ԿԱՐՈՏՆԵՐԻՍ ՔԱՐԱՎԱՆԸ

 

ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, առակագիր Շալիկո Զորյանի «Կարոտներիս քարավանը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին հայտնի գրականագետներ, արվեստագետներ, պատմաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց հեղինակին՝ նրա գրական- ստեղծագործական նոր պատումի հրատարակման համար, շեշտեց նաև, որ «Կարոտներիս քարավանը» գրքում տեղ գտած մտքերն ու տաղերը ծնվել են մեր հասարակության այսօրվա հոգևոր պահանջմունքներից, դրանք չեն կարող անտարբեր թողնել հայ մարդուն:

Բան. գիտ. թեկնածու Կարո Վարդանյանն անդրադարձավ հեղինակի ակտիվ քաղաքացիական կեցվածքին, ըմբոստ, արատավոր երևույթների հանդեպ անհաշտ խառնվածքին: «Հեղինակի գրչին հատուկ է նաև այն, որ նա հրապարակախոսական,  քննադատական մոտիվները վարպետորեն կարողացել է արտահայտել բանաստեղծական պատկերավորության միջոցներով»,- իր միտքն այսպես ամփոփեց Կ. Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը,  լավ ծանոթ լինելով հեղինակի կյանքին ու  գործունեությանը, խոսեց պետական պատասխանատու մարմիններում նրա աշխատանքի մասին՝ անդրադառնալով բանաստեղծի գրքում տեղ գտած տողերին: Գնահատանքի և շնորհավորանքի խոսք ասաց «Հայաստանի հանրագիտարանի» գլխավոր խմբագիր, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Այվազյանը, հնչեցին շնորհավորական և գնահատանքի այլ խոսքեր ներկաների կողմից:

ՀԳՄ նախագահը Աշոցքի բանաստեղծ Շալիկո Զորյանին հանձնեց ՀԳՄ պատվավոր անդամի տոմս:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։