(հատվածներ)
Եթե գրելը նաև հնարքաբանելու ազատություն է, որ արտահայտման կոկետություններ գործի դնելու քմահաճույքից հեռու չէ, ինչքան հմտանում ենք զանազան ձևերով մեր գրողունակությունը չկորցնելու, նույնքան դատապարտելի բան չենք տեսնում, եթե հարկ լինի, հանուն համոզիչ երևալու, դիմենք վարպետ խորամանկությունների, աճպարարության, ձեռնածության:
Իսկ այստեղից չե՞ք հաշվել, ինչքա՞ն է հեռու ընթերցողին հիմարացնելու գրողի գիտակցված-անգիտությունը:
Որքան հեռանում ենք նախորդ դարերից, այդքան ընթերցող հիմարացնելու տեխնիկան նրբանո՜ւմ է:
***
Տեքստը պետք է պաթոլոգիկ լինի, ոչ թե` որքանով է այդ տեքստը հայհոյում (որովհետև հայհոյող տեքստի հեղինակը մատնվում է, «երևում է»), այլ թե` հեղինակը որքանով չի երևում: Նորմալ հեղինակը ցանկանում է մնալ տեքստի ետևում, թույլ տալով տեքստը դրսևորի իր ողջ պաթոլոգիան: Սա հետևանք է նրա, որ տեքստի հեղինակը և հեղինակն ինքը իրականում տարբեր դեմքեր են: Տեքստում հեղինակը, գուցե, «մանկապիղծ» է, որ չի նշանակում, թե նա իրականում հենց այդպիսին է:
Տեքստը իմ այլակերպվելու ավազանն է, ուր ներսուզված իմ պատկերից վախենում եմ անգամ ինքս: Այնտեղից կարող է դուրս ցատկել ինձ խեղդող Լևիաթանը` չգիտակցելով, որ ես ինքն եմ, ինչպես գիտակցությունը չի հրաժարվում, որ անգիտակցականը իր կրկնապատկերն է:
***
Ինչքա՜ն վարպետ գրողներ գիտեմ` նրանք իրենց նախադասությունների ճամփի կեսից են սկսում բացվել, շողարձակել, փայլել: Նրանք հմտացած են ընթացքում ապրել:
Միջակությունից մի քիչ գլուխ բարձրացնողները ընթացքում ապրել չգիտեն: Փարթամ սկսում են, ապա նախադասության միջակայքում մի կերպ փողփողում են, ու… խամրած կախ են ընկնում վերջին չհասած:
***
Ես ինձ հիշում եմ` գրքերը կրծքիս սեղմած: Դա պատանու ազնվություն էր գրքի հանդեպ, երբ ոչինչ չէի գրում: Ես այն ժամանակ չգիտեի` գրքեր գրելու հետ էլի պիտի շարունակեմ դրանք սեղմած պահել, բայց արդեն սեղմած իմ այլասերվածությանը:
***
Գրելու համար ավելի լավ միջոց կգտնե՞ք, քան ձեր առաջին նախադասությանը չհավատալն է` ինչպե՞ս ծնվեց: Ու առանց առաջ անցնելու նաև երկրորդին չհավատալն է` սա ինչպե՞ս ծնվեց: Չհավատալն է երրորդին, չորրորդին… հարյուրին, հազարին ու այսպես մինչև վերջին նախադասությունը, երբ արդեն ուշ է դառնում գրածիդ չհավատալը:
***
Գրականության երեք «անմեղությունը»:
Գրականություն – ուր բառերը բառարաններով են խոսում իրար հետ:
Գրականություն – ուր բառերը հասկանալու համար բառարաններ են պետք:
Եվ գրականություն – որից բառարանները ապշում են` ինչպե՞ս է՝ այդ գրականությունը կա, ու դրանից իրենք չեն խելագարվում:
Գրականությունը, որ կուզենայի իմը լիներ` այս վերջինն է:
***
Քաոսը, ի սե՜ր Աստծո, անկարգությունը չէ, քաոսը այն է, երբ դու շատ կարգավորված բաներ ես մտածում, բայց երբ ուզում ես դրանք տեսնել աշխարհում, քեզ խելագարի տեղ են դնում:
***
Լինում են դժբախտ օրեր, երբ գրում եմ ու ցավալիորեն հաջողվում է ինչ-որ բան: Ցավակցում եմ նրան, ով ստիպված պետք է լինի խորանալ մի ընթերցման մեջ, որում ինքը նույնպես դժբախտություն է ունենալու համոզվել` գրողները այլևս խղճում են ընթերցողներին, ընթերցողները այլևս խղճում են գրողներին:
***
Գեներալներն ու գրականագետները շատ վտանգավոր են ոգեշնչված պահին – իրենց վերելքի համար առաջինները կարող են հայհոյելով սպանել, իսկ երկրորդները գովաբանելով են սպանում:
***
Չգրող, բայց մի քանի գրողի չափ իրապես տաղանդ ունեցողների թիվը, երբ գնալով այնքան մեծանա, որ հավասարվի գրող անտաղանդների թվին, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի բացատրել` ինչո՞ւ է մեծ գրողը հանկարծ հասկանում` չգրելը ավելի ճիշտ է, չգրելն ավելի տաղանդավոր է:
***
Մոռանում եմ ինձ, երբ երկար խորանում եմ մարդկային մտքի թշվառության մեջ: Մենք գալիս ենք ո՛չ մեր մանկությունից, ո՛չ էլ չգիտեմ` որտեղից: Մենք գալիս ենք ցիտատներից:
