Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՍԻՐՏԸ ՀՈՂԻ
Խոր թաքցրած լուռ ծալքերում,
Հարկավ, հողն էլ իր սիրտն ունի,
Ինչն անհաս է անսիրտ մարդուն,
Անինչ ու կարճ կյանքի ճամփին…

Պարգևը այն կանաչ ծաղկազարդի,
Լանջերն ի վեր մոգությունը բլուրների
Վկայությունն են անշահ հողի սրտի
Եվ անխուսափ նրա հունչք ու զարկի:

Սրտի տրոփն այն հողանյութ
Թե կամենաք լսել մերթ-մերթ,
Լուռ խոնարհվեք, ծունկի իջեք
Հողին կեցած հին վանքերում:

Հազար վերք կա հողի կրծքին,
Քանդված օջախ, գուռեր արյան:
Ձյունագմբեթ լեռանց մութ ծերպերից
Ակունքներն են սերում աղբյուրների:

Եվ բխումը` հմայանքը բյուրեղափայլ,
Քչքչոցը, տաղիկներ են, ձոներգ հողին`
Որպես հեքիաթ ու առասպել հյուսված,
Ընդելուզված շնչավորմանն ամենայնի:

Թե կամենաս սրտխփոցը լսել հողի,
Անահ փարվիր, սիրտդ սրտին հպիր,
Ցանքսդ արա, հունձք ժողովիր արդար
Եվ մի՛ լքիր մայր հողը քո` սիրույն նրա։

ՄԵԾ ՀԱՇՎՈՎ
Զգայումները, միտք ու ցանկություն
Չեն փոխել երբեք դրվածքն աշխարհի։
Մայր բնությունը, հողը մրափած,
Կրկին կարթնանան սառցանինջ քնից:

Անշուշտ, չեն քայլի ծառ ու թուփ երբեք,
Քամին է միայն շունչն ու շարժմունքը
Իրենց հոգեշահ խոնարհումների,
Բիրտ սերմնացանը երկունքի դարձի:

Ամենը դեպ վեր, դեպ վե՜ր կձգվեն,
Ինչը փորձում են շնչավորք հաճախ`
Դույզն-ինչ նմանվել ծառ ու ծաղիկին
Կամ թևունների ճախրանքին համառ:

Նրանք համերամ երկինք են նետվում,
Ընդվզում լեռանց գագաթների դեմ,
Թփերում հյուսկեն վարդաստանների
Հողի կարոտը խափանում բեկ-բեկ։

Զմայլանքն է, որ ապրում ենք հաճախ,
Ինչն առերևույթ հոգուց ներս խուժում,
Եվ թվում է, թե այդ մենք ենք ճախրում,
Փափագում նրանց նմանվել մերթ-մերթ։

Վերը Անհասն է` ստույգ ու անտես,
Վարում` սադրանքը դավադիր նեռի։
Ինչպես որ հողն է փափագում ջրեր,
Մենք էլ կարոտ ենք անծիրին երկնի։

Հնչնախաղերը լուռքից արտածվող,
Քամիների պես կհնչեն, կանցնեն…
Իսկ մենք` տեղահան, որոնումներում,
Դեռ կհասցնենք կոթողել հուշեր:

ԱնԱՐՁԱԳԱՆՔ ԶՐՈՒՅՑՆ ԻՄ
Ինչ լավ է, Ագռի՛, մեծարգո՛ ագռավ,
Որ այցելել ես քո հպարտ քայլքով,
Թևերդ ծալել, կանգնել իմ դիմաց
Ու տնազ դրել գանգատավորիս:

Ինչ լավ է, Ագռի՛, մեծարգո՛ ագռավ,
Որ դու չես փնտրում խոհեմ թասընկեր,
Որ չես ընկրկում, չես տրվում խումին,
Հար վհատության էս անհույս պահին:

