Ընկած թուղթը / Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Մերուժան(Հատված վեպից)

Պտտահողմը սկսվեց հանկարծակի: Պտտվեց-պտտվեց, հետո, հողմ ու փոշի հանելով, բաժանվեց երեք մասի: Եվ երեքով մոտեցան ու քսվեցին լճին, քսվեցին ու, կարծես ջրի սառնությունից սարսռած, հետ դարձան: Հետո դարձյալ պտտվեցին-պտտվեցին լճաշուրջ, պտտվելով` հզորացան, և երեքով մի մարմին ու մի պտույտ դարձան և համարձակություն առնելով` մտան լիճը: Իսկ արդեն ավելի ուշ նրանց պտույտը ահագնացավ լճի վրա ու դարձավ թաթառ, որը խմում, հոշոտում էր լիճը և երկինք հանում:
Եվ եղավ մի պահ` թաթառն այնքան բարձրացավ, որ լիճը երկնքից նայում էր լճին` մի տարբերությամբ, սակայն, որ ներքևում լիճը, արդեն խաղաղվելով, շարունակում էր ծփալ, իսկ նույն լիճը վերևում պտտվում էր շարունակ: Եվ փոքր ու խոշոր ձկները, իրենց բախտին անտեղյակ, շարունակում էին ապրել երկնքում, ինչպես ապրել էին լճում` իրենց ապրած գաղտնի կյանքով և մարդու աչքին անհասու:
Եվ հանկարծակի սկսված թաթառը, դարձյալ պտտվելով-պտտվելով ջրերի վրա, լճախում բարձրացավ վերև: Մի պահ կախվեց լճի վրա, թվաց` ուզում է վերադառնալ` սկզբից դանդաղ, բայց հետո արագընթաց պտույտ հավաքելով` հեռացավ դեպի հյուսիս-արևելք: Ու պատահական տեսնողների աչքի առաջ լճի կեսը կարծես հայտնվեց երկնքում: Չնայած լիճը շարունակում էր ներքևում ծփալ, բայց երկնագնաց ջուրը, այնուամենայնիվ, տանում էր իր հետ նաև ձկներին, և այդ ժամանակներում ապրող և տեսնողներին զարմացնող ձկները շարունակում էին երկնքում լողալ իրենց ջրային կյանքով:
Եվ այդ բանը շատերը իրենց աչքով տեսան և հետո երկար պատմում էին իրար ու իրենց զավակներին, թե ինչպես էին ձկները թռչում երկնքով, և ինչքան մեծ էր երկնային լիճը: Եվ այդ տեսիլքն արդեն տեսնողների զավակները պատմում էին նաև վկայողների թոռներին:
Այդ բանը տեսավ նաև Դավիթը: Տեսավ նաև, թե ինչպես երկնքից սկսեցին ձկներ թափվել, որոնք ընկնում ու թպրտում էին ամռան դաշտ ու արտերի մեջ: Դավիթը նույնիսկ հստակ լսեց, թե ինչպես մի տղամարդ, հյուսկեն քթոցը ձեռքին, գոռում էր կնոջը.
