Հայելին
Ժամանակ է գալիս, երբ հայելու առջև հասկանում ես, որ մինչ այդ բոլոր դիմագծերդ կեղծել ես (այսինքն՝ ինքդ քեզ ներշնչանքով սիրունացրել ես), հետո Նարցիսը թողնում է մեր մարմինը, և սկսում ենք փախչել հայելիներից, քանզի գեղեցկությունը մահանում է միայն ինքնասիրահարվածության պակասից։ Մարդը հայելու միջոցով վերարտադրել է իրեն մեկ այլ մարդու մտքում և հրճվել ուրիշի աչքերով ինքն իրեն նայելու մտքից, որովհետև հայելին իր հայտնաբերման սկզբում (լճակի կամ գետի երեսին) մեկ ուրիշ շնչավորի հայացքն էր։ Ներա կամ նրա, որ լուռ նայում էր քեզ. և դա հրաշալի սարսուռ էր, որը դարերի ընթացքում կորցրեց իր հմայքը։ Երևի առեղծվածը մոռացվեց այնժամ, երբ լճակին փոխարինեցին ապակե հայելիները, և մարդը, հեռանալով բնությունից, բացասեց իրեն նայող ուրիշի վարկածը։
Հայելին արտացոլում է շուրջդ ու ինքդ քեզ, հենց շրջվում ես և թիկունքով կանգնում՝ հայացքով զգում ես ներանից եկող արտացոլանքը (նե, որովհետև հայելին ինձ համար իգական սեռ է)։ Կարճ ասած՝ շրջված ժամանակ արդեն իսկ պատկերացումն է արտադրում հայելու ներսինը. նման է նրան, երբ անցյալին նետած հետհայացքում մարդիկ նոր ու արտասովոր բաներ են գտնում։
Երեսի համար մի պահ կա, երբ ազատվում է խաբկանքներից, ստվերոտ հոգսաշատությունից կամ ծիծաղկոտ բարևներից. դու որքան էլ զայրացկոտ, տխուր կամ զվարճալի դեմք ունենաս, միևնույնն է, հայելու առջև բոլոր ծաղրածուներն արտասվել են։ Մի տարեց մարդ ասաց (կարող էր և երեխա լինել).
– Երբ թռչունները սկսեցին կեղծ ծլվլալ, ուրեմն Գնդի վերջը մոտ է, արդեն երեսների մեծ մասը կեղծավոր է. ինչ-որ բան այն չէ՛։ Ես ուշադիր նայում եմ հայելու աչքերիս խորքը և զգում, որ այնտեղից ինձ հետևում է նե, ում դեռ սիրելու եմ։ Աչքերս ներանն են, ուստի՝ ցանկանում եմ գտնել ինձ ամենամոտ կանգնած կերպարին, որը Նարցիսն է (գետերի աստված Կեֆիսի որդին)։ Նարցիսը նույնպես նայում էր ինքնա/սիրահարվածությամբ, ո՞րն էր պատճառը. ջրի երեսին խայտող արտացոլանքում իր սիրո՞ւն էր գտել։
Նարցիսը
Տարբերակներից մեկը հետևյալն է՝ երբ մերժում ես կնոջ սերը, որն անձնվիրաբար քեզ էր տրվել, առավել է հզորանում ներսիդ ես-ը, և մղվում ես ինքնապաշտամունքի խորքերը։ Մերժված սիրահար Ամինիոսը ինքնասպանություն գործեց հենց Նարցիսի աչքի առջև, սակայն վերջին շնչում (երբ նկատեց Նարցիսի անտարբեր ու երևի խռովքից քարացած հայացքը) նե վրեժխնդիր լինելու իր փափագն ուղղեց Նեմեսիսին։ Նարցիսն այն երիտասարդն էր, որ Ամինիոսի սիրուն ի պատասխան ոչինչ չուներ տալու, քանզի իրենից դուրս սերը կորցնում է նախնական վիճակում գտնվող զգայականն ու խորհրդավորը. քեզանից դուրս գալով այն շատ արագ շնչազրկվում է արտաքին աշխարհի շփումներից…
Նարցիսը, ի վերջո, մերժեց Ամինիոսի սերն ու մեկընդմիշտ գամվեց իր մենությանը։ Վարկած կա, որ գետի ջրերում Նարցիսն իր հոգին էր տեսել, դրա մատերիան գրեթե շոշափելի էր։ Կամ էլ տեսել էր Աստծուն (ընդունված է կարծել՝ մարդու դեմքով է)։