Դարատես աչքդ խուսանավում է
տարիքդ մատնել:
Դու չես էլ փնտրում հին գարունները և
օրերդ դինջ,
Չես էլ ափսոսում որսընկեր
դարձած էգերիդ համար,
Որոնց զարմերը ոչինչ չեն լսել քո փառքի մասին,
Բացի` երամով կռռոցի պահին, ձայնդ ահարկու:

Զուգավորման ծեսն հեռու է այնքան
և հին է այնպես,
Սակայն երամը անհրաժեշտ է
միշտ տեսակի համար,
Դաջված մշուշը` քո մութ աչքերում, այդ է վկայում,
Եվ թեք հայացքդ`
վախվորած այնպես, չի մխիթարում:

Որքան տկար ենք,
ես` պատշգամբում` թևերս խաչած,
Եվ բարեպաշտն այն,
որ սիրած շանն է տանում զբոսնման:
Օ՜, ինչ կլիներ մեր հալը, Ագռի՛,
մեծարգո՛ ագռավ,
Եթե դու հանկարծ, ամեն ինչից զատ,
որոշեիր խմել,
Հարբեցող դառնայիր երամից հեռու,
երամին դավեիր,
Լեղի կռռոցով կենացներ ասեիր տղոնց սեղանին:

Ինչ լավ է, Ագռի՛, մեծարգո՛ ագռավ,
որ խիղճդ հանգիստ
Վերից ես նայում մեզ`
մոլորական կարճակյացներիս,
Եվ մտքումդ ասում. «Կռճոնը` առատ,
խումն անուժ լինի»:
Ափսոսանքն, իրոք,
խումհարների մեջ ճիշտ է երևի…

ՈՎ ԿԳՆԻ
Վաճառում եմ, վաճառում եմ ժամանակս`
Արժույթների անխտրական առաջարկով,
Տարբերակման ոչ մի պայման չդնելով,
Ինքս ինձ վաճառական կարգել էսօր,
Վաճառում եմ, վաճառում եմ ժամանակս:

Վաճառում եմ` ինչ պատահի, չպատահի,
Վաճառում եմ` ոգու կրակ, հոգու գանձեր,
Եվ անշապիկ հիր պատկերներ, դյութանք,
Բառ չդարձած, տառապագին հառաչանքներ…

Վաճառում եմ, վաճառում եմ, վաճառում եմ`
Անապաքեն վերքեր բազում, սերեր անանց,
Իմ խելոքին, իմ տհասին, իմ խենթուկին,
Իմ անպատիվ պատվականին, իմ… անհասին:

Հանց նորօրյա անուս, անբան, շուկայաբան`
Առանց կրպակ, իմ հանրային խանութում այս
Ետևն ընկած, չարչարելով, խողխողելով նրան,
Վաճառում եմ, վաճառում եմ ժամանակս…

Միայն թե բույնն իմ չավերեք ժամանակի,
Որ ես երկնեմ ու ծնանեմ նոր ժամանակ:

* * *
Իմ դիմացից, ձեր ետևից` այսքան… ճամփորդ`
Մտամոլոր, տարին բոլոր խեղճ ու խաբված,
Իզը կորցրած, ցավից խեղված ու մոլորված…
Մարդ չմնա՜ց, մարդ չմնա՜ց, մարդ չմնաց:

Անրջանքը, մարդու հարկը,
ընկերության պարտքը,
Արարելու տվայտանքը հոսեց,
ինչպես փրթած երակ։
Բան դուրս չեկավ, սերմ չծլեց,
անբար մնաց միտքը…
Մարդ չմնա՜ց, մարդ չմնա՜ց, մարդ չմնաց:

Էն հուշերից, էն հեքիաթից էլ ետ չի գա ոչ ոք,
Գուրգուր սերերն, արկածապարտ տղերքն ունակ
Պակասեցին, լուռ հեռացան ան-հրաժեշտ:
Մարդ չմնա՜ց, մարդ չմնա՜ց, մարդ չմնաց…