– Արի՛, շո՛ւտ արա, ձկները հավաքենք, չէ՞ որ ես քեզ ասում էի, որ ձուկը այս տարի առատ է լինելու: Հավաքի՛, շո՛ւտ արա, կեսը աղը կդնենք, կեսը կապխտենք:
Դավիթը, այո, տեսավ ու լսեց այդ ամենը, երբ ուխտագնաց էր և հայտնվել էր Արարատի Մեծ քրմի խորախորհուրդ տաճարի բրոնզե դարպասների դիմաց:
Նա կանգնած երկար նայում էր ասես երկնային դանակով կտրված բազալտե ժայռին, որ ձգվում էր հարավից հյուսիս, որի կենտրոնում հսկայական ծանր քարերը կամար էին կապել բրոնզե արտառոց դարպասի շուրջ, որը փակ էր և դրվագված էր երկաթյա մեծ գամերով: Մեջտեղում` ոսկեզօծ կեռխաչը: Դավիթն այդ պատկերը տեսավ ընդամենը դրսից և վախեցավ` մտածելով, թե ինչո՞ւ է ինքը հայտնվել այդ անճանաչելի դարպասների առաջ, և ինչո՞ւ Մովսեսը իր հետ չէ:
Կոչնակ հնչեց. դանդաղ և չմարող արձագանքով, երկար կախվեց կանաչ աշխարհի և միայնակ կանգնած Դավիթի վրա, և տպավորություն կար, թե Սրբազան լեռան սրտի մեջ մի կենդանի զանգ էր անհանգստանում: Կոչնակը հնչեց երեք անգամ, և երեք անգամ Դավիթը սարսռաց ու չհասկացավ` որտեղի՞ց ու ինչո՞ւ է հնչում այդ անսովոր զանգը: Եվ երբ Դավիթին թվաց, թե դարպասները բացվում են իր առջև, լսեց, թե ինչպես ձիավորների խումբ է մոտենում իրեն, ու երբ նրանք` արշավասույր հեծյալները, մոտեցան Դավիթին, դարպասները բացվեցին:
Եվ հետո` արդեն շատ ավելի ուշ, Դավիթը պետք է հասկանար, որ Արարատի քրմի տաճարում ինքը տեսել էր Ալեքսանդր Մեծին, տարօրինակ ու այդպես էլ իր համար անբացատրելի պայմաններում, ում ողբերգական ճակատագիրը Մովսեսը նրան հաճախ պատմել էր Տարոնից մինչև Արարատ ճանապարհին: Իսկ հին աշխարհի Մեծ զորավարը հայտնվեց ընդամենը մի աղեմոսով, և նրա հետ իր ընկերներն էին` Հեփեստիանոսը ու Սևելիկիոսը: Եվ այդ այն ժամանակներում էր, երբ Դարեհ արքայի դառը պարտությունից հետո Ալեքսանդրը Սևելիկիոսին արդեն հանձնել էր պարսկական մեծ տերության և նրա դաշնակից պետությունների սատրապությունը:
Դավիթի շփոթմունքը վերածվեց հուզմունքի, և նա արդեն չէր էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն բացվող դարպասներից այն կողմ: Իսկ դարպասներից այն կողմ մի քարանձավ-տաճար էր, որը լուսավորվում էր հայտնի չէ, թե որտեղից: Եվ խորհրդավոր տաճարի կենտրոնում մի մեծ, կլոր ջրավազան կար, որտեղ ընդամենը կարմիր պուտերով մի ձուկ էր լողում: Եվ նույն ջրավազանի բարձրադիր ափին կարծես խոնջանում էր հսկայական մի սև քար, որը թվում էր, թե իր անհայտ խորքերից լույս է արձակում: Եվ առկայծող այդ սև քարի երկու կողքերին պահապանների պես կանգնած և նստած էին երկու` Դավիթի համար անճանաչելի, անսովոր և ազդեցիկ կուռքեր: Մեկը ծանրորեն նստած մի կնոջ քանդակ էր` փոքր գլխով, բայց մեծ ծծերով, որոնց պիրկ հանդիսավորությունից մինչև սրունքները կարծես հսկայական մի վիհ էր բացվում դեպի ներս, դեպի ներս, որի խորախորհուրդ այնուհետևը չէր երևում, քանի որ ստվերի մեջ էր: Երկրորդը, սակայն, երեք մարդաբոյ ձիգ կանգնած մի ֆալլոս էր, բայց երկուսի վրա էլ վերևից ներքև թափանցիկ, երկնահյուս շղարշներ էին իջած: Շղարշ, սակայն, չկար միայն սև, հսկայական առկայծող քարի վրա: Եվ քարը շարունակում էր իր խորհրդավոր լույսով տեսանելի դարձնել և՛ նստած տիկնոջը, և՛ քանդակազարդ ֆալլոսը:
Թերևս պիտի անցնեին շատ տարիներ, որ Դավիթը մի օր վերհիշեր ու հասկանար, թե ինքը ինչ էր տեսել այդ օրը Մեծ քրմի տաճարում, ուր քարանձավի հեռավոր խորքում լռության մեջ հանդիսավոր իջնող ջուր-փրփուրը անգոլորշի տաքություն էր շնչում: Եվ վերևից իջնող ջրի ձայնը չէր լսվում, սակայն տեսանելի էր փրփրաշղարշ հորձանքը: Բայց եղավ այնպես, որ նա նույն օրը Ալեքսանդրի ներկայությամբ հասկացավ ու ճանաչեց հին աշխարհի խորհուրդն անցողիկ, բայց զարմանալիորեն մնայուն:
Տաճարը, ուր մտավ Ալեքսանդրը իր ընկերներով, բոլորակում և ամփոփում էին յոթ մեղեսիկե սյուներ, որոնք այնքան էին ձգված դեպի վերև, որ հեռու մութի մեջ անընդգրկելի էին, և չէր հասկացվում, թե ինչ գմբեթ են պահում դրանք: Եվ տպավորություն կար, թե քուրմը վաղուց սպասում էր եկողներին, ու նա պատրաստ կանգնած էր ջրավազանի կողքին` ուտեստի սեղանի մոտ: Հագին` վուշից սպիտակ զգեստ, մեջքին` անսովոր հաստ կաշվից լայն գոտի, որը չնայած չափազանց հին ու մաշված էր, բայց ճարմանդը շողշողուն ոսկուց էր, կեռխաչը` վրան: Քրմի տեսքը լուսավորված էր, ժպիտը բարեհաճ էր և անախտակիր: Երկար, ուսերին թափված ալեխառն մազերը և ճերմակ հարդարված մորուքը, սակայն, բոլորովին ներդաշնակ չէին նրա կենդանի ու գաղտնակիր աչքերին:
– Ես քեզ վաղուց էի սպասում, արքա՛, քո ծննդյան օրվանից, և հիմա շատ ուրախ եմ, որ եկար, չնայած` դու պարտավոր էիր գալ,- ասաց Մեծ քուրմը` շրջապատված իր յոթ խորհրդականներով: Եվ հիմա, քանի որ երկար ճանապարհ եք անցել և հոգնած կլինեք, խնդրում եմ, նստե՛ք այս համեստ սեղանի շուրջ, որ ես, տեղյակ լինելով ձեր գալստյանը, նախապես պատրաստել էի:
Արքան և նրա երկու ընկերները զինավառ էին ու գեղեցիկ, բայց նրանց զուգսը և հաղթանակներով անցած ճանապարհը, միևնույն է, նրանց տարօրինակորեն չօգնեց համարձակ ու վստահ լինել: Ինչ-որ բան բոլորին խանգարում էր, հատկապես Ալեքսանդրին: Եվ նա լուռ ուսումնասիրում էր այդ տարաշխարհիկ քարանձավ-տաճարը, որտեղ ոչ մի շքեղություն չկար, բայց կար մի ինչ-որ անսովոր ու խորհրդավոր բան, որն ավելին էր, քան շքեղությունը: Եվ դա գաղտնիքն էր…
– Հիմա, խնդրում եմ, արքա՛, նստի՛ր քո ընկերների հետ, և ճաշակե՛ք մեր ամենօրյա պարզ ուտելիքը,- ձեռքերը դարձյալ լայն տարածելով` հյուրընկալ տանտիրոջ բարեհաճ ժպիտով ասաց քուրմը:
Ալեքսանդրը երկար, ակնդետ նայում էր քրմին, հետո հանեց ոսկեզօծ, ցցունքին փետրափնջերով զարդարված սաղավարտը և ուշադիր նայելով շուրջը` երկար ուսումնասիրում էր քարանձավ-տաճարը` այդպես էլ չհասկանալով, թե որտեղից է լուսավորվում: Վերջում նայելով քրմի սպիտակամորուս դեմքին և կենդանի աչքերին` հարցրեց.
– Ովքե՞ր են այս մարդիկ, քո ծառանե՞րն են:
Քուրմը շրջվեց, նայեց իր սևազգյաց շքախմբին, հետո ցածր, խորհրդավոր ձայնով ասաց.
– Ո՛չ, արքա՛, նրանք իմ ծառաները չեն, նրանք մեր տաճարի յոթ իմաստուններն են, որ շուտով գնալու են բնակելի աշխարհը լուսավորելու, նրանք Սրբազան լեռան պատգամախոսներն են:
Ալեքսանդրը դարձյալ ուշադիր նայեց քրմին, հետո հետ հրեց ճակատին թափված խարտյաշ մազերը և չհարցնելու պես հարցրեց.
– Իսկ ի՞նչ գիտեն նրանք, որ բնակելի աշխարհը չգիտի:
Քուրմը հայրաբար ժպտաց. աջ ձեռքով խաղալով կրծքին կախված ոսկյա կեռխաչի հետ և նայելով Ալեքսանդրին` ասաց.
