ՆԵՐՍՈՒԴՈՒՐՍ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

…Չէ՛, հետաձգելու կարիք չկա, երեկ արդեն անցել էր մտքովս, բայց օր ու ժամ չէի ճշտել, հիմա, ահա, ճշտեցի, հենց այսօր էլ կգնամ, հենց հիմա, ինչո՞ւ ոչ… Հեռու` խնդիրներից, հեռու` տագնապներից, հեռու` աղմուկից, որ պատուհանիս տակ գոռում-գոչում է, կոչում-հրավիրում… Ինձ հիմա խաղաղ միջավայր է պետք, Զանգվի ձորը չէ, քաղաքի մեջ է, լարվածությունը նրան էլ է ներքաշել, ուրիշ տեղ, հեռու, անտագնապ, լուռ, ձայներից` միայն խոտ ու տերևի խշշոց, թռչունների ծլվլոց, մարդկանցից` ոչ ոք…
Հրացանը և փամփուշտներով տուփը տեղավորեցի մոտոցիկլետի սայլակի մեջ, ծածկեցի բրեզենտով, շարժիչը գործի գցեցի և` առաջ…
Առաջ, այո՛, բայց ո՞ւր, առաջը միշտ չէ, որ առաջ է` բառի բուն իմաստով… Լավ դե, կարևոր չի, ընթացքում կորոշվի, կգնամ նվազագույն դիմադրության ճամփով, որովհետև քաղաքից հանող ճանապարհները փակ են հեղափոխությամբ© պայծառ, հարմարավետ ապագայի համար հեղափոխությունը սկզբում միշտ անհարմարություններ է ստեղծում:
Բաղրամյանով` փակ է, Պռոշյանով` փակ է, բայց փողոցը փակ պահող երիտասարդներից մեկն ասաց` հոպարին գիտեմ, մերոնցից ա, թող գնա: Շփոթել էր երևի, կամ էլ մոտոս հեղափոխական տեսք էր հաղորդում կերպարիս, իջա Պռոշյանով, «Ձկան խանութ», աջով` Էջմիածին, փակ է Էջմիածնի խճուղին, ուստի առաջ` դեպի կրկես, կրկեսից ձախ` փակ է, աջը` բաց, այսինքն՝ դիմադրության բացակայությունն ինձ մղում է դեպի Արտաշատ: Սակայն քիչ հետո` ստո՛պ, չի կարելի: Ինչո՞ւ: Չի կարելի: Ինչո՞ւ: Հեղափոխություն է: Իմ գնալ-գալը խանգարո՞ւմ է: Խանգարում է© էսօր էլ մի՛ գնա, էլի, հայրի՛կ: Բայց պետք է: Չի կարելի, և վե՛րջ, էլ չխոսենք իզուր: Այ սա փաստարկ է, սա հասկանալի է, համառելու իմաստ չկա, չկար նաև սկզբից երևի թե, բայց մտածեցի` պատանի են, կհարգեն, չհարգեցին փաստորեն, հարգանքն ընդամենը «հայրիկն» էր ու խրախուսական թփթփոցը ուսիս: Մյուս կողմից էլ` ճիշտ են անում, երկրում հեղափոխություն է կամ նման բան, իսկ ես` որսի, ասեմ` կծիծաղեն… Բայց դե, ուզում եմ ասել, չգիտեմ ինչու, բայց ուզում եմ… Բայց չեմ ասի, եթե ասեմ` հրացանս կհայտնաբերեն, կխլեն… Եվ լավ էլ կանեն, ինչի՞ս է հրացանը, գուցե սա լա՞վ ձև է հրացանից պրծնելու…: Մտապատկերումս հայտնվեց պապս, բեղը ոլորեց, ասաց` թվանքս քեզ հիշատակ, էն սարսաղ հորդ չեմ թողնում, արժան չի, քեզ մնա, լավ կպահես: Շրջադարձրի մոտոս, ե՛տ, դեպի քաղաք: Սակայն աջով մի հին ճանապարհ հանդիպեց, որը