Պատկերացնում եմ Նարցիսին գետի ափին. նրա ծնկները հետզհետե թուլացել, ծալվել են, և նա երկու ձեռքով պինդ գրկել է ինքն իրեն, քանզի մենությունն է շղթայել նրա հոգին։
Մենության մեջ գրկում ենք ինքներս մեզ, մեծերն արգելում են և ասում՝ մի՛ խաչիր քեզ, դա մահվանը սպասելու դիրք-նշանն է։ Փոքրուց թևերս հեռացնում էին իրարից, որ դաստակներս չխաչեմ, իսկ ես ընդդիմանում էի։ Հիմա եմ հասկանում, որ մենավորվելուս տենչը բավականին խորն էր, այդ պատճառով էի ինքս ինձ գրկում, իսկ այդ սովորությունը դեռ չի վերացել։
Վերջապես հանդիպեցի իմ մենությանը, բայց ոչ լճափին, ինչպես Նարցիսը։ Որոշակի տարիքից սկսեցի նկատել մարդկանց նմանությունները, ժամանակի ընթացքում նույնությունն այնքան սեղմվեց, որ ահով հասկացա՝ ես միօրինակության, համանմանության աշխարհում եմ կենում. բոլորը մեկ են, և ինքս էլ ինչ-որ մեկի համար մյուսի նմանակն եմ։ Այս միտքը հղանալուց օրեր անց երազումս ինքս ինձ տեսա. կանգնած զրուցում էի հետս, բայց հանկարծ գիտակցեցի, որ տարօրինակ կերպով ես եմ դիմացս կանգնած։ Ուրախացած ասացի՝ տե՜ս, ես դո՛ւ եմ…
Իսկ դիմացիս ես-ը ծիծաղեց խոսքերիս վրա, և որքան էլ փորձում էի համոզել, որ ես նույն ինքն եմ, մի՞թե չի ճանաչում, այնքան նա ավելի օտարացած էր իրեն պահում։ Ճիշտն ասած՝ հուսահատվեցի, որովհետև ցանկանում էի ինքս ինձ գրկել ու պատմել ինձնից, այսինքն՝ մեզնից, քանզի միակ ճշմարիտ հոգեկիցն էր։ Այս զգացումով էի համակվել ինքս իմ՝ այլևս օտար, սառնատես, դիմացս կանգնած ու մարմնացած մենությանս նկատմամբ։
Կարավաջո, Նարցիս (1597-1599)
Անդրոգին
Նարցիսի ու առաջնամարդ անդրոգինների ընդհանուր հատկանիշներից էր ինքնասիրահարվածությունը, որովհետև անդրոգին մարդիկ այնքա՜ն էին հպարտացել իրենց ուժով ու գեղեցկությամբ, որ հարձակվեցին աստվածների վրա։ Վերջիններս էլ նրանց մարմինները կիսեցին երկու մասի ու ցրեցին աշխարհով մեկ. համաձայն հիշատակումների՝ այդ ժամանակներից մարդիկ սկսեցին փնտրել իրենց կեսին…
Ես հակված եմ այն մտքին (գրեթե լիարժեք հավատում եմ), որ Նարցիսը տեսել էր իր անդրոգին-կնոջը՝ իր կեսին։ Աղբյուրի գուշին հայացքը հառած՝ իրեն հայտնաբերել է այնպիսի տեսքով, երբ աստվածները առաջնամարդու էգն ու որձը դեռ չէին զատել, չէին բաժանել միմյանցից (նրանք մի մարմնում էին բնակվում՝ համաչափորեն տիրելով նրան)։ Մինչև այսօր մարդիկ փորձում են արտաքինով վերարտադրել երբեմնի անդրոգիններին, մասնավորապես՝ այդպես են վարվում նոր շրջանի ռոքընռոլ երաժշտական ժանրի ներկայացուցիչներն իրենց արտասովոր սանրվածքներով. գլխի մի կողմի մազերը կարճացնում են, գրեթե սափրում, մյուսի վրա՝ երկար, այտը ծածկող մազափունջ թողնում։ Կարծում եմ՝ սա տիպիկ անդրոգին մարդուն վերարտադրելու փորձերից է, քանզի մոտավորապես այդպես են նկարագրվում նրանք-ներանք միֆոլոգիական հին տեքստերում։
Սա, ընդհանուր առմամբ, բազմաթիվ ելքերով թեմա է։ Երջանկության համար մեր ներսում լիարժեք զոհաբերության երևի չենք գնացել, որպեսզի ճանաչենք մեզանում բնակվող կեսին և ի վիճակի լինենք առավել խորությամբ ընկղմվելու հայելու, սիրո և Նարցիսին կործանած ջրերի թաքուցյալ աշխարհում։