Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1.
Աշունն այս
Ծեր
Մի սեր է.
Ներկել է վարսերը,
Աղոտ են լույսերը…
Գույներում՝ ինքնամփոփ,
Փողոցում մրսել է,
Կաթ,
Կաթ,
Կաթ՝
Թափվում են
Իր բոլոր մասերը
Եվ հիմա իր ներսի
Ավարտին հասել է.
Աշունն այս
Ծեր
Մի սեր է..

2.
Աշունը հազիվ է մարդ դարձել,
Գրկեմ՝ թող գույները տաքանան,
Չկարծեք, թե սիրո մահանա
Փնտրեցի, որ շուրջը թևածեմ:
Ես ցայգի ցողով եմ լվացվել,
Երեսս երկնքով օծված է,
Արևը չգիտի, որ թաց եմ
Իր տաքուկ գրկի մեջ մնացել:
Մանկության լուսավո՜ր արկածներ,
Էլ չունեմ հեքիաթներ ու գանձեր…
Վաղու՜ց ձեր երազի վարկածն եմ,
Ես թաքուն եկել եմ ու անցել:

3.
Դու ավելի մոռացկոտ ես,
Քան աշունը,
Քան գինին,
Դու դրախտում աճած խոտ ես
Եվ արարման շունչն ես իմ,
Իմ գիշերն ու առավոտն ես,
Աստղալույսն ես մտերիմ,
Իմ նարոտն ես,
Իմ կարոտն ես,
Ինձանից դուրս՝
Սիրտն ես իմ…

4.
Գարունը լեզվինը ասում է,
Աշունը երկար է մտածում,
Շրջվում եմ, որ գնամ,
Բայց ձյունը
Իր ճերմակ թևերն է տարածում.
Ու արդեն սառցե հեքիաթում եմ,
Մի ուրիշ արահետ եմ բացում,
Աստղերից վառում եմ սիգարետս,
Ամպերի փնջերով լվացվում:

5.
Ինձ էր ժպտում
Սիրացնցուղ լուսնի տակ
Աղջիկը,
Որ
(Ափսո՜ս)
Պիտի ծերանար…
Բաց թողեցի ժամանակը,
Որ գնար,
Բայց, ա՜խ,
Մեզ էլ իր հետ գրկած տարա՜վ նա:
Չվերածվե՜ս ավերակի,
Փուլ չգա՜ս,
Երազներ կան՝
Չխոնարհված քո բարձին,
Տե՜ս՝
Սահում է երկնքում այն լուսնկան,
Որի փայլը ջրհորներին թողեցինք:
Ծիծաղը մեր
Ո՞ր թփի տակ կորցրինք,
Կանաչի մեջ կանաչը չի երևում…
Երակներիս մոտենում է ածելին,
Ու կարմիր է
Բացվում սերը
Վերևում:

6.
Մի խաղաղ գիշեր է
Իմ շուրջը իջել,
Վազվզում է սերը
Սրտերի միջև:
Երազների փունջն է
Շաղվում երկնքից,
Աստղերի անուրջը
Փայփայում է ինձ:
Հուշի մերկապարն է
Անթափանց հեռվում,
Լուսնյակի լամպարն է
Հազիվ երևում:
Ես նորից ջահել եմ,
Խենթ ու սիրատենչ,
Հեքիաթի ջահերն են
Շողշողում իմ դեմ:

7.
Եթե դու չլինեիր՝
Ես ո՞նց կտեսնեի պատկերը սիրո,
Եվ վերերկրային լույսը թափանցիկ
Ո՞վ պիտի շարեր հոգուս պատերին՝
Ջահերի նման:
Եթե դու չլինեիր՝
Ո՞ւմ շուրթերից պիտի հնչեր գարունների ղողանջը,
Ո՞ւմ ջերմությունը պիտի շռայլեր արևը ամռան,
Եվ ո՞ւմ գույները պիտի պարեին աշնան թևերին…
(Ձմեռը ճերմակ սավանն է սիրո՝
Փաթիլ առ փաթիլ կրծքիցդ մանված,
Որ հաղորդում է շունչը հեքիաթի)…
Եթե դու չլինեիր՝
Աստղերի փայլը ծա՜ղր կթվար,
Կիսալուսինը՝ երկնքի դեմքից
Ամպերը սափրող երկսայր ածելի:
Եթե դու չլինեիր՝
Կձայնեի ժամապահներին տիեզերքի
Եվ մոլորակը ետ կնետեի
Տիրոջը՝
Աստծուն…

8.
ՔԱՂԱՔԸ
Քաղաքը դատարկ զամբյուղ է,
Ապրելու ոչինչ չունի,
Քոնը չէ ձմեռվա ձյունը,
Եվ ամռան արևն էլ քոնը չի:

Քաղաքում մի կաթիլ սերը
Կիսել են հազար մասի:
-Ձեզ կտամ փարթամ հոգսերս,-
Իր լեզվով քաղաքը կասի:

Նե՞րս մտար՝ այլևս ելք չունի,
Ամփոփվիր ու անցիր կամաց:
Քաղաքը նման է թռչունի՝
Մետաղե ճաղերին գամված:

