Խոսք` գրված…

հուսիկ-ԱրաՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Խոսք` գրված 2010-ի նոյեմբերին` վերջին արևոտ օրերին
Քո ազատությամբ արարված օրը այնքան է փոքրացել,
որ անկարող է մի մարդաբոյ հասակ տեղավորել իր մեջ,
ստիպված օրվա մանրակերտը
շապիկիս եմ ամրացնում որպես կրծքանշան
կամ թևկապի նման կրում բազուկիս`
եկվոր ու դիտորդին փաստելու համար,
որ մի ժամանակ օր է եղել երկրի վրա, լիարժեք ու ամբողջական:

Երբ գարնան բարակ նրբությունը
օրորվող խոտերի, թարմ ծաղիկների
և դեռ նոր-նոր պտղած ծառերի կատարներին մեղմ քսվելով անցավ,
մենք ուղեկցողի զննությամբ լուռ նայեցինք
և մեր աչքերի ամենամաքուր անկյունում
բուրմունքի հիշողությունը փորձեցինք պահել:

Երբ ամռան քնքշությունը
գետափնյա ավազին պառկած դեռատի աղջկա նման
այրվող մերկության կորագծերը մեր հայացքի մեջ թողնելով սահեց,
մենք լիքը տենչանքով մեր ձեռքերը պարզեցինք,
որ հողի ու արևի միջև մնացին առկախ
ու ետ եկան դատարկ ափերով:

Երբ աշնան առատությունը հորդեց՝
մեզ խելքահան անելով կնոջ հասունության պես,
կրքով լիքը կոնքերի հմայքը մեր մտքում պահեցինք,
երբևէ երազներում այդ մերկությանը հասնելու մոլուցքով:

Ժամանակը չի խարսխվում երկրի վրա ու ոչ մի տեղ,
դանդաղ հոսում է իբրև մոլորության գետ`
մեզ կորցնելով մոռացության արահետներում:
«Խղճի ժամանակ է եղել երկրի վրա
և ժամանակ կարեկցանքի…».
մեր մտքին խորթ ու անընտել նշումներն այդ
կարդում եմ պահոցից հանված ձեռագիր մատյանում
անհայտ գրառողի:

Օրը փոքրացել է այնքան,
որ անկարող է մի մարդաբոյ տեղավորել իր մեջ,
ստիպված մանրակերտն եմ շապիկիս ամրացնում որպես կրծքանշան
կամ թևկապի նման կրում բազուկիս:

 

Խոսք` գրված 2010-ի դեկտեմբերի 31-ին

Վերջը հավասարության նշանն է,
և ժամանակները միագիծ են դառնում երկրի վրա
ու շարվում են նույն տողանում,
ինչպես քո ծնունդը մի պահ հավասարեցրեց
ամեն խորհուրդ տիեզերքում:

Տարին խռպոտ ու երկարատև հազի նման ավարտեցինք,
թոքերում՝ շնչարգելություն, օրերը մնում են կոկորդում,
կարևոր չէ արդեն, թե ինչպես ապրեցինք կյանքը նախընթացում:

Չիլիի աղետյալները` 33 հանքափոր,
700 մետր խորությամբ ընդերքում փակված,
ուր դժոխքն է անկասկած,
հեռախոսով կապ էին հաստատում երկիր`
պատմելով իրենց մութ առօրյայից ու խարխափող կենցաղը:
Իսկ 69 օր անց, երբ դուրս եկան երկրի երես,
տեսանք, որ սատանաներ չեն,
այլ մեզ նման սովորական մարդիկ,
դառը քրտինքով ապրող հորատողներ:

Այդ նույն ժամանակ «Atlantis» տիեզերանավի ուղևորները
երկրի անվտանգությունն էին հսկում
4000 կմ երկնային բարձրությունից՝
Աստծուն մոտիկ ու դրախտում,
ուր ամեն բան է լողում անկշռության մեջ:
Երբ իջան մեր մեջ, հասկացանք,
ոչ թե հրեշտակներ, այլ գիտնական մարդիկ են,
որ երկնքից նայելով` երկրի կործանման համար էին տագնապում:

Մի օր էլ նույն «Atlantis» կամ «Orion» տիեզերանավով
այլ մոլորակ կտեղափոխվենք երկրաբնակներս,
ուր հնարավոր կլինի շարունակել կյանքը,
միայնակ ու լքված թողնելով մեր ձեռքով ավերած երկիրը,
որպես վկայություն մարդու անցած ճանապարհի ու պատմության:

Վերջը հավասարության նշանն է,
և միագիծ են դառնում ժամանակները
ու շարվում են նույն տողանում,
էական չէ, թե ինչ կյանք ենք թողել նախընթացում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։