Ա.
Իրականության ու երազների
Զուգաշխարհներում կյանքն է թափառում,
Արշալույսի հետ ափին հասնելիս
Պանդուխտ արյունն է
ասես խաղաղվում:
Դու ծարավում ես, երբ երազներում
Զտվում է պղտոր հորձանքը կյանքի,
Ու ամեն անգամ սահմանն անցնելով
Դու ազատվում ես ահեղ փորձանքից –
Ու երազներդ հառած անհունին՝
Ընթերցում ես այն՝ իբրև բնագիր.
Գոյությունն, ավաղ, ապացույց չունի,
Կյանքը նման է այլաբնակի:
Ու դու նորօրյա Ախթարքի նման
Քո երազներն ես մեկ առ մեկ թերթում,
Ու քեզ համար է այս գիրքը գրված,
Որ խճողվել է կյանքի շքերթում –
Ապացույցներ ես փնտրում իրեղեն
Քո երազների գոյության մասին –
Կյանքի կեռմաններ, գոյության կեռեր,
Որ այդ խորշերը իրար միացնի:
Ու խորախորհուրդ հարցումին ահեղ
Չկա պատասխան ու չկա լուծում.
Նրանց միևնույն ձեռքն է պահպանում,
Նրանց միևնույն սիրտն է սնուցում…
Բ.
Որտե՞ղ ես ներկա, որտե՞ղ – բացակա,
Երբ դու ապրում ես կյանքով երկակի,
Երգդ հնչում է՝ իբրև արձագանք,
Ասես ապրում է կյանքով հարակից:
Դու մտորում ես դադար առնելիս,
Թե ինչ կա կյանքում՝ կյանքից առավել,
Քո անցած բոլոր ճանապարհներին
Մանրամասներ են փորձում գրառել
Ուղեկիցների մասին անծանոթ,
Որ ակամա են ասես այցելում,
Որոնց տեսել ես ասես անցյալում
Կամ գալիքում ես գուցե տեսնելու:
Այդ պատկերները և՛ կան, և՛ չկան,
Կյանքն ընկալում ես՝ իբրև հորինվածք,
Երգն է իրատես քո միակ վկան,
Սակայն ո՞ւմ է այս երգը նվիրված:
Ու դու դեպքեր ես այսպես գրառում,
Ու անակնկալ դիպվածներ, պահեր,
Կյանքը հոսում է ու կանգ չի առնում,
Ու դու փորձում ես լուռ հաղթահարել
Օտարման ահեղ բնազդը քո մեջ,
Որ այդ հորձանքը անցնի քո միջով,
Այդ պատկերները հավիտյան քոնն են,
Ինչպես քոնն է այս խոսքը ընդմիջվող:
Գ.
Եվ սակայն ո՞րն է իմաստը թաքուն
Այդ պատկերների՝ քո մեջ ներսուզվող,
Ի՞նչ է թաքցնում կյանքը արտաքուստ՝
Սիրո պես ահեղ, մահվան պես հզոր:
Եվ ի՞նչ են գտել կրքերն իր քո մեջ,
Ի՞նչ են որոնում քո երազներում,
Ու ի՞նչ այլ կյանք է կյանքը սքողել,
Թե՞ մնացել է այսպես անտերունչ,
Այսպես ամայի, ամուլ, անպտուղ,
Ու ոչինչ չկա՝ նրանից բացի…
Բայց մեկը թաքուն քո սիրտն է տնտղում,
Որ քո առջև իր խորշերը բացի.-
Նա քո խորանիստ կյանքն է նժարում
Քնի – արթնության իր նժարներով,
Ու հոսում է քո պաշարված արյունն՝
Արտահեղումը իր բաժանելով
Քո երազի ու արթնության միջև՝
Դառնալով զտված, սրբազան արյուն.
Բայց սա արդեն քո ձեռագիրը չէ,
Ու երազներում դու չես արարում…
Դ.
Ու քնի մեջ է սուզվում օրն անցնող,
Միտքն ազատվում է կրքի կապանքից,
Ու քեզ ես դիմում հետադարձ հարցով.
Ի՞նչ ես հիշելու այնտեղ այս կյանքից:
Լոկ այլակերպված, շրջված պատկերներ,
Որ ավելի շուտ կյանքն են սքողում,
Բայց քեզ կենդանի խորքեր են գերում,
Բայց դրանք անջինջ հետքեր են թողնում
Քո հիշողության բարակ թաղանթին,
Որի մասին դու ոչինչ չգիտես,
Ու նա պիտի քո ճանապարհն հարթի,
Իսկ դու փորձում ես քո շուրջը դիտել,
Այդ շփոթի մեջ լինել իրատես,
Ափերով տնտղել նյութը երազի,
Բայց լքել են քեզ իրերը արդեն,
Դու ճանապարհն ես նշմարում հազիվ
Դեպի վիհ տանող ու նրան հասած
Դու պիտի նրա վրայով ճախրես,
Երբ կյանքն հնչում է, իբրև ահազանգ,
Որի խութերին դեռ պիտի բախվես…
Այդ ահազանգող երազը ահեղ
Քո կասկածները պիտի փարատի –
Երբ այցելում են արթնության պահերն,
Արդեն ապրում ես երազից անդին
Իբրև անկշիռ մի այլաբնակ,
Որի ոտքերը չեն դիպչում հողին,
Դու չես կարող այդ եզերքում մնալ,
Քեզ քո երազը պիտի սքողի
Մի օր այս կյանքից, ու դու հեռանաս,
Բայց ինչպե՞ս պիտի այս կյանքը հիշես,
Ու թափառում են երազներն անմահ,
Իբրև գոյության աներազ մի շերտ
Դու տրորում ես կավը այս կյանքի
Ու նոր կուռքեր ես նրանից կերտում,
Իբրև հատուցում ու ճակատագիր,
Ու նրանց անշունչ դեմքերին ես դու
Լուռ երկրպագում՝ աչքերդ փակած
Այն մե՜ծ ու ազատ աշխարհի առջև,
Որ հեռանում է – իբրև արձագանք
Մինչ խելահեղ այս կյանքից ես կառչել:
Ե.
Եվ մոլորակն այս, որ գիշերներով
Քո երակների մեջ է պտտվում՝
Տիեզերքի հետ կապը խզելով,
Երբ արյունահեղ քո սիրտն է տնտղում,
Ի՞նչ է գուշակում արդյոք իր մասին,
Ո՞ր շրջադարձում և ո՞ր կեռմանում
Պիտի հոգու հետ դառնաք միասիրտ,
Ե՞րբ եք մոտենում, ե՞րբ եք հեռանում
Այդ հոգեպարար լույսի աղբյուրից՝
Կենաց սրբազան ակունքին ծարավ,
Երբ միամորիկ կյանքը բյուրեղ է
Տիեզերքի մեջ այս աստվածարյալ…
Զ.
Ոչ մի տեղ ոչինչ չունես անձնական,
Ու դու ապրում ես կյանքով երկակի,
Երգդ հնչում է – իբրև արձագանք,
Նա նման է մի այլաբնակի,
Որ անծանոթ է այս եզերքներին,
Որի ոտքերը խրվում են հողում,
Սա՛ է ընթացքը անհուշ երգերի,
Նրանք լոկ խորունկ հետքեր են թողնում,
Ճանապարհներին, որոնցով անցան,
Որ կյանքի համար նոր ուղի հարթեն,
Ու հոգուդ մեջ են ներծծվում անցավ,
Երբ միացել եք, երբ նույնն եք արդեն.-
Դու տրորում ես կավը այս կյանքի,
Ու դու տնտղում ես նյութը երազի,
Ու ձուլվում է երգն իր արձագանքին,
Բայց ինչպե՞ս պիտի քո ձայնը հասնի
Այդ ոլորտներին ազատ ու անհուն,
Եթե դռներդ գոց են իր առջև,
Ու մոմի նման անծիր խավարում
Դու արձակում ես ալիքներն այդ ջերմ,
Որ կյանքի մասին ասքեր են պատմում,
Որ ավետում են ցնծություն թե վիշտ,
Որ նրանք խավար սահմանը հատեն,
Որ նրանք հասնեն խաղաղ ափերին…
Է.
Ու ինչ ազատ են հնչում երգերը,
Երբ ազատվում է կյանքը կապանքից,
Ու ես կգնամ իմ իսկ հետքերով՝
Ինձ հետ տանելով իմ ճակատագիրն
Այն ուղիները գտնելու համար,
Որ սպասում են մեզ երազներում,
Բայց ուղեկիցս հուշում է, ավաղ,
Որ ես մենակ եմ այնտեղ հասնելու –
Նա ինձ կլքի սահմանն անցնելիս,
Եվ ուրիշ ոչ ոք չի լինի ինձ հետ,
Ուր պատասխանն է բոլոր հարցերի.
– Սահմաններ չկան անձերի միջև.
Հոսում է գինին՝ հին հոգիները
Նոր մարմինների մեջ են բնակվում,
Ու ա՛յս է ապրած քո կյանքի գինը
Վայելի՜ր նրա ումպերը մաքուր…
Բայց ես կփորձեմ այնտեղ արթնանալ՝
Տնտղելու համար կյանքը իրեղեն,
Ու կլրացնեմ նոթերն անավարտ,
Կընթերցեմ այն՝ ինչ եղել – չի եղել:
Կգտնեմ մի կերպ ապրելու մի ձև –
Այդպես բոլորն են սահմանը անցնում.
-Ես երազներս կվերցնեմ ինձ հետ`
Իբրև իրեղեն կյանքի ապացույց:
Ես կիջևանեմ հարկի տակ խաղաղ,
Անուն չի լինի իմ նոր տան մուտքին,
Ու ամեն օտար անցորդի համար
Ես մոմ կվառեմ իմ լուսամուտին:
21.06.2015