ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ

Վառլեն ԱլեքսանյանՀԳՄ վարչությունը շնորհավորում է  բանաստեղծ, թարգմանիչ ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում է առողջություն,  անձնական երջանկություն, ստեղծագործական նոր նվաճումներ: 

«Գրական թերթը» սրտանց միանում է այս ողջույնին:

( Հատված «Վիպական ժամանակների կնճիռը»  վեպից)

Գյուղխորհրդի մշտական նախագահ, նախկինում Ալեքսանդրապոլի որբանոցի սան  Գնձիկ Սաղոն գյուղի տղամարդկանց մեծ մասին Սիբիրի սաղարթախիտ տայգաները երկրի կարիքների համար հատելու, Յակուտիայի ոսկեբեր գետաբերաններում թանկարժեք մետաղն ավազից զատելու և Նոր երկիր փոկի պահածո պատրաստելու ճամփելուց հետո աչքը տնկել էր նրանց անհայր զավակների վրա ու անհամբեր սպասում էր, թե երբ պիտի տարիքն առնեն, որ պետությունը թույլ տա նրանց էլ մի քսան տարով իրենց հայրերին տեսության ուղարկել: Իհարկե, Սաղոյի բաղձանքը մասամբ կատարված էր. տասնութը նոր լրացած չորս ջահելի բանտարկությունը մի գիշերվա մեջ ցնցել էր ոչ միայն Աղբրակը, այլև շրջակա մի քանի գյուղերն էլ հետը: Նույնիսկ ՆԿՎԴ-ի աշխատողներից մեկը, համարյա արցունքն աչքերին, հարցրել էր.
– Սաղո, էս մատղաշ էրեխե՞քն ինչ մեղք ունեն…
– Դաշներիտմիության անդամ են,- կարճ պատասխանել էր Սաղոն` մտքում ավելացնելով.- էրևում ա դու էլ ես ուզում, քյոսա շանորդի…
Սաղոյի գործը ծանր էր. երկիրն իր ու մի քանի իր նմանների հույսին էր: Այդքան փոքր` հարյուր հիսուն տնտեսություն ունեցող գյուղում ութսուներկու բացահայտված հակահեղափոխական, մնացած վաթսուն-յոթանասունն էլ` անհուսալի էլեմենտ, նրանց զավակները` հակայի ճտեր, ընկեր Ստալինի ու ժողովրդի ոխերիմ թշնամիները` էլ կուլակ, էլ բուրժույ, էլ կապիտալիստ, էլ անգլիական, գերմանական ու թուրքական լրտես…: Բա որ սրանք գրել-կարդալ էլ իմանայի՞ն:    Հո գյուղ չէ, իսկը վառելու բան: Էս ինչի՞ համար են ընկեր Ստալինն ու ընկեր Բերիան էսքան համբերատար, ներող ու հանդուրժող, էս ընչի՞ չեն մի հարվածով ոչնչացնում էդ շուն ու գելերին:
Նման ծանր ապրումներով ամեն աքսորվողի ճանապարհ դնելուց հետո գյուղխորհրդի նախագահ Սաղոն դառնում էր տուն, մի բաժակ արաններից բերած խաղողի օղի լցնում, կանգնում էր ժողովուրդների հոր նկարի առջև ու մրմնջում.
«Կենա՛ցդ, հե՛ր ջա՛ն, էսօրվա ղրկածս` Բելամորկանալին մատաղ» կամ` «Երկրի համար մի ծառ կտրող էլ ճամփեցի, էս մեկն էլ նոր հնգամյակին ղուրբան…, որ էլի պետք ըլնեն` խաբար արա…», ու էլի նման բազմաթիվ բաներ, օղին քաշում գլուխն ու ոգևորված` մտքի մեջ շարունակում. «Վայթե մի հակա շանորդի էլ դու ես, դու էլ էդ հաստ վզովդ պակաս կանալ փորողացու չես, բայց ձեռս ճար չկա… Ընկեր Ստալինն ու երկիրը քո նմանների կարիքն էլ ունեն»,- սակայն անմիջապես էլ գիտակցելով, թե ում հետ է զրուցում, սարսափով ծնկի էր իջնում` արագ-արագ մրմնջալով` մեղա՛, մեղա՛, հե՛ր ջան…:
Վերջին նախադասությանն անհաղորդ` Սաղոյի ու «ժողովուրդների հայրը» թավ բեղերի տակից բազմիմաստ ժպտում ու գլխի տմբտմբոցով իր հավանությունն էր հայտնում «զավակի» անմնացորդ նվիրումին, նրա հետևից մատը նագանի պես պահում վրան ու մտքում որոտում` թը՛խկ, թը՛խկ…
Վաթսուն տարի անց սրճարանում խումհարից արթնացած Բաբոյի ականջին հասավ այդ օրերին այնքան անհրաժեշտ ու տեղին «Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում» կարգախոսը, և նա, մատը վեր տնկելով` փնթփնթաց. «Էվրիկա»:
Բաբոն գլխի էր ընկել, որ այդ միտքը ծնվել է մարդկության հետ, որ նախքան բառերի տեսքով լոզունգ դառնալը, նախքան իշխանավորների, կլանների, դիմադիր ու ընդդիմադիրների և էլի հազար ու մի շուն-շանորդու բերանում թքոտվել-փրփրելը այդ իմաստուն միտքն անձև ու անորոշ, շշուկի, մրմունջի, գոռոցի ու երդման տեսքով պտտվել է սաղոյան և հետսաղոյան դարաշրջանների անհայր զավակների շուրջբոլորը, երազներում հայտնվել փեթակից դուրս խուժած խառնիխուռն բառերի տեսքով, որոնք քուն ու դադար չեն տվել նրանց, կարծես հորդորելով` հավաքեք մեզ, դարձրեք  իմաստ ու նպատակ, հավատ ու համոզմունք, քանի դեռ կարիերիստ ու ճարպիկ, անբարո ու անաստված տեսակը գլխի չի ընկել, որ մենք արժեք ենք, քանի դեռ մեզ չեն դարձրել խաբելու, իրենց ուզածի պես օգտագործելու միջոց: Սակայն ոչ ոք էլ չանսաց նրանց աղաչանքին. տղերքը նախընտրեցին ապրել առանց լոզունգ-սահմանումների, նրանք ապավինում էին իրենց սրտում եղած Աստծուն, այլ ոչ թե այն սրբերին ու կուռքերին, որոնց պատկերները համբուրել ու դրանց առջև խոնարհվել էին պարտադրում իրենց: Այն կուռքերի, որոնց հետո պիտի կործանեին իրենց իսկ ստեղծողները, երբ ավելի զորեղների հովանու տակ մտնելու ժամանակը գար:
– Բաբոն նաև գլխի ընկավ, որ այդ կարգախոսից պետք է եզրակացնել, որ սաղոներն էլ չեն մոռացվում, որ դրանք, ցավոք, գուցեև ավելի անմոռաց են ու կենսունակ…: Բաբոն նույնիսկ փորձեց իր հայտնագործությանը փիլիսոփայական ձևակերպում տալ` «այդ միտքն ամեն ինչից անկախ և ամեն ինչից դուրս է…»:
Բաբոյի աքսիոմա-թեզն ապացուցման կարիք չուներ: Նրա լսածով` իր ծնվելուց մի քանի ամիս առաջ «շպիոն» հայրերի «հակա» զավակները, մի տասը-տասներկու հոգի,  որ չմոռանալու շատ մարդ ու շատ բան ունեին, պատերազմ զորակոչվելիս իրենց ուղեկցող Սաղոյին ձիուց իջեցրել են,  ձին բաց թողել, մինչև շրջկենտրոն հասնելը յոթ նշանավոր տեղերում ամեն մեկն ամեն անգամ մեկական աքացի տալով նրա փափուկ տեղերին` հասել են կենտրոն: Իսկ Բաբոյի հորեղբոր տղա Շահենը, որ զորակոչվելուց մի ամիս առաջ ու Բաբոյի ծնվելուց վեց ամիս հետո մտել էր գայլի բունն ու չորս ձագը հանել և այդ սրտոտ ու հանդուգն արարքի համար Գել Շահեն «պատվանունն» էր ստացել ու առանձնահատուկ հարգանք էր վայելում տղերքի մեջ, իրեն ամեն անգամ վերապահել էր նաև լրացուցիչ մի ապտակի իրավունքը, քանի որ չորս լեզվի ազատ տիրապետող, ուստի և առնվազն երկու երկրի «լրտես» (հայերենն ու ռուսերենը լրտեսության համար հարմար լեզուներ չեն հաշվել) հորից բացի, Սաղոյի անխոնջ ջանքերի շնորհիվ նախրապան հորեղբայրն էլ էր սիբիրներում ակամա լծվել հայրենիքի բարգավաճման սրբազան գործին:
Բողոքելու տեղ ու փախչելու հնար չունեցող Սաղոն, այնուամենայնիվ, շրջկենտրոնում փորձել է բողոքել, բայց ուղեկցելու համար կայարան եկած կապիտանը, անտեղյակ ամբողջ շրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ ինքնությունից, մի կողմ էր հրել նրա գնդլիկ մարմինը` քնքշանքով ավելացնելով.
– … твою мать, не путайся под ногами…
– Ես քո հակա մերը…,- ավագ եղբոր զգացմունքի նման ծփանքից դառնացած, շորերը թափ տալով ոտի կանգնելով` քրթմնջացել է Սաղոն ու ոտքով հետ դարձել գյուղ` խնամքով թաքցնելով գլխին եկածը և թաքուն հուսալով, որ միգուցե այդ «հականերից» վերադարձողներ չլինեն, բայց քանի որ «ոչ ոք և ոչինչ չի մոռացվում» դեռևս չձևակերպված օրենքն ամեն ինչից անկախ և ամեն ինչից դուրս եղել է դեռևս մինչսաղոյան բազմաթիվ դարաշրջաններում, այնուամենայնիվ, վերադարձողներ եղան, որոնք Բաբոյին անխոս պատգամեցին այս պատմությունը փրկել մոռացումից:
Տղերքը Սաղոյի ծեծի յոթ տեղերում էլ, քանի որ ժամանակը սուղ է եղել հուշարձան կանգնեցնելու համար, նշանով մեկական ցից քար են տնկել` երդվելով, որ ով վերադառնա, դրանց վրա մոմ է վառելու: Իսկ թե ինչու են նրանք ընդունել յոթ, այլ ոչ թե ինը կամ, ասենք, տասներկու անգամ ծեծելու որոշումը, այդ խմբի  հետ զորակոչվածներից միակ ոտքով տուն վերադարձած Սիմոնը պնդում էր, որ երկար վիճելուց հետո են կանգնել յոթ թվի վրա, քանի որ Համոն, որ մեջների գրագետն ու կարդացածն է եղել և իմացել է խորհրդանշական թվերի հմայական նշանակությունը, մատը ցցել է դեպի մոտակա  սարը և անառարկելի ու բազմիմաստ ասել, որ ինը կամ տասներկու անգամ ծեծը նախատեսված է ավելի երկար ճանապարհի և ավելի կարևոր մարդկանց համար, բացի դրանից, այդ օրերին սովետական բանակը յոթ հուժկու հարված էր հասցրել գերմանացիներին, որ հայտնի էր «Մեր պանծալի յոթ կետերը» թևավոր դարձած խոսքերով, ուստի հիշարժան սխրանքը խորհրդանշելու համար բավարարվել են յոթ անգամով` այդ նշանավոր տեղերը կնքելով «Սաղոյի պանծալի յոթ կետերը» անունով:
Ասում են նաև, որ տղերքից Սանոն, որ մի քանի գծով ուզածդ մարդուն իսկականից ավելի լավ էր նկարում, ակնառու ուղենիշները գծելով` զինկոմից ստացած իր գորշ դեղնագույն ծանուցագրի հակառակ երեսին գորշ մատիտով գծել է «Սաղոյի պանծալի յոթ կետերի» գորշ դեղնագորշ քարտեզն ու շրջկենտրոնից տուն վերադարձող համագյուղացու հետ ուղարկել փոքր եղբորն ի պահ, սակայն գյուղացին տանը տեսնելով թվաբանության խնդիրը լուծելու համար թուղթ չունեցող երկրորդ դասարանի որդու աղի արցունքները` հացի խմորով մանրամասը ջնջել էր պատմական փաստաթուղթը, ծանուցագիրը տվել որդուն, իսկ հացի խմորը` Սանոյի փոքր եղբորն ի պահ: Հավերն էլ անտեղյակ լինելով կոդավորված խմորագնդի գաղտնիքին` կտուց-կտցի կռվելով` ակնթարթորեն իրար մեջ էին բաժանել գնդիկն ու ինքնագոհ կչկչոցով վրայից ջուր խմել` հայ ժողովրդին հիմնավորապես զրկելով ստալինասաղոյան դարաշրջանը լուսաբանող նախաէլեկտրոնային փաստարկից, ինչի մասին հիշողությունը, բարեբախտաբար, Բաբոն կարողացել էր պահել իր հիշողության անձեռնմխելի անկյունում:
Ինչևէ, մի տարի անց պարզվեց, որ այդ պատմական օրը Սաղոյի թափած արցունքները վախ ու սարսափից անալիացել են, քանի որ այդ կողմերով անցուդարձողները նկատել էին, որ այդ քարուչոլի մեջ յոթ տեղ մեկական մետր շառավիղով առատ խոտ է բուսնել:
Գնձիկ Սաղոն էլ, որ հետդարձի ամբողջ ճանապարհին, դեռևս ահուդողը մեջը, իրեն համոզել է, որ այսուհետև մատնագրեր չի գրելու, տուն հասնելուն պես կանգնել է իր և ժողովուրդների հոր նկարի առջև, որպեսզի գլխին եկած հալ-հեքիաթը պատմի, վերջինս մատը դրել է շուրթերին, իբր` սուս, ամեն ինչ գիտեմ, դու քո գործին գնա, մնացածը իմ անելիքն է: Դրանից ոգևորված Սաղոն նախ ծնկի է եկել աստվածակերպ հոր նկարի առջև, համբուրել շրջանակը, ներողություն խնդրել րոպեական թուլության համար և հաջորդ օրն իսկ, նախօրեի երդումները մոռացած, հորը տված խոստումներն անհապաղ կատարելու ցանկությունից այրվելով, երկու մատնագիր գրպանում` սուրացել է շրջկենտրոն:
Մի քանի օր անց Սիմոնի քեռի ուսուցիչ Վաչոյին ու խորհրդանշական թվերի տեսաբան Համոյի հորաքրոջ ամուսին մաճկալ Լևոնին, որ բանակից ազատված էին ծառայության համար պիտանի չլինելու պատճառով, կանչեցին շրջկենտրոն` պարզելու, թե ինչպես են ձեռք բերել արտոնաթղթերը:
Միայն 1956-ի գարնանը, բանտարկվելուց դեռ տասը տարի առաջ մի աչքը կորցրած Վաչոն, որ տեղ էր հասել միայն իր հետ ազատված աբխազ ընկերոջ ուղեկցությամբ, նորից լսեց հարազատ եզերքի թռչունների ճռվողյունը, մեղուների բզզոցն ու խոտերի սվսվոցը` սակայն տեսնելու շնորհից իսպառ զրկված: Նա էլ հայտնեց մաճկալ Լևոնի գերեզմանի տեղը, որին 1953-ի ցուրտ ամռանն  իր ձեռքով էր հողին հանձնել Կոլիմայի Խոլոդնոյե ավանում, բարձրադիր մի բլրի վրա, ահռելի մի քարաբեկոր մի քիչ տաշել-տաշմշել, դրել էր գերեզմանին ու մի կողմին կոպիտ տառերով փորագրել. «Գնձիկ Սաղոյի օգնությամբ աստ հանգչի Լեւոն ծն. 1911 թ.-մահ. 1953 թ.», իսկ հակառակ երեսին` «Պատիժդ Աստծուց ստանաս Գնձիկ Սաղո»:

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։