Ալիս  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ԱՐԵՇՑԻ ՄԵՐ ԲԱՍԸ՝ ՍՏԵՓԱՆԸ

 

Քյոռ Հարութի մայր Փուփուլ Նենեն ոչ թե մեռավ, այլ սուսուփուս հանգավ՝ իր մինուճար 40-ամյա երեխային թողնելով աշխարհում մեն-մենակ։ 1946 թվականին դեպի Հայաստան «Անիվայով»  ճամփորդելը  նրանց լուռումունջ՝ աշխարհից ծածուկ կյանքում ամենաշքեղ արկածն էր հանդիսացել։ Հարութը իր մեկ հատիկ աչքը չէր կտրում ծովի անծայրությունից, մինչ Փուփուլ մայրը պինդ կառչում էր իր չոջուխի փեշից, որ հանկարծ ծովի քամին կամ ծովը նրան չքաշեն  բազրիքից  այն կողմ։ Քսան տարի Քյոռ Հարութն ու Փուփուլ Նենեն սուսուփուս ապրեցին Արեշի՝ իրենց ձեռքով կառուցած տանը։ Հարութը սուսուփուս ամեն երեկո տուն էր բերում ծխախոտի գործարանից «հանած» թութունը… Շաբաթ երեկոյից մինչև կիրակի երեկո մայր ու որդի պապիրոս էին փաթաթում, շարում տուփերի մեջ: Գնորդները վստահելի մարդիկ էին, չէին մատնում, և երբեք էլ ոչ ոք չմատնեց նրանց։ Երբեմն, գործը շատ լինելու դեպքում, Քյոռ Հարութը ձեռքի շատ բան խոստացող շարժումով փողոցում օղակ գլորող երեխաներից մեկին-երկուսին կանչում էր տուն, մի քանի կոպեկ էր տալիս, որ փաթաթեն պապիրոսները։ Փուփուլ Նենեի գործը երեխաներին ուշադիր հետևելն էր, որ պատրաստի պապիրոսները տուփերի  մեջ տեղավորեն, հանկարծ մտքներով ուրիշ բան չանցնի։ Փողոցում ծխողներից շատերը դեն չէին նետում «Կազբեկի», «Պամիրի», «Ավրորայի» տուփերը, խնամքով պահում, երեխաների հետ ուղարկում էին Քյոռ Հարութին։ Երբեմն նույնիսկ հյուրերից մնացած շքեղ տուփեր էին լինում՝ «Սասունցի Դավիթ», «Ախթամար»։ Փուփուլ Նենեն դրանց մեջ հատուկ խնամքով պատրաստված, «ամենաորակյալ» պապիրոսներն էր տեղավորում։ Նրանց հասցեատերերը  ինչ-որ  բանով  աչքի ընկնող փողոցի երևելիներն էին՝ ըստ Փուփուլ Նենեի նեղլիկ  աշխարհայացքի։

Որդին  երբեմն  իր  կարծիքն  էր հայտնում այդ խտրականության վերաբերյալ։ Փուփուլ Նենեն անմիջապես ենթարկվում էր, նույնիսկ ուրախությունից ավելի աշխույժ էր դառնում նրա փոքրիկ տոտիկների վազքը սենյակից սենյակ, տնից մինչև պարտեզ, պարտեզի փայտաշեն զուգարանը։ Երջանիկ էր, որ Պլովդիվում  իր նման խեղճուկրակ անտեսվածին Աստված այսպիսի բախտ  տվեց, որ իր մինուճար որդին այսքան հասկացող է, այսքան բանի տեղ է դնում պառավ մոր հունարները, վստահում, առաջադրանք է տալիս։ Այսպես շարունակվում էր երկար ժամանակ՝ մինչև որդուց մի նոր հրահանգ ստանար։  «Ադ  խնձորի  ծառը աշ ընենք նե, աղեկ կըլլա»։ Փուփուլ Նենեն հենց հաջորդ օրը, հակառակ վաղ առավոտյան տնից դուրս չգալու իր սովորությանը, փոքրիկ տոտիկներով վազում, գտնում էր Մեյրուբե հանըմին, որ փողոցում միակն էր՝  պատվաստելու իր հմտությամբ։  Նրա դրած պատվաստը հնար չկար՝ չբռներ։

Երբ Փուփուլ Նենեն սուսուփուս փակեց աչքերը ու այլևս չուզեց ջուր խմել, Քյոռ Հարութը հասկացավ, որ պետք է մեկընդմիշտ դադարի իր անցած բոլոր վայրերում Պլովդիվի՝ իրենցից ավելի խեղճուկրակ հարևանի Ֆրանսուհի անունով գեղեցիկ աղջկան որոնելուց։ Այդ աղջիկը պետք է, որ մի ուրիշ նավով Հայաստան հասած լիներ, բայց չերևաց ու չերևաց։

Հուղարկավորության էր եկել ամբողջ փողոցը, կողքի հարևանուհին՝ Սիլվիան, նույնիսկ մի ամբողջ պսակ էր գործել իր պարտեզի ծաղիկներից, երբ պսակ հասկացություն դեռ չկար Արեշում։ Հենց այդ օրն էլ հեռավոր մի ազգական Հարութին վերջապես կին բերելու հորդոր կարդաց։  Սարի  պես  ամուր ու թիկնեղ Հարութը, իր ազգականուհու կրծքին ընկած, իր մեկ հատիկ աչքով հոնգուր-հոնգուր լաց եղավ, համաձայնեց։