ԵՌԱԲԼՈՒՐ
Սուրբ լեռների դեմ հանդիման:
Որքան շիրիմ ելավ, հառնեց,
Որքան զինվոր` հանց լույս-թիթեռ,
Մութ ու լուռքի ծալքին դաջվեց…

Տեղանք: Բլուրներ: Շիրիմներն ի վեր`
Քարե պատկերներ, ժպիտներ լուսեղ,
Չգիտես` շիրիմներն որտե՞ղ են իրավ,
Սրբազան հողո՞ւմ, թե` սրտերում մեր…

Ծփում են, ճչում` դրոշ, տապանակ,
Եռագույն` եռման, եռազարկ` անինչ…
Ոգիներ հառնող` ծաղկածես գարնան,
Լոկ արեգակն է շեփորում` հաղթանակ…

ՓԻԼԻՍՈՓԱՆ
Երեկ մի ընկեր ճարեցի…
Թառել էր հացենու ճյուղին:
Սև թիկնոցը նետել ուսերին`
Օ՜, որքա՜ն նման էր երեցի:

Գլխազարդ խոպոպը ճակատին,
Պոչն` ասես կոտրած ցախավել:
Թառել, վիճում էր հետս գրերից,
Փորձում էր իր անտաշ ճկկոցով,
Ցատկերով, սույլով քննախույզ,
Սևացնել գրական վաստակս:

Հռետորն այնքան էր ձայնածել,
Որ կեռ կտուցը գազար էր կտրել:
Հետո, երբ տեսավ ինձնից խեր չկա,
Անզգամն անտաշ աղբը վար նետեց,
Անիծեց հանդիպումն անպատեհ,
Դեն նետեց Նիցշեի դիմակը փետրե
Ու չքվեց իմ` պարտվածիս աչքից:

ԳԱՐՆԱՆ ՄԻ ՕՐ
Ասի` ծննդյանս օրն է, ա՜յ կին,
մի շիշ բացիր` շուքով նշենք:
Ասաց` ա՜յ տնաշեն, շտապում ես,
առաջ ընկար մի չորս ամսով…

Ասի` ոչինչ, կես դարից էլ ավել ապրած
մարդու համար` առաջ թե հետ,
նշան չունի… արաղը բե՛ր,
հիմի ապրած ամեն օրս ծնունդ է նոր…

Ասաց` շիշն ի՞նչիդ է, քո նոր օրվան:
Դու գարունքով քո օրերը թևավորիր,
ա՛րևդ ապրի, թռչունների երգը լսիր,
բույրը շնչիր եղրևանու ծաղիկների…

Ասի` էդ ամենին համաձայն եմ սիրով,
բայց ես ինչպե՞ս սեղան նստեմ, առանց արաղ,
երբ լավերն իմ` ծնողներս, ընկերներս,
երկնքից են ինձ ձեն տալիս, երազ գալիս…

Իսկ հիշելիքն իմ մոլորվել,
մնացել է` չորս ամսով հետ,
չորս շաբաթով ու չորս անգամ,
չորս տարի հետ էս օրերից խառնակ…
արաղը բե՛ր…

* * *
Երբ գամը փայտից է,
Մի՛ փորձեք հուշ գամել սրտին։
Երբ սոսինձը ջրիկ է ու անուժ,
Մի՛ կցեք էջերը պատմության։
Երբ սկահակը փշրվի հանկարծ,
Մի՛ փորձեք ծաղիկ աճեցնել վրան։
Երբ նայում ու չեք տեսնում բնավ,
Մի՛ փորձեք ակնոց կրել, զուր է։
Երբ Բուրիդանի էշին հանդիպեք,
Ճաշակեք նրա ձախ կողմի դարմանը,
Քանզի այն մոտ է ձեր սրտին,
Տիկնա՛յք բանսարկու և ա՛յրք իգակյաց։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։