շրջանցիկ` տանում էր դեպի Արա լեռ, Եղվարդ, նայեցի` իսկի փակելու չեն արժանացրել, մտա: Ասֆալտը ժամանակով խիստ կերված էր, քրքրված, ծալ-ծլված, ոնց որ էն քարի տակի շան դիակը: Մտածեցի` կյանքը ժամանակի սպասարկուն է ընդամենը: Ինչքը ոչինչի սպասարկուն է, որովհետև ժամանակը ոչինչ է, եթե չկա նյութը: Նյութը ժամանակի կերակուրն է, նյութն իր ծնունդով ծնել է իրեն խժռողին: Դե իսկ շարժվող, շնչող, տրոփող նյութը, կարծում եմ` առավել է գրգռում ժամանակի ախորժակը: Ահա ես, որ հիմա շարժվում եմ նրա մեջ, նրա վաղթեուշվա կերակուրն եմ, նրա անընդգրկելի ցուցակում իմ անունն արդեն տեսանելի մոտիկությամբ է սևսևում, և ինձ նայելով` ժամանակ կոչված մոնստրը, այդ ան-վրեպ որսորդն արդեն լպստում է իր անհագուրդ երախը:
Մոտոյիս սայլակը խաղալիքի պես թռչկոտում էր անհարթություններին, որ անընդմեջ էին, մեկ սխալ շարժում` և կշրջվեր, բայց սխալ թույլ չէի տալիս, անտառտնտեսության ճամփեքին ձեռք բերած վաղեմի փորձը կորսված չէր, հիմա էլ դեռ հստակ գործում էր: Աջ կողմում բնակելի ավան հայտնվեց, խորհրդային ժամանակներից մնացած գիտահետազոտական ինչ-որ ինստիտուտ էր իր ավանով` բետոնյա զանգվածեղ ինչ-որ կառույցներ, երկաթե աշտարակներ, ժանգոտած, երերուն ալեհավաքներ, քառահարկ բնակելի տներ… Ինչ իմանաս` գուցե տիեզերքում գործող հրթիռների, տիեզերանավերի վրա առ այսօր էլ դեռ աշխատում են այստեղ սարքված կամ նախագծված ինչ-ինչ սարքեր, գոնե` մի պստիկ սարք… Ուզում էի, որ այդպես լինի, որովհետև շատ վհատ տեսք ուներ ավանը, նպատակն ու առաքելությունը կորցրած, շփոթահար…
Ավանն անցած` ճանապարհն արդեն այնքան վատը չէր, թեև նորմալ անվանել էլի չէր կարելի, ամայի էր, փոս կամ խութ շրջանցելիս հանգիստ դուրս արի հանդիպակաց գոտի, ամբողջ ընթացքում` ոչ մի մեքենա, մի տրակտոր անցավ ընդամենը` չափազանց բեռնվածությունից դժգոհ փրթփրթալով: Ազատ ճանապարհները` որպես հեղափոխության բերած բարիք: Սակայն շատ հեռու գնալ չարժեր, անիմաստ էր, հեռվում նույնն էր, ուստի՝ ասֆալտից բաժանվող, ձորի կողմ տանող հողածածկ ճամփա գտա, մտա, գլորվեցի շորորալով, հասա ձորի բերանին, կանգ առա: Ձոր իջնող ոլոր, գնացող-դարձող արահետ կար, չիջա առայժմ, հայացքս պտտեցի տարածքով, քիչ թե շատ ապահով տեղ էի փնտրում մոտոցիկլետը թողնելու համար: Ձորից այն կողմ, հակառակ լանջը գարնան գույներով էր ներկված, լանջը` որպես կտավ© Հարություն Կալենցի ներկապնակն էր սփռված կտավին, մի երկու ամսից կգա Մինաս Ավետիսյանի