Ժաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Սերը ուսյալ մի հանճար,
Արարում է ու հառնում,
Կարոտն անկիրթ ու անճար,
Իր անունն է մոռանում։
Սերն անթարգման զորություն,
Կարոտը կիրք՝ ինքնարար,
Զիլ հնչերանգ, ինքնություն,
Մագաղաթե հին գալար։
Սերը շունչ է ու հավատ,
Կարոտն անտուն մի թախիծ,
Կյանքը մարդուն լավ խրատ՝
Կախված Տիրոջ փեշերից։
Սերը հրավեր, տիեզերք,
Լիալուսին աստղացիր,
Կարոտը բոց ու անհերք,
Անհնազանդ լուսածիր։
Սերը հոգուն ուխտավոր,
Կարոտը խինդ` առավոտ,
Աղոթքները Տիրամոր
Լինելու միտք՝ խնկահոտ։
Սերը լույս է ու ստվեր,
Կարոտը խենթ բնակիչ,
Թե երկուսն են տնավեր,
Կյանքը սին է ու ոչինչ…

***
Միշտ մարդու կողքին նստած է ցավը,
Անուղեբեռ քեզ ծանոթ կերպար,
Իրենով արած քո գինու գավը
Տանելու է քեզ, թե հանկարծ դիպար։
Ինչքան էլ ուզես հեռու չի գնա,
Հին է, փորձված, թե անգամ հարբի,
Ոսկորներիդ մեջ կպած կմնա,
Արթուն է, հանկարծ աչքդ չկպնի։
Բնույթ է ցավը աշխարհում արար,
Բայց հոգին վաղուց
Աստծուն որդեգիր,
Խնկարկում է միշտ աջը կենարար,
Թափառող կյանքի գոյ է տարագիր։
Ժառանգություն է ցավը փոխանցված,
Նա էլ է ընկնում մարող աստղի պես,
Քայլում է մեզ հետ,
անդատ թե դատված,
Ընդունիր, ապրիր,
ապրիր պարզապես…

***
Մեղադրող հայացք մի հին,
Ինձ ամենուր երևում,
Ասես դատն է իմ տակավին,
Իմ սնարի վերևում։
Ու թե ինչ է ուզում նորից,
Չեմ  հասկանում ես ոչինչ,
Չեմ խռովել լավ ու վատից,
Պարտքս մարել եմ քիչ-քիչ։
Իմ լինելուց ոչ ոք երբեք
Հոգու ցավ չի զգացել,
Թե չեմ սիրել, ինձ կներեք,
Բայց սերս չի պակասել։
Ու երբեք էլ չեմ ուրացել,
Ձեռքի հացը օջախի,
Թեև հեռու, չեմ հեռացել,
Մասն եք սրտիս բաբախի։

Թե չեմ լսել կանչերը ձեր,
Ինքս ինձ եմ խարանել,
Եվ իմ հոգուց ձեզ չեմ հանել,
Ցավը ինձ էլ է ցնցել։
Անկարեկից չեմ եղել լուռ,
Չեմ եղել զուր մի անցվոր,
Հոգու համար ես տուն անդուռ,
Ժամանակներ հանցավոր։
Առավոտ վաղ ոչ ոք չկար,
Զգացածս է ինձ դավել,
Բայց որքան էլ սիրտս տկար՝
Ե՛վ ներել եմ, և՛ քավել։
Ի՞նչը նորից էլ չի բավել,
Որ իմ տանն է այս մթին,
Ախր, նոր եմ ես հաշտվել
Ու դարմանել իմ դարդին։
Կհիշեցնի կյանքը քեզ էլ,
Հոգու տուրքն է հայացքը,
Կուզես ուղիղ թե ծուռ անցնել,
Սա է ապրելու վարձքը…