9.
Հեռվում մի բան աստղի նման փայլփլում է,
Ասես Աստծո ձեռքով պարզած փարոս լինի,
Մարմինների ջղաձգված գալարումը,
Հայր մեր, մի օր կխաղաղվի քո թևերին:
Այս կողմերում էլ չփնտրեք իմ անունը՝
Ո՛չ խնդության առիթներով, ո՛չ վշտալի,
Իմ հոգու մեջ մի անուշ բան ավարտվում է,
Եվ աշխարհիկ կարոտներն ինձ ետ չեն բերի:

10.
ԿՅԱՆՔԻ ԱՇՈՒՆ
Երկարաքիթ կոշիկներով ծաղրածու,
Այս քամին քո ո՞ր գրպանից հանեցիր:
Սիրուց լքված ամպի տակ եմ լվացվում՝
Գոյացած տաք արցունքներից կանացի:
Կսանձեմ քեզ, իմ մանկության անթամբ ձի,
Հեքիաթի բաց դարպասներից ներս կանցնենք,
Էլ չենք հիշի տարիները դառնածիր,
Որ հուշերում սև արձաններ են դարձել…
Չկամեցան ծնողներս դառնան ծեր,
Իմ շնչով եմ նրանց շունչը նորոգում,
Նրանց լուսե հայացքներն են մնացել,
Որ նեղ պահին ուժ հաղորդեն իմ հոգուն:
Աշո՜ւն, քեզ հետ ես ու իմ ձին ենք երգում,
Խրխինջ ու ճիչ քո գույներին խառնելով,
Եվ մանկության իմ հեքիաթն է հեկեկում՝
Իր կորուսյալ պատկերների դեմ խռով…

11.
Իմ գիշերային այցելուներ,
Երազներ հնչեղ ու թմբկահար,
Ավելի շքեղ ոչինչ չուներ
Հրեշտակն այն, որ ինքնամոռաց
Թևին էր տալիս ու թռչում էր
Դու՜րս տարածքից ու ժամանակից՝
Շաղելով սիրո ջերմ ողջույններ,
Ժպիտ՝ հեռավոր մոլորակից,
Որ երգ դառնալով մեղմ հնչում էր,
Եվ իմ մանկության ճերմակ ձյունը
Շաղվում – մաղվում ու չէր հասնում ինձ…
Մարմինը հոգու քաղցր բույնն է,
Բայց ետ է պահում սլացքներից,
Եվ կապանքվում է խենթությունը,
Արարման շունչը լքում է ինձ…
Ձեր եթերային թանձրությունը
Իր հետ տանու՜մ է ինձ վերուվար,
Իմ գիշերային այցելուներ,
Երազներ հնչե՜ղ ու թմբկահա՜ր:

12.
Իմ մահը իմ կյանքի առաջ խեղճանում է,
Գիշերն ասաց՝ քեզ հյուր կգամ լուսաբացին,
Խնդմնդում եմ. շնչապատառ նա ջանում է,
Ոչինչ չառնեմ՝ իմ անկշիռ հոգուց բացի:
Եկան ու իմ աղուհացը հարամեցին
Երջանկության ական փնտրող սակրավորներ,
Բայց ես սիրո սրահների մեջ մնացի
Նրա հոգու, որ երկնքի գահավորն էր:
Զի՜լ կհնչեն շեփորներն իմ վերադարձին,
Չար ու պստիկ մարդուկները ծնկի կգան,
Ժամանակի լեշն եմ փռել երկար ու ձիգ՝
Ձեր սիրո և կարոտի դեմ նվիրական:

13.
Ես խոսքի մեջ արված մեջբերում եմ.
(Աստված ինչ-որ մեկին բան էր ասում),
Կիսով՝ ձեզ հետ, կիսով՝ եթերում եմ,
Սիրափետուր ճա՜խր եմ ամեն մասում:
Պտտվեց ու անցավ- չեմ մանկանա,
Կարոտներիս փայլն է գինու թասում,
Ձեզ հետ ուրախ է, բայց… պիտի գնամ,
Այնտեղ, վերևում են ինձ սպասում…

14.
Փռվել է սիրո պարտեզի վրա,
Լույսն իր ամենուր անդրադարձվել է,
Ծամերը ուսին՝ ոսկեթել դիպակ,
Հոգում՝ երկնքի հրե գանձերը:
Ոտքերը քիչ են՝ թե որ մոտենաս,
Պիտի թևաբաց թռչուն լինեիր,
Շողարձակները ուղղել է վրաս,
Ես սավառնում եմ լույսի թևերին:
Մեր մարմինները լրիվ անկշիռ
Անուրջներին են իջել շրջանցիկ…
Այս ցողաթաթախ առավոտը ջինջ
Աշխարհի վրա մենք հորինեցինք:

15
ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ
Վաղուց սպասված անձրևը եկավ,
Գետաձին պարեց գազանանոցում,
Շունչ առած քայլեց մի լուսանկար,
Որ պապանձվել էր մթան ամրոցում:
Սա բոլորովին ուրիշ անձրև է,
Կենարար սիրո հասկերն են ծլում,
Ագռավաքարի դուռը բացվել է,
Առյուծ Մհերը չի շրջանցելու:
Ջահելանում է՝ ով արդեն ծեր է,
Աչք կկոցելով թախիծն է մարում,
Անհաղթ փռվել են Սասնա Ծռերը
Հայոց եռագույն երկնակամարում…

One thought on “Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։