ժամանակը` տաք, այրող, իսկ ավելի ուշ՝ ամռան ավարտին-աշնան սկզբին, լանջին կտիրանա Մարտիրոս Սարյանը: Բայց ինչ-որ թաքուն համահեղինակ կար բնապատկերին, սկզբում ես դա զգում էի, ասես ինչ-որ մեկը խմբագրումներն էր մտցնում իմ ընկալումների, վերաբերմունքների մեջ, ինչ-որ մեկը մտել էր իմ ու դիմացի լանջի արանքը և աղավաղում, խամրեցնում էր գույները, իսկ քիչ հետո պարզորոշ տեսա` այդ ինչ-որ մեկը չար երեխայի պես սևով խզբզում է բնապատկերը… Աչքերս հիվանդ են, ինչ է… Պոկեցի հայացքս դիմացի լանջի պատկերից, քայլեցի խճուղուն հարող հարթ տարածքով, դեղնակարմիր հող էր, միմյանցից հավասար հեռավորությամբ` դեղձենու տնկիներ, ինչ-որ մեկը փորձել էր այգի հիմնել, հարթ էր, կողքին առու կար, հարմար է գտել մարդը, բայց հողը չէր հարգել նրա ջանքը, տնկիները գաճաճ էին, տկար, մի մասը չորացել էր, մյուսները մի կերպ էին գոյատևում, այն ռոմանտիկ այգեպանը երևի արդեն հուսահատված թափ է տվել ձեռքն ու անվերադարձ հեռացել: Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքը հիշեցի, հասկացա` նրա հերոսին էի մտովի բերել այստեղ:
Լավ, իսկ ո՞նց քողարկեմ մոտոցիկլետս, ո՞ւր թաքցնեմ…
Մարդիկ այգի են կորցրել, երկիր, իսկ ես այս հնամաշ տռտռիկս ուզում եմ պահել, անտեսանելի դարձնել, ո՞ւմ է պետք, ո՞վ է ձեռք տալու… Բանալին խոթեցի գրպանս, սայլակից վերցրի հրացան-փամփուշտը և լքեցի մեքենան: Քայլեցի ձոր իջնող արահետով© ձորը կանչում էր, հրավիրում էր ընկղմվել, աչքից հեռու, ասես` խրամատ, ասես` արգանդ…
Քարքարոտ արահետով իջնելիս կրակեցի` հրացանիս փողը վեր տնկած, օդ էի կրակում, երկինք, որովհետև ես հո չէի՞ եկել սպանելու, ո՛չ, իհարկե, ես եկել էի պարզապես կրակելու: Իմ կրակոցը նաև զգուշացում կլինի կենդանիներին` չկորցնեք ձեր զգոնությունը, աշխարհում հրացան կա, որս անող կա: Հերթական կրակոցը թռչուններ հանեց սաղարթներից, թռռոցով բարձրացան, հեռացան վախեցած, գորշավուն աղվեսը թփի տակից դուրս սահեց, պոչով հայացքս խաբեց` ինքն ուրիշ կողմ նետվեց, չքացավ:
Էս ինչի՞ ես էսպես կրակում օդերի մեջ, որսկան ախպեր` լսեցի հարևանությամբ: Մի բիձուկ էր, կոպալին հենված, քարին նստած, բուրդը տեղ-տեղ թափած գամփռը անխռով պառկած էր նրա ոտքերի մոտ: Շունդ կրակոցից չի վախում` նկատեցի: Շունս խուլ ա` պատասխանեց, տեսողությունն ու հոտառությունն էլ ա թուլացել, պառավ շուն ա, իրար հետ պառավեցինք: Ասում ես` ինչի ես կրակո՞ւմ: Հենց էնպես, հրացանս եմ փորձում` ասացի: Հա՛, ասաց, որսի սեզոն չի, սեզոն էլ ըլնի` ձորում ի՞նչ ա մնացել, որ ինչ խփես, մի երկու նիհար աղվես: Դե լավ, դու կրակի, մենք բարձրանանք, հաջողություն` ասաց ու ելավ տեղից, շունն էլ ելավ, կողք կողքի քայլեցին կաղին տալով: Բա ինչի՞ էիր իջել` հարցրեցի ետևից: Բա չիջնեի՞… շրջվելով ասաց: Իհարկե, բա չիջնե՞ր մարդը, ինչո՞ւ չիջներ: Ահա, ես էլ եմ իջնում, ինչո՞ւ չիջնեմ, եթե իջնելու տեղ կա…
Մի քիչ էլ` ու արդեն ամենացածում էի, դրանից ներքև` գետակի հատակն էր, բարալիկ գետակ էր, կամացուկ հոսում էր քարերի արանքներով, եթե մայիսին է այսքան նվազ, ամռանը երևի կչորանա` մտածեցի: Բայց հենց այսքանի խշխշոցն էլ բավարար էր, հաճելի, ափամերձ քարերը պատած փափուկ մամուռի տեսքն էլ հաճելի էր, գորտերի կռկռոց կար ափերին… Իրենք ո՞ւր են, չեն երևում… Ահա, մեկը նետվեց ջուրը, դատելով ճողփյունից` պստիկ գորտ էր: Նստեցի քարին, ծխեցի… սառն էր քարը, բայց հոգնած էի, մնացի: Նայում էի չորս կողմս, ու կասկածը դարձյալ էր սղոցում ներսս` գուցե չկա՞ այս իրական համարվող աշխարհը, գուցե ներկայացո՞ւմ է, բեմադրա՞նք` ինձ փորձելու համար… Գուցե կամ միայն ե՞ս և այն ուժը, որ փորձո՞ւմ է ինձ… Շիզոֆրենիա… Բայց ինչո՞ւ, մի՞թե այս ամենի իրական լինելուն հավատալը նույնքան անիրական չէ…
Զննեցի տուփը, դեռ ահագին փամփուշտ կար, երկուսը մտցրի հրացանի փողերի մեջ, փողերը վեր տնկեցի` կրակեցի երկինքներին, արձագանքը դմբդմբաց լանջերով, երկրորդ փողն էլ կրակեցի…
Անշնչացած, արնածոր մի թռչուն ընկավ ոտքերիս մոտ… Աստված իմ, էս խեղճին ինչո՞ւ բերիր կրակոցիս ընդառաջ…
Փամփուշտները նետեցի ջուրը, հրացանն ուզեցի քարերին խփել, ջարդել, բայց մեկը բռնեց ձեռքս, պապիս ոգին էր` իր հիշատակն էր պահպանում:
Քիչ հետո, սակայն, զղջացի փամփուշտների կորստյան համար, հիմա եթե գայլ կամ արջ հանդիպի` ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ ինձ փրկելու… Բորբոքված երևակայության արգասիք չէ, գազաններ հանդիպում են մեր բնության մեջ և` ոչ սակավ, դե իսկ մենակ, անզեն մարդը վատ թիրախ չէ: Ապրել-ապրել և ինքնասպան լինելու հնարավորությունը թողած` կերված լինել գայլի կամ արջի կողմի՞ց… Ստորացուցիչ չէ՞… Ապրես, մարմինդ վտանգներից փախցնես, բուժես, մերսես, կերակրես, խնամես ու հանկարծ հրամցնես գազանի ախորժակի՞ն… Պատկերացրի, թե ահռելի ժանիքները ոնց են պատառոտում միսս, արյունս ոնց է ներկում նրանց երախը, ոնց եմ իջնում նրանց կերակրափողով… Չէ՛, վախճանի լավ տարբերակ չէ… Ահա, կարծես ոռնոց լսվեց լանջի թավուտից: Ուզեցի փամփուշտ հանել