահել, որ Մոսկվան չտիրանա, մի օր, երբ երկիրն անկախանա, ժողովրդի հարստությունը ժողովրդին մնա։ Ուրեմն ես իմ զենքը խորհրդային զինվորների ձեռքը տայի, որ էսօրվա օրը հայի զենքով Արցախում հայի՞ն սպանեին, ինչպես Չեչնիայում՝ չեչեններին, Աֆղանստանում աֆղաններին սպանեցին…
– Վա՜յ, ցավդ տանեմ, Վարդան Սերոբի ջա՛ն,- փորձակայանի ղեկավարի հեռատեսությունը տարոնցի Մուշեղին ապշեցրեց ու հիացրեց,- ես քո հայրենասիրությունը գնահատում, զենքը հենց քո անունով էլ կոչում եմ։ Ինչքան ուզում է խոպան գնացող- եկողները մեզ շուռ տված համարեն, հենց էսպես վեր ենք կենում, «Արմենիայում» զրահահարի ծնունդը նշում ենք։ Կնքահայրը ես եմ, իմ պարտականությունն է, անվանակոչության ծախսերը ստանձնում եմ։
Գիտղեկավարը ոտքի կանգնեց, տասը մատներով հարթասեղանին հենվեց, որ ձեռքերի դողը չզգացվի։ Ծերացել էր Վահան Տերյանի համագյուղացին, վերջերս ավելի ու ավելի հաճախ էր հուզվում ու հուզմունքը թաքցնելու համար երբեմն ենթակաների վրա ձայնը բարձրացնում, անգամ գոռում էր։ Այս անգամ, սակայն, ուրիշ ձայնով պոռթկաց.
– Տարե՛ք, թնդացրեք հայոց լեռները,- Հայրենիքի նկատմամբ նրա սերը լույսով ողողեց մոսկովյան մութ ու մռայլ երկինքը,- միայն թե իմ անունով կոչել պետք չի, զենքը էն գլխից իր հին, հայկական անունն ունի։
– Ի՞նչ է, ի՞նչ, ո՞նց թե չծնված հին, հայկական անունն ունի:
Ծեր գիտնականը հոգու խորքում թաքցրած, տարիներով փայփայած գաղտնիքն առաջին անգամ բարձրաձայնեց.
– Վրիժակ…
* Հատված «Հուրերից հառնող խաչափայտ» վիպակից։