– Քո թուրը, արքա՛, և քո ընկերների թրերն ու փայլուն զրահները այս երկրի ծնունդն են, որը Մարդու երկիրն է և քո հայրենիքը նաև:
Հետո քուրմը աչքերը գետին իջեցրած երկար լռեց: Թվաց, թե նա նեղվել է կամ խորացել իր մենության մեջ: Բայց քուրմը անմիջապես էլ բարձրացրեց գլուխը և Ալեքսանդրին ու նրա ընկերներին դարձյալ հրավիրեց սեղան նստել:
Ալեքսանդրը և նրա երկու ընկերները տեղավորվեցին սեղանի շուրջ:
– Ների՛ր, Մե՛ծ արքա, որ մեր կերակուրը զուսպ է, բայց գինին, որ հասունացել է մեր քարանձավային կյանքի լռության մեջ, իսկապես արքայական է և վայել է քեզ և քո ընկերներին, որ հիմա սիրով ուզում եմ հյուրասիրել:
Սեղանը, որի շուրջ նստեցին Ալեքսանդրը և նրա ընկերները, հայելու պես ողորկ էր: Եվ անսովոր սեղանն այդ չէր արտացոլում ո՛չ գինու բաժակները, ո՛չ ուտեստի պնակները և ո՛չ էլ նստածների դեմքերը: Ու Ալեքսանդրը սկզբից չնկատելով այդ անարտացոլ սեղանի բնույթը` շարունակեց կիսատ մնացած զրույցը քրմի հետ:
– Իսկ ի՞նչ իմաստություններ են նրանք տանում բնակելի աշխարհ և ո՞ւմ են փոխանցում այդ գիտությունները,- հարցրեց Ալեքսանդրը:
Սեղանին ոչ մի մատռվակ չմոտեցավ, և քուրմը իր ձեռքով լցրեց բոլորի բաժակները, չնայած որ նրա թիկունքին ձեռքերը խաչած կանգնած էին քուրմի ասած յոթ իմաստունները: Հետո քուրմը հիացմունքով նայելով Ալեքսանդրին` ասաց.
– Բարո՛վ ես եկել, արքա՛, ավելի լավ է` սկզբից մի գավաթ խմենք, հետո շարունակենք մեր զրույցը: Իսկ հիմա բարի գալո՛ւստ, արքա՛, և բարո՛վ են եկել նաև քո ընկերներն ու քո թիկնազորի փառապանծ զինվորները: Ինչպես ասացի` ես քեզ վաղուց էի սպասում: Այսօր եղավ այն, ինչը նախանշված էր,- քուրմը մի պահ լռեց` չդադարելով ձախ ձեռքով խաղալ կրծքին կախված կեռխաչի հետ, հետո բարձրացրեց բաժակը ու շարունակեց խոսքը,- և ես հիմա խմում եմ քո կյանքի, քո ստեղծելիք աշխարհի և քո ընկերների համար, քո բանակի համար, արքա՛, որ փորձում է քանդել հին աշխարհը և ճանապարհ բացել Եկողի համար,- և քուրմը, բարձրացնելով բաժակը գլխից վերև, խմեց մինչև վերջ` թերևս ցույց տալով նաև, որ գինին թունավորված չէ: Ալեքսանդրը և նրա ընկերները նույնպես բարձրացրին բաժակները ու խմեցին մինչև վերջ:
– Շնորհակալ եմ,- ասաց Ալեքսանդրը,- ինձ զարմացրեց քո բուրավետ գինին. մի՞թե քարանձավներում այսպիսի գինի է հասունանում:
Քուրմը մտերմիկ ժպտաց և ասաց.