գետից, բայց նայեցի` թաց են արդեն, անօգուտ, հրացանը գրկած` բարձրացա լանջով, դանդաղ բարձրացող արահետը թողեցի, ուղիղ բարձրացա` հողերի, թմբերի, քարերի միջով, փշերն ու էլի չգիտեմ ով` տաբատս բռնած ետ էին քաշում, ես պոկում` առաջ էի գնում… Արդեն հևասպառ` հասա գագաթին, մոտոցիկլետս ժպտաց նիկելե մակերեսներով, բիձուկը շան հետ մոտը կանգնել` տարակուսած տնտղում էր, կոպալով կտկտացնում էր սայլակը, բարձրացնում բրեզենտը, նայում ներսը… Չլինի՞ էս էլ ա քոնը` հարցրեց` ինձ տեսնելով: Ինչի է՞լ ինչն ա իմը: Դե, հրացանը, փամփուշտը, ձորը: Կուզե՞ս հրացանը քեզ տամ` փորձեցի բիձուկին: Հրաժարվեց, ասեց` չէ՛, շնորհակալ եմ, ես իմը կրակել, պրծել եմ© ոնց տեսնում եմ` դու էլ կրակեցիր-պրծար: Արի քեզ տանեմ, ո՞ր կողմն ա գյուղդ` առաջարկեցի սրտանց: Ինձ տանես, բա շո՞ւնս, էնի մոտոյի հետևից վազող ա՞, չէ՛, շնորհակալ եմ, գնա, մենք սովոր ենք, էս մեր ամեն օրվա անցնելիքն ա: Դե հաջողություն ձեզ` մաղթեցի` հրացանը սայլակում տեղավորելով: Բայց բիձուկը չէր գնում, նայում էր դեմքիս: Ինչի՞ ես էդպես նայում: Լավ չե՞ս` հարցրեց, երեսդ ծռված ա մի տեսակ, էս մի կողմի գույնը թռած ա, աչքդ էլ խաղում ա: Էդ հեչ, էդ գիտեմ` ասացի ու գործի գցեցի շարժիչը: Տռտռոցի միջով էլի ինչ-որ բան ասաց բիձուկը, բայց չլսվեց, էլ չհարցրի, կարևոր բան չէր ասելու, պոկվեցի տեղից, դուրս եկա խճուղի ու` դեպի քաղաք:
Արագության բռնակն ափիս մեջ հանկարծ սկսեց անկախանալ, պահել չէի կարողանում, կամքիս ու մկանիս հակառակ` ներս էր ոլորվում, արագությունն աճում էր և աճելով գայթակղում` ազատ թող ինձ, վայելիր… Հրաշք էր, անդադար արագացումը պոկում, խզում էր բոլոր կապերը` տարածության, առարկաների, ժամանակի հետ, հետաքրքիր է` որ նաև մարդկանց հետ, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում մտաբերել որևէ մեկի հետ ունեցած որևիցե վերաբերմունք կամ զգացում, մանրացած, տրոհված` ցրված էին անիրականի մեջ, անիրականի, որը հավակնում էր նոր իրականություն դառնալ` շրջակայքը վերածելով եկող-փախչող շիլաշփոթի, հրաշալի էր, հոգիս այլ չափման մեջ էր, հանում էր մաղձն ու ժանգը միջից, թարմանում, հանգստանում, անէանում…
Սակայն արդեն չափազանց էր, զսպել էր պետք, այլապես աճող արագությամբ ձեռք բերվող հանգիստը կարող էր հավերժական դառնալ… Իսկ ռետինե պտտակը ոչ մի կերպ չէր ենթարկվում… Ճանապարհի անհարթությունը խփեց` սայլակը վեր հանեց, բայց հասցրի ղեկը ձախ թեքել` ցած բերել… Դարձյալ ասֆալտի ալիք, փոս, ևս մի ալիք… Արագությունն ամեն գնով իջեցնել է պետք… Դե ենթարկվիր…