***
Ժողովուրդը չի կարող իմաստուն լինել: Ժողովուրդը կարող է ինքնապահպանման սուր բնազդ ունենալ, որ սակավ հանգամանքներում է կապվում իմաստության հետ: Այդ բնազդից ունեն կենդանիները, ուրեմն իմաստո՞ւն համարենք նրանց: Իմաստուն կարող են լինել ժողովրդի մեջ շատ սակավները, իսկ սակավների մեջ մի այդքան էլ նվազ՝ պոետներն ու փիլիսոփաները:
***
Ես չպետք է հասկանամ, որ բանաստեղծություն եմ գրում, դա չպետք է իմ նպատակը լինի: Բայց գոնե պատկերացում պետք է ունենամ` ի՞նչ է կատարվում «հասկացումի» հետ չհամատեղվող այն պրոցեսում, որի ավարտից հետո ոմանք այդ «գործողությունը» բանաստեղծություն են համարում, իսկ ես` աշխարհը ճանաչելու միֆական միջոց:
***
Գեղանկարիչը կարող է ինքնանկարներ չունենալ ու Գուստավ Կլիմտի պես ասել. «Իմ անձը ինձ քիչ է հետաքրքրում, որպեսզի ես ինքս ինձ նկարեի, ինչքան ինձ հետաքրքրում են ուրիշները, հատկապես կանայք»:
Գրողը չի կարող այսպես խոսել, գրողը ինչ էլ անի` ինքնադիմանկար է ստացվում:
Միջլսթըն-ֆավնը («Սև երաժշտություն», Ֆոլքներ) մեկ բռնում է, մեկ բաց թողնում սրինգը` չկարողանալով մի շնչով փչել իր «սև» մեղեդին: Եթե ստացվում է` ստացվում է, շարունակում է հալածել մարդկանց: Եթե չէ` չէ: Չարչարվում է, որ ձևը գտնի: Գրողներն էլ են Ֆոլքների ֆավնի պես: Մի պատմություն լրիվ «փչելու» համար, ստիպված են լինում տասնյակ գրքեր գրել այդ մի պատմության շուրջը (գտնում են ու… չեն գտնում ճիշտ «փչելու» կերպը), երբ կարելի է մի գրքով բավարարվել: Ինքը` Ֆոլքներն է սա հուշում. «… ես մի պատմություն եմ պատմել, որ իմ մասին է ու աշխարհի»:
Ըստ էության, բոլոր գրողներն էլ ձանձրալի են, եթե կարդում ես միայն այն, ինչ գրված է: Չի եղել մի գիրք, որ ես ընթերցեմ, ու այն «ինձ հետ» նորից «չգրվի»: Նրա ամեն մի տողին ես զուգահեռված եմ, ինչքան իմ «խելոքություններով», նույնքան իմ «անմտությամբ»- ու այդպես «երկրորդվում» է գիրքը ինձ հետ մինչև իր ավարտը: Ու փարատվում է տաղտուկը, որովհետև գրվածը գրված է, ու այն երկար հմայել չի կարող ու մի օր կարող է ձանձրացնել, եթե գրվածի ետևում չունի իր առեղծվածային Չգրվածը:
***
Գիրքը անտառից է «գալիս»: Գիրքը դեռ այնտեղ, գիտի` կացինն ի՞նչ բան է: Ավելին` ծնվելով կացնից, ատում է կացինը:
Ինչպե՜ս, ատե՞լ այն, ինչը օգնել է, որ ծնվես: Ա՜խ, ահա… ի՜նչ անողոք է գրքի ազնվությունը:
***
Ինչպես երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանք առանց կասկածի են հավատում, թե Աստված կա, այդպես էլ երանի՜ անտաղանդներին, որովհետև սրանք էլ առանց կասկածի են հավատում, թե հանճարներ գոյություն ունեն:
***
Եթե լավ ես թարգմանում, շահում է թարգմանվողը, եթե վատ ես թարգմանում, էլի շահում է թարգմանվողը, որովհետև դու պարտվում ես նրան:
***
Ես քամու մեջ` վազում եմ քամու ետևից: Ախ, ասեք, է՜, ասեք.- Մենք Աստծո Խոսքի մեջ, վազում ենք խոսելու ետևից:
***
Նայեցի գալիքի ջրերի միջից ինձ նայող գրողին- ես չճանաչեցի նրան, նա դարձել էր իմ այսօրվա օտարագիրը:
Համեմատ նրա` մենք ինչպես ենք գրվում ինքներս մեր մեջ, և ինչքանով ենք այդ գ ր վ ա ծ ո վ դրսևորվում որպես գրող,կարելի է սրան մի այլ համեմատություն էլ հավելել – գրողի մաշկը պալիմպսեստ է, որի «տակից» գրվածը այլ բան է, «վերևում» գրվածը՝ ուրիշ բան:
***
Մտավոր այլասերվածքը թափվում է տաղանդից, երբ սա երևակայություն է ցինիկանում- և երևակայությունից, երբ սա տաղանդ է ցինիկանում:
***
Թույնի սրվակի վրա գրվածը թունավոր չէ: Մ՛ի՛ վախեցեք իմ թունավորներից, դրանք գ ր վ ա՜ ծ են:
***
Ես մեծ բավականությամբ եմ ասում` սերունդների բարեբախտությունից է, որ նրանց համար գրված գրքերի 90 տոկոսը (ծանրակշիռը) գրասեղաններ դղրդացնելու համար է, քան սեղանի գիրք դառնալու: Եթե դրանց վիճակված լիներ՝ դարեր դղրդացնեին, կմնային իրենց փլատակների տակ` գրասեղանների տակ մնալու փոխարեն: