ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊՆ՝ ԸՆԴԴԵՄ ՎԻՐՈՒՍԻ
Եկել, խելքից դուրս հարկ է հավաքում,
Որ լինեմ չեղած, եղած չլինեմ,
Մի խոսք չի թողնում, որ ասեմ վերջում,
Անժառանգ հողին որ արժան լինեմ:
Թե կրկնակի էլ պարսպապատեն,
Եվ ահեղ պատը Իր դեմ փլուզվի,
Նրա մրցակից հավատն իմ անզեն
Հուսալի մահն է՝ մահվան վիրուսի:
ՔՈ ՃԱԽՐԸ ՉԱՐԻՐ
Բանաստեղծության համար ամեն ինչ,
Ամեն բան տվիր ու չափսոսացիր.
Սեր ու երազանք, փառք ու ցնծություն
Եվ ինքնամոռաց բյուր գահավիժում:
Դու հավատամքդ չխնայեցիր՝
Երկնավոր բարիք քաղելու համար,
Արեգնահնար քո ճախրը չարիր,
Որ անթև հասնես ոսկեբեր գալիք:
Բանաստեղծության համար, օ՜, անբեկ
Բանաստեղծություն չտվիր երբեք:
ՃԱԿԱՏ ՃԱԿԱՏԻ
Չտեսա երբեք բուն իրականը,
Անիրականը միշտ վերապրեցի.
Գլխիս պինդ նստած՝ ինչպես իր տանը,
Ճերմակեց անդարձ ճամփեքի փոշին:
Վերջին իմ շնչի սայլը լծեցի,
Ձյունով պճնեցի իմ հագուկապը,
Ձուլվեցի բախտին, բայց չծնկեցի,
Թոնրից դուրս չեկավ տան խաչերկաթը:
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Ես հանկա՜րծ, հանկա՜րծ,
Հանկա՜րծ հասկացա,
Որ սարերն Հայոց՝
Սուրբ ձեռամբ հնոց,
Իրար մեջ լցվում,
Ներս են բարձրանում՝
Հար ու հավիտյան,
Հար ու հավիտյան:
ՊԱՀԱՊԱՆ ԱՇՏԱՆԱԿ
Ես քո կողքին դատարկ սար եմ,
Ծեծված արտ եմ սգավոր,
Քո անհոգի դարձեդարձն եմ
Ու ողջույնը ահավոր:
Մարած լամպ եմ ես ինձ վրա՝
Քեզ պահապան աշտանակ,
Գիշերն ամբողջ իմ մեջ պարող
Սրերն երկա՜ր ու բարակ:
Վառվող թոնիրը հաց կտա,
Թե մոխրացիր չհանգցնես,
Թե քո սրտով սար բարձրանաս,
Մարած լամպը կպցնես:
ԴԱՌՆԱԹԱԽԻԾ
Սիրտս տվի որբերին ողջ՝
Սիրտ չգտան ոչ մեկի մոտ:
Օձի մեջքը փաղաքշեցի՝
Խիստ թանկացավ թույնը օձի:
Հույս չթողին բանող հույսին՝
Անհույս մնաց հույսն անհույսի:
Մառախուղը՝ թանձր ու ամա,
Կախվեց անբնակ… ինձ վրա:
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ես քեզ որտե՞ղ չեմ որոնել՝
Անես գլուխս խոնարհած,
Սրբացած փոշին եմ մաքրել՝
Անբախտության բախտի առաջ:
Հույսը պահած արցունքներով,
Ես քո շունչն եմ շնչել՝ անշունչ,
Հեռվից աճող արմատներով
Երգը պահել կյանքից առաջ:
Ես քեզ որտե՞ղ չեմ որոնել…
ԴԱՐԸ՝ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ
Այս ի՜նչ աչքով ես
Ինձ անաչք նայում,
Որ աչքիդ մեջ եմ,
Բայց չեմ երևում:
Իսկ ես մի դար է,
Որ նայում եմ քեզ,
Ու թվում է… դեռ
Նոր պիտի տեսնեմ:
ԹԱՄԱՐԻԿԻՆ
Հրեշտակաց աչքերով
Ու ձևերով աստեղաց,
Մի աստծո առավոտ
Նա երկնքից իջավ ցած:
Ու շողեշող փոխանցվող
Տեսիլք դարձավ անմարմին
Եվ իր թովչանքը մեղմող
Ծաղիկների մտերիմ:
Շուրջը՝ խայտանք ու ծիծաղ,
Քնքշանվաղ խնդություն,
Աչքը աչքից շլացած՝
Խելքը չուներ փրկություն:
ՔԱՐԸ
Քարը որ քար է՝ իր մեջ մշտարթուն
Ողջ ծանրությունն է իր երկրի կրում:
Թե փետուրն ինչպես դու նրան նետես,
Աչքից դուրս՝ հեռվում չես գտնի երբեք:
Նա լուռ տագնապով քեզ մոտ է ընկնում,
Ինչպես զավակը՝ իր երկրի սրտում:
ՍԵՎԱՆԻՍ ՀԵՏ
Կապույտ շապիկս հագնեմ,
Պերճանքը զառ դաշտերիդ,
Ճայերի հետ շաղախվեմ
Դրախտային ջրերիդ:
Ափերիդ հևքով տրտում
Քո ցավի տեղն իմանամ,
Բացեմ գաղտնիքը հոգուդ՝
Լո՜ւյս, փրկությո՜ւն շշնջամ:
Թող քնքշանքով պարուրված
Է՜ն աստված էլ իմանա,
Որ վերքի հետ քո ներփակ՝
Նա ափ չունի ու սահման:
Հրճվանքի դուռը բացեմ
Իմ Գեղամա լեռներում,
Աշխարհը օծվի նորեն
Դրախտային ջրերում:
ԱՆՓՈՓՈԽ ԴԱՍ
Թե պարտված ձեռքը
Բռունցք չդառնա,
Մահվան ընդերքը
Հար կխորանա:
Դա, անշուշտ, գիտի
Ջրահեղձ իմ դին,
Որ դեռ սուզվում է՝
Չի հասնում գետին:
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝ ՍԻՐԵԼԻ ՀՈՎՈՅԻՆ
1.
Ջուր տվեք միայնակ թռչնակին՝
Սրընթաց աչքերիդ ծովից,
Իր ցեղի արգանդացավից
Ջուր տվեք միայնակ թռչնակին:
Տես, կտցին մի անթև թախիծ՝
Հանց փշրանքը պաղ ապակու,
Ձեզ հոգի է առաջարկում,
Տես, կտցին մի անթև թախիծ:
2.
Անհայտ է թռչունն այս երկրին,
Որ գերխիտ արյամբ է լեցուն,
Ուր հրճվանքն ապրում է անտուն,
Անհայտ է թռչունն այս երկրին:
Նա ձյան մեջ՝ մերկ ու անտանիք,
Երկինք է գումարել երկրին՝
Դարձրել է կարոտն հայրենիք,
Նա ձյան մեջ՝ մերկ ու անտանիք:
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Վերնագիրն այս երգի
Նույն տողն է՝ չգրված,
Ինձ ցավակցող քամին
Եվ արցունքն է անլաց:
Քերթությունս տվի՝
Ցավերի տեր դարձա,
Հույսը թողած կացնին,
Քամին ծառ բարձրացավ:
Գովքն հարգի չէ հիմա,
Լացն ու կականը թող.
Ինձ կթաղեն այսօր՝
Վաղվա մեռելներով:
ԷԼ ՉԵՄ ԱՃՈւՄ
Ասին՝ քարն էլ կտրաքի,
Թե սպասի այնքան երկար.
Շնորհներս ցամաքեցին՝
Էլ չեմ աճում լացից ցամաք:
Աստղերի հետ՝ ոտնուծոցի,
Քնքշանքի շողը բարակել,
Ես իմ շուրթին ծաղկել հուռթի,
Ծաղկի վրա եմ չորացել:
Սալքարերի դատարկությամբ
Ինձ ուսն առած՝ տարան հեռու,
Ուր բլուրն իմ մենակ կենում
Ու քեզ վաղուց չի սպասում:
ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ՀԵՏ
Եվ ահ կար օդում,
Սարսուռ մի անհուն,
Որ ահա, ահա՝
Պաղ ժամացույցի
Զարկի հետ վերջին՝
Սիրտս կճաքի:
Պատը սփրթնած՝
Անձայն երերում,
Էլ չէր դիմանում
Ծանրությանը այն,
Որ ժամանակն էր
Իրենով պահում:
ՌՈՄԻԿԻՍ
Դուռը բաց տեսա՝
Չկար սև շունս,
Ավար ու ավեր,
Ցոլանք էր տունս:
Շղթայածափը
Անվերջ երկարեց,
Սգաչքս խաղաց
Ու դեմքիս մարեց:
Ճակատագի՞րն իմ
Կորցրի հավիտյան,
Թե՞ կորած իմ շան
Թախիծն ինձ գտավ:
ԼԱՎ ԳՈՐԾ, ԼԱՎ ԳԻՆ ՏԱՄ՝
ՊԱՐԱՊԸ ԹՈՂ ԳԱ
Հավատացեք ինձ՝ փրկվեցի ինձնից.
Ինձ դատարկեցի ոչ ու ոչնչից:
Իմ տխեղծ գլխից ու լեզվից երկսայր,
Բնավեր աչքից, խոսքից անշառաչ:
Ես ո՛չ խղճից եմ, ո՛չ դահճակացնից,
Բախտը շպրտեց իմ ձին իր թամբից:
Այսօր օդից կախ բեռ եմ ես տխմար՝
Անցուդարձողին թքելու հարմար:
Ինձ դափնեզարդեք ոչ ու ոչնչից,
Ինձ ցած գլորեք հողի բարձունքից:
Հետո՝ սրտաբաց, առանց արցունքի
Նստեք վաստակած օղորմահացի:
ՀԱՐԳՈՎ ՀԱՐԳԱՆԱՑ
Գերյալ-գրավյալ
Ու նավաբեկյալ
Սիրտս կթաղեք…
Այն զուլալ ջրում,
Ուր չի կատարվել
Դեռ ոչ մի թաղում:
Զի պղտոր ծովում
Խցկվում են միշտ
Արցունք ու սամում:
ՔԱՌԱՏՈՂԵՐ
***
Ջրի հետ է գնում ջուրը,
Կեղեքվողը ափն է նորից.
Կյանքից ավել մնացողը՝
Պիտի կառչի ձյան փեշերից:
***
Հրաշքն էլ անցավ՝ բախտը չհայտնվեց,
Օ՜, հազար անգամ գտա ու կորցրի…
Թե շքերթը ձեր գլխիվայր շրջես՝
Վայրկյան չի մնա մի ափսոսանքի:
***
Ատամներս շուտ հաշվեցին՝
Հոգիս բերանս հասցրին.
Թողած հիվանդը՝ անսխալ,
Առողջ իմ կյանքը… քաշեցին:
***
Ինչ որ չէիր, այն չես լինի՝
Օծվես կեսար թե մատնիչ,
Հրաշքն ինքնին քեզ չի փրկի,
Թե չդառնաս հենց փրկիչ:
***
Է՜ն մահերն ի վեր,
Ուր կյանքն է հառնում,
Ճգնում է դարեր՝
Մահը չի հասնում:
***
Երազիս մեջ անդարձության
Դեմքը տեսա՝ սարսափեցի,
Այնքան հրկեզ ու մոտ տեսա,
Որ հայտնապես ինձ դրժեցի:
***
Անցավ մեկուսի՝ կյանքը անհույսի,
Հասցե չթողեց ոչ մի ծրարում.
Դեռ ոտքերն ընկած եղած-չեղածի՝
Ժպիտ է փնտրում… գերեզմանոցում:
***
Գրի ծովերում հար մոլորվեցի,
Անհույս ճգնեցի, որ երգն ինձ փրկի.
Ինձ հողմ ու ջրով գրից ջնջեցին,
Ես հողմ ու ջրի հոգուց ժայթքեցի:
Գրական թերթիդ հաջորդ համարում մի քիչ իմաստ տպագրեք, որ մտցնենք Բագրատ ԱԼԵՔՅԱՆի վերի անմտությունների մեջ։