Փորձեցի արագությունն արգելակով մեղմել, սակայն արգելակից մեքենան սկսեց ցնցվել, երերալ, ուր որ է դուրս կգար խճուղուց, ստիպված ոտքս քաշեցի լծակից, ուղղվեց` վերստին սլացավ…
Ումի՞ց ես փախչում, ո՞ւր, չէ՞ որ եկել էիր բնության գիրկ, ու սիրուն էր, մեղմ էր, տաք էր, ինչո՞ւ ես փախչում… Չե՞ս փախչում… Փախչում ես, ավելի մեծ բանից ես փախչում, ամեն ինչից ես փախչում, մոլորակից, Տիրոջից, ինքդ քեզնից…
Առջևում, գորշ ասֆալտին, ոսկյա շողշողումներով օձ էր սողում` գալար-գալար, արագ-արագ, շտապում էր անցնել խճուղին, աջ թեքեցի ղեկը, որպեսզի խուսափեմ, չխուսափեցի, նստուկիս տակ զգացի սողունի մարմնի ճզմվելը, ապա սայլակը խփվեց ինչ-որ թմբի, բարձր խոյացավ` շրջելով մոտոցիկլետը© բերանքսիվայր շրխկացի ասֆալտին ու իներցիայի ուժով գլորվեցի առաջ, մոտոցիկլետը հարևանությամբ էր գլորվում, բայց շուտ կանգ առավ, ես դեռ շարունակում էի գլորվել, հայտնվեցի ճամփեզրի խոտերի մեջ, ոտքի կանգնեցի վախով` թե ինչ-որ մարմնամաս հիմա ցավագին կախ կընկնի, բայց ո՛չ, մարմինս զարմանալիորեն անվնաս էր, դեմքս էր տաշվել, մռմուռով արձագանքեց թաշկինակի հպումին: Մոտեցա կողաշրջված մոտոյին, հրեցի` անիվների վրա կանգնեցրի, նայեցի հայելու մեջ… այնպիսի տպավորություն էր, ասես ցանկացել եմ քերել-հանել դեմքիս կեսը, արյունը մանրիկ կաթիլներով գոյանում, հավաքվում էր լայն ու երկայն վերքի վրա… Թվում էր` երկու կեսերի տարբերությունն եմ փորձել հաշտեցնել, բայց հիմա ավելի տարբերվեցին: Շարժիչը գործի գցող լծակը սեղմեցի ոտքով` մեկ, երկուս, երեք… Փրթփրթաց, դռդռաց, աշխատեց© ինձ նման պնդուկ է, ոնց էլ գտել ենք իրար, գազ տվի` պոկեցի տեղից: Հանկարծ հիշեցի, սայլակի բրեզենտը ետ տվի, չկար, հրացանը դուրս էր թռել: Ետ դարձա: Փնտրեցի վթարի տեղում, չկար, մի՞թե թռել` ձորն է գլորվել… Է՛հ, ինչ արած, բարով մնաս: Դարձյալ հեծնեցի մեքենան և ուղղություն վերցրի դեպի տուն:
Ամեն ինչից փախած` տուն մտնել… Պատսպարության ուրիշ տեղ չկա, ետընթացով արգանդ` չիք, մնում է տան սուտը© գիտես` վաղը-մյուս օրը հանելու են, տանեն, ու էլ երբեք չես մտնի, ուրիշներն են ապրելու քո տանը, բայց էսօր դեռ քոնն է, քո տխրությամբ, քո ուրախությամբ, քո զայրույթով, քո անհանգստությամբ, քո տագնապներով, քո վախերով ներծծված, ինչ-որ տեղ նույն դու ես, ինքդ` քո մեջ… Բայց դու ո՞վ ես ախր…
(հատված վեպից)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։