ԱՓԻ ԳԾԵՐԸ
Ամեն անգամ երբ ծնկում է
Կարոտներիս քարավանը,
Հուշիկ նորից խնկարկվում է

Իմ հուշերի դամբարանը։
Ու վազում է հոգիս նորից՝
Ինձնից առաջ հասնելու,
Սկսվելու հին ու նորից,
Իր հույզերից խոսելու։
Տանում են ինձ օրերս խենթ,
Լուսամիտ իմ սրտում հուր,
Խառնվում են անխոս ինձ հետ
Ու չեն ասում՝ «Հիմա ո՞ւր»։
Գեղեցիկ էր թախիծն անգամ,
Սերը՝ շքեղ լուսաբաց,
Հպվում էր մեզ սերը՝ պատգամ,
Ջահելությունը գրկած։
Ծանոթ էին մեզ թե անծանոթ,
Ժպտում էինք ու բարևում,
Սիրահարված տենչ ու կարոտ,
Կյանքը կյանք էր պարգևում։
Խառնվել էր իրականը,
Ասես տեսիլք էր երազ,
Դարձել էր մեր սիրեկանը,
Բնությունը հանց մուրազ։
Չկար ո՛չ դավ, ո՛չ էլ արգելք,
Չէինք հասկանում հա-ն ու չէ-ն,
Մեղեդին էլ քնքուշ սիրերգ,
Մինչև որ տուն կկանչեն։
Մի առավոտ վերջը հնչեց,
Մնաց միայն խուլ հոգոց,
Այդ նույն կյանքը մեզ ետ կանչեց՝
Թողնելով իմ դուռն անգոց։
Մացառները ժամանակի
Սրունքներս արնեցին,
Երբ մատները հին գուշակի
Ափիս գծերը բացին։
Բայց ժպտում է հոգիս հիմա
Անպատասխան հարցերից,
Որ չեմ եկել ես անիմա
Տարիներիս լուռ հեռվից…
Ամեն անգամ երբ ծնկում է
Կարոտներիս քարավանը,
Հուշիկ նորից խնկարկվում է
Ապրվածիս դամբարանը…

***
Վաղուց է, ինչ չեմ կարոտում
Էն կարոտիս լուսնկա,
Որ թողել էր կյանքը`անհոգ,
Զով հանդերում գիշերվա։
Սիրով լիքն էր բերնեբերան,
Ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում,
Սրտի սերը լույս ճառագող
Հարդագողին էր տենչում։
Ինքնամոռաց վազվզում էր
Ոտաբոբիկ ու անցավ,
Ետ չէր պահում նրան ոչինչ՝
Ո՛չ մի հայացք, ո՛չ մի դավ։
Չէր հովացնում նրա հոգին
Ո՛չ անձրևը, ո՛չ քամին,
Համրանում էին վարսերի մեջ՝
Խառնվելով տաք դողին։
Իրական էր, թովիչ այնքան,
Հույզերը ծով` վարարած,
Որ չիմացավ՝ ոնց մկրտվեց տենչը՝
մթով  բարուրված։
Այնքան իրավ ու գեղեցիկ,
Ճշմարիտ էր ու անկեղծ,
Որ մոռացած ինքնությունը,
Սերը ինքն էլ  նախանձեց.
Եվ թե ինչու ես թողեցի
Խենթ կարոտիս դարդերում,
Տուն չի դարձել մինչև հիմա,
Դեռ վազում է հանդերում…

***
Հողն իմ մասունք՝ Աստծու նշխար,
Պատառ-պատառ արիք, տարաք,
Պատիժ կա քեզ մի օր, աշխարհք,
Ձեր մեղքերով սուրբ հաց կերաք։
Կերաք հացը ու խփեցիք
Հաց տվողի տաք թիկունքին,
Անգամ Աստծուն դուք խաբեցիք
Ու ուրացաք սուրբ երկունքին։
Տագնապած է հոգիս նորեն,
Խավար ժամը բոթ  է գուժում,
Ատելություն, թույն  անօրեն,
Ազգիս վերքը էլ չեն բուժում։
Ես էլ ումից ի՞նչ պահանջեմ,
Երբ տնից է սուրը դավոտ,
Ես իմ գամով էլ ո՞ւմ խաչեմ,
Երբ կապված է իմ ձեռ ու ոտ։
Նույնիսկ հուդան զղջաց շուտով,
Չդիմացավ իր իսկ դավին,
Այնինչ այսօր դավը փութով
Դեռ շարում է ցավը ցավին։
Առավոտս դառն է շնչում,
Ջրաղացը թույլ է ազգիս,
Կռունկներս էլ չեն կանչում,
Տեր իմ, ուժ տուր, ո՛ւժ տուր բազկիս։
Որ էլ անզոր զուր չսպասեմ
Խաչագողի խոսքին անդեմ,
Որ իմ հողից վեր չդասվեմ,
Չպայքարեմ ինքս իմ դեմ։
Առանց այն էլ սայթաքել ենք,
Ընկնելու տեղ էլ չկա,
Ուրիշինը  ամոքել ենք,
Տեր չենք կանգնում՝ ինչ որ կա։
Մեր կորստի ցավը թողած,
Եղած ճամփան` հույս ենք փակում,
Չորս կողմերից հողմահալած,
Օտարի պաղ դուռն ենք թակում։
Ես էլ ելնեմ, որ չուշանամ,
Քանի դեռ ծուխ կա երդիկում,
Որ էլ հետո գլխիս չտամ,
Որ չխմեմ ցավս կում-կում։
Մենք ենք ու մեր Հայու խաչը,
Մեր ուսերով պիտի  տանենք,
Օրհնելու է Տիրոջ աջը,
Խաչվերացը պետք է ապրե՛նք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։