Լուսաբերը սկզբում իր արագաշարժությամբ ու անվերջ մի բան, մի ուտելիք սարքելու արարչագործությամբ խորթ տարր էր այս ինքնաշեն տան մեջ։ Հարութը իր մեկ հատիկ աչքով խեթ էր նայում նրա շռայլումներին։  Փուփուլ  Նենեի  օրերում  մեկ  կգ շաքարը գործածում էին մեկ ամիս և մի բան էլ մի կողմ էին դնում:  Լուսաբերի ձեռքի տակ տան եղած շաքարը անմիջապես վերածվում  էր մուրաբաների, փախլավաների, օշարակների։ Քյոռ Հարութը, որ միշտ ծուռ էր նայել հարևանների՝ իրար տուն գնալ-գալուն, հիմա նրանց հետ նստում էր խոսքուզրույցի՝ իր իսկ տանը։ Քյոռ Հարութը աստիճանաբար հասկանում էր, թե ինչքան բան ունի խոսելու մարդկանց հետ, մինչդեռ իր խռպոտ ձայնը մի անգամ ավելի չլսելու համար խուսափել էր միշտ «բարև», «Աստծու բարին» ասելուց ավելի խոսք փոխանակել, երբ դրա խիստ անհրաժեշտությունը չկար։

Լուսաբերը,  թեև  արդեն  35-ն  անց  էր,  բայց  շուտով  մի քոնթոլ տղա պարգևեց աշխարհին։

Փոքրիկ Ստեփանը մեծանում էր։  Դպրոց ուղեկցելիս  Լուսաբերը  անպայման  դուրս էր գալիս փողոցի դռան մոտ, գոգնոցով սրբում էր թաց ձեռքերը, նայում ու հիանում տղայի ետևից ու անպայման գոռում. «Ըստեփի՛կ, դպրոցեն շիտակ տուն կուգաս, հասկցա՞ր։ Դասերդ լավ կսորվիս, հասկցա՞ր»։

Իսկ  երբ  ճամբարի դրոշակների համար Ըստեփիկը կտրատել էր իրենց տան զարդ համարվող գունավոր ամսագիրը, Լուսաբերը զգուշորեն մատնեց տղայի վատ արարքը, թեև գիտեր, թե հայրը ինչ խիստ պատիժ է տալու տղային։  Իսկ  հայրը  միայն իր խռպոտ ձայնով ասաց. «Ըստեփա՛ն,  ինքնագլուխ քայլ ընելեդ առաջ ծնողքիդ պետք է տեղյակ պահես»։ Իսկ Լուսաբերին գործուղեց Սիմոնի տուն, ինչ-որ պատրվակ հորինելով, որ տեսնի, թե ինչո՞վ են զբաղվում  նրա թոռները, որ այդքան ուրախ են ու անհոգ, մինչդեռ իրենց Ըստեփանը «կարծես թե քիչ  մը  կախկոկով  կմեծնա  կոր»։

Լուսաբերը մի անգամ Մեյրուբե հանըմին տուն էր հրավիրել, նոր պարտեզից քաղած լոբի էր տվել։ Նորից լոբի հավաքեց, լցրեց գոգնոցը, երկու լավ, հյութեղ եգիպտացորենի հետ տարավ նրանց տուն։ Ժամը ընտրել էր այնպես, որ երեխաները դպրոցից եկած, ճաշ կերած լինեն, քանի դեռ փողոցում խաշող արև էր, տանը լինեն։

Երեխաներից  Աղունիկն ու հարևան Գևորիկը աստիճաններին նստած ուշադիր ինչ-որ խաղ էին խաղում։ Լուսաբերը մոտեցավ. «Աս ի՞նչ կխաղաք»։ «Շախմատ, Լուսաբե՛ր քույրիկ»։ Լուսաբերը ավելի ուշադիր նայեց տախտակին շարված փայտե տիկնիկներին։ «Ի՜նչ լավ է, Ըստեփիկիս համար սա խաղեն առնեմ, թող երթա պարտեզին ծարը նստի, մինակուկը խաղա»։

Երեխաները ոչինչ չասացին, այլ սպասեցին, որ Լուսաբեր քույրիկը գնա, պատմեն մեծերին, բոլորով  ծիծաղից  թուլանան։

Լուսաբերը մոռացել էր հարցնել, թե որտեղի՞ց են ձեռք բերվում նման անհասկանալի խաղալիքները։ Հարութը խոժոռվեց, բայց չբարկացավ։ Վստահ էր, որ խաղի անունը իմանալուց հետո՝  «Շախմատ», մեկնումեկից խոսքի արանքում կիմանա։

…Ստեփանի ձայնը շատ նման էր հոր ձայնին, որի ուժգնությունից վախենալով՝ խուսափում էր դաս պատասխանելուց: Չէր սիրում աղմուկ բարձրացնել իր շուրջը: Տարիներ անց դպրոցի երգի դասատուն հայտնաբերելու էր Ստեփանի հզոր բասը, իսկ օպերայի պրիմա տենոր Վաչե Միրզոյանը  ջանալու էր նրանից գոնե երգչախմբային երգիչ դուրս բերել: Երբ Լուսաբերին հարցնելու  էին,  թե  ո՞ւր է գնում Ստեփանն ամեն առավոտ նոտաների թղթապանակը ձեռքին, նա  ուրախ  ու  գոհունակ  բացականչելու  էր.  «Ըստեփիկս  քոնսերվային  տեղը  կսորվի»:

 

(Հատված անավարտ վեպից)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։