– Ուրախ եմ, Մե՛ծ արքա, որ հավանեցիր մեր նախնյաց գինին, որն այստեղ ամեն նոր բերքի հետ թարմանալով` արդեն տասներկու հազար տարի արբեցնում է ընտրյալներին, իսկ դու, արքա՛, ընտրյալ ես:
Գինին խմելուց անմիջապես հետո Ալեքսանդրը հակվեց սեղանին և իր դեմքը չտեսնելով սեղանի արտացոլանքում` զարմացավ և սկսեց հետևել, թե ինչպես են սեղան-հայելու մեջ տարօրինակ տեսարաններ հաջորդում իրար` կարծես ամպերը երկնքում, որոնց ծնունդն ու անհետանալը անճանաչելի էին իրեն ու անհասկանալի: Եվ արքան շփոթվեց:
Տարօրինակ շրշյուն լսվեց գորգի վրա, և Ալեքսանդրն ու ընկերները տեսան, թե ինչպես սողալով, դանդաղ իրենց է մոտենում մի մեծ պիթոն օձ: Օձը մոտեցավ-մոտեցավ և երբ հայտնվեց Ալեքսանդրի դիմաց, մի տեսակ հանդիսավոր հանգստությամբ բարձրացավ, բարձրացավ վերև ու կանգնեց պոչի վրա` Ալեքսանդրի դիմաց: Արքան առանց վախենալու, կարելի է ասել` հանգիստ, օձի նման դանդաղ բարձրացավ ու ոտքի կանգնեց: Օձը պոչի վրա կանգնած երկար նայում էր Ալեքսանդրին: Արքայի ընկերները շփոթված ոտքի թռան, նույնիսկ փորձեցին սրերը դուրս քաշել, բայց Ալեքսանդրը ձեռքով զսպեց նրանց` շարունակելով նայել օձի աչքերին: Տպավորություն կար, թե Ալեքսանդրը և օձը մենակ էին մեծ քրմի տաճարում: Եվ չնայած ոչ ոք չչափեց, թե այդ անխոսք զրույցը ինչքան երկար տևեց, բայց Դավիթին թվաց, թե դա մի ամբողջ հավերժություն էր: Օձը երկար, շատ երկար նայեց Ալեքսանդրին, հետո հին բարեկամի նման գլուխը իջեցրեց, համբուրելու պես քսեց նրա այտին և դանդաղ իջնելով ներքև` կծիկ դարձավ ու պառկեց արքայի ոտքերի մոտ` գորգի վրա:
Քուրմն ակնդետ նայելով արքային` հանգիստ ժպտաց, իսկ Ալեքսանդրը նստեց և վերցնելով գինու իր գավաթը` ասաց.
– Շնորհակալ եմ ընդունելության համար. գինին իսկապես արքայական է:
Իրենց բաժակները բարձրացրին նաև նրա ընկերները` նույնպես խմելով մինչև վերջ: Չի կարելի ասել, թե Ալեքսանդրը հուզված էր, բայց մի տարօրինակ անսովոր անհանգստություն հայտնվեց նրա մեջ, որ նրան հիշեցնում էր իր մանկությունը և մորը, որի սենյակում օձեր էին ապրում:
Երկրորդ գինեխումից անդին լռություն իջավ, որից անմիջապես էլ հետո Ալեքսանդրը նկատեց ավազանում լողացող միայնակ ձկանը:
– Ինչո՞ւ է քո ավազանում ձուկը մենակ,- իր` արդեն դատարկված արծաթյա բաժակի հետ խաղալով` հարցրեց Ալեքսանդրը,- ինչո՞ւ, դու ուրիշ ձկներ չունե՞ս:
Քուրմը գինուց տաքացած` նորից հայրական աչքերով նայեց Ալեքսանդրին և ասաց,- արքա՛, չէ՞ որ դու այդ ձուկը տեսնելու համար ես եկել, քանի որ դու միշտ մտածել ես Եկողի մասին, և այդ ձուկը, արքա՛, եկող Աստծու նշանն է:

***
Ալեքսանդրի ընկերները լուռ էին: Կում-կում գինի էին խմում` ուշադիր հետևելով երկու մարդու զրույցին և հայացքները չհեռացնելով օձից, որ պառկած էր արքայի ոտքերի մոտ: Լուռ էին նաև քրմին շրջապատող յոթ սևազգյաց իմաստունները, և այդ անշարժ լռության մեջ բոլորը միաժամանակ լսեցին, թե ինչպես լողավազանում ճողփաց միայնակ ձուկը:
Այնինչ սեղան-հայելու մեջ անընդհատ գալիս ու անցնում էին պատկերներ, որոնք կարծես թե անընդհատ մոտենում էին, բայց մնում էին անճանաչ արքայի համար:
– Ի՞նչ պատկերներ են, որ թափառում են այս հայելու մեջ, ովքե՞ր են այս մարդիկ,- վերջին խմած բաժակը հետ դնելով սեղանին` հարցրեց Ալեքսանդրը,- կարո՞ղ է դու կախարդ ես կամ քուրմ-հմայող:
Քուրմը երկար լռեց, և նրա լռությունը շփոթմունք չէր: Նա խորացել էր իր ներսում և թերևս փնտրում էր պատասխանն իր.
