ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Stepan MiqayelyanՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

***
Մանուկներին շատ եմ սիրում,
Առավել շատ այն մեկին`
Ում շուրթերից հենց նոր հնչեց
Իմ տողերը սրտագին:

ՊԱՊԻ ԴԵՂԸ
Պապը ասաց` հիվանդ եմ,
Մի դեղ արեք` լավանամ,
Վահանը թե` շուտ զանգեմ,
Թող օգնության շտապ գան:

Տատը խնդաց քթի տակ.
– Պապի դեղը ես գիտեմ,
Իր ծննդյան օրն է,
Կուզի, որ ես համբուրեմ:

ՏԱՏԻ ԽՐԱՏԸ
Տատը ուներ մի հավիկ,
Օրմեջ ածում էր ձվիկ,
Որը թոռնիկն էր ուտում,
Տատին բաժին չէր մնում:
Թոռան գութը շարժվեց,
Մի օր դարձավ, թե` ա՛յ տատ,
Դու հավիկի հետ խոսիր,
Թե կարող ես` համոզիր,
Թող նա մի լավ մտածի`
Երկուական ձու ածի:
Մեկը նորից կուտեմ ես,
Իսկ մյուսը` բաժին քեզ:
Տատը խնդաց քթի տակ,
Ասաց.- Լսի՛ր, ա՛յ Արտակ,
Ով կերել է ձուն թասի,
Թող հավին էլ նա ասի:

ՏԱԿԱՌՈՎ ՇՆԻԿԸ
Մի օր պապը մտավ մառան,
Տեսավ` ընկած տակառ կա հին,
Գրկեց ու դուրս հանեց նրան,
Որ չմնա մութ անկյունում:

Սուր կացինը գնաց բերեց,
Որ կոտորի փայտերն հերթով,
Հանկարծ թոռը տեսավ, վազեց,
Մի բան անցավ նրա մտքով:

– Պա՛պ, տեսնում ես, որ մեր շունը
Անձրևին դուրսն է մնում,
Հենց տակառն էլ կլինի բույն,
Ներկենք, դառնա տեսքով, սիրուն:

Պապն հավանեց թոռան մտքին.
«Խելքի ծով է այս երեխան»,
Այդ օրվանից տակառը հին
Կլոր տունն է մեր դռան շան:

ՀՈԳՆԱԾ ՊԱՐԱՆԸ
Տեսե՜ք, տեսե՜ք, Մարանը
Ամուր բռնել պարանը,
Շնչակտուր խաղում է
Ու ոչ ոքի չի տալիս:
Մոտ է գալիս Նաիրան`
– Տուր մի քիչ էլ ես խաղամ,
– Չէ՛,- ասում է Մարանը,-
Շատ է հոգնել պարանը:

ԿԱՐՈՆ ՈՒ ԱՄՊԸ
Մի օր Կարոն ասաց ամպին.
– Կանգնի՛ր, նստեմ ես քո թամբին,
Չէ՞ որ ձի ես դու հրեղեն,
Ինձ երկինք տար, հպարտ ճախրեմ:
– Չէ՛, Կարո ջան, ինձնից ի՜նչ ձի,
Ես խեղճ ամպիկ եմ ջրածին,
Արևի հետ վեր բարձրացել,
Այսպիսի ձև եմ ստացել:
Մե՛կ աղվես եմ դառնում, մե՛կ` մուկ,
Սապատավոր ուղտ ու արջուկ:
Այսպես նոր-նոր ձևեր առնում,
Ինչի ասես չեմ նմանվում:
Մեկ էլ մի խենթ քամու շնչից
Պաղում, կրկին ջուր եմ դառնում
Ու կարոտով իջնում հողին`
Որպես անձրև, որպես ցողիկ:

ՍՐՏԻ ԴԵՂԸ
Տատը բերեց սև չամիչ,
Լցրեց բուռը Արշակի.
– Անուշ արա դու քիչ-քիչ,
Որ սիրտդ լավ աշխատի:
Սրտի դեղ է չամիչը,-
Ասաց տատը խրատով,
Ու մի բուռ էլ նա կերավ,
Անուշ-անուշ խնդալով:

ՏԱՏԻ ՇԱԼԸ
Տատի շալը`
Տաքուկ-տաքուկ,
Տատի շալը`
Փափուկ-փափուկ:
Տատը շալը
Ծնկից պապի
Բերեց թոռան
Մեջքին կապի,
Որ լավանա
Մրսած տեղը,
Շալն է տատի
Միակ դեղը:
Տատի շալը
Դեղ է կարգին
Ձմռան ցրտից
Մրսածներին:
Տատի շալը
Սիրուն-նախշուն,
Առնես վրադ
Ու մտնես քուն:
Երազ տեսնես
Ու հիանաս,
Հենց որ զարթնես,
Առողջանաս:

ՁՄԵՐՈՒԿ Է
– Ջա՜ն, ես գտա ձմերուկ,-
Ճստճստում է մի գող մուկ,-
Շալակեմ ու տուն տանեմ,
Ուտեմ, հետն էլ խաղ անեմ…

– Ո՞նց կտանես, ա՛յ գող մուկ,
Ձմերուկ է, ձմերուկ…
Հո ցորեն չի՞ մի պստիկ,
Քեզ կճզմի, ա՛յ ճստիկ:

ՀԵՐՈՍՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՆՆ ԵՆ
Ես չեմ տեսել իմ պապիկին,
Նա զոհվել է պատերազմում,
Բայց լսել եմ նրա մասին`
Գովեստով են մարդիկ խոսում:

Պայծառ մի օր թերթում գրվեց.
«Հերոսաբար ընկավ մարտում,
Մի բարձունքի համար զոհվեց`
Հայրենիքի սերը սրտում»:

Նախանձում են բոլորը ինձ,
Որ ես հերոս պապիկ ունեմ,
Ես ասում եմ սրտիս խորքից.
– Հերոսները բոլորինն են:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։