– Ո՛չ, արքա՛, ես հմայող չեմ, դու պարզապես նստած ես մոռացված աշխարհի հայելու մոտ, որը եղել է մեզանից առաջ և շարունակվելու է մեզանից հետո,- ասաց քուրմը` ձեռքը չիջեցնելով իր կրծքին կախված կեռխաչից,- ես ընդամենը, արքա՛, այդ հայելու և սրբազան ձյուների պահապանն եմ:
Տպավորություն կար, թե քուրմը նստած տեղից բարձրանում էր, բայց դա այդպես չէր, նա նստած էր և շարունակում էր գինի խմել ու բաժակը դատարկելով` ասաց.
– Դու շատ լավ գիտես, արքա՛, որ կան բանավոր գիտություններ, որոնք արժանիների միջև բերանից բերան են փոխանցվում, և կան աստվածներ, որոնց անունները բարձրաձայն չեն հնչեցնում:
Անձայն, անգոլորշի ջրվեժը քարանձավի հեռավոր խորքից շարունակ տաքություն էր շնչում, բայց գոլ լռության մեջ հյուրերը լարված էին ու անհանգիստ: Ինչ-որ անհասկանալի, անըմբռնելի մի բան նրանց տարտամ տագնապ էր ներշնչում: Երկու կուռքերի արանքում ծանրորեն բազմած սև, մեծ քարը շարունակում էր առկայծել:
Ալեքսանդրը նորից հակվեց սեղանին, երկար նայեց կիսամշուշի մեջ իրար հաջորդող պատկերներին, հետո շեշտակի նայելով քրմին` հարցրեց.
– Իսկ ինչո՞ւ իմ պատկերը չկա այստեղ, թե՞ միայն աստվածների դեմքերն են:
– Դու ճիշտ ես, արքա՛, բայց նրանք բոլորովին էլ աստվածներ չեն, այլ այն երևելի այրերն են, որոնց մարդիկ ժամանակների մեջ աստվածացրել են: Դու այնտեղ, արքա՛, կարող ես տեսնել և՛ Զևսին, և՛ Ամոնին, և՛ Դիոնիսոսին, կարող ես տեսնել Գոռին ու Արին: Եվ եթե ուշադիր լինես, քո պատկերն էլ կտեսնես, արքա՛, չէ՞ որ քեզ Եգիպտոսում հռչակել են Ամոնի որդի:
Օձը դանդաղ գլուխը բարձրացրեց ու դրեց Ալեքսանդրի ծնկին: Արքան ձեռքով քնքշորեն շոյեց օձի գլուխը և նորից հակվեց սեղան-հայելուն: Առաջ եկան նաև նրա ընկերները, և բոլորը միասին հստակ տեսան Ալեքսանդրին` թուրը ձեռքին, Դարեհ արքայի վրա հարձակվելիս, բայց Դարեհի պատկերը հայելու մեջ չկար: Արքայի պատկերը երեք անգամ կրկնվեց սեղան-հայելու մեջ ու անհետացավ ամպի ծվենի նման` խառնվելով հավերժ կապույտին:
Դարձյալ լռություն իջավ, և հստակ լսվեց, թե ինչպես լողավազանում նորից ճողփաց միայնակ ձուկը: Եվ Ալեքսանդրի ընկերները, կարծես սթափվելով` նայեցին արքային:
– Դու ասում ես, որ աստվածներ չկան: Այդ դեպքում մեր նախնիներն ու մենք ո՞ւմ ենք զոհեր մատուցում, ումի՞ց ենք հայցում հաղթանակ կամ բախտ,- անզայրույթ, բայց գրեթե խիստ ձայնով հարցրեց Ալեքսանդրը:- Հիմա չգիտեմ` դո՞ւ ես մոլորված, քո՛ւրմ, թե՞ մեզ ես մոլորեցնում:
Քուրմը բարեհոգի ժպտաց, երկու ձեռքով շոյեց արծաթազօծ մորուքը և առաջ հակվելով` ասաց.
– Ո՛չ, արքա՛, քեզ մոլորեցնելու խնդիր չունեմ, ո՛չ էլ ես եմ մոլորված, իմ նպատակն ախտախորհուրդ չէ, այլ ամենա­գրավ: Ինչպես ասացի` ես ընդամենը աշխարհի անչափագիր հայելու և սրբազան ձյուների պահապանն եմ: Իսկ հեռու անցյալում մեր նախնյաց կողմից աստվածներ հռչակված երևելի այրերին զոհեր մատուցելը մեղք չէ բոլորովին, քանի որ ողջակեզ զոհերի ծուխը և հնչեցված աղոթքը, միևնույն է, գերաշխարհիկ է և հասնում է Բարձրյալին ու միակին:
Թույլ, կարծես շատ հեռուներից հազիվ լսելի մի երգի մեղեդի հասավ նստածներին ու դանդաղ ծավալվեց քարանձավ-տաճարում: Հյուրերը նայեցին իրար` չհասկանալով, թե որտեղից է հնչում երգը, և անմիջապես էլ նկատեցին, որ երգողները քրմին շրջապատող յոթ իմաստուններն են: Դա մի հին փառաբանություն էր, որ դանդաղ բարձրանալով` արձագանքվում էր նստածների գլխավերևում: Անսպասելի սկսված երգը Ալեքսանդրին անհայտ լեզվով էր, բայց այնքան էր հանդիսավոր, որ անմիջապես հմայեց նրան: Օձը գլուխը իջեցրեց Ալեքսանդրի ծնկից ու նորից կծիկ դարձավ գորգի վրա` շարունակելով մնալ նրա ոտքերի մոտ: Փառաբանությունը ձգվեց այնքան, մինչև ավարտվեց Դավիթին արդեն ծանոթ` խորհրդավոր կոչնակի երեք զարկով: Եվ երբ տաճարի հեռավոր խորքերում մարեցին կոչնակի վերջին ղողանջները` քուրմը նորից գինի լցրեց իր և հյուրերի գավաթները: Յոթ իմաստունները դարձյալ անշարժ կանգնել էին քրմի թիկունքին ու առաջվա պես լուռ էին, և տպավորություն կար, թե քիչ առաջ երգողները իրենք չէին:
Ալեքսանդրը, աչքի տակով հետևելով սեղան-հայելում փոփոխվող պատկերներին, առանց լցված գավաթին ձեռք տալու` հարցրեց քրմին.
– Ո՞ւմ էին փառաբանում քո իմաստունները, ո՞ր աստծուն էին մեծարում:
– Աստված մեկն է, արքա՛, և իմ իմաստունները փառաբանում էին նրան, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ով ստեղծել է համայն տիեզերքը, որը նրա միակ ու սիրելի կինն է, իսկ մենք, բոլոր հին աստվածների հետ միասին, նրա զավակներն ենք ընդամենը,- հանգիստ, խորհուրդ չտալու պես պատասխանեց քուրմը:- Եվ մի՞թե քո ուսուցիչ ու ամենագիտակ Արիստոտելը քեզ այդ մասին չի հաղորդել, արքա՛, երբ նա լավ ծանոթ է հին իմաստուններից եկած բանավոր գիտելիքներին: Դավիթը, որ կանգնած էր մուտքի մոտ` պատի տակ, և ուշադիր հետևում էր ավագների զրույցին` շարունակ շփոթվում էր ու տագնապում և ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչպես է, որ իր ներկայությունը ոչ ոք չի նկատում:
Զրույցի ամբողջ ընթացքում ոչ ոք ուտեստներին ձեռք չէր տվել, և քուրմը ուշացումով նկատելով դա` առաջինը իր ափսեն լցրեց աղի մեջ բոված ընկույզ և նուշ` ձեռքերի շարժումով հորդորելով նաև հյուրերին: Բոլորը հաճույքով միացան նրան: Անցավ համտեսի կարճ մի պահ, որից հետո քուրմը նորից բարձրացրեց գավաթը և ձայնին հանդիսավորություն տալով` ասաց.
– Ո՛վ արքա, դու մե՛ծ ես, քանի որ մեր Տեր Աստվածն ու Միակը, ում դու մինչև այսօր չէիր ճանաչում, ընտրել է քեզ, որ փոխես բնակելի աշխարհը, մարդեղացնես անգիտակից արարածներին: Եվ շարունակ թշնամանք շնչող գաղտնակուր թագավորներին սովորեցնես, որ բոլորիս Հայրը մեկն է, և ճանապարհ հարդարես Եկողի համար: Ես խմում եմ քո կյանքի համար, արքա՛, քո մեծ առաքելության, և ուզում եմ իմանաս, որ դու ավելի մեծ ես, քան սոսկ Ամոնի որդին, և ծանր է քեզ տրված խորհուրդը:
Քուրմը առաջին անգամ ոտքի կանգնեց, պարպեց ձեռքի գավաթը և նայեց Ալեքսանդրին: Արքան նույնպես ոտքի ելավ և զրույցի ընթացքում առաջին անգամ ժպտաց` ցուցադրելով իր սպիտակ, գեղեցիկ ատամնաշարը:
– Շնորհակալ եմ,- ասաց Ալեքսանդրը,- բայց բացատրիր ինձ քո խոսքերի գաղտնի իմաստը:
Ալեքսանդրի ընկերները նույնպես ոտքի կանգնած` լուռ լսում էին երկուսի զրույցը:
– Գաղտնիք չկա, ամեն ինչ պարզ է,- ժպտաց քուրմը, հետո շրջվելով` ցույց տվեց կուռքերի միջև առկայծող մեծ քարը,- այս քարին ձեռք են տվել միայն անմահները, որոնց դու աստվածներ ես անվանում, այսօր քո ժամն է, արքա՛, մոտեցի՛ր քարին: Հետո, հին բարեկամի նման, քուրմը արքային թևանցուկ, դանդաղ ու հանդիսավոր մոտեցավ քարին: Դի՛ր աջ ձեռքդ քարի վրա, արքա՛, որի հետքը այսու և ընդմիշտ դաջվում է հավերժության աստեղային մատյանում:
Ալեքսանդրը աջ ձեռքը անվարան դրեց քարի վրա, և անսովոր քարն այդ դադարեց առկայծելուց ու ներսից լուսավորվեց շլացուցիչ բռնկումով: Լույսն այնքան պայծառ էր, որ տեսանելի դարձրեց քարանձավ-տաճարի բոլոր անկյունները` սարսափեցնելով պատի տակ կանգնած Դավիթին ու շփոթեցնելով արքայի ընկերներին: Հանգիստ էր միայն Ալեքսանդրը` ձեռքը շարունակ պահելով քարի վրա: Լույսը բռնկվեց երեք անգամ և դանդաղ հանգչելով` շարունակեց առաջվա նման առկայծել: Եվ երբ լույսը հանգավ, Ալեքսանդրը լսեց, թե ինչպես նորից են երգում յոթ իմաստունները: Դա դարձյալ փառաբանության հիմն էր, որի խոսքերը, սակայն, այդպես էլ մնացին անհասկանալի: Ու երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, Ալեքսանդրը երկար նայեց իր ձեռքի ափին, հետո շրջվելով իր կողքին կանգնած Մեծ քրմի կողմը` հարցրեց.
– Ի՞նչ քար է սա և որտեղի՞ց:
Քուրմը երկու ձեռքով բռնեց կրծքին կախված կեռխաչը և երկար լռեց` հայացքը առկայծող քարին: Լռությունն այնքան երկար տևեց, որ Ալեքսանդրը ստիպված ձեռքով հպվեց քրմի արմունկին:
– Այս քարը Աստծո կնիքն է, արքա՛,- միտքն ասես ինչ-որ հեռու տեղերից հետ բերելով` հանգիստ ասաց քուրմը,- այս քարով կնքվում են բոլոր անմահները, որոնց ես մարդու որդիներ եմ անվանում, իսկ դու` աստվածներ: Դու հարցրիր նաև, արքա՛, թե որտեղի՞ց է այս քարը,- շարունակեց քուրմը:- Այս քարն ընկել է երկնքից, վաղնջական ժամանակներում, մահկանացուների հիշողությանն անհասու, երբ արևն անհետացել էր երկնքից, և մեր երկիրը լուսավորում էին